«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եռանկյունի՝ եռանկյունու ամեն անկյունում

Եռանկյունի՝ եռանկյունու ամեն անկյունում
06.03.2015 | 01:02

Կարծես 2012-2013 ընտրական ցիկլը փակվեց՝ 2015-ի մարտի 5-ին եղավ այն, ինչ չէր եղել հավարտ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների, քաղաքական դաշտը վերադասավորվեց և այլևս հստակ է իշխանություն-ընդդիմություն սահմանագիծը: Բայց սա ձևական պատկերն է, բովանդակային պատկերը այլ է:

ԲՀԿ արտահերթ համագումարով քաղաքականությունից գործնականում հեռացավ 2006-ի, 2012-ի, 2013-ի, 2015-ի սկզբի ձևաչափով գործած կուսակցությունը, որ ձևավորվել էր իշխանական դառնալու համար: Բայց՝ միակ իշխանականը: ԲՀԿ-ի խնդիրն ի սկզբանե ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը վերացնելն էր: ԲՀԿ-ն իր խնդիրը չլուծեց ոչ մի ընտրությունում. կատարվել էր մեթոդոլոգիական սխալ՝ չէր կարող օլիգարխի գլխավորած կուսակցությունը իշխանության դեմ պայքարել՝ իշխանության մաս լինելով: Իշխանության պայքարը իշխանության դեմ, իհարկե, նոր խոսք է քաղաքագիտության մեջ, բայց շատ հին «նոր» խոսք, որովհետև իշխանության թևերի միջև պայքարը ոչ հայերն են սկսել, ոչ հայերն են ավարտելու: ԲՀԿ-ն չէր կարող ընդդիմություն դառնալ ու չդարձավ՝ հակառակ նույնիսկ իր համար միջազգային մակարդակով գծված սխեմաների: Միամիտ է հավատալ, որ քաղաքագիտական վերլուծությունը, որ դարձավ ԲՀԿ-ի մինչև երեկ գործած ձևաչափի դամբանականը, Հայաստանում էր ծնվել: Պետք չէ տարանջատել արտաքին ու ներքին քաղաքական գործոնները: Հայաստանը ճամփաբաժանին էր ու հրապարակավ մի քանի տարի գնում էր դեպի ԵՄ: Դա հնարավոր, ճիշտ, ցանկալի էր այնքան ժամանակ, քանի դեռ դեպի ԵՄ էր գնում Ռուսաստանը: Երբ պարզ դարձավ որ ԵՄ-ն ու ՌԴ-ն չեն կարող համագործակցել՝ քաղաքական, տնտեսական, ռազմական օրակարգերի անհամատեղելիության պատճառով, բարձրացավ հետխորհրդային տարածքի մյուս երկրների կողմնորոշման հարցը: Արևելյան գործընկերության ծրագիրը, որ պիտի զարգանար եվրաասոցացման համաձայնագրի կնքմամբ, բախվեց ԵՄ-ի հետ վերջնականապես հարաբերությունները խզած ՌԴ-ի՝ Եվրասիական տնտեսական միությունը կյանքի կոչելու և ԵՄ-ին հավասար բևեռ ստեղծելու ծրագրին: Հենց այդ հարթության մեջ սկսվեց ուկրաինական ճգնաժամը: Եվրոպայի ամենամեծ պետությունը չկարողացան միմյանց «զիջել» Արևմուտքն ու Ռուսաստանը: Հետևանքը դարձավ ՈՒկրաինայի եվրաինտեգրման ուղղությունն ընտրելը, բայց արդեն ոչ իբրև Եվրոպայի ամենամեծ պետություն՝ առանց Ղրիմի, առանց արևելքի: Ստացվեց՝ ոչ ինձ, ոչ քեզ, որովհետև նախկին ՈՒկրաինան այլևս չկա ու չի էլ լինի: Ինչպես չկա եվրաասոցացման համաձայնագիր ստորագրած Վրաստանը նախկին տեսքով՝ իբրև Աբխազիայի ու Օսիայի հետ միասնական պետություն: Ի՞նչ գին էր վճարելու Հայաստանը եվրոպական ինտեգրման դիմաց: Լեռնային Ղարաբաղը, որի ռուսականացման հեռանկարի ազդանշանները Զորի Բալայանի նամակով չէին սահմանափակվում, շատ ավելի հզոր ու ազդու միջոց կա՝ զինադադարի մշտական խախտումները: Եվ այդ սպառնալիքը չի վերացել, քանի դեռ կա Ադրբեջանին ևս ԵԱՏՄ-ում ընդգրկելու խնդիրը: Գինը նորից համարվելու է Ղարաբաղը: Հավելեք ռուս-թուրքական ռազմավարական համագործակցությունը, որը չի կարող սահմանափակվել «Հարավային հոսքը» «Թուրքական հոսք» դարձնելով ու թուրքերին վաճառվող գազի գնի 6 % իջեցումով, թուրքական hub-ից (գազի կուտակման հանգույց) վաճառքի ինքնուրույն սակագնի սահմանման իրավունքով (Թուրքիան պահանջում էր 15 % իջեցում, բայց ստացավ 10 %): Ոչ, ռուս-թուրքական համագործակցությունը գազով չի ավարտվում, դա ևս համագործակցություն է ընդդեմ ԵՄ-ի, հակառակ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ու ձգտում է ԵՄ. ձգտելը ձգտում է, բայց տեղ չի հասնում: Թուրքիայի համար կարող են ԵԱՏՄ-ի անդամակցության առանձնահատուկ ձևաչափեր մշակվել, որոնց գործունեության համար պետք է Հայաստանի հետ բաց սահման: Ի՞նչ է պետք, որ սահմանը բացվի: Նորից գին է դառնում Լեռնային Ղարաբաղը:

Եթե բոլոր այս արտաքին մարտահրավերների դեմ Հայաստանի ժողովուրդը միանշանակ լինելու է Հայաստանի իշխանության հետ, մնում է իշխանությանն ու ժողովրդին իրարից բաժանելու ճանապարհը: Դրա համար կան կուսակցություններ, որոնք կոչված են արտահայտել ժողովրդի կամքը, բայց կարող են արտահայտել և օտար պետության շահը: Առավել ևս, որ այդ պարագայում շահը փոխադարձ է՝ կուսակցությունները մնում են քաղաքական դաշտում ու ավելացնում են իրենց ազդեցության լծակները: Դուք դեռ հարցնում եք՝ ինչպե՞ս ու ինչո՞ւ «քաղաքագիտական վերլուծություն» ծնվեց ու ի՞նչ խնդիր էր լուծում: Հակառակ ստեղծված իրավիճակի տրամաբանությանը, հակառակ մինչ այդ հնչած քաղաքական գնահատականներին, անձնական բնորոշումներին: Հանրահավաքում դատափետված «Դոդի Գագոն» այլևս բուրժուա-դեմոկրատական հեղափոխության առաջնորդ Գագիկ Ծառուկյան պիտի դառնար, որ Ռուսաստանը Հայաստանում ունենար քաղաքական ուժ՝ իշխանությանը պարտադրելու այն որոշումները, որոնք ծառայում էին Ռուսաստանի, բայց ոչ Հայաստանի աշխարհաքաղաքական շահերին: Մի գիշերվա՞: Ոչ, մեկ րոպեի որոշում էր Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որովհետև հակառակը իշխանափոխությունն էր իբրև սկիզբ: Իհարկե, գործը Ղարաբաղին չէր հասնի. կորցնելով Լեռնային Ղարաբաղի դագանակը տարածաշրջանում՝ Մոսկվան կորցնում է իր ազդեցության լծակները Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի վրա: Բացի այդ՝ Ղարաբաղի հարցը Մոսկվան միայնակ չի կարող ու չի կարողանում լուծել: Եթե Ղարաբաղը հավերժական ու կիսաիրական սպառնալիք է, իշխանության կորուստը ռեալ է: Գագիկ Ծառուկյանը ամիս առ ամիս ժողովրդին տուն էր ուղարկում, բայց Մոսկվան իր բոլոր հեռուստա- ու ռադիոալիքներով խոսում էր Հայաստանում Մայդանի մասին, վախենում ու վախեցնում գունավոր հեղափոխություններով ու հեղափոխությունների աղետալի հետևանքներով, մինչդեռ Հայաստանում ոչ ոք հեղափոխություն չէր անում, Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ քաղաքական բառապաշարից այդ հասկացությունը հանել էր հրապարակավ ու ընդմիշտ ՀԱԿ-ի ծրագրերից, «ավազակապետությունը» ինքն իրեն պիտի կազմաքանդվեր:
Ինչո՞ւ էր Լևոն Տեր-Պետրոսյանը հարթակը սիրալիր «հանձնում» Գագիկ Ծառուկյանին: Որովհետև հրապարակում Գագիկ Ծառուկյանի բերած ժողովո՞ւրդն էր: Առաջին նախագահի համար պրիմիտիվ պատասխան է, նա հանձնում էր առաջնորդի դերը, որովհետև ավելի լավ գիտեր՝ ինչ է լինում առաջնորդների հետ պատվերը կատարելուց հետո կամ նոր պատվերի դեպքում: Այդ դեպքում ո՞ւմ հաղթեց Սերժ Սարգսյանը: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը չի մտածում ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու մասին, թեպետ եթե ռազմաբազան մեզ Թուրքիայից պաշտպանելու համար է, ոչ Ադրբեջանից (պաշտոնապես ՀԱՊԿ-ը չի միջամտում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթներին), իսկ Թուրքիան ու Ռուսաստանը բարեկամներ են, ռազմաբազան կորցնում է պաշտպանական ֆունկցիան ու դառնում Հայաստանի համար վտանգավոր: Հայաստանը ռուսական ուղեգծից ներս ու դուրս քայլեր անում է այնքան, որքան կա Ռուսաստանի համաձայնությունը: Այդպես է: Բայց, միևնույն է, կա նոր դագանակի անհրաժեշտություն: Մոսկվան կարող էր Գագիկ Նիկոլաևիչից հրաժարվել ու նույնիսկ նրան ամբողջությամբ «հանձնել» ՀՀ նախագահին, ինչը, իհարկե, չարեց, և Գագիկ Ծառուկյանը կպահպանի իր «օլիգարխության» գոնե կեսը ու գուցե մանդատը, բայց նրան փոխարինող է պետք: Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում լուծում էր այդ խնդիրը, ՀԱԿ-ի «մենակությունը» Հայաստանի դաշտում գործընկեր գտնելով չի փարատվի: ՀԱԿ-ին ավելի ազդեցիկ տեր է պետք, քան ունի Մոսկվայում: Չեղած ընդդիմադիր բլոկի վրա Լևոն Տեր-Պետրոսյանի նախահարձակումը նախազգուշացում էր՝ եթե ոչ ես, կլինեն նրանք: Հաշվարկը պարզ է, բայց՝ սխալ: Իշխանափոխություն ազդարարող ոչ բոլոր ուժերն են, ինչպես պարզվեց, պատրաստ իշխանափոխության: Լևոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծած «միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը» քաղաքագիտական վերլուծության երկրորդ մասն է, որը այլևս միայն իրեն է պետք, որի պատվիրատու չկա: Բայց կա շատ ռեալ վտանգ, որ Հայաստանում իսկապես կարող է ձևավորվել իրական ընդդիմադիր բլոկ՝ առանց «քաղաքագիտության», առանց «վերլուծության», բայց կոնկրետ նպատակով ու կոնկրետ մարդկանցից: ՈՒ դա հենց Սերժ Սարգսյանի շանսն է՝ եթե Հայաստանում կայանում է իրական ու Ռուսաստանից չկառավարվող ընդդիմություն, Հայաստանի նախագահը ստանում է գործողությունների ազատություն արտաքին դաշտում, գուցե պարադոքսալ հնչի, նաև՝ ներքին: ՀՀԿ-ն կառավարելը այլևս դժվար է լինելու, երբ չկա ԲՀԿ-ի դեմ պայքարի համախմբող գործոնը: Երբ բոլորն են «յուրային», յուրայիններն են սկսում օտարանալ: Ինչ կասի Գագիկ Ծառուկյանը «հաջորդ դասին», այլևս կարևոր չէ: Այդ դասը կանցկացվի ուրիշ դասարանում, և ուրիշը կլինի դասատուն: Ի՞նչ կանի Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ նախագահի դերում: Լավին՝ լավ, վատին՝ վատ կասի: Առաջվա պես: ԲՀԿ-ն, իբրև սկիզբ, կհրաժարվի այլընտրանքի կարգավիճակից ու կհայտարարի, որ ընդդիմություն է: Եվ կլինի շատ հրաշալի ընդդիմություն՝ ինչպես ՀՅԴ-ն, ինչպես ՕԵԿ-ը, այլևս հավասարը հավասարի պես: Քաղաքական դաշտը մաքրելու, քաղաքական գաղջ մթնոլորտի առողջացման իր ծրագիրը ՀՀԿ-ն կկատարի և ԲՀԿ-ն կլինի «առողջ» ուժ՝ «մաքրված» ու հասկանալի, հանրահավաքներ չի հրավիրի, համաժողովրդական շարժման գրասենյակները կփակի ու գուցե իր կենտրոնական գրասենյակն էլ տեղափոխի՝ շատ ավելի մոտ Մելիք-Ադամյանին: Ավելի համեստ ու զուսպ, ինչպես Նաիրա Զոհրաբյանը, ում կուսակիցներն արդեն համեմատում են Անգելա Մերկելի և Մարգարեթ Թետչերի հետ: Հետո երկար կմտածի՝ կողմ, թե դեմ լինել սահմանադրական բարեփոխումներին ու կգցի ժողովրդի վրա, թող հանրաքվե լինի ու ժողովուրդը որոշի: ԲՀԿ-ին այլևս մնացել է ՀՀԿ-ի ստվերի դերը: Կոալիցիոն կառավարություն կազմելու երազը կատարվելու համար էլ ստիպված կլինեն սպասել ընտրություններին՝ նույն գծի վրա, ինչ կառուցողական ընդդիմության խիտ շարքերի մյուս կուսակցությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- «Ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է»` վերաձևակերպում էր Լևոն Տեր-Պետրոսյանը «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» ասույթը: Իսկ եթե իմ թշնամու թշնամին էլ իմ թշնամի՞ն է, ո՞վ ո՞ւմ բարեկամն է Հայաստանի քաղաքական դաշտում: Լևոն Տեր-Պետրոսյանը երկար կմտածի այս հարցի պատասխանի վրա, հընթացս գուցե անեկդոտ էլ պատմի, բայց ակնհայտ է, որ նույնիսկ «բոլորի բարեկամ» Հովիկ Աբրահամյանը իր բարեկամը չէ, ոչ էլ «բոլորի թշնամի» Ռոբերտ Քոչարյանը: Երեք նախագահների բերմուդյան եռանկյունու ամեն անկյունը այլևս ինքնուրույն բերմուդյան եռանկյունի է, ու քաղաքական դաշտի համար շատ ծանր է այդ բազմանկյուն-եռանկյունը պահելը, եթե ինքնաբացարկներ չկան, մեջտեղ է գալու ցախավելը: Եվ, այնուամենայնիվ, հարցերի հարց է մնում՝ ինչո՞վ է Ռուսաստանը փոխհատուցելու Հայաստանի քաղաքական դաշտից իր «զորացրումը»: ԲՀԿ-ից պոկված բեկորների հետ ակտիվանալու է Ռոբերտ Քոչարյա՞նը, բայց նա չի գնա Լևոն Տեր-Պետրոսյանի նվիրական ոտնահետքերով, առավել ևս՝ Գագիկ Ծառուկյանի: Չի բացառվում, որ դագանակի կարգավիճակը այս անգամ կշնորհվի ոչ թե Հայաստանի քաղաքական դաշտից որևէ ընտրյալի, այլ դեսանտ կիջեցվի օտարությունից Հայրենիքը շենացնելու վերադարձող որևէ գործչի կամ գործարարի տեսքով, որը կհայտնվի կամ պետական բուրգում, կամ օլիգարխիկ, կամ իշխանական էլիտայում՝ անպայման բարձր պաշտոնով: Քաղաքական կուսակցություն ստեղծելը կամ եղածներից որևէ մեկը «վերցնելը» ծախսատար է՝ պահել է պետք, իսկ Մոսկվան վճարել չի սիրում, նախ՝ հիմա փող չկա, հետո իրենց համար է, թող իրենք պահեն (Գյումրիի ռազմաբազան ապացույց), և երրորդ՝ զբաղված են իրենց ու իրենց ՈՒկրաինայի գործերով:

Դիտվել է՝ 1456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ