ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Մուրճի» ու «սալի» արանքում

«Մուրճի» ու «սալի» արանքում
08.07.2014 | 01:06

Արտքաղաքական վերջին «թոփը», անշուշտ, ՈՒկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձություններն են: Կարելի է կարծել, որ Ռուսաստանն ու Պուտինին համաշխարհային «ընկերակցությունը» խիստ համերաշխ անկյուն է քշում: Կարելի է կարծել, որ այս վիճակը ձեռնտու է նաև Ռուսաստանին, որովհետև վերջինս լուծեց ամենագլխավոր հարցը` Ղրիմը հետ վերցրեց, և Կրամատորսկի, Սլավյանսկի, Լուգանսկի վերադարձը «նորմային» մոտ է: Կա երրորդ տարբերակը` հակահարված տալ, զորք մտցնել, ինչը քիչ հավանական է:
Բոլոր դեպքերում, ՈՒկրաինայում նոր իրավիճակ է:
Համանման իրավիճակ է նաև մեր տարածաշրջանում, հիմնականում՝ տեղեկատվական պատերազմի «դաշտում», չնայած ադրբեջանական կողմի դիվերսիաների պակաս նույնպես չկա: Բոլոր դեպքերում, ակնառու է մեկ բան՝ Արևմուտք-Ռուսաստան տանդեմի միջև երկխոսությունը թեժանում է նաև այս կողմերում: Վաղուց մոռացված, ազատագրված «յոթ-երեք-երկու» շրջանների վերադարձի թեման կրկին շրջապտույտի մեջ է:
Առանցքում, ինչպես եղել է և է, խաղաղապահների սաղավարտի գույնի խնդիրն է. այն է` ում ձեռքում է լինելու դեպի Իրան գնացող մետաքսի, առավել ստույգ` նավթի-գազի ուղին ու դեպի Մեծ Մերձավոր Արևելք գնացող մեծ «տրանզիտը»:
Ակնհայտ է` Եվրասիական միության խնդրով Հայաստանը մոռացած, դրանով Հայաստանից հասարակայնորեն օտարվող Ռուսաստանին ոչ այնքան հետաքրքրում է Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության խնդիրը (ինչպես, կարծես, մեր դեպքում է, որովհետև Ռուսաստանը լավ գիտի՝ Ադրբեջանը չի անդամակցելու), որքան իր «սաղավարտների» ներկայությունը տարածաշրջանում, որպես բուֆեր:
Այս ամենում կա մի շատ կարևոր շերտ՝ որքանո՞վ են «տակից» միմյանց հետ խաղում Արևմուտքն ու Ռուսաստանը թե՛ ՈՒկրաինայի, թե՛ այս տարածաշրջանի հարցում: Իսկ որ նման անտեսանելի խաղ կա, նույնպես հասկանալի է:
Նոր իրավիճակ է նաև հայաստանյան «կղզիներում»: Բացի այն, որ կառավարությունում, կարծես, սկսել են շատ բան «չկիսել», և դա արդեն դառնում է հանրային «սեփականության» ու քննարկման առարկա, կարևոր մի շարք հարցերում ևս բավականին հետաքրքիր «մակընթացություններ» են խմորվում:
Այսպես, լիովին միայնակ մնացած ՀՀԿ ներկայացուցիչները (Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան) սկսել են բարձրաձայնել, որ առանձնապես մեծ ողբերգություն չէ, եթե Հայաստանը «հանկարծ» չանդամակցի Եվրասիական միությանը: Սա, արձանագրենք, բավականին հետաքրքիր «ցուցմունք» է:
Ավելին, ՀՀԿ խոսնակն արտաբերում է` Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի որպես հավասարը հավասարին: Սա արդեն կարելի է համարել մարտահրավեր թե՛ Ռուսաստանին, թե՛ Նազարբաևին, թե՛ նրանց սիրելի Ադրբեջանին, որի համհարզը, կամ, որ նույնն է, փաստաբանն են դարձել իրենք:
Եվ ապա՝ այս համատեքստում Սերժ Սարգսյանը հարկ է համարում անձամբ այցելել Ջոն Հեֆեռնի կեցավայր, ինչը նույնպես խիստ խոսուն է ընթացող զարգացումների, հայտարարությունների, այդ թվում` Ռուսաստան-Ղազախստան, ԱՄՆ (Փսակի, Հեֆեռն, ՈՒոռլիք) հայտարարությունների ֆոնին:
Պակաս հետաքրքիր չէր նաև թուրքական արտահոսքը` սեպտեմբերին հայ-թուրքական սահմանը բացելուն առնչվող, որը, ճիշտ է, թուրքական կողմը հերքեց, սակայն, ինչպես ասում են, մեծ քաղաքականության մեջ մանրուքներ չկան:
Եվ այնուհանդերձ, անչափ դժվար է ասել` ՈՒկրաինա-Մեծ Մերձավոր Արևելք-Հարավային Կովկաս եռացող այս կաթսայում եփվող «շիլայից», ի վերջո, ինչ դուրս կգա:
Պարզ է մեկ բան՝ Հայաստանը կրկին հայտնվել է «մուրճի» ու «սալի» արանքում, սակայն, ի տարբերություն նախորդ դարի, այսօր անչափ մեծ է հեռանկարը՝ կորուստներով դարը չսկսելու:
Փորձենք մեր հոգու ու գիտակցության «լարն» այս անգամ ճիշտ «նաստրոյկա» անել:
Տիեզերքից տրված է մեզ այդ ուժը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ