«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Այս սեպտեմբերի ռազմական ու քաղաքական կոնֆիգուրացիան

Այս սեպտեմբերի ռազմական ու քաղաքական կոնֆիգուրացիան
04.09.2015 | 10:48

2013-ի սեպտեմբերի 3-ին մենք անակնկալ պարզեցինք, որ Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացման ու ընդհանրապես ապագայի ճիշտ ճանապարհը Մաքսային միությանն անդամակցելն է: Հետո Մաքսային միությունը դարձավ Եվրասիական տնտեսական միություն ու արդեն ութ ամիս մենք ԵԱՏՄ անդամ ենք: ՈՒ՝ ի՞նչ, երկու տարում մեր տնտեսությունը զարգացա՞վ: 2015-ի սեպտեմբերի այս օրերին մենք ունենք գնդակոծվող Տավուշի մարզ և պաշտպանության նախարարի հայտարարություն. «Վերջին երկու օրերի առանձնահատկությունը նրանում է, որ գնդակոծում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, հատկապես Տավուշի մարզի գյուղերը։ Անկասկած, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ամեն ինչ անում են կանխելու այդ անմարդկային երևույթները, որովհետև գնդակոծվում են խաղաղ բնակավայրերը: Ցավոք սրտի, այսօրվա մեր սահմանային կոնֆիգուրացիան այնպես էր ստեղծված, որ որոշ տեղերում, որտեղ հակառակորդն ունի դիրքային առավելություններ, օգտվում է դրանից` գնդակոծելով դիրքերից»: Չհարցնենք, թե ինչո՞ւ էր կոնֆիգուրացիան այդպես ստեղծված:

Ադրբեջանի հերթական ռազմական ակտիվացման պատճառները հայկական մամուլը համարում է Արցախի անկախության տոնը, ներքաղաքական իրավիճակը երկրում, զորավարժությունների անցկացումը Հայաստանում: Զուգադիպություն է գուցե, բայց Բաքուն այս անգամ հրադադարի պահպանման ռեժիմը խախտում է խոշոր տրամաչափի զինատեսակներով և հրետակոծությունը սկսել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցին համարյա զուգահեռ: Իսկ Լավրովը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում «առաջընթաց ձեռք բերելու հույս էր հայտնել» ղարաբաղյան հակամարտության հարցում: Ի՞նչ է քննարկել նա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի ու նախագահի հետ, որ «առաջընթացը» Բաքուն հասկացել է Հայաստանի սահմանամերձ տարածքը գնդակոծելը:
Ինչպես նախկինում՝ նման իրավիճակներում հայտարարություն է տարածում պաշտպանության նախարարությունը, ՄԽ համանախագահները կամ նրանցից մեկնումեկը՝ հիմնականում ԱՄՆ համանախագահը, երբեմն արձագանքում են եվրոպական կառույցները: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռ լռում է: Կրակի դադարից հետո կսկսեն հաշվել ավերումների թիվն ու վերականգնումի գինը: Բայց չեն շտապի վերականգնել, որովհետև ոչ ոք չգիտի, թե Ադրբեջանը ե՞րբ կդադարեցնի կրակը: Հետո բոլորս միասին կուրախանանք, որ սահմանային միջադեպերը դադարեցին ու այս անգամ էլ պատերազմի չվերածվեցին: Զինվորականները հարցազրույցներ կտան ու կբացատրեն, թե ի՞նչ է հրադադարի խախտումը, ի՞նչ է ագրեսիան, ի՞նչ է պատերազմը, ո՞ր դեպքում է Հայաստանի բանակը պատասխանատու, ո՞ր դեպքում ՀԱՊԿ-ը ու ընդհանրապես կասեն, որ ամեն ինչ վերահսկվում է:
Իհարկե, բայց նրանք չեն պատասխանի հարցին, թե Հայաստանի անվտանգության ի՞նչ խնդիր ու ինչպե՞ս լուծեց անդամակցումը ԵԱՏՄ-ին: Եթե չանդամակցեինք, պատերա՞զմ էր սկսվելու: Եվ՝ ո՞ւմ հետ: Եթե Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիրը լուծում է Հայաստանի բանակը, ինչո՞ւ է Հայաստանը անդամակցում ՀԱՊԿ-ին, որ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական կառույց է: ՀԱՊԿ-ը խաղի մեջ կմտնի միայն պատերազմի դեպքում, քանի Ադրբեջանը պատերազմ չի հայտարարել Հայաստանին, ՀԱՊԿ-ը առավելագույնը կարող է հայտարարություն անել: Իսկ ՌԴ դեսպանը կարող է գնալ պաշտպանության նախարարություն ու խոսել «Իսլամական պետության» մասին՝ իբրև ռեալ սպառնալիքի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե ՌԴ արտաքին գործերի նախարարը Բաքու մեկնելով՝ պաշտոնապես հրավիրում է Ադրբեջանին սեպտեմբերին Սվերդլովսկում կայանալիք ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու, որ նշանակում է նոր սպառազինություն առաջարկել, մնում է հասկանալ, որ Ադրբեջանը հայկական սահմանների վրա սպառում է իր կուտակած զենքը, որ նորը գնելու տե՞ղ բացվի: Թե, ինչպես միշտ, բիզնեսը բիզնես է, համագործակցությունը՝ համագործակցություն: Կհանդիպե՞ն այս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Նյու Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանում, թե՞ արդեն արտաքին գործերի նախարարներն էլ միմյանց ասելիք չունեն: Ռազմակա՞ն, թե՞ քաղաքական կոնֆիգուրացիան է այս սեպտեմբերին գերակայում:

Դիտվել է՝ 977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ