«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անձեռնմխելիության իմունիտետ՝ այսօրվա ու վաղվա խնդիրը

Անձեռնմխելիության իմունիտետ՝ այսօրվա ու վաղվա խնդիրը
11.11.2014 | 01:01

2014-ի 46-րդ շաբաթը Հայաստանում որևէ փոփոխություն չի արձանագրել՝ ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ անգամ եղանակային: Խաբուսիկ տպավորություն է, սակայն, թե ոչինչ տեղի չի ունենում: Նախորդ երկու հանրահավաքներով ոչիշխանությունը փորձեց դիրքային առավելություն ստանալ՝ իշխանությանը համոզելով, որ անհրաժեշտ պահին կարող է մրցասպարեզ բերել մատյան գունդը՝ ժողովրդին: Իշխանությունը տեսավ, գնահատեց, հասկացավ, որ առանձնապես սարսափելի չէ՝ նույն մեթոդներով, նույն ժամանակում, նույն հրապարակում կարող է պարզել ՀՀԿ-ի սպիտակ դրոշները ու նույնքան և ավելի համակիրներ հավաքել: Ոչիշխանականների երկրորդ հանրահավաքը իրավիճակի զարգացման կորը, սակայն, ոչ թե բարձրացրեց, այլ՝ իջեցրեց: Մատյան գունդը իր հիմնական մասով հասկացավ, որ իրեն օգտագործում են ներիշխանական վերադասավորման, այլ ոչ իր հարցերը լուծելու նպատակով: Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի հռետորական քվեարկությունները, ոչ Գագիկ Ծառուկյանի մոգական «Ես ձեր կողքին եմ»-ը իրական բովանդակություն չունեն: «Հիմա, հիմա»-ն բոլորովին համաձայն չէ «Հետո, հետո»-ի, բայց ո՞վ է հարցնում հրապարակի կարծիքը: Հաջորդ հանրահավաքը հեռանկար է, որ չի մարմնավորվում կոնկրետ ամսաթվի տեսքով: Իմաստ չկա: Կա խնդիր, որ պետք է լուծել: Խնդիրն այլևս հանրահավաքային լուծում չի ակնկալում: Հանդիպեցին Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը՝ հանդիպումը ոչ հաստատվեց, ոչ հերքվեց, ոչ տեղեկացվեց գոնե՝ ոչինչ չասող պաշտոնական ով, երբ, ինչ բանաձևով: Հանդիպումից հետո կողմերը ձեռնամուխ եղան սեփական ուժերի գույքագրման ու վերադասավորման: ՀՀ նախագահը որոշեց կառավարության կառուցվածքային փոփոխություններ անել, ԲՀԿ նախագահը՝ շտաբներ ձևավորել: ՈՒ միանգամից ի հայտ եկան իշխանության ու ոչիշխանության տարբերությունները. Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունները առանց առարկության ընդունվեցին ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձեռամբ ներկայացվեցին իբրև պետական կառավարման օպտիմալացում, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը հանդիպեց գործընկերների լուռ դիմադրությանը: Համենայն դեպս առաջին մի քանի օրերին նրանք համաձայնության կամ անհամաձայնության որևէ դրսևորում իրենց թույլ չտվեցին, միայն հայտարարեցին, որ կքննարկեն՝ ի հայտ բերելով արդեն հայտնին՝ Գագիկ Ծառուկյանը միանձնյա ստանձնել է առաջնորդի դերը, իսկ նրա պատկերացրած ձևաչափում առաջնորդը որոշում է, ենթակաները՝ կատարում: Մի քանի օրից ՀԱԿ-ը հայտարարեց, որ «Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ», հիմնավորելով, որ վարչախումբը ժամանակը կօգտագործի սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար, և հույժ անհրաժեշտ համարեց համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց, չթուլացնել, այլ ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը։

Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորումը կառավարման տեսակետից ունենալով իր պլյուսները, ունի իր մինուսները ժողովրդավարության կայացման տեսակետից: Գործնականում վարչական ռեսուրսին միանում է ուժային ռեսուրսը: Եթե հաշվի առնենք, որ տարածքային կառավարման նախարարությունը բացի կանոնադրական պարտավորություններից կատարում է նաև իշխող քաղաքական ուժի նախընտրական շտաբի դեր, օրինականորեն ու հրապարակային այդ շտաբը համալրվում է զորքով: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտոնական պարտականություններից բացի, հասարակական պարտավորություններ ևս ստանձնել էր՝ երկրապահներին միավորելու ու որոշակի պահի նրանց գործողության մեջ մտցնելու հանձնառությամբ: Ի՞նչ գործառնություններով է Գագիկ Ծառուկյանը օժտելու իր շտաբներին: Տրամաբանորեն՝ համարժեք, հավելեք Ռուբեն Գևորգյանի երկրապահական զեղումները ու կստանաք համարյա կրկնապատկեր: Ֆինանսական ռեսուրսները երկու դեպքում էլ չեն պակասելու: Հնարավո՞ր է առճակատում: Երկու կողմերն էլ առճակատումից կխուսափեն, բայց չեն բացառի, այլապես անիմաստ են ջանքերն ու ֆինանսական ներդրումները: Դիրքային մարտերը այս փուլում պայքարի փոխընդունելի տարբերակն են: Այլ շարժումներ չեն լինի: Գագիկ Ծառուկյանի հայտարարած նոր կառույցի ձևավորումը՝ ոչիշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ, իրավական ձևաչափ ստեղծելու նպատակ ունի, բացահայտ է, որ խորհուրդը խորհրդակցական մարմին չի լինի: «Քանի որ պատասխանատվությունը իմ վրա է, ես թույլ չեմ տալիս ոչ պարտություն, ոչ իմ թիմից որևէ մեկի մատը փուշ մտնի, ոչ էլ ժողովրդի», տպավորիչ հայտարարություն է արել ԲՀԿ նախագահը քաղխորհրդի նիստում: Ավելին. որոշել է աշխատանքներ տանել արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ՝ նրանց համաժողովրդական շարժման մեջ ներգրավելու համար, որը ոչինչ չանելու ժամանակի ծխածածկույթ է: «Հաղթանակը մերն է, ժամանակը մերն է, ապագան մերն է»՝ սա Գագիկ Ծառուկյանի նոր կարգախոսն է: ՀՀԿ-ն առայժմ հայտարարում է, որ որևէ մտահոգություն չունի, բայց դա հավուր պատշաճի հայտարարություն է, հարցը լուծել է պետք:
Պայքարի այս փուլում առավել բովանդակային ու հեռագնա հետևանքներ կարող է ունենալ ևս մեկ հանդիպում՝ առաջին ու երկրորդ նախագահների: Եթե հանդիպումը դեռ չի կայացել, անպայման կայանալու է: Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո, որ Ռոբերտ Քոչարյանը համաժողովրդական շարժման հետ կապ չունի, անհրաժեշտ է հարցը պարզել՝ հետագա քայլերից առաջ: Ռոբերտ Քոչարյանը չի կարող կապ չունենալ համաժողովրդական հայտարարված շարժման հետ՝ նա կապ ունի Գագիկ Ծառուկյանի հետ: Առանձին քննարկման թեմա է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առնչությունը, բայց երբ ԲՀԿ-ն հրապարակավ հագել է համաժողովրդական շարժման առաջնորդի հանդերձներ ու հայտարարում է շարժման մեջ դադարի մասին, չի կարող թիկունքում ունենալ Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի չպարզաբանված հարաբերությունների հարցը: Հանդիպումն անխուսափելի է: Ի՞նչ հարցեր են քննարկվելու: Գաղափարական քննարկման հույս չունենաք: Պարզ հարցեր՝ ո՞վ ո՞ւմ հետ է, ո՞վ ո՞ւմ դեմ է և ի՞նչ է անելու հետո, պաշտոնների բաժանման հարցեր: Եվ՝ ընթացակարգային, ասենք՝ ե՞րբ և ի՞նչ պայմաններում Ռոբերտ Քոչարյանը կարող է բարձրանալ հարթակ և հարթակից հնչեցնել գործող իշխանության քննադատությունը ու իրենից հետո անցած տարիները համեմատել իր պաշտոնավարման տասնամյակի հետ՝ ցույց տալու, որ դրախտից դժոխք ենք ընկել: Սա՝ մեկ: Երկրորդ՝ որոշակի իրավիճակում նրան կարող է պետք գալ անձեռնմխելիության իմունիտետ: Ռոբերտ Քոչարյանը ԱՖԿ սիստեմայի տնօրենների խորհրդի անդամ է, երբեմնի հարուստ ու հզոր ընկերության ներկա վիճակի անորոշությունը նրան ոչ միայն ֆինանսական անդառնալի կորուստների է հանգեցրել, այլև իրավական խնդիրներ կարող է առաջացնել: Փողի կորստի հետ, թեկուզ հարյուրավոր միլիոնների, նա դժվարությամբ, բայց կհաշտվի, իրավական պատասխանատվությունից խուսափելու համար շտապ պաշտոն է պետք՝ նախկին նախագահը և գործող վարչապետը կամ նախագահը բոլորովին տարբեր կարգավիճակներ են: Հարցը վերաբերում է ռուսական իրավական համակարգին, ուրեմն ցանկացած լուծում ոչ միայն բխելու է կարգավիճակից, այլև լինելու է կամայական ու իրավիճակային: Այս փաստը, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման համար վատ մեկնարկ է, որ առաջին նախագահին սեփական պայմաններ թելադրելու հնարավորություն է տալու՝ հակառակ, որ պաշտոնների բաշխման հարցում քաղաքական կապիտալը ենթակա է ֆինանսական կապիտալին: Փոխհարաբերությունների պարզաբանման հարցում, իհարկե, հիշվելու են 2008-ի մարտյան իրադարձությունները, բայց երկուսն էլ պրագմատիկ են՝ անցյալն իբրև մեկնակետ չընտրելու ու ապագան հնարավորինս 00 կետից սկսելու համար: Կստացվի՞: Ոչ: Պատճառը ոչ միայն Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը ու Հովիկ Աբրահամյանն են: Պատճառը երկուսի էլ նախագահական հավակնություններն են՝ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող նահանջել տարիքի պատճառով, Ռոբերտ Քոչարյանը՝ ևս մեկ տասնամյակ, նույնիսկ հնգամյակ կորցնելու դեպքում՝ կորցնելու է երբևէ վերադառնալու հնարավորությունների կեսից ավելին: Այս դեպքում Սերժ Սարգսյանը նոր շանս է ստանում իր առաջադրած սահմանադրական բարեփոխումներից չհրաժարվելու համար: Գագիկ Ծառուկյանը՝ իր նախագահական հավակնությունների: Որքան էլ տարօրինակ է՝ բերում է նաև Հովիկ Աբրահամյանի բախտը: Նվազագույնը՝ իբրև վարչապետ պաշտոնավարելու հերթական ընտրություններից հետո: Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը միմյանց խաղից դուրս են բերում, ասպարեզը մնում է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան եռյակին՝ տարբեր կոմբինացիաներով: Անհնա՞ր է թվում վարչապետի պաշտոնում ակնհայտ հաջողությունների իսպառ բացակայության պայմաններում: Տրամաբանորեն՝ այո: Քանի՞ տարի հաջողությունների իսպառ բացակայությամբ պաշտոնավարեց Տիգրան Սարգսյանը, ինչո՞ւ հինգշաբթի առավոտյան կառավարության նիստում հեռագնա ծրագրեր էր հաստատում, երեկոյան հրաժարական տվեց: Կա ևս մեկ կարևոր գործոն՝ ի՞նչ ներգործություն կունենա Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացումը Հայաստանի տնտեսության վրա: Ռուբլու անկումը կհաջողվի՞ կասեցնել, թե ՌԴ տնտեսությունը կփլուզվի՝ իր ավերակների տակ թողնելով Հայաստանի այդպես էլ չդիվերսիֆիկացված տնտեսությունը: Կկարողանա՞ ՌԴ նախագահը վարչական միջոցներով երկիր վերադարձնել օտարված ֆինանսները, թե՞ չի հասցնի: Ռուսաստանը հզոր երկիր է, բայց արդյունավետ ու օպտիմալ կառավարումը միշտ եղել է Ռուսաստանի թույլ կողմը՝ գուցե աշխարհագրական, գուցե տարածքային մեծության, գուցե քաղաքական պատճառներով: Կհաջողվի՞ Հովիկ Աբրահամյանին կատարել բյուջետային պարտավորությունները ու ապահովել ինչ-որ զարգացում, կկայացվի՞ քաղաքական որոշում՝ դուրս գալ Ռուսաստանի ներգործության դաշտից ու Հայաստանի շահերից բխող տնտեսական-ֆինանսական որոշումներ ընդունել ու համաձայնագրեր կնքել: Կա ևս մեկ խնդիր՝ իրականում ո՞վ է Գագիկ Ծառուկյանը: Օլիգա՞րխ, թե՞ քաղաքական գործիչ: Եվ՝ ո՞ւմն է ԲՀԿ-ն՝ իրե՞նը, թե՞ երկրորդ նախագահինը: Քաղաքականության մեջ ու իշխանության համար պայքարում բարեկամություն ու ընկերություն, իհարկե, չկա, այնուամենայնիվ, ի՞նչն է նա համարելու առաջնահերթ՝ գործադի՞ր իշխանությունը, թե՞ խորհրդարանական մեծամասնություն դառնալը: Եվ ի՞նչ կանի Սերժ Սարգսյանը՝ կպաշտպանվի՞, թե՞ կփորձի զինազրկել մրցակցին: Եվս մեկ անգամ կդիմի վարչապետի՞ զոհաբերության, թե՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններով կփորձի շահեկան վիճակ ստանալ ոչ միայն իբրև նախագահ պաշտոնավարման ժամկետում, այլև հետագայում: Երկրորդ երիտասարդ թոշակառուի կարիերան բացահայտորեն նրան ևս չի բավարարելու: Կոմբինացիաները կարող են տրամաբանական ու անսպասելի լինել՝ կողմերից յուրաքանչյուրը իր անձեռնմխելիության իմունիտետի դիմաց ինչ-որ զոհաբերության պիտի գնա: Պետության հաշվին զոհաբերություններ հնարավոր չեն՝ ռեսուրսներ չկան: Տնտեսությունը պահելու խնդիրը պահանջում է բոլոր ռեսուրսների օգտագործում, ստեղծված իրավիճակում այս ու այն օլիգարխի խնդիր չկա, կա համակարգի փլուզման խնդիր, փլուզումից հետո ոչ ոք չի կարող ապահովության հույս ունենալ: Ոչ անձնական, ոչ ֆինանսական: Ռեալ խնդիրը հիմա հեղափոխություն անել-չանելը չէ, ոչ էլ անգամ՝ հեղաշրջում, իշխանության ու ոչիշխանության միակ անհետաձգելի խնդիրը համակարգը փրկելն է: Գործող համակարգի փլուզումից հետո նրանք դադարելու են գործող անձեր լինել ու վերածվելու են գործով վկաների, մի մասն էլ՝ մեղադրյալների: Իսկ համակարգը փրկելուց հետո շանս կստանան միմյանց միջև պաշտոնները վերավերավերաբաժանելու ու իշխանություն-ընդդիմություն խաղալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ո՞Ւր մնացին Ազատության հրապարակն ու «Հիմա, հիմա» կարգախոսը: Ժամանակն է, որ տասնամյակների պայքարի բովով անցած ՀՀ քաղաքացին տարբերի՝ երբ է ինքը միջոց, երբ է գործոն: Առայժմ իր համար օտար խաղերում միջոց է, երբ դառնա գործոն, կարող է փոխել զարգացումների ընթացքը:

Դիտվել է՝ 1619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ