«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա»

«Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա»
02.12.2014 | 00:08

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սկսած իմպիչմենտի գործընթացը կարելի է համարել հայաստանյան ընդդիմադիր դաշտի «Մանիֆեստը», որի էջերը մնացին դատարկ: «Դատարկ» մնացած իմպիչմենտի ձևաչափն ուղղակի «թուղթ ու գրի» ուժ ձեռք բերեց ընդդիմադիր, այլընտրանքային ու այլ համարվածների քաղաքական ապագայի համար:
Դիզերտիրության նման «հուժկու քայլ» գոնե մենք չենք հիշում հայոց քաղաքական անդաստաններում: Իմպիչմենտի դատարկ թուղթն ուղղակի մահապատիժ էր այսօրվա այն ուժերի համար, որոնք բազմահազարանոց ու «բազմամիլիոնանոց» հանրահավաքներ են անում, խեղճ ու կրակ ժողովրդին մի քանի «մանեթի» դիմաց բերում-հասցնում են Երևան, խոսում ինչ-որ «բարձր» բաներից, հերթական անգամ խաբում, ընդ որում, շատ ավելի տգեղ, քան իշխանությունը, և ուղարկում տուն:
ԲՀԿ-ի մասով խիստ ծանոթ ձեռագիր է, որովհետև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Նիկոլայիչն իր առանձին «Մանիֆեստն» ունի առ «նախագահ ջան», որի բոլոր կետերը պարբերաբար և խիստ հետևողական կյանքի է կոչում: ԲՀԿ-ի մնացյալ անդամները «մանիֆեստացիոն» այդ գործընթացից աշխատում են հետ չմնալ, անվերջ բարձրաձայնելով, թե որքան շատ են աշխատել ու ձայն բերել ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի համար, ինչքան շատ են սիրում նրան, ինչպես են պարբերաբար խորհրդարանում քվեարկում` վասն ՀՀԿ-ի ու սիրելի նախագահի:
«Ժառանգության» մասով նույնպես հասկանալի է «դատարկ» մնացած նիշը, քանզի վերջինիս առաջնորդը, երբ հայտնվեց Սերժ Սարգսյանի դեմ դիմաց, չհարցրեց անգամ նրա առողջությունից, այլ հետաքրքրվեց առաջին տիկնոջ առողջությամբ:
Իսկ ՀԱԿ-ի ու նրա խորհրդարանական խմբակցության ապտակված ղեկավար Լևոն Զուրաբյանի պահվածքն իմպիչմենտային այս գործընթացում քավարանային ոչ մի պարունակում չի տեղավորվում, էլ ուր մնաց` «մանիֆեստացիայի» ենթարկվի: Ընդ որում, սա նույնիսկ այն դեպքը չէ, երբ երեխային դուրս են նետում սապնաջրի հետ. այն է՝ Նիկոլի նկատմամբ, հասկանալի պատճառով, «սև ատելությունը» չէ պատճառը, որպեսզի ՀԱԿ-ն այսպես անխնա պարանը գցի վիզն ու կախվի 27-ի խորհրդարանում:
Պատճառը հար նույնն է՝ ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում: Իսկ ՀԱԿ-ին (արդեն «հազար» տարի) «պատվիրում» է վերլուծված ԲՀԿ-ն` յուր «մանիֆեստավոր» Գագիկ Նիկոլայիչով:
ՈՒ եթե եռյակը, մանավանդ ՀԱԿ պատգամավորական խմբակցությունը, ստորագրեր, որ ուզում է Սերժ Սարգսյանի իմպիչմենտը… Մի պահ դադար տանք. իհարկե, եթե ՀԱԿ-ը հաղթահարեր Նիկոլի նկատմամբ անսահման, ոչ մի չափի մեջ չտեղավորվող «նեպրիյազնը» և ստորագրեր, առանձնապես խնդիր չէր կարող լինել. նա ամեն վայրկյան կարող էր դա անել, քանզի մեկ անգամ չէ, որ «ամուսնացած» է եղել:
Պարզապես ՀԱԿ-ը պրագմատիկ հաշվարկ է արել ու հասկացել` ստորագրելն իր օգտին չէ, քանզի այդ ստորագրության հետևում երևալու են իրեն «պատվիրողի» ականջները ևս: Իսկ այս պահին նրան վտանգել չի կարելի: Հազար ու մի պատճառով, բայց առաջին հերթին՝ իրենց շահի: Բա որ «նախագահ ջանը» կանչի Գագիկին ու հարցնի.
-Գագիկ, էդ դո՞ւ ես ասել, որ ՀԱԿ-ն իմ հրաժարականն ուզի, փաստաթղթի տակ ստորագրի:
-Նախագահ ջան, ախր դու գիտես, չէ՞, ինչքան եմ քեզ հարգում, սիրում, ես ո՞նց ըտենց բան կանեի:
-Գագիկ, դու, փաստորեն, այլևս չես վերահսկում ՀԱԿ-ը, հա՞:
-Նախագահ ջան, ո՞նց ասեմ, բայց հարց չկա, ի՞նչ հարց կարա մեր մեջ ըլնի, դու ոնց ասես, ընենց կըլնի:
-Գագիկ, թող ՀԱԿ-ը ինքնուրույն իմպիչմենտ անի, միտինգ անի, իշխանափոխություն անի: Չմոռանաս` «ամբողջական», Գագիկ:
-Ոնց կասես, շեֆ ջան։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ