«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՒմ էր քողարկված հանդիմանում Յուրի Խաչատուրովը

ՈՒմ էր քողարկված հանդիմանում Յուրի Խաչատուրովը
09.10.2015 | 00:52

Օրերս Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, հայաստանյան լրատվամիջոցների հետ զրուցելիս, անդրադարձավ ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի և Հայաստանի սահմանամերձ գոտու դեմ Ադրբեջանի ռազմական սադրանքների թեմային։ Հանրությունը գեներալ-գնդապետ Խաչատուրովին ճանաչում է որպես փորձառու և բարձրակիրթ ռազմական մասնագետի, ով երկար տարիներ հավատարմորեն ծառայել է երկրին ու ազգին, ուստի այդ կարգի բարձրաստիճան զինվորականի խոսքը միշտ մեծ ուշադրության է արժանանում։

Իրոք, շփման գծում տիրող իրավիճակը չի կարող տագնապ և անհանգստություն առաջ չբերել, մանավանդ որ մեր զինված ուժերը նաև կորուստներ են ունեցել։ Հատկապես անհանգստացնում է այն, որ հակառակորդը մի շարք դեպքերում կրակի տակ է առել բավական խորքային շրջաններում (հակամարտ բանակների շփման գծից հաշված) գտնվող օբյեկտներն ու բնակավայրերը։ Իսկ արդեն լրատվամիջոցների հետ Խաչատուրովի հանդիպումից հետո Նախիջևանի կողմից մեր տարածք Ադրբեջանի դիվերսիոն խմբերի թափանցման փորձերը առհասարակ ծայրաստիճան վտանգավոր նախադեպ են, ինչը կարող է բացատրվել միայն պաշտոնական Բաքվի մտադրությամբ` ամեն կերպ հնարավոր «վեճերի» մեջ ներքաշել հնարավորինս մեծ թվով «շահագրգիռ կողմերի», առաջին հերթին Թուրքիային և ԱՄՆ-ին` որպես ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշնախմբի անդամների։
Սակայն հիմա չէի ցանկանա լրջորեն ու խորությամբ դատողություններ անել այն մասին, թե ինչ է թաքնված Ադրբեջանի կրկնվող ռազմական սադրանքների հետևում. այստեղ այնքան շատ վարկածներ կան, որ կարելի է տվյալ թեմայով թեկնածուական դիսերտացիա պաշտպանել։ Պարզապես հիշեցնենք. սեպտեմբերին սադրանքներ են կատարվել մեր և Իրանի սահմանակից Իգդիրի վիլայեթում, որտեղ ծավալված իրադարձությունները թուրքական իշխանությունները վերագրեցին քրդական աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ), թեև քրդերն իրենք այդպես էլ հանձն չեն առել Իգդիրի ահաբեկչական գործողությունը։ Իգդիրի վիլայեթը, բացի Հայաստանին և Իրանին սահմանակից լինելուց, նաև սեպի նման խորանում և հասնում է Նախիջևանի մարզի սահմանին։ Եվ ահա ադրբեջանական ծայրահեղականները սկսել են ռազմական սադրանքներ հրահրել նաև Նախիջևանի տարածքից։ Կամա-ակամա առաջին պլան են գալիս զուգահեռները Արևմտյան Հայաստանում քրդերի դեմ Թուրքիայի պատերազմի և Իգդիրի միջադեպերի հետ։ Այսինքն, մենք լիիրավ ենք ասելու, որ Թուրքիան և Ադրբեջանը, բնականաբար, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հովանավորությամբ, խոշոր սադրանք են նախապատրաստում ընդդեմ Հայաստանի և Արցախի։ Անմիջապես էլ կանխենք ռուսատյացների և Պուտինի «անձնական թշնամիների» զրպարտությունները. Ռուսաստանի և Իրանի միջև ընկած տարածքներում Բաղդադի քառակողմ (Ռուսաստան-Իրան-Իրաք-Սիրիա) ռազմատեղեկատվական կենտրոնի գործունեությունը և Սիրիայում Ռուսաստանի և Իրանի կողմից ահաբեկիչների բանդաների ոչնչացումը սկսվելուց հետո ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Իրանին ոչ մի սրացում ձեռնտու չէ և պետք չէ։ ՈՒ եթե, այնուամենայնիվ, մեզ մոտ «ինչ-որ բան» և «ինչ-որ մեկը» կրակում և սպանում է, ապա դա ձեռնտու է միայն Թուրքիային և ԱՄՆ-ին, որոնք արդեն ամեն կերպ Սիրիայում խանգարում են Ռուսաստանին և Իրանին։
Ահա թե ինչու Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որոշ արտահայտություններ զարմանք ու տարակուսանք առաջացրին։ Անդրադառնանք հոկտեմբերի 1-ին լրատվամիջոցների հետ նրա ունեցած զրույցին։ Սկզբում ամեն ինչ իրադրությանը համահունչ էր, խիստ և կոշտ. «Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում հակառակորդը մի քանի հազար ական է արձակել մինչև 10 կմ խորությամբ ընկած մեր դիրքերի վրա։ Մենք համարժեք պատասխան ենք տվել, հիմա խոսքը նրանցն է։ Նրանք լուրջ կորուստներ ունեն, ընդ որում, մենք չենք կրակել գյուղերի վրա` ի տարբերություն նրանց»,- ասաց Խաչատուրովը Հայաստանում անցկացվող ԱՊՀ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2015» զորավարժություններից հետո։ Նրա ասելով, Հայաստանն առաջարկել է հետ քաշել դիպուկահարներին, հետաքննություն անցկացնել քաղաքացիական անձանց զոհվելու և գյուղերի հրետակոծության ու գնդակոծության յուրաքանչյուր փաստի առթիվ, բայց Ադրբեջանը տարբեր վերապահումներով հրաժարվում է այդ առաջարկություններից։ Իսկ այ հետո, արձագանքելով ինչ-որ մեկի հարցին, գեներալ-գնդապետն ավելացրեց, որ... կցանկանար լսել ՀԱՊԿ-ի արձագանքը Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պարբերական գնդակոծությունների առնչությամբ։ Նրա խոսքերով, մասնակից երկրները մի ընդհանուր մեխանիզմի անդամներ են, և եթե, իբր, հակամարտության գոտի խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն չկա («հայկական կողմը լիովին ընդունակ է պաշտպանելու իրեն ադրբեջանական ագրեսիայից»), ապա այլ բնույթի օգնություն Հայաստանի համար ցանկալի է. «Մեզ օգնել պետք չէ, բայց ՀԱՊԿ-ի արձագանքը, աջակցության կարգով, կցանկանայինք լսել»։
Ազնվորեն ասած, ցանկալի կլիներ, որ մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ինքը պարզաբաներ, թե ինչ է նկատի ունեցել։ Կարծես Հայաստանը ևս ԱՊՀ ՀԱՊԿ-ի անդամ է, ու կարծես անձամբ գեներալ-գնդապետը ևս առնչություն ունի այդ ռազմաքաղաքական կառույցին։ Եվ, իմ կարծիքով, Խաչատուրովը 100 տոկոսով պարտավոր է, այնուամենայնիվ, իմանալ, որ վերջերս ՀԱՊԿ-ում սկսել է նախագահել հենց իր երկիրը` Հայաստանը, իսկ նրա գերագույն գլխավոր հրամանատարը` նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահողն է մնացած բոլոր պաշտոնակից նախագահների շրջանում։ Երևի ժամանակն է լրջորեն խոսելու այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ԱՊՀ ՀԱՊԿ դաշնախմբի կառուցվածքը։ Եվ հատկապես ընթերցողների լայն զանգվածների համար։ Այն ժամանակ մեր համաքաղաքացիները միգուցե հասկանան, թե ինչ անհեթեթ է հնչել գեներալ-գնդապետ Խաչատուրովի քողարկված հանդիմանությունը։ Ընթերցողները կհամոզվեն, որ մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետը անգործության համար դժգոհություն է հասցեագրում... իր երկրին, իր անմիջական ղեկավարներին` պաշտպանության նախարարին և գերագույն գլխավոր հրամանատարին։ Նույնիսկ` Հայաստանի ԱԳՆ-ին։
Եվ այսպես, այդ ի՞նչ կառույց է, որին անդամակցում է Հայաստանը և, ասենք ազնվորեն, մեր երկիրը ՀԱՊԿ-ի շարքերում ամենևին էլ «աղքատ ազգական» չէ։ Կազմակերպության բարձրագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն (ՀԱԽ) է։ Խորհրդի կազմի մեջ մտնում են անդամ երկրների պետությունների ղեկավարները։ Այսինքն, նաև մեր նախագահը, մեր գերագույն գլխավոր հրամանատարը։ Խորհուրդը քննարկում է կազմակերպության գործունեության սկզբունքային հարցերը և կայացնում նրա նպատակներին ու խնդիրներին առնչվող որոշումներ, ինչպես նաև ապահովում անդամ պետությունների գործունեության համակարգումն ու համատեղ իրականացումը։ Արտաքին գործերի նախարարների խորհուրդը (ԱԳՆԽ) արտաքին քաղաքականության ասպարեզում անդամ պետությունների գործակցության համակարգման հարցերում կազմակերպության խորհրդակցական և գործադիր մարմինն է։ Այստեղ, պետք է ենթադրել, փայլում է մեր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Պաշտպանության նախարարների խորհուրդը (ՊՆԽ) ռազմական քաղաքականության, ռազմական շինարարության և ռազմատեխնիկական համագործակցության ասպարեզում անդամ պետությունների գործակցության համակարգման հարցերում կազմակերպության խորհրդակցական և գործադիր մարմինն է։ Այսինքն, պաշտպանության նախարարի և, համապատասխանաբար, Յուրի Խաչատուրովի ղեկավարի` այսինքն, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի գործունեության և ակտիվության դաշտը։ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեն (ԱԽՔԿ) ազգային անվտանգության ապահովման ասպարեզում անդամ պետությունների գործակցության համակարգման հարցերում կազմակերպության խորհրդակցական և գործադիր մարմինն է։
Կազմակերպության գլխավոր քարտուղարը կազմակերպության բարձրագույն վարչական պաշտոնատար անձն է և ղեկավարում է կազմակերպության քարտուղարությունը։ Նշանակվում է ՀԱԽ-ի որոշմամբ` անդամ պետությունների քաղաքացիներից, և հաշվետու է խորհրդին։ Ներկայումս կազմակերպության գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է (Ռուսաստան)։ Կազմակերպության քարտուղարությունը կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինն է` կազմակերպության գործունեության կազմակերպական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդակցական ապահովումը իրականացնելու համար։ Նշենք, որ Բորդյուժայի տեղակալներից մեկը մեր հայրենակից Արա Բադալյանն է։ Ահա ուրեմն, էլի ում թերագնահատեց կամ «մոռացավ» մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ ՀԱՊԿ-ի քարտուղարության կառուցվածքի հետագա հետազոտությունը այնքան էլ հետաքրքիր չէ, հինգ վարչություն` իրենց բաժիններով ու խմբերով, այլ ստորաբաժանումներով և այլն։ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը կազմակերպության և ՀԱՊԿ-ի ՊՆԽ-ի մշտապես գործող աշխատանքային մարմինն է և պատասխանատու է ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի գծով առաջարկությունների նախապատրաստման և որոշումների իրականացման համար։ 2006 թ. դեկտեմբերի 1-ից միացյալ շտաբի վրա է դրված հավաքական ուժերի հրամանատարության և շտաբի մշտական օպերատիվ խմբի կատարելիք առաջադրանքների մշակումը։ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի կառուցվածքն այնքան էլ լայնորեն չի ներկայացված տեղեկատվության բաց աղբյուրներում, սակայն դժվար չէ հասկանալ, որ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մեջ մտնում են կա՛մ ՀԱՊԿ-ի անդամ երկրների զինված ուժերի շտաբների պետերը, կա՛մ ազգային շտաբների լիազոր ներկայացուցիչները։ Հավանաբար, գեներալ-գնդապետ Խաչատուրովը հարյուր տոկոսով գիտի, թե ով է մեր երկիրը ներկայացնում ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում։
Հուսանք նաև, որ և՛ Յուրի Խաչատուրովին, և՛ նախագահ Սերժ Սարգսյանին, և՛ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, և՛ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հիանալի հայտնի են ՀԱՊԿ-ի կանոնադրությունը և այն կարգը, որով սահմանված է դաշնախմբի արձագանքը այս կամ այն արտառոց իրադարձությանը։ Ի դեպ, հիշում եմ, որ դաշնախմբի գլխավոր քարտուղար պարոն Բորդյուժան նախընթաց տարիներին քանիցս անդրադարձել է Արցախի շուրջ տիրող իրավիճակի թեմային և կոշտ արձագանքել Ադրբեջանի սադրանքներին։ Կամ, ում էր, օրինակ, հյուրընկալում մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետը «Բաղրամյան» ուսումնական կենտրոնի զորավարժարանում, որտեղ էլ հանդիսավորությամբ բացվեցին ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունները։ Լրատվամիջոցները ժլատ թվարկել են` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկով, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ղեկավարություն, ՀԱՊԿ-ի քարտուղարության և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Ահա, պարոն Խաչատուրովը, որպես ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի աշխատանքներին մասնակցող մարմնի ղեկավար, թող «իբրև աջակցություն ՀԱՊԿ-ի արձագանքի» մասին իր ցանկությունները հայտներ նույն Սեմերիկովին, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի` Հայաստան եկած անդամներին։ Այնքա՜ն հեշտ էր անել դա և շատ ավելի գործուն կլիներ, քան «աջակցության» վերաբերյալ իր ցանկության մասին ցուցադրաբար լրագրողներին ասելը, որոնցից շատերն առիթ են փնտրում խոսելու Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների «սառնության» մասին` ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության «կենսական անհրաժեշտությունը» շեշտելու համար։
Ես չեմ հավատում, որ մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետը տեղյակ չէ, թե տեղեկատվական-ագիտացիոն ինչ պատերազմ է ծավալված, այդ թվում` Հայաստանում, Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այդ թվում` ռազմական համագործակցության ոլորտում։ Բայց նույնիսկ եթե նա «մոռացել է» դա, ապա պիտի որ մոռացած չլիներ աստիճանակարգի մասին. չէ՞ որ զինվորական մարդ է։ Այդ դեպքում ինչպես է այդպես անհասկանալիորեն «հարվածի տակ դնում» գերագույն գլխավոր հրամանատար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որը նախագահում է ՀԱՊԿ-ում մի ամբողջ տարի ժամկետով և ունի, փաստորեն, անսահմանափակ իրավունքներ ու հնարավորություններ մի քանի րոպեում «ոտքի հանելու» ամբողջ դաշնախումբը։ Ինչո՞ւ է «հարվածի տակ դնում» իր անմիջական ղեկավարին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀԱՊԿ-ի ՊՆԽ-ի լիիրավ անդամ, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, Ն. Բորդյուժայի տեղակալ Արա Բադալյանին և այլոց։ Հիմա շատ հեշտ է հասնել շփման գծում ու սահմաններում օպերատիվ իրադրությունը սրելու Ադրբեջանի ճիգերին ՀԱՊԿ-ի` հենց որպես ռազմաքաղաքական դաշնախմբի, ակնթարթային արձագանքին։ Անհրաժեշտ է, որ Յ. Խաչատուրովի անմիջական ղեկավարները, ինչպես նաև մեր երկրի այլ կառույցների նրա գործընկերները օպերատիվ կարգով հարց առաջադրեն թե՛ ՀԱՊԿ-ի քարտուղարությանն ու գլխավոր քարտուղարին, թե՛ դաշնախմբի անդամ բոլոր պետությունների ղեկավարներին և ոչ թե ձեռքները ծալած նստեն ու սպասեն, որ մեկնումեկը «սիրուն աչքերի համար» ինքը սկսի օդ տատանել աջակցության բարձրագոչ հայտարարություններով։
Բացի այդ, հարկավոր են ոչ թե դատարկ բարձրագոչ հայտարարություններ, այլ թող որ ցածրաձայն ու աննկատ, բայց Ադրբեջանի վրա ներգործության և ճնշման այնքան գործուն ձևաչափեր, որ մեր տարածաշրջանում ոչ ոք ու երբեք փորձ անգամ չանի պատերազմ վերսկսելու։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ