«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չեն հասկանա, չեն մոռանա, չեն ների

Չեն հասկանա,  չեն մոռանա, չեն ների
21.11.2014 | 01:36

«Եթե ես տարբեր եմ քեզնից, դա քեզ ոչ թե վիրավորում է, այլ լրացնում»՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի այս պարզ միտքը, որ ավելի քան 70 տարի առաջ է ասվել, այդպես էլ չի հասկացվում: Չի հասկացվում ոչ մի մակարդակում՝ մարդկային հարաբերություններից մինչև քաղաքական: Ոչ միջպետական հարաբերություններում, ոչ ներպետական: Մինչդեռ ամեն ինչ առավել քան պարզ է՝ պետք է համադրել, ոչ թե հակադրել: Ինքնահաստատման ձգտումը, սակայն, մարդուն մղում է իր ճշմարտությունը հաստատել ուրիշներին ժխտելով: Նույնն է պետությունների պարագայում: Ինչո՞ւ: Եթե այս հարցի պատասխանը մարդկությունը գտներ, կբացառեր պատերազմներն ու առճակատումները, բայց այս «ինչու»-ն համալրում է մարդկության պատմության հավերժական այն հարցերի շարանը, որոնք հոդաբաշխ պատասխան չեն ստանում սկզբունքորեն:

ՀՀ Սահմանադրական դատարանը Հիմնական օրենքին համապատասխանող համարեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը և ներկայացրեց ԱԺ՝ վավերացման:
Նոյեմբերի 12-ին չեզոք գոտում հայկական ուղղաթիռի կործանման պատճառով հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները օրեցօր նվազում են: Ադրբեջանի իշխանությունները 2015-ին ավելացնում են ռազմական բյուջեն՝ ներկա 3,8 միլիարդ դոլարից մինչև 4,8 միլիարդ դոլար: Ֆինանսների նախարար Սամիր Սարիֆովը բյուջեի ավելացումը պայմանավորել է «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի գործողություններով»։
ՈՒսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խփված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դիակները մնում են ուղղաթիռի անկման վայրում: Ադրբեջանը առևտուր է անում՝ պահանջելով Ստեփանակերտում դատվող իր դիվերսանտների հետ փոխանակում: ԵԱՀԿ-ն ու Կարմիր խաչը բանակցություններում ելք չեն գտնում: Պաշտոնական Բաքուն պահանջում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործելաոճը փոխվի, եթե ոչ՝ իրենք կփորձեն հարցը լուծել սեփական ուժերով՝ սպառնացել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը՝ անդրադառնալով Արևմուտքի դատապարտող հայտարարություններին: «Մենք Արևմուտքից արդարացի դիրքորոշում ենք պահանջում Լեռնային Ղարաբաղի հարցում: Ինչո՞ւ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում հաջողության հասնել: Որովհետև նրանք նույնպես անտեսում են միջազգային իրավունքը: Նրանք երբեք չեն հիշատակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերի մասին»,- ինքն իրեն հարցնում ու պատասխանում է Մամեդովը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկրորդ հայտարարությունն են արել: Նրանք կոչ են անում Ադրբեջանին հնարավորություն տալ վերադարձնել ուղղաթիռի զոհերի մարմինները. «Խորապես մտահոգված ենք, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել»: «Կոչ ենք անում կողմերին դադարեցնել կրակահերթերը դեպքի վայրի մերձակայքում և նպաստել շրջակա տարածքի ականազերծմանը»:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Ռաթկեն էլ ասել է. «Մենք գիտենք, որ արգելել են ԵԱՀԿ-ի ներկայացուցչի այցը։ Եվ մեր դիրքորոշումը չի փոխվել։ Սա մեկ անգամ ևս հիշեցնում է բոլոր կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալու համար ջանքերը կրկնապատկելու կարևորությունը։ Ավելին ասելու ոչինչ չունեմ»։
Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամադ Ռեյիսին ասում է` «Ես գոհ չեմ իրավիճակից»՝ անդրադառնալով հայկական ուղղաթիռի կործանման դեպքին, բայց հույս ունի, որ ղարաբաղյան կոնֆլիկտը կլուծվի բանակցային ճանապարհով, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն բանակցությունները և կհասնեն խնդրի լուծմանը՝ առանց բանակի միջամտության:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում վերահաստատել է, որ Թբիլիսին չի հրաժարվել եվրաինտեգրման քաղաքականությունից: Փորձագետների գնահատականով՝ վրաց-ռուսական քաղաքական հարաբերություններում տեղաշարժ չկա, տնտեսական հարաբերությունները վերականգնվում են:
Իրանի և վեցյակի բանակցությունները միջուկային խնդրով ճգնաժամի մեջ են՝ ԱՄՆ-ը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները՝ չսպասելով բանակցությունների ավարտին, Մեծ Բրիտանիան Իրանին ճկունության է կոչում:
ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հնարավորությունը, իսկ ԵՄ-ն շարունակում է պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ, ավելին՝ պատրաստվում է մեծացնել սև ցուցակներն ու այլ պատժամիջոցներ:
Ռուսաստանը շարունակում է պնդել, որ ՈՒկրաինայի իրավիճակի մեղավորը Կիևի գործող իշխանություններն ու Արևմուտքն են, իսկ ինքը կապ չունի: Բայց և չի հրաժարվում Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելուց: ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարում է, որ պատրաստ է պատերազմել հանուն ՈՒկրաինայի միասնականության ու հրաժարվում է Դոնբասի ածխից, փակում տարածքների ֆինանսավորումը:
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում տեղի ունեցավ G20-ի սամմիթը: Հայկական մամուլը անդրադարձավ միայն այն փաստին, որ Վլադիմիր Պուտինը մենակ ճաշեց ու հեռացավ Բրիսբենից՝ սամմիթը չավարտված:
Լուսաբանելով G20-ը` ամերիկյան մամուլը կենտրոնացավ ուկրաինական ճգնաժամի վրա, հիմնականում մեջբերվեց Բարաք Օբամայի ելույթը. «Մենք պաշտպանում ենք միջազգային հարաբերությունների առանցքային սկզբունքները, որոնցից մեկն է՝ չներխուժել ուրիշ երկրներ, չֆինանսավորել ու չաջակցել գործիչներին, ովքեր ձգտում են պետության կործանմանը, որտեղ կան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու բոլոր մեխանիզմները»: Ակնարկն ավելի քան թափանցիկ է: Los Angeles Times-ը հիշեցրեց. «Ընդամենը մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընդունելություն էր կազմակերպել G20-ից հետո, նա վստահ քայլում էր հինավուրց Ձմեռային պալատի հոյակապ դահլիճներով, թելադրելով հանդիպման տոնայնությունն ու դիվանագիտական արարողակարգի նրբությունները: Ինչպես ամեն ինչ փոխվեց»:
Գերմանական լրատվամիջոցները շեշտը դրեցին ԵՄ-ՌԴ հարաբերությունների վրա, հատկապես Անգելա Մերկելի ու Վլադիմիր Պուտինի մի քանի ժամ տևած բանակցությունների: Die Welt-ը գրեց, որ Մերկելը հարկադրված էր փոխել բանակցություններում իր մարտավարությունը. «Քանի որ Պուտինը մինչև հիմա ՆԱՏՕ-ն ընկալում է իբրև իր թշնամի, Գերմանիայի կանցլերը վճռել էր ուշադրությունը սևեռել մեկ այլ միավորման վրա՝ ԵՄ-ի»: Deutsche Welle-ն գրեց, որ գերմանական իշխող շրջանակներում այն կարծիքին են, որ «Մերկելի ու Պուտինի համագործակցությունն ավարտվել է»:
Ֆրանսիական մամուլը տրտնջաց, որ ՈՒկրաինայի պատճառով տնտեսական օրակարգը հետին պլան մղվեց, և ողջունեց, որ համաշխարհային տնտեսական զարգացումն արագացնող որոշումներ ընդունվեցին, որոնք վերաբերում են ֆինանսական թափանցիկության ընդլայնմանը, Էբոլայի համաճարակի դեմ համատեղ պայքարին, կլիմայի փոփոխություններին: Le Figaro-ն գրեց, որ «սամմիթը ինչպես լարված սկսվեց, այնպես էլ ավարտվեց», Le Monde-ը՝ որ «սամմիթը ավարտվեց առավել հանգիստ մթնոլորտում՝ Վլադիմիր Պուտինի վաղաժամ մեկնումից հետո»:
Բրիտանացիներին մտահոգեց համաշխարհային տնտեսության ապագան: Մի կողմից՝ համագործակցության ոգով ընդունվեցին կարևոր համաձայնագրեր տնտեսական աճի, շրջակա միջավայրի պաշտպանության, գործազրկության դեմ պայքարի վերաբերյալ, մյուս կողմից՝ հարցական է, որ հավարտ ընդունված կոմյունիկեի բոլոր կետերը կատարելի են: The Guardian-ը գրեց. «Կոմյունիկեն հաստատում է, որ բոլոր երկրները միասնական ձգտելու են կայուն տնտեսական աճի: Բայց կոմյունիկեում բազում պարտավորություններ կան, որ վերաբերում են ներքին կառուցվածքային փոփոխություններին (արտաքին առևտրին, հարկային քաղաքականությանը, աշխատանքային օրենսդրության վերանայմանը, գիտության ծախսերին), և երկրները հարկադրված են լինելու հետևել միմյանց ու «բարեկամական ճնշում» գործադրել, որ այդ ամենը կյանքի կոչվի»: The BBC-ին լակոնիկ էր՝ «Կոմյունիկեում ավելի շատ խոստումներ են, քան կոնկրետ քայլեր: Պարզ չէ՝ ինչպես են պատրաստվում հասնել երկու տոկոս տնտեսական աճին և ինչ համատեղ քայլեր են ձեռնարկելու»:
Իտալական Corriere della Sera-ն գրեց, որ վարչապետ Մատեո Ռենցիի պնդմամբ՝ «տնտեսական աճի թեման գործնականում բոլորին միավորեց»՝ Օբամայից Քեմերոն: Ռենցին հույս ունի, որ Եվրոպան «խստիվ տնտեսումից վերջապես կանցնի աճի քաղաքականության»: Արևմուտքի ու Ռուսաստանի սառը հարաբերություններին հակառակ՝ Իտալիան առաջարկում է բարեկամական երկխոսություն «Միլանի ոգով»:
Չինացիներին հետաքրքրել էին ԱՄՆ-Ճապոնիա-Ավստրալիա ռազմական համագործակցության բանակցությունները: South China Morning Post-ը գրեց, որ այդ համաձայնագրերը «կարող են սադրել Չինաստանին ընդամենը մեկ շաբաթ անց, երբ ԱՄՆ-ը և Չինաստանը կոնսենսուսի հասան առևտրի ու շրջակա միջավայրի հարցերում, իսկ Չինաստանն ու Ճապոնիան հարաբերությունների նորմալացման քայլեր արեցին»: Չինացիները կարևորեցին Սի Ցզինպինի ելույթը համաշխարհային տնտեսական համակարգի բարեփոխման վերաբերյալ: Guancha-ն մեջ բերեց նրա խոսքը. «Նախ պետք է արագացնել ԱՄՀ-ի բարեփոխման գործընթացը: Երկրորդ՝ ուժեղացնել հարկահանության հարցերով համաշխարհային համագործակցությունը: Երրորդ՝ ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը: Չորրորդ՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել զարգացման հարցերին»:
Իսկ Հայաստանո՞ւմ: Հայաստանում արտահերթ նիստ է գումարվել խորհրդարանում, և ոչիշխանությունը սրամտության հրաշքներ է գործում՝ քննադատելով իշխանությանը, որ իրեն դրել է Լյուդովիկոս 14-րդի տեղն ու ասում է՝ «Պետությունը ես եմ», կառավարությունը հինգշաբթիի փոխարեն չորեքշաբթի է նիստ անում, ու վարչապետը զարմացնում է բոլորին՝ կասեցնելով դատական ատյանների վճիռը և բնակելի շենքը փրկելով աճուրդից, իսկ բնակիչներին՝ փողոցում հայտնվելուց: Նախագահն իր աշխատանքային հանդիպումներն է անցկացնում: Համարյա ոչ մի փոփոխություն: Համարյա: Եթե փոփոխություն համարենք, որ ոչիշխանական եռյակը վերջնականապես վարչապետին մերժեց՝ հրաժարվելով իր պատմական 12 կետերի շուրջ բանակցելուց: «Միայն արտահերթ ընտրությունների գնալով՝ այս իշխանությունները կապացուցեն, որ իրենք անկեղծ են»՝ հայտարարեց եռյակի նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Մենք որոշում ենք ընդունել մեր քայլերի մասին, որոնք կապահովեն մեր ժողովրդի ակտիվ ընդգրկումը շարժման մեջ: Մենք պլանավորում ենք նաև արտահերթ նիստ՝ համամասնական համակարգին անցնելու և ընտրական ցուցակները ապահովելու ուղղությամբ: Կհամագործակցենք առաջին հերթին ՀՅԴ-ի հետ, որովհետև այդ ուժը մեր պահանջների մեջ այդ կետի սեփականատերն է»՝ այսպես՝ ի հեճուկս նրանց, ովքեր փոխադարձ անվստահության ակտերից հետո եռյակի վախճանն էին արձանագրում:
Գործնականում եռյակը իսկապես չի կողմնորոշվում ինչ անել՝ ո՞վ է մոռացել իշխանության հետ նախորդ բանակցությունները, երբ ՀԱԿ-ի դիմաց քաղաքական կոալիցիան էր: ԲՀԿ-ն փոխել է ճամբարը, բայց ԲՀԿ-ն ևս հիշում է, որ իշխանության հետ երկխոսությունը քամու աշխատանք է, ի՞նչ անել ի տրիտուր՝ հրաժարվե՞լ սեփական 12 կետերից, 10-րդ կե՞տը դարձնել անկյունաքարային: Միևնույն է, փակուղին մնում է փակուղի: Վերադառնա՞լ ակտիվ հանրահավաքային պայքարի, ու ի՞նչ պահանջել: Իշխանությունը բնավ հակված չէ կամավոր հրաժարականի: ՈՒ` ընդհանրապես, ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, որ մեկը տարիներով իշխանությո՞ւն է, մյուսը տարիներով ձգտո՞ւմ է իշխանության: Արտաքին ու ներքին քաղաքականության մեջ ի՞նչ տարբերություններ կան: Միայն անձե՞րը: Այդքա՞ն լուրջ է ամեն ինչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- «Ռուսաստանը Հայաստանում նախընտրում է վերահսկելի կառավարման համակարգը, այն է՝ նախագահականը»,- ասել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին: Նրա կարծիքով՝ «Խորհրդարանական համակարգը ցանկալի չէ, վերահսկելը բարդ է. եթե գործ ես ունենում մեկ նախագահի հետ, ով ինքն է ամեն ինչ որոշում, նրան կարելի է սեպտեմբերի 3-ին հրավիրել Ռուսաստան և բոլոր հարցերը լուծել, իսկ երբ գործ ես ունենում կոալիցիայի հետ, որը ձևավորվում է քիչ թե շատ արդար ընտրությունների արդյունքում, վերահսկողությունը դժվարանում է: Իսկ խորհրդարանի հետ ՌԴ-ն աշխատել չգիտի և չի կարող»: ՈՒրեմն՝ ինչպե՞ս եռյակը դեկտեմբերի 10-ին հանրահավաքախառը երթ չանի: Չեն հասկանա: Չեն մոռանա: Չեն ների: Երբ համադրումի արվեստը հասանելի չէ, հակադրվելն ամենահեշտն է:

Դիտվել է՝ 1407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ