«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արքան, արքունիքը, մենք

Արքան, արքունիքը, մենք
26.09.2014 | 11:53

Ժիրինովսկու անհանգիստ ու համայն Ռուսիայի (իմա՝ ԽՍՀՄ-ի) համար բաբախող սիրտը ցար է ուզում՝ միայն 10 տարով ընտրվող ցարը կարող է երկիրը երկիր դարձնել: Հասկացաք, չէ՞, ո՛վ պիտի լինի Ռուսիայի ցարը: Եթե ոչ ինքը, ծայրահեղ դեպքում Պուտինը: Ինչո՞ւ ոչ: Ընդամենը օրինականացվում է ՌԴ նախագահի կարգավիճակը: Ինչո՞վ նա ցար չէ այսօր: Ժիրինովսկին՝ Ժիրինովսկի: Հայաստանին ցար պետք չէ՞: Էսպես՝ տեղական նշանակության: Բայց՝ անսահմանափակ իշխանությամբ: Ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ Եվրամիություն, ի՞նչ դեսուդեն: Ցար, ու վերջ: Ժողովրդավարական ցար՝ մի 20 տարով: Ընտրովի: Եթե Ռոմանովների դինաստիան դեռ ունի ժառանգներ, հայ թագավորներից մնացել են դամբարաններ՝ օտար երկրներում, կամ Հայաստանում, բայց անտեր: ՈՒրեմն՝ այլընտրանք չկա՝ ցար ու միայն ցար: Չէ, մի այլընտրանք կա՝ նրան կարելի է կոչել արքա: Խիստ հայեցի է: Համահայկական: 10-միլիոնանոց սփյուռքի հետ միասնական: Արքա, ու վերջ: Իսկ արքունիքը կընտրի արքան ինքը: Նազիր-վեզիրներով: Արարողապետով: Դռնապանով ու դրանիկ գնդով: Ինչքան աշխատատեղ կբացվի… ՈՒ ինչքան էլ գումար կխնայվի՝ էլ ի՞նչ վարչապետ, ի՞նչ կառավարություն-մառավարություն, նախարար-մախարար, ի՞նչ խորհրդարան-մորհրդարան: Արքան ու արքունիքը, և ժողովուրդը, որ կատարված կտեսնի իր դարավոր երազանքը ու արդեն կարող է համեմատվել Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Բելգիայի, Նիդերլանդների ու արքաներ ունեցող այլ հետամնաց պետությունների հետ, նրանցից առաջ անցնելով, որովհետև նրանց արքաները իշխանությունը փոխանցում են ժառանգներին, հայերս՝ կընտրենք: Չէ, արժի այս ուղղությամբ աշխատել: Թե չէ անկախությունից հետո որևէ կուսակցություն որևէ կենսական գաղափար չի առաջադրել հաղագս պետության ու ազգի փրկության՝ առաջին մի քանի տարուց հետո, երբ գաղափարներն ավելի շատ էին, քան երկրի բնակիչները:
Օրինակ, հոկտեմբերի 10-ին ոչիշխանական ուժերը հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում: Իսկ մինչև հոկտեմբերի 10-ը` մինիհանրահավաքներ անծայրածիր երկրի ծայրամասային քաղաքներում՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը: Աբովյանում, Հրազդանում, Սիսիանում, Ապարանում, Արարատում, Իջևանում, Վանաձորում ու Գյումրիում: Ինչ տիտանական աշխատանք, եթե չասենք՝ նախընտրական: Իսկ ո՞ւմ են ընտրում: Եթե ոչ նոր արքա: Մանավանդ՝ դեռ օրակարգ չունեն: Իսկ եթե ունեն, խիստ լոկալ՝ 12 կետերի վերջնական գնահատականների ամփոփում և տեխնիկական հարցեր։ Իսկ ի՞նչ տեխնիկական հարց կա՝ ԲՀԿ-ի փողերով շրջագայելու են երկրով ու հարցնեն՝ կո՞ղմ եք Սահմանադրություն փոխելուն, թե՞ կողմ եք մեզ: ՈՒ լսելու են՝ փող տվեք, ապրենք: Ամենաընդգրկուն օրակարգը Հայաստանում՝ փող տվեք: Որովհետև աշխատանք, մեկ է, չեն տալիս: Հեռանկար, մեկ է, չեն տալիս: Խոստումներն էլ արդեն գին չունեն: Բայց հանրահավաք, մեկ է, անելու են: ՈՒ՝ քառյակով են անելու: Չէ, իհարկե, ՀՅԴ-ն չի զղջալու ու վերջին պահին մեղայականով չի միանալու: Բայց, մեկ է՝ հանրահավաք անելու են քառյակով, բայց վճռական ու հայրենասեր եռյակ են ներկայանալու: Ամբողջ ամառ Հայաստանում շրջում էր աշնանային սրացումների ուրվականը, հայասեր ռուսները համառորեն փնտրում էին ստոր Արևմուտքի գործակալներին, որ թույլ չտան նրանց ապակայունացնել բարեկամ Հայաստանը: Ստոր Արևմուտքն էլ՝ ինչպես անտարբեր էր անհասկանալի ու անկանխատեսելի Հայաստանի նկատմամբ, այնպես էլ անտարբեր մնաց: Եղած-չեղածը՝ մի քիչ փող տվեց, որ ասի՝ ես էլ եմ ձեզ հետ խաղում, ինձ չմոռանաք:

Քաղաքական ապակայունացումը չստացվեց, ռազմականը փորձեցին, էլի չստացվեց. պարզվեց` ստոր հայերը լավ էլ դիմադրել են սովորել: Ի՞նչ մնաց: Մնաց աշունը և, իհարկե, ամենավճռական, ամենաընդդիմադիր ու ամենահայրենասեր ոչիշխանական քառյակը (այս դեպքում մինուս-պլյուս չկա), որ հայրենիք Հայաստանն է հայտարարում, բայց Ռուսաստանն է պատկերացնում: Մարզերով-համայնքներով, դհոլ-զուռնայով, երգ-պարով՝ համահայկական հանրահավաք, որտեղ իշխանափոխության պահանջ հայտնի չէ՝ կհնչի, թե չի հնչի: Եթե հույսը դրել են ժողովրդի ժուժկալության վրա, իզուր, ժողովուրդը միշտ էլ փոփոխության կողմ է: Պետք չէ ամեն ինչ բարդել ժողովրդի ուսերին. քաղաքական ուժը (ամբողջ աշխարհում) ոչ թե գնում է ժողովրդի հետևից, այլ առաջնորդում է ժողովրդին: Առավել ևս, որ վարչապետը սոցիալական նորանոր բողոքների լավ օրակարգ է ստեղծում. պարտադիր կուտակայինը չվերջացած՝ տոնավաճառների աշխատողներն են ավելանում: ՈՒ ընդհանրապես մեծ հարց է բյուջեի կատարողականը: Այնպես որ հոկտեմբերի 10-ին քառյակը շատ մեծ տեխնիկական հարց ունի՝ ո՞ւր է գնալու հանրահավաքից հետո: Ժամանակ կա՝ թող մտածեն: Ոչ այստեղ, բնականաբար:
Իսկ այնտեղ, որտեղ մտածում են, դեռ չեն որոշել՝ ինչ անել:
«Հոկտեմբերի 10-ին Մինսկում Հայաստանը կանդամակցի՞ ԵՏՄ-ին, թե՞ ոչ» հարցը դեռ պատասխան չունի: Հայաստանում հարցը արդեն վերաձևակերպվում է՝ ոչ թե անդամակցել-չանդամակցել, այլ անդամակցելի՞ս ենք մեծ կորուստներ ունենում, թե՞ չանդամակցելու պատճառով: Լավ, ինչքան հույսներս դնենք Նազարբաևի վրա: Նազարբաևը հիմա դեռ ընդամենը ասում է, որ չի հասցնում վերջնական եզրակացության գալ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու փաթեթի վերաբերյալ: Եվս հինգ օր է ուզում: Բայց դե Նազարբաևն է ու միտքը փոխում է ու եզրակացության գալիս է ոչ թե հոկտեմբերի 15-ին, այլ 9-ին: Կարող են, չէ՞, ղազախներն աշխատել սոցիալիստական տեմպերով՝ տասնօրյակը հինգ օրում: ՈՒ՝ ի՞նչ: Մենք արդեն գիտե՞նք՝ ինչպես է լուծվելու Ղարաբաղի հետ կապված խնդիրը: Ղարաբաղը Հայաստանի հետ չի՞ անդամակցի ԵԱՏՄ-ին, ի՞նչ է լինելու Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին: Մաքսային սահման չի՞ լինելու, ինչպես վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ասում: ՈՒ Նազարբաևը համաձա՞յն է Եվրասիական միության ու Ղարաբաղի թափանցիկ սահմանին: Մենք գիտե՞նք՝ ինչ եղավ 900 ապրանքների համար բացառություն անելու հարցը: Մենք գիտե՞նք՝ Հայաստան-Վրաստան մաքսատուրքերի հարցը ինչպես է լուծվելու: Չէ, մենք միանշանակ գիտենք, որ ոչ ոք չգիտի, թե 10-20 տարի հետո ինչ կլինի: Իսկ 10-20 օր հետո՞: Ոչիշխանական քառյակը իր ընդգրկուն օրակարգում մի կետիկ ունի՞ այս մասին, թե՞ իրենց գլոբալ խնդիրների համար դա շատ լոկալ հարցիկ է:
Շատ լոկալ մի հարցով, փոքր և միջին ձեռնարկատերերը, օրինակ, վարչապետին ստիպեցին հրապարակավ հայտարարել, որ ինքը չի կարողանում խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերել և հույսը դրել է փոքր ու միջին բիզնեսի վրա: Նրանք հոկտեմբերի 1-ից պետք է 3,5 տոկոսի փոխարեն 1 տոկոս շրջանառության հարկ վճարեն: ՈՒրիշ ի՞նչ են ուզում՝ հարկային բեռը թեթևանում է: Իսկ անշնորհակալ ձեռներեցները հակառակն են պնդում: Որովհետև սատանան մանրամասների մեջ է միշտ թաքնվում. նրանք ներմուծողներից ապրանքը ստանալիս փաստաթուղթ չեն ստանում ու չեն կարող փաստաթղթաշրջանառություն ցույց տալ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր նախորդի պես չհասկացված ինտելիգենտ չէ, նա բաց ու թափանցիկ է աշխատում: Հենց ժողովուրդը աղմկում է, Հովիկ Աբրահամյանը հանդիպում է նրանց: Այս անգամ էլ հանդիպեց ցուցարարներին: Լսեց: Լսեց: Լավ լսեց ու ասաց, որ «որպես փոքր ձեռնարկատերեր իրենք կառավարությանը չեն հետաքրքրում, քանի որ իրենք խոշորների հետ պետք է գործ ունենան»: Ասաց, որ փոքր ու միջին ձեռնարկատերերը հարթակ են, որ իշխանությունները կարողանան խոշորների հետ կապված հարցերը լուծել: Երևի բարկացած էր, երևի հոգնած էր, երևի նեղված էր, որ Մեդվեդևը չեկավ, բայց իր վարչապետության ընթացքում առաջին անգամ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ խոստովանեց, որ ինքը չի կարողանում խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերել ու հույսը դրել է տոնավաճառների աշխատակիցների վրա: Սա պետությա՞ն անզորության արձանագրում էր, թե՞ վարչապետի, բայց փաստը մնում է փաստ: Ավելին՝ Հովիկ Աբրահամյանը նաև «մխիթարեց» ցուցարարներին. «Դուք հանգիստ եղեք: Մենք ձեզ որպես հարկատու չենք դիտարկում: Դուք որպես հարկատու մեզ հետաքրքիր չեք: Պարզապես խոշորները օգտագործում են ձեզ և շրջանցում են օրենքը: Մենք էլ ձեզ վերցնելով որպես հարթակ՝ ուզում ենք նրանց՝ խոշորներին, բերել հարկային դաշտ: Թե չէ դուք, կրկնում եմ, որպես հարկատու մեզ հետաքրքիր չեք»: Այսինքն՝ ի՞նչ: Վարչապետը փոքր ու միջին բիզնեսը «տղա է բերում» խոշոր բիզնեսի վրա՞, թե՞ նրանց ազատում է հարկերից: Երկուսն էլ օրինականության հետ կապ չունեն: Հա, իսկապես, սա Հայաստանն է, ու վերջ:
Իսկ հարևան Իրանը դա չի հասկանում: Չի հասկանում, ու վերջ: Իրանի նախագահ Հասան Ռուհանին պիտի գար Հայաստան: Գալիս-գալիս, տեղ չի հասնում: Մեծ երկրի նախագահ է ու արարողակարգային հանդիպումներ չի ուզում, քաղաքական օրակարգ է ուզում, համաձայնագրեր ստորագրել է ուզում: Երևանում: Որովհետև ՀՀ նախագահը Թեհրան չգնաց: ՌԴ վարչապետը չեկավ Երևան, ՀՀ վարչապետն էլ Թեհրան չգնաց: Սեպտեմբերի 15-ը, ոնց որ, անցել է: Թե՞ այս տարվա սեպտեմբերի 15-ը չէր: Չգնաց՝ չգնաց: Գոնե չբացատրեց՝ նա ինչո՞ւ չի գալիս, ու ինքը ինչո՞ւ չի գնում: Ի՞նքը չի ուզում, թե՞ իր գնալը չեն ուզում: Իրանի նախագահ Հասան Ռուհանին կայցելի Հայաստան՝ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին, բայց չասաց՝ ե՞րբ: Ասաց՝ այցի համար ծրագիր է պետք, ու այցերը սովորաբար երկկողմանի են լինում: Դե արի ու հասկացիր արևելյան բազմածալ դիվանագիտության ենթատեքստերը: ՈՒզում էր ասել՝ մենք կգանք, իսկ դո՞ւք: ՈՒզում էր ասել՝ գանք, ի՞նչ անենք: Ինչի՞ եք դուք պատրաստ: Պատրա՞ստ եք ռուսականի հետ մրցունակ, էժան գազ ստանալ: Պատրա՞ստ եք տարանցիկ երկիր դառնալ գազամուղի համար: Պատրա՞ստ եք Արաքսի վրա հէկ կառուցել: Պատրա՞ստ եք երկաթուղի աշխատեցնել: Հյուսիս-հարավ ճանապարհն ի՞նչ եղավ: Իսկ գուցե նույն Հասան Ռուհանին դեռ ինքը պատրա՞ստ չէ հստակ ասելու, թե ինքն ու իր երկիրն ինչի են պատրաստ, որ Հայաստանը այդ քայլերն անի ու հետ չնայի: Թեհրանում, ինչ-ինչ, լավ գիտեն, իրենցից բացի ովքեր են Հայաստանի հարևանները: Լավ գիտեն՝ ինչպես է Ռուսաստանը պաշտպանում իր ազգային շահերը: Փորձ ունեն: Սեփական: ՈՒ եթե Իրանին իրոք պետք է, որ թուրք-ադրբեջանական «մի ազգ, երկու պետությունը» հավասարակշռվի տարածաշրջանում, ինչո՞ւ է Արևմուտքի նման սպասում, որ Հայաստանը քայլ անի, ինչո՞ւ է արևելյան դիվանագիտության նրբություններին ու բազմիմաստությանն ապավինում, պե՞տք է, ուրեմն պետք է: Ինչո՞ւ է Թեհրանը ևս հայացքը Կրեմլին կառուցում հարաբերությունները հարևանի հետ: Չի ուզում իր շահերը վտանգե՞լ: ՈՒրեմն՝ Թեհրանն էլ մտածելիք ունի՝ ինչն է ավելի շահավետ՝ տարածաշրջանայի՞ն զարգացումը, տարածաշրջանում հեռանկարային նախագծերը Հայաստանի՞ հետ իրականացնելը, թե՞ թուրքադրբեջանառուսական ծրագրերին համաձայնելը, փոխարենը Մոսկվայից հին-մին ապրանքներ ստանալը, գազ-մազ, ու մեկ էլ, վերջապես, Բուշերի ատոմակայանը ավարտելը: Թե՞ Թեհրանը շարունակում է հաշվարկել, որ ժամանակի մեջ Կրեմլը (պատժամիջոցների պատճառով) կթուլանա, ու բանակցելը կհեշտանա, ինչ այսօր հնարավոր չէ, անհնարին չէ վա՞ղը: Իսկ Հայաստանը կսպասի, Հայաստանն իր տեղից ո՞ւր է կորչելու: Այդ ընթացքում Հայաստանն էլ ի վերջո իր շահը կհասկանա: Պետականը: Սեփականը: Թե չէ՝ ոչիշխանությունը` ռուսամետ, իշխանությունը՝ ռուսամետ, ինչքա՞ն ժամանակ է պետք, որ պետությունը դառնա ռուսական: Ասում եմ, չէ՞, արքա է պետք: Արքաներին ո՞վ է հարցնում՝ Ձերդ մեծություն, էս ի՞նչ արեցիք, ինչո՞ւ արեցիք, ինչո՞ւ չարեցիք: Արքաները, նույնիսկ ընտրովի, պարտավոր չեն հարցերի պատասխանել: Ոչ իրենց հպատակների: Ոչ հարևանների: Ոչ թշնամիների: Ոչ բարեկամների: Արքաները միայն արքաների հետ են շփվում: Լավ գործ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. - Կառավարության դեմ ընդվզած առևտրականները այլընտրանքային առաջարկ էլ են արել. «Եթե ուզում եք երկիրը լքենք, բոլորիս տոմս առեք»: Դասական հայկական մտածողություն՝ կտան-կտան, չեն տա՝ կգնամ: Իհարկե չեն տա, գնում ես՝ գնա: Էսպես ենք ապրել, որ էս օրին ենք: ՈՒրիշ ազգերի էպոսների հերոսները առյուծ են սպանում, արև են վար բերում, եռագլուխ դևեր են գլխատում, մերը գնաց ու մտավ Ագռավաքար՝ մասուրի ու ընկույզի հեքիաթն էլ թողեց, թե՝ գեղեցիկ պարտվեք: Ինձ վրա հույս չդնեք, հարմարվեք, չե՞ք հարմարվի, աշխարհը՝ մեծ, ճամփեքը՝ բաց, որտեղ հաց՝ էնտեղ կաց: ՈՒ էսօր իր դուռը գնալու համար օտար երկիր պիտի մտնենք՝ հարմարվել ենք, ըմբռնել ենք: Էս չե՞նք:

Դիտվել է՝ 1990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ