«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հերոսների ու հակահերոսների ժամանակը

Հերոսների ու հակահերոսների ժամանակը
05.07.2015 | 13:54

Երեկվա ժամը 21։00-ի կարևորագույն հայտարարությունը բացարձակապես չարդարացրեց սպասումները: Նրանք, ովքեր այսօր Բաղրամյան պողոտայում են, իրենց հայտարարությամբ վկայեցին, որ նույնքան ճգնաժամի մեջ են, որքան՝ իշխանությունը: Եթե իշխանությունը հայտարարել է աուդիտ, համաձայնել էլէներգիայի բարձրացած սակագինը անհատ սպառողից չգանձել՝ մինչև աուդիտի ավարտը, ու համարում է, որ գլխավորն արել է, այլևս պիտի սպասի աուդիտի արդյունքներին, Բաղրամյան պողոտայի ակտիվիստները մնում են փողոցում, որովհետև տուն գնալը նշանակում է ընդունել իշխանության որոշումը: Որոշում, որ փաստացի ոչինչ չի տալիս էլէներգիայի սակագնի չբարձրացման առումով, որ չի պատասխանում ընթացքում ձևավորված իրադարձային պահանջներին: Նախաձեռնության հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը հայտարարեց՝ իրենց պահանջների չկատարման դեպքում սկսում են «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան: «Դիմում ենք իշխանություններին՝ Բաղրամյան պողոտան չենք բացելու, քանի դեռ մեր պահանջները կատարված չեն։ Սպասում ենք մինչև երկուշաբթի 21։00-ն, և եթե մեր պահանջներից գոնե մեկը չկատարվի, ուրեմն սկսում ենք «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան։ Երկուշաբթի օրվանից քաղաքացիական շախմատի մեր այս կարևոր բարիկադները, որոնք աղբամաններ են կոչվում, նրանք վաղուց աղբամաններ չեն, նրանք մեր սիմվոլ բարիկադներն են, ամեն նոր օրվա 21։00-ին, եթե չենք ստանում պատասխան, մեկ քայլ առաջ տանում ենք դեպի Բաղրամյան»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը։ Նվազագույնը ծիծաղելի է, երբ մի խումբ փորձում է քաղաքացիական շախմատ հակադրել քաղաքական շախմատին՝ խաղաքար ընտրելով աղբամանները, նույնիսկ եթե «նրանք վաղուց աղբամաններ չեն, նրանք մեր սիմվոլ բարիկադներն են»: Քաղաքացիական շարժում առաջնորդողները արդեն պիտի հասկացած լինեին, որ սիմվոլով ու բարիկադով հաջողության չեն հասնում, գաղափար է պետք, իսկ մեկ քայլ առաջ գնալու ցնցող գաղափարը ուղղակի զգետնելու է իշխանությանը: Ծիծաղից: Նախ՝ Դավիթ Սանասարյանը մոռացել է ասել՝ ո՞ր ուղղությամբ են շարժելու սիմվոլները՝ դեպի Ֆրանսիայի հրապարակ, թե՞ նախագահական նստավայր: Բոլորովին չի բացառվում, որ մետր առ մետր որոշեն գնալ օպերա: Ինչո՞ւ ոչ: Եթե գնալու են դեպի նախագահական, օրը մեկ քայլով ճիշտ աուդիտի ավարտին կհասնեն Սերժ Սարգսյանին: Կամ՝ խորհրդարանական ընտրությունների մեկնարկին՝ եթե նրանք առաջ գնան մեկ քայլ, Վալերի Օսիպյանը հետ բերի երկու քայլ: Զարմանալի զորախաղեր են մարշալ Բաղրամյանի պողոտայում: Լավ է, որ մարշալի արձանը ճաղատ է, մազերը բիզ-բիզ էին կանգնելու՝ ռազմավարական ու մարտավարական այս նորարարություններից:

Ահա և ստացվում է, որ իշխանությունը լուծեց իր հարցերը ու հեռացավ Բաղրամյան պողոտայից իր կենդանի պատերով ու շոուբիզնեսմեններով, իսկ անկախության սերունդը մնաց անկախ ու չգիտի՝ ինչ անել: Բայց կիմանա, եթե դադարի դեմ պայքարել ու անցնի հանուն պայքարին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այս իրավիճակում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շատ ավելի համոզիչ է, քան աղբամանները սիմվոլացնողները՝ «Եթե աղբամանները շարժվեն, ես դա կդիտեմ որպես ոստիկանների հետ արհեստական բախում։ Եթե մեկ քայլն իրենց որևէ բան է տալու, խնդիր չկա, տասը քայլ էլ մենք կգնանք: Չի տա, այսինքն` միանշանակ կարելի է տրամաբանել, որ սա արհեստականորեն ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ ոստիկանության հետ բախում ստեղծվի, հանրությանը ցույց տան, որ բախում կա, եկեք Բաղրամյան պողոտա, որպեսզի մարդիկ գան Բաղրամյան պողոտա»։ Փաստացի՝ շարժումը առանց դիմադրության մարում է և հիմա նախաձեռնող խումբը փորձում է հարուցել դիմադրություն՝ շարժումը պահելու համար, իսկ խնդիրը էլէներգիայի թանկացումը չեղարկելն էր, որի մասին Բաղրամյան պողոտայի բարիկադներում կարծես արդեն չեն հիշում:

Դիտվել է՝ 1092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ