«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայոց ցեղասպանության տարընթերցումները

Հայոց ցեղասպանության տարընթերցումները
04.04.2015 | 14:13

20 օրից ապրիլի 24-ն է: Վերջին ամիսների իրադարձությունները վկայում են, որ 1915-ին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին գրեթե նույն պատկերն է, ինչ եղել է 100 տարի առաջ միջազգային հարաբերություններում: Անցյալ դարասկզբին սկսված Առաջին աշխարհամարտում միմյանց դեմ կռվում էին երկու կոալիցիա՝ Եռյակ միությունը՝ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Թուրքիան, Բուլղարիան` մի կողմից, մյուս կողմից՝ Անտանտի երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Սերբիան, ավելի ուշ՝ Ճապոնիան, Իտալիան, Ռումինիան, ԱՄՆ-ը՝ 34 պետություն: Առաջին համաշխարհայինի համար պատրվակ ծառայեց Ավստրոհունգարիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը «Երիտասարդ Բոսնիա» ահաբեկչական կազմակերպության անդամ Գավրիիլ Պրինցիպի ձեռքով: 1914-ի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային, օգոստոսին 3-ին՝ Ֆրանսիային, 4-ին Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: 1914-1918-ի պատերազմն ավարտվեց Անտանտի երկրների հաղթանակով, բայց՝ Ռուսական կայսրության փլուզմամբ՝ 1918-ի հուլիսի 19-ին Ռոմանովներն արդեն գնդակահարվել էին Իպատևի տանը և Ռուսաստանում իշխանության էին եկել բոլշևիկները Վլադիմիր Իլյիչ Լենինի գլխավորությամբ: Պատմությանը այս հպանցիկ հետահայացը հիշեցման նպատակ ունի՝ որ երկրներն էին միմյանց դեմ կռվում: Առաջին համաշխարհայինի ընթացքում հայոց ցեղասպանությունը իրականացրած Թուրքիան չէր կարող իր ծրագրերը գաղտնի պահել դաշնակից Գերմանիայից, որի սպաները զինում, մարզում, ուսուցում ու ղեկավարում էին թուրքական բանակը: Գերմանիան էր պահում տնտեսապես թույլ Օսմանյան կայսրությունը: Եվ Գերմանիան գործնականում ոչինչ չարեց՝ կանխելու հայերի սպանդը: Վերադառնանք մեր օրերը՝ ճանաչե՞լ է Գերմանիան հայոց ցեղասպանությունը: Ոչ: Գերմանիան, որ 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմների նախաձեռնողն է եղել, գործնականում չի կանխել, եթե ոչ նպաստել է հայերի ցեղասպանությանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, և հրեաների ցեղասպանություն է իրականացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Նույն Գերմանիան առայսօր չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, բայց ճանաչել է հրեաների հոլոքոստը, փոխհատուցում է վճարել, ներողություն է խնդրել հրեաներից, որ պատերազմի ավարտից երեք տարի անց՝ 1948-ին ստեղծեցին անկախ պետություն՝ Իսրայելը երկու հազարամյակի դեգերումներից հետո: Գործնականում հայերը ևս Առաջին աշխարհամարտից հետո ստեղծեցին անկախ պետություն՝ 1918-ին՝ առաջին հանրապետությունը, 1920-ին Հայաստանն անցավ Ռուսաստանին: Բայց եթե հայերը կորցրին միլիոնուկես ժողովուրդ ու պատմական տարածքներ, ընդ որում՝ նաև մինչ այդ Ռուսական կայսրությանը պատկանած, հրեաները մտան Պաղեստին և նախկինում Օսմանյան կայսրությանը պատկանած տարածքներում ստեղծեցին իրենց պետությունը: Իսրայելը, որ տրամաբանորեն իբրև երկրորդ ցեղասպանված ժողովուրդ, պիտի ճանաչեր առաջինը ցեղասպանված ժողովրդին, չի ճանաչում հայերի ցեղասպանությունը՝ հոլոքոստը համարելով աննախադեպ, համարյա թե սակրալ իրողություն: Ինչո՞ւ: Ստացվում է, որ ինչ-որ կապ կար թուրքերի, գերմանացիների ու հրեաների միջև, հարցեր, որ լուծվեցին հայերի հաշվին ու առայսօր չեն լուծվում ընդդեմ հայերի:

Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռևլինը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ տարօրինակ է, որ Թել Ավիվն առայսօր չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, բայց հասկանալի չէ՝ ում է ուղղում խոսքը: Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը նույնքան անհավանական է, որքան՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում: Գերմանիայի Բունդեստագում շրջանառվում է օրինագիծ, որից անհետացել է «ցեղասպանություն» բառը: Իշխող քրիստոնեա-դեմոկրատներն ու սոցիալ-դեմոկրատները խուսափում են Ցեղասպանությունն իր անունով կոչել, որովհետև խուսափում են Թուրքիայի նախագահի հետ հարաբերությունները փչացնել՝ սա պաշտոնական տեսակետն է: Իրականում, սակայն, ցեղասպանությանը ցեղասպանություն անվանող Գերմանիան ևս իր պատմության հետ առերեսվելու խնդիր ունի իբրև Առաջին աշխարհամարտի օրերին ցեղասպանություն կատարած Թուրքիայի դաշնակից երկիր: Բունդեստագում կանաչներն ու ձախերը կողմ են, որ Ցեղասպանությունը որպես այդպիսին անվանվի, կառավարությունում և
կոալիցիոն խմբակցությունների ղեկավարությունում վերապահումներ կան:
Բունդեստագում իշխանական կոալիցիան և ընդդիմությունը երեք տարբեր զեկույցներ կներկայացնեն: Իշխող կոալիցիայի՝ ՔԴՄ-ՔՍՄ և սոցիալ-դեմոկրատների համատեղ զեկույցում «ցեղասպանություն» եզրույթը միայն հիմնավորման մեջ է տեղ գտել, ինչպես տասը տարի առաջ Բունդեսթագի բանաձևում էր: «Ցեղասպանություն» բառը բանաձևից անհետացել է խմբակցությունների ղեկավարության և ԱԳՆ-ի հետ տեքստի խմբագրումից հետո: Հայցադիմումը ապրիլի 21-ին քվեարկության կդրվի, ամենայն հավանականությամբ, «ցեղասպանություն» եզրույթը միայն հիմնավորման մեջ հիշատակվի: Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը (սոցիալ-դեմոկրատ) կարծում է, որ հիշողության մշակույթը չի կարող դրսից կամ վերևից կարգադրվել, տարածություն և ժամանակ է պահանջում, որ աճի համապատասխան հասարակությունում: Նա ողջունում է, որ «հայերի մեծ ցավը, աքսորն ու սպանդը» արդեն մի քանի տարի Թուրքիայում բաց և քննադատական քննարկվում են: Նա կարծում է, որ 1915-1916 թթ. հայերի ջարդերն ու աքսորը համապարփակ գիտական բանավեճի շրջանակներում պիտի ուսումնասիրվեն և գնահատվեն: ՈՒ եթե Կայսերական Գերմանիան հնարավոր դարձրեց հայերի ցեղասպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը այսօր էլ ղեկավարում է Թուրքիային՝ ցեղասպանությունը գիտական բանավեճի թեմա դարձնելու իր առաջարկ-աջակցությամբ: ՈՒ բնական է, որ պատմաբանների «չպարզած» հարցի պայմաններում ապրիլի 24-ին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Հայաստան չի գա: Չի գա, որովհետև պատասխան չունի հարցին՝ ի՞նչ տարբերություն հայերի ցեղասպանության և հրեաների հոլոքոստի միջև: Ինչո՞ւ մի դեպքում Գերմանիան աջակցել է Թուրքիային, պարտությունից հետո ապաստան է տվել Ստամբուլից փախած թուրք փաշաներին՝ մեծ ու մանր հանցագործների ողջ փաղանգին, երբ Թուրքիայի ռազմական դատարանը նրանց մահապատժի էր դատապարտել, բայց և Բեռլինի դատարանը արդարացրել է Թալեաթին սպանած Սողոմոն Թեհլերյանին: Ինչո՞ւ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը չի գնահատում իր իսկ պետության պատմությունը հավասար՝ մի դեպքում չի ընդունում իր մեղսակցությամբ իրագործված ցեղասպանությունը, մի դեպքում ընդունում է ու փոխհատուցում: Սա հարց է, որին պատասխանել պատմաբանները չեն օգնի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թուրքիան հայոց ցեղասպանությունը կճանաչի միայն այն ժամանակ, երբ ճանաչեն Իսրայելը և Գերմանիան: ՈՒ՝ հաստատ այդ ճանաչումները պատմաբանների ու
«համապարփակ գիտական բանավեճի շրջանակներում» չեն լինելու, այլ՝ քաղաքական որոշման, որի կայացման հետ ոչ մի կապ չունեն արխիվները, անգամ այսօրվա շահերն ու փոխհարաբերությունները:

Դիտվել է՝ 1841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ