«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աշխարհը քաղաքակրթական և կրոնական «պետհեղաշրջման» շեմի՞ն

Աշխարհը քաղաքակրթական և կրոնական «պետհեղաշրջման» շեմի՞ն
19.06.2015 | 00:21

2015-ի հունիսի 10-ից համաշխարհային հանրությունը զարմացած հետևում է՝ ինչպես է փլուզվում ամերիկա-անգլիական քարոզչական միֆը Ռուսաստանի «մեկուսացման», նաև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «աշխարհից անձնական մեկուսացման» մասին: Նույնիսկ ԱՄՆ-ում բավականին լուրջ նախկին ու ներկա քաղաքական գործիչներ, հատուկ ծառայությունների ու Պենտագոնի աշխատակիցներ, կինոյի ու էստրադայի արտիստներ կան, որ բացահայտ չեն համաձայնում Ռուսաստանի ու Պուտինի դիվայնացման քաղաքականության հետ, որ իրականացնում է Վաշինգտոնն իր օժանդակ կառույցներով՝ ԵՄ-ով ու ՆԱՏՕ-ով: Բավական է հիշել Հենրի Քիսինջերին, Պատրիկ Բյուքենենին, Ռոն Պոլին, Սառա Պեյլինին, հետախույզ Ռեյ Մակգովեռնին, Սթիվեն Սիգալին, Միկի Ռուրկին ու մյուսներին: Այս անուններն արդեն իսկ խոսուն են: Թե ինչ են մտածել ու մտածում Եվրոպայում (մասամբ՝ Լատինական Ամերիկայում) ԱՄՆ-ի այսօրվա խղճուկ քաղաքականության մասին հետխորհրդային տարածքի նկատմամբ, շատ է գրվել ու գրվում է:
Այնուամենայնիվ, հունիսի 10-12-ի իրադարձությունները առանձնանում են դատողությունների ու տեսակետների շարքում, թե այսօր ինչ են մտածում «ռուսական սպառնալիքով» չզոմբիացած ու չվախեցած եվրոպացիները: Իտալիան գերհատուկ երկրներից է քաղաքակրթության պատմության մեջ, աշխարհի ամբողջ ոչմուսուլմանական իրավագիտության հիմքը Հռոմեական իրավունքն է: Վատիկանը առավել գերհատուկ պետություն է, թեոկրատիկ միապետություն, որից վերև միայն Տեր Աստվածն է: Ահա այդ երկրներ, ըստ էության, պետական այցով մեկնում է «աշխարհից մեկուսացած» Ռուսաստանի նախագահը: «Աշխարհից մեկուսացած»՝ ծայրահեղ անհասկացող և ինքնուրույն մտածողությունից ու տրամաբանությունից զուրկ մարդկանց համար: Լինեն մեր հայրենակիցները կամ ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքական ընտրանու ներկայացուցիչները: Ռուսաստանի նախագահի այցը Ապենիններ սկսվեց ոչ Հռոմից, ոչ Վատիկանից, այլ՝ Միլանից: Հունիսի 10-ին Լոմբարդիայի վարչական կենտրոնում բացվեց «Ռուսաստանի օրը» «ԷՔՍՊՈ-2015» միջազգային ցուցահանդեսում: Ինչ ու ինչպես հայտարարեցին Վլադիմիր Պուտինն ու Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, որ նախքան «Ռուսաստանի օրը» Միլանում ոչ միայն թաքցնում, այլև հորդորում էր Պուտինին «ԷՔՍՊՈ-2015»-ին մասնակցել, չենք նկարագրի: Առաջարկում ենք պարզապես ինտերնետում նայել Euronews-ի նորությունները և համադրել Միլանից նորություններին, որ հաղորդում էին ռուսական հեռուստաալիքները: Այդ ժամանակ յուրաքանչյուր ընթերցող իր օբյեկտիվ կարծիքը կկազմի:
Նկատելի էր՝ Իտալիայի վարչապետը, ավելի ուշ նախագահ Սերջիո Մատարելան չէին թաքցնում, որ արդեն սրտխառնուք ունեն Ռուսաստանի դեմ «ամերիկյան պատժամիջոցներից»: Եղավ նույնիսկ «ֆուտբոլի ու քաղաքականության միախառնում», բայց ոչ անգլո-ամերիկյան վարկածով, այլ զուտ եվրոպական, մայրցամաքային: Ինչպես ասաց Ռենցին՝ իր ու Մատարելայի հաջորդ մեծ հանդիպումը կայանալու է 2018-ին Ռուսաստանում, որտեղ անպայման ժամանելու են ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և «ֆուտբոլային ոչ հաճելի անակնկալ» են մատուցելու ռուսներին: Գուցե նաև ամբողջ աշխարհին: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառակի չեմպիոն երկրի կառավարության նախագահի խոսքերը պարզապես խոսքեր չեն, այլ դիրքորոշում, այդ թվում՝ աշխարհի ֆուտբոլի ամենաազդեցիկ ֆեդերացիաներից մեկի: Իտալացիների կարծիքի հետ հարկադրված են հաշվի նստել բոլորը, այդ թվում` նրանց գործընկերները Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Մնացած աշխարհը առանձնապես «աչքի չի ընկել» 2018-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու հարցում: Աշխարհը հիանալի գիտի՝ Իտալիայում ֆուտբոլը ոչ միայն ավելին է քաղաքականությունից կամ տնտեսությունից: Ոչ միայն կյանք է, այլև երկրորդ կրոն կաթոլիկությունից հետո: Այս թեմայով չեն կատակում, եթե, իհարկե, հասկանում են, որ մարդկանց կրոնական զգացումների հետ կատակները կարող են «հետևանքներ» ունենալ: Հանդիպումը և բանակցությունները Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ. արևմտյան ԶԼՄ-ները առաջին հերթին արձանագրեցին՝ Պուտինը հանդիպումից ուշացավ մեկ ժամից ավելի: Հետո նրանք փորձեցին տպավորություն ստեղծել, որ «սովորաբար խոսքաշեն Ֆրանցիսկոս պապը Պուտինի հետ զուսպ էր, համենայն դեպս՝ լրագրողների ներկայությամբ: Վատիկանի տեղեկատվության մեջ չկա «cordial» (սրտանց, սիրալիր) բառը, որ օգտագործվում է պապի բոլոր հանդիպումներում համաշխարհային մակարդակի ղեկավարների հետ»: Բայց մի՞թե ինչ-որ թղթակցիկներ ինչ-որ Reuters-ների կամ նույնիսկ France Press-ների իրականում տեղյակ են՝ ինչ են խոսել պապն ու Պուտինը: Կասկածում եմ: Տեսագրությունից լավ երևում է, որ լրագրողներին սկզբում թույլ են տալիս մոտենալ սեղանին, որի շուրջ զրուցում են Հռոմի պապն ու Ռուսաստանի նախագահը, հետո օպերատիվ հեռացնում են: Եվ աշխարհի կաթոլիկների առաջնորդը Ռուսաստանի առաջնորդի հետ փակ դռների հետևում բանակցում են 50 րոպե: Ինչ ու ինչի մասին են նրանք խոսել, ինչ տրամադրությամբ, մնում է դատել նրանց գործերից, ոչ թե արևմտյան լրատվամիջոցների դատարկաբանությունից: Բանակցությունների ավարտին Հռոմի պապը ՌԴ նախագահին ուղեկցեց մինչև գրադարանից դուրս և հրաժեշտին խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Մոսկվայի ու Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլին: Իտալիայից մեկնելուց առաջ Պուտինը հասցրեց հանդիպել Սիլվիո Բեռլուսկոնիի հետ, որ հատուկ ժամանեց օդանավակայան և վաղեմի բարեկամները սրտանց ողջագուրվեցին՝ փոխանակելով առանցքային մտքեր:
Հռոմի պապի հետ հանդիպումից Պուտինի ուշանալը ընդհանրապես անհետաքրքիր դրվագ է, միայն արևմտյան դեղին մամուլն է այդ խայծը կուլ տալիս: «Միլանում բանակցությունները երկար տևեցին, ավտոշարասյունը դանդաղ էր շարժվում»՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը փոխանցեց արևմտամետ «Эхо Москвы» ռադիոկայանը: ՌԴ նախագահը ընդհանրապես շատ է սիրում հանդիպել ու զրուցել Հռոմի պապերի հետ: Եվ ներկա, և Հովհաննես Պողոս II-ի հետ նա հասցրել է երկու անգամ հանդիպել (Կարլ Վոյտիլայի հետ 2000-ին ու 2003-ին, Ֆրանցիսկոսի հետ տարիուկես առաջ), մեկ անգամ էլ հանդիպել է Բենեդիկտոս XVI հետ (2007-ին): Հետաքրքիր է Պուտինի ու պապի ընծաների փոխանակումը: Ֆրանցիսկոս պապի հետ առաջին հանդիպման ժամանակ Պուտինը նվիրեց Վլադիմիրյան Աստվածամոր սրբապատկերի պատճենը: Վատիկան այս այցի ժամանակ՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարին նա ամբողջ տաճար նվիրեց՝ Հիսուս Ամենափրկչի տաճարի պատկերով պաննո: Նաև՝ ուղղափառ հանրագիտարանի մի քանի հատոր:
Ֆրանցիսկոս պապի պատասխան ընծան ոչ միայն թանկագին է քրիստոնեության տեսության տեսակետից, այլև սիմվոլիկ է ու ենթատեքստով: Հռոմի պապը ընծայեց խաղաղարար հրեշտակի պատկերով մեդալ ու բացատրեց՝ հրեշտակը պայքարում է խաղաղության ու արդարության համար: Արտաբերված բառերը արձանագրեցին համաշխարհային բոլոր լրատվամիջոցները. «Ես աղոթում եմ Տեր Աստծուն Ձեզ համար», հետո վերադարձավ ընծային՝ «Այս մեդալը, որ անցյալ դարի նկարիչներն են ստեղծել, պատկերում է հրեշտակին, որ բերում է և խաղաղություն, և արդարություն, և համերաշխություն, և պաշտպանում է,- ասաց Ֆրանցիսկոսը:- Նաև գրառում կա, որ ավետարանը մեզ բերում է կյանքի լույսը և ուրախություն, աշխարհաքաղաքական դատողություն կա մեր ու մեր կյանքի մասին»:
Չենք ուզում անպտուղ ու անիմաստ բանավիճել ո՛չ Հռոմի պապի, ո՛չ ՌԴ նախագահի կողմնակիցների ու հակառակորդների հետ: Հակառակորդներ, նաև թշնամիներ ունեն և մեկը, և մյուսը: Ի վերջո, նա արգենտինացի է, թեպետ ծագումով իտալացի է (նախքան պապ ընտրվելը՝ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիո), իսկ ավելին, քան բարեկամությունը Վլադիմիր Պուտինի ու Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների հետ ու ռուս-արգենտինական հարաբերությունների աննախընթաց մերձեցումը 2014-15-ին չեն կարող իրենց հետքը չթողնել յուրաքանչյուր արգենտինացու հոգում: Արգենտինան դեռ չի մոռացել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ստորությունը Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիների հարցում: Կասկած չի հարուցում, որ Հռոմի պապի ընծայի ու մեկնաբանության մեջ ուղղակի «մեսիջ» կար ամբողջ աշխարհին, ոչ միայն ՌԴ նախագահին: Ֆրանցիսկոսը Գրիգորիոս XVI-ի ժամանակներից առաջին ճիզվիտն է Վատիկանի գահին: Իսկ Ֆրանցիսկոս պապի հունիսի 13-ի որոշումը ավելին է, քան ՌԴ նախագահին խաղաղության հրեշտակի սիմվոլիկ մեդալ ընծայելը: Հռոմի կաթոլիկ եկեղեցին քննարկում է Զատկի միասնական օրվա հարցը, որը կնշվեր «Հռոմում, Կոստանդնուպոլսում ու Մոսկվայում»: Պոնտիֆիկոսն օգտագործում է ոչ թե Ստամբուլ, այլ Կոստանդնուպոլիս անվանումը՝ հարություն տալով «Բյուզանդական ժառանգության» աշխարհաքաղաքական հարցին: Եվ իր նախաձեռնությունը բացատրում է անեկդոտիկ պատմությամբ. «Հանդիպում են կաթոլիկն ու ուղղափառը և հարցնում են. «Քո Քրիստոսը հարություն առա՞վ, իմը՝ մի շաբաթից», Ֆրանցիսկոսի խոսքերն է փոխանցել Corriere della Sera-ն: Կաթոլիկ օրացույցով Զատկի օրը հաշվարկվում է մարտի լիալուսնից հետո առաջին արևահավասարով: ՈՒղղափառների հաշվարկն ավելի բարդ է: Որպես կանոն՝ կաթոլիկ ու ուղղափառ զատիկների տարբերությունը մեկ շաբաթ է, երբեմն նաև մեկ ամիս: Երբեմն Զատկի օրերը համընկնում են: Թերթը նշում է, որ միասնական օր կարող է դառնալ ապրիլի երրորդ կիրակին: Զատկի օրվա միասնականացման գաղափարը Ֆրանցիսկոսն արդեն բարձրաձայնել էր նախկինում, օրացույցը փոխելու պատրաստակամության մասին հայտարարել էր և Պողոս VI պապը (1963-1978): Զատկի միասնական օրվա հարցը կարող է քննարկվել Համատիեզերական ժողովում, 2016-ին: Իհարկե, «Կոստանդնուպոլսում»: Այս տարի կաթոլիկները Զատիկը նշեցին ապրիլի 5-ին, ուղղափառները՝ 12-ին: Կաթոլիկ և ուղղափառ կանոնագրքի փոփոխությո՞ւն է սպասվում: Կանոնագիրքը կանոնների հավաքածուն է, որոնց հիման վրա հաշվարկվում է Զատկի տոնի օրը: Ելից գրքում տրվող կարգերի, լուսնային-արևային օրացույցի, որ հրեաները վերջնականապես ընդունեցին երկրորդ տաճարի ժամանակ: Հրեական Զատիկը տոնվում է Նիսան ամսի 15-ին: Քրիստոնյաներն էլ ինչ-որ ժամանակ Զատկի տոնակատարության միասնական օր են ունեցել: Արդեն III դարում Ալեքսանդրիայի եկեղեցու աշխատասիրությամբ մշակվեցին կանոններ, որ հաստատվեցին Նիկեայի ու Անտիոքի տիեզերաժողովներում և գործում են մինչև մեր ժամանակները՝ Զատիկը տոնել հրեական Զատիկից հետո առաջին կիրակին այն լիալուսնից հետո, որ հաշվարկվելով հայտնի կանոններով՝ գալիս է գարնանային օրահավասարի օրը կամ օրահավասարից հետո: Գարնանային օրահավասար ընդունված էր մարտի 21-ը: Լուսնի փուլերը հաշվում էին ցիկլերով՝ շրջաններով, որոնց ընթացքում Լուսնի փուլերը վերադառնում էին մոտավորապես նույն օրերին, ինչ Հուլյան օրացույցով է: Օգտագործվում էր մի քանի ցիկլ: Պահպանվել են եպիսկոպոս Իպոլիտի Զատկի կանոնները, որ հաշվարկված են 16-ամյա ցիկլով: Հռոմեական եկեղեցին մինչև VI դարն օգտագործում էր 84-ամյա ցիկլը: Ալեքսանդրիայի եկեղեցին ներմուծեց առավել ճշգրիտ՝ 19-ամյա ցիկլը, որ բացահայտել էր հույն Մետոնոսը և օգտագործվում էր հունական օրացույցում: Քանի որ տիեզերական ժողովը Ալեքսանդրիայի եկեղեցուն հանձնարարել էր հետևել Զատկի օրվա տոնակատարության ճիշտ ընտրությանը, IV դարավերջին թեժ բանավեճ սկսվեց Հռոմի հետ՝ մատնացույց էին արվում 84-ամյա ցիկլի պատճառով թույլ տրված անճշտությունները: Այդ ժամանակից Մետոնոսի 19-ամյա ցիկլը աստիճանաբար շրջանառության մեջ մտավ արևմտյան եկեղեցիներում, բայց վերջնականապես հաստատվեց միայն Դիոնիսիոս Կրտսերի աշխատանքների շնորհիվ: Ընդունված կարգով՝ պետք է իմանալ մարտի կիրակիները և Զատկի լիալուսնի օրը: Կիրակիները որոշվում են կարգից ելնելով, որ քրիստոնեական դարաշրջանին նախորդած շրջանում (նահանջ տարի), որ երբեմն սխալմամբ անվանում են մեր թվարկության զրոյական տարի, կիրակիները եղել են մարտի 7-ին, 14-ին, 21-ին, 28-ին: Ամեն սովորական տարի, որ ունի 52 շաբաթ և մեկ օր, կիրակիները մեկ միավորով նահանջում են, նահանջ տարիներին, որ ունեն 52 շաբաթ և 2 օր, նահանջում են երկու միավորով:
Մետոնոսի լուսնային ցիկլն ունի Հուլյան 19 տարի 366,25 օրով և Լուսնի համարյա 235 սինոդիկ ամիսներով 29,53059 օրերով: Այս երկու ժամանակամիջոցների տարբերությունը 0,0613 օր է: Այս ցիկլում լուսնային ամիսները հերթականությամբ 30 և 29 օր ունեն: Երբ Հուլյան տարին ունենում է 13 լիալուսին, տարեվերջին հավելյալ ամիս է տրվում 30 օրով, ցիկլի վերջին՝ տասնիններորդ տարում՝ 29 օրով: Այս բաժանումով փետրվարը միշտ 28 օր ունի (մշտական օրացույց), լուսնային ամիսը, որ փետրվարի 25-ին է համընկնում, նահանջ տարվա հավելյալ օրը իրականում մեկ օր է: Քանի որ հունվարն ու փետրվարը կազմում են 59 օր, Լուսնի նույն ցիկլային փուլերը հունվարի ու մարտի նույն օրերին են համընկնելու: Նախնիները դիտարկել են ոչ թե լիալուսինը, այլ երիտասարդ լուսնի առաջին հայտնությունը: Այդ հայտնության և լիալուսնի միջև ժամանակը 13 օր է, այդ պատճառով՝ լիալուսնի Զատիկը որոշվում է նորալուսնին հավելելով 13 օր: Զատկի լիալուսինը կոչվում է Զատկի սահման: Ցիկլի առաջին տարի Ալեքսանդրիայի եկեղեցին ընդունեց Դիոկղետիանոսի ժամանակաշրջանը (285 թ.), երբ Զատկի նորալուսինը մարտի 23-ին էր, իսկ տարվա առաջին նորալուսինը հունվարի 23-ին: Մետոնոսի ցիկլով այդ օրն էր քրիստոնեական դարաշրջանին նախորդող նորալուսինը: Այդ տարին Դիոնիսիոս Կրտսերը ընդունել է իբրև ելակետային: Ցիկլի որևէ տարին ցույց տվող թիվը համարվում է «ոսկե թիվ»: Անվանման ծագումը վիճելի է: Հրեաները, որ նույնպես օգտագործում էին Մետոնիոսի ցիկլը, սկիզբը երեք տարի ավելի ուշ էին ընդունում, քան Ալեքսանդրիայի եկեղեցին ու Դիոնիսիոսը: Այդ տեղաշարժված ցիկլով սկզբնական տարվա նորալուսինը հունվարի 1-ին է: Այդ ցիկլը, որ կոչվում է Լուսնի Զատկի շրջան, օգտագործում է ուղղափառ եկեղեցին: Տարբերության համար Դիոնիսիոսը այդ ցիկլերից մեկը (հրեականը) ավանում էր ciclus lanaris, մյուսը՝ ciclus decemnovennalis: Հուլյան 19 տարիների մեծությունը սինոդիկ 235 ամիսներից պայմանավորում է Մետոնոսի ցիկլով հաշվարկված նորալուսինների հետ մնալը իրական, աստղաբաշխական ժամանակից: Ամեն 310 տարում կուտակվում է մեկ օր: Զատկի օրվա հաշվարկի համար առաջարկված բոլոր հաշվարկներից առանձնանում է պարզագույն ու հարմարագույն բանաձևը, որ առաջարկել է հայտնի մաթեմատիկոս Գաուսը:
Սուրբ Զատկի օրվա հաշվարկների կանոնները թողնենք հոգևորականներին: Հռոմի պապ Ֆրանցիսկոսի որոշումը, որին արդեն դրական է արձագանքել Ռուս ուղղափառ եկեղեցին, ոչ միայն էկումենիզմ ու քրիստոնեության միասնականացման փորձ է: Հիշենք՝ ինչ են քննարկել Հռոմի պապը և Վլադիմիր Պուտինը փակ դռների հետևում: Ոչ միայն ՈՒկրաինայի և Նովոռոսիայի իրավիճակը: ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը վկայում է. «Օրակարգում երկկողմ հարաբերություններն են, միջազգային ակտուալ պրոբլեմները, մասնավորապես՝ քրիստոնյաների վիճակը Մերձավոր Արևելքում, նրանց շահերի պաշտպանության անհրաժեշտությունը»: Փաստորեն՝ նաև մեր հայրենակիցների մասին՝ Սիրիայի, Լիբանանի, Իրաքի հայերի: Ֆրանցիսկոս պապը, ինչպես և պատրիարք Կիրիլը, 2014-ից միանշանակ ու բազմիցս Արևմուտքին կոչ են արել այդ տարածաշրջանում փոխել քաղաքականությունը և պաշտպանության տակ առնել Մերձավոր Արևելքի՝ համաշխարհային քրիստոնեության օրորոցի, քրիստոնյաներին: Այդտեղ պետք է որոնել ՌԴ նախագահին Հռոմի պապի ընծայի, նրա մեկնաբանությունների ու Զատկի միասնական օրվա առաջարկի խորքային իմաստը: Վատիկանում ԱՄՆ-ի դեսպան Քենետ Հեկետի ցինիկ ու հանդուգն պահանջը՝ դատապարտել Պուտինին ու համարյա թե մերժել ընդունելությունը, ձախողվեց: Հիմա ԶԼՄ-ները գրում են, թե իբր Հեկետն ընդամենը ասում էր, որ «Վատիկանը պետք է ավելի կոշտ վերաբերվի Ռուսաստանի քաղաքականությանը» ՈՒկրաինայի պատճառով: Նույնիսկ եթե այդպես է, մի՞թե ԱՄՆ-ը մոռացել է, որ Հռոմի պապերն ունեն միայն մեկ «Տեր»՝ Տեր Աստված: ԱՄՆ-ը ոչ մի կերպ չի ձգում Համայն Տիեզերքի Տիրակալի դերին:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ