«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչո՞ւ է Հայաստան եկել Անն Բրասերը

Ինչո՞ւ է Հայաստան եկել Անն Բրասերը
14.04.2015 | 12:18

Երևանում է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը: Նա արդեն հանդիպել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության, խորհրդարանական խմբակցությունների ու հանձնաժողովների անդամների, ԱԳ նախարարի հետ: Այսօր կհանդիպի ՀՀ նախագահի ու վարչապետի հետ: Հայաստան-ԵԽԽՎ փոխհարաբերությունների շրջանակում փոխայցելությունները ավանդույթ են՝ երկու տարին մեկ փոխվող ԵԽԽՎ համարյա բոլոր նախագահները եղել են Հայաստանում՝ ամեն անգամ ներկայացնելով ՀՀ-ԵԽԽՎ օրակարգի հարցերը: Այս անգամ, սակայն, Անն Բրասերի այցը համընկել է երկու հանգամանքի՝ նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը և ԵԽԽՎ-ում զեկույց է նախապատրաստվում ԼՂ հարցով, որի աշխատանքներին հրաժարվել է մասնակցել ԱԺ պատվիրակությունը՝ ելնելով ի սկզբանե միտումնավոր դիրքորոշումից և չցանկանալով իր մասնակցությամբ լեգիտիմացնել բրիտանացի պատգամավորի նախապատրաստելիք զեկույցը: Խորհրդարանում կայացած ասուլիսում ԵԽԽՎ նախագահը լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն իսկապես հուզում է Եվրոպային, քանի որ վերաբերում է քաղաքացիների, որոնք ԵԽ անդամ եվրոպական 47 երկրների ընտանիքի անդամ են: Նա կարծում է, որ երկխոսությունը միակ ելքն է, որի օգնությամբ պետք է լուծում գտնվի: «Բռնությունը երբեք պատասխան չպետք է լինի»,-հայտարարել է ԵԽԽՎ նախագահը: Հերթական զեկույցի նախապատրաստումը Անն Բրասերը պայմանավորել է ԼՂ հակամարտության կարգավորման գործում իր համեստ ներդրումն ունենալու ԵԽԽՎ ցանկությամբ: Նրա խոսքով՝ փաստաթուղթը միջամտություն չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, ավելի շատ առաջարկ, քան ցուցում է լինելու: Որպեսզի զեկույցը հավասարակշռված լինի, նա նորից հորդորել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը մասնակցել զեկույցի նախապատրաստմանը: ԵԽԽՎ նախագահը, իհարկե, չի ասել, որ իր ղեկավարած կառույցում Ղարաբաղի հարցով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովները, դեռ հանգուցյալ լորդ Ռասել Ջոնսթոնի ժամանակներից, ու զեկույցները որևէ դրական ներգործություն գործընթացի վրա չեն ունեցել: Ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առկայությամբ, ԵԽԽՎ-ն պարզապես զուգահեռ գործընթաց ստեղծելու հիմնավորում չունի: Ավելին՝ ԵԽԽՎ որևէ որոշում, բանաձև գործնական նշանակություն չունիլ: Ընդհանրապես ԵԽԽՎ-ն փորձում է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնել, իսկ մասնավորապես՝ հանձնաժողովը ստեղծվեց բացահայտ հակահայկական ձևակերպումներով և նախագահն էլ ընտրվեց բացահայտ ադրբեջանամետ պատգամավոր, երբ Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելու և ՄՄ-ին, ապա նաև ԵԱՏՄ-ին միանալու որոշման մասին: Դա ԵԽԽՎ-ի պատասխանն էր Հայաստանի քաղաքական շրջադարձին: Թեպետ բացահայտ որևէ բառ անգամ այդ մասին չի արտաբերվում:

Ընդունելով ԵԽԽՎ նախագահին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նրան առաջարկել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անդրադառնալ պատմական ողբերգությանը և գնահատական տալ: ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, և առաջարկել է ուղղակի շփվել Լեռնային Ղարաբաղի հետ՝ անկախ կարգավիճակից, քանի որ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում: Գալուստ Սահակյանը Անն Բրասերին առաջարկել է տեղում հետևել ԼՂՀ մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ Արցախում վաղուց ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են բարձր մակարդակով ու միջազգային չափանիշներին համապատասխան: Իսկ ԵԽԽՎ նախագահը, բարձր գնահատելով ԱԺ պատվիրակության գործունեությունը վեհաժողովում, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարթակներում: Նա կրկնել է, որ ԵԽ-ն պետք է նպաստի Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը: Այդ հավիտենական «պետք է նպաստին», սակայն, գործնականում որևէ բանաձևով չի արտահայտվում, որտեղ ԵԽԽՎ-ն արտահայտեր բանակցային գործընթացի ու հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ իրականությանը համարժեք գնահատական:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս Անն Բրասերի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշմանը ՝ շեշտելով, որ պետք է զերծ մնալ զուգահեռ կառույցներ, ձևաչափեր կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնասել եռանախագահների գործունեությանը և բանակցային գործընթացին։ «Սա վերաբերում է հատկապես այն զեկուցողներին, ում նկատմամբ կողմերից մեկը, տվյալ պարագայում` Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում՝ Բաքվի դիրքորոշմանը շարունակական աջակցության համար»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իհարկե, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի օրակարգում միայն այս հարցը չի եղել, նա ԱԺ նախագահին հիշեցրել է ԵԽ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան, որը Հայաստանը դեռ չի ստորագրել և առաջարկել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի որոշումների կատարման համար խորհրդարանում հանձնաժողով ստեղծել, որը կվերահսկի դատարանի որոշումների կատարման ընթացքը, կարևորել է սահմանադրական բարեփոխումների համապատասխանությունը ԵԽ չափանիշներին և քաղաքական կոնսենսուսի առկայությունը: Ապրիլի 20-ին ԵԽԽՎ հերթական նստաշրջանն է սկսվելու: Օրակարգում լինելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախաձեռնած հայտարարության ընդունումը, որին միացել են վեհաժողովի առայժմ 150 պատգամավորներ: Եթե ԵԽԽՎ-ն իսկապես առաջնորդվում է մարդու իրավունքների ու ժողովրդավարության, խաղաղության ու անվտանգության, կայունության ու զարգացման սկզբունքների պաշտպանությամբ՝ ապրիլյան այս նստաշրջանում պետք է ընդուներ Հայոց ցեղասպանությունը և ցեղասպանության ժխտողականությունը դատապարտող բանաձև, որ ընդունել են եվրոպական երկրների շատ խորհրդարաններ, բայց ԵԽԽՎ-ն չի «ոտնահարի» թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը: Առավել ևս, որ Թուրքիան փորձում է ԵԽԽՎ-ում իր պատվիրակների թիվը 24-ից հասցնել 36-ի՝ հիմնավորելով, որ անդամակցության ժամանակներից աճել է բնակչության թիվը: Բնականաբար, հարցն ունի նաև ֆինանսական կողմ, բայց այդ մասին խոսել բարձրաձայն ընդունված չէ:

Դիտվել է՝ 1434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ