ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Վազում ենք, բայց ո՞ւր

Վազում ենք, բայց ո՞ւր
08.12.2013 | 10:18

Կարո՞ղ են միմյանց հետ հաղորդակցվել փակ համակարգերը` տեխնիկական, քաղաքական, իրավական, տնտեսական ու մարդկային հարթություններում: Խնդիրը դրված է արդյունքի տեսակետից: Որևէ բնագավառում խնդրի լուծումը ավարտվելու է Նոբելյան մրցանակով: Ֆիզիկոսները փորձում են արդեն կես դար, մաթեմատիկոսները` պարբերաբար, իրավագետները` չգիտեմ, նրանք հավանաբար դեռ պետք է խնդիրը ձևակերպեն, տնտեսագետները կարծում են, որ փակ համակարգեր իրենց ոլորտում գոյություն չունեն, քաղաքագետները ևս փորձում են ջարդել փակ համակարգերի գոյության կարծրատիպը, մարդկային առումով փակ համակարգերի գոյությունն անժխտելի է` մեզնից յուրաքանչյուրը փակ համակարգ է, որ մուտք ու ելքի արտոնագիր տալիս է խիստ անհատական ու խիստ անօրինաչափ սկզբունքներով: Մարդիկ ծնվում ու մեռնում են մենակ, իսկ ապրում են, ինչպես կարողանում են` պարբերաբար իրենց մենակությունը զգալով ու զգացնելով, թեպետ խուսափում են մենակությունից, որովհետև մարդը հասարակական կենդանի է և միայն հասարակական ընկալման մեջ է հասնում ինքնարտահայտման ու կայացման իր ցանկացած մակարդակին: Նույնը վերաբերում է ոչ միայն մարդուն, այլև մարդկանց հանրությանը, և ընդհանրապես` պետությանը: Հայաստանն իբրև պետություն հավակնում է Նոբելյան մրցանակի արժանի խնդրի լուծման փորձադաշտ դառնալու, որովհետև մենք դասական փակ համակարգ ենք: Կլաուստրաֆոբիայով տառապողները արտագաղթում են, մենակությունից չվախեցողները դիմակայում են, մենակությունը չգիտակցողները կազմում են ֆինանսական վերնախավը: Նրանք մենակ չեն, նրանք իրենց փողի հետ են, ու քանի որ փողով ամեն ինչ գնվում է, գնվում է նաև մենակ չմնալու հնարավորությունը: Բայց դա մինչև այն պահը, երբ նրանց մեջ կարթնանա հոգին, որովհետև այդ մակարդակում փող-ապրանք-փող բանաձևը չի աշխատում: Հայկական դասական փակ համակարգի խորացման խթան էր ևս մեկ փակ համակարգի ներկայացուցչի` Ռուսաստանի նախագահի այցը: Չստացվեց: Տոն բացահայտորեն չստացվեց: Ամեն քայլափոխին տկտկում էր ժամացույցը` ուշացումով եկավ ու գնալիս չուշացավ: Վլադիմիր Վլադիմիրովիչը մի քանի ժամում հասցրեց լինել Հայաստանի երկու մայրաքաղաքներում, հակառակ այցի արարողակարգային բարձր` պետական, մակարդակին, չհանդիպեց այդ մակարդակով նախատեսված օրենսդիր, գործադիր ու հոգևոր իշխանությունների ղեկավարներին: Պուտինը Ազգային ժողով չեկավ, թեպետ քառօրյա էր ու կարող էր նստաշրջանում այցն ամփոփող ելույթ ունենալ, որ ընդունված է միջպետական հարաբերություններում: Պուտինը չգնաց Մայր Աթոռ, թեպետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Էջմիածնում էր, և նրա ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հարաբերությունները նորմալ են, ինչպես հայ առաքելական ու ռուս ուղղափառ եկեղեցիների հարաբերությունները: Պուտինը չհանդիպեց Հայաստանի վարչապետին, որ նույնպես Երևանում էր և առանձնապես զբաղված չէր, եթե չհաշվենք Նալբանդյանի արձանի դիմաց հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող քանդակի բացումը (սրամիտ հայերն այն արդեն կնքել են «լեսբուհիների արձան») և հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը: Պուտինին այդ հանդիպումները պետք չէին: Նա շտապում էր: Նա շտապում էր այնքան, որ նույնիսկ չգիշերեց Հայաստանում, որ պետական այցի պարագայում տարօրինակ է: Այցի կարգավիճակը պահպանվեց միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալով ու հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Բոլոր մյուս պարագաներում հայ-ռուսական քաղաքական համակարգերը մնացին նույնքան փակ, որքան եղել են ընդհանրապես: Պատճառը երկու պետությունների բացահայտ անհավասար քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, տարածքային, էներգակիրների ու բնական պաշարների, հաղորդակցուղիների վիճակագրությունն է: Պատճառը Ռուսաստանի պրագմատիզմն է ու Հայաստանի ներքին ու արտաքին կապիտուլյացիան այդ պրագմատիզմի առաջ: Պատճառը բնավ պատմությունը չէ, բավական է ամեն ինչ բարդել պատմության ուսերին ու սեփական մեղքերը նախնիների սխալների հաշվին գրանցել:

Պուտինի նախագահական ինքնաթիռը վայրէջք կատարեց Գյումրիում, որտեղ ռուսական ռազմաբազան է, և դա գնահատվեց իբրև ռազմաքաղաքական համագործակցության վառ դրսևորում, որ թարգմանաբար նշանակում է Հայաստանի անվտանգության ապահովում շատ վտանգավոր տարածաշրջանում: Ոչ մեկը հարց չի՞ տալիս իրեն, թե ով պետք է մեզ պաշտպանի Ռուսաստանից: Ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանը դառնում է ռուսական շահերի կրողն ու պաշտպանը տարածաշրջանում: Հաշվեք` քանի՞ պետության դեմ և ի՞նչ գնով: Նույնքան ակնհայտ է, որ Հայաստանին տարածաշրջանում սպառնացող վտանգները ուժեղանում ու կասեցվում են բնավ էլ ոչ տարածաշրջանում: Կրեմլը նույնքան հմտորեն խաղարկում է թուրքական ու ադրբեջանական վտանգը, որքան այդ վտանգը վտանգազերծում է: ՀԱՊԿ-ը հետայսու շատ ավելի կարևոր խնդիրներ է լուծելու, երբ Աֆղանստանից դուրս բերվեն ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը: Եթե ՀԱՊԿ-ն ընդհանրապես մտադիր է իրականում իր անդամ երկրների անվտանգությունն ապահովել` Հայաստանի ու որևէ այլ պետության դեպքում: Հակառակ հայտարարությունների, որոնք հնչում են ու ո՛չ հերքվում, ո՛չ հաստատվում:
Իր նախորդ պետական այցի ժամանակ (2002-ին) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ռուսաստանի համար ընդունելի է այն տարբերակը, որին կհամաձայնեն հակամարտության կողմերը: Դա ընդհանրական ձևակերպում էր, որ հնչում էր բարձր մակարդակի բոլոր հանդիպումներում: Այս անգամ նույնիսկ դա չասվեց, ասվեց բացառապես քաղաքական և խաղաղ լուծման մասին: Այսինքն, եթե այլ պետություններ փորձեն հարցը մեռյալ կետից շարժել, Ռուսաստանը խաղաղ ու քաղաքական լուծման անվան տակ կասեցնելո՞ւ է նրանց նախաձեռնությունները` վտանգ տեսնելով դրանց կենսագործման մեջ: Դա Ռուսաստանի՞ն է պետք, թե՞ մեզ: Եթե Հայաստանը միջազգային տնտեսական ծրագրերում ընդգրկված լիներ, արդյո՞ք Եվրոպայի համար այդքան կարևոր ու թանկ կլինեին ռուսական էներգակիրները և դրանց ձեռքբերման գործող ճանապարհները: Պե՞տք է Ռուսաստանին, որ Հայաստանը դառնա բաց համակարգ, թե՞ Հայաստանի հմայքը Կրեմլի համար փակ համակարգ մնալն է: Այնքան փակ, որ նույնիսկ ատոմային էներգիայի ստացման հարցում Հայաստանի համար հիմա մեծագույն նվաճում է անվանվում Մեծամորի հետագա շահագործումն ապահովելը: Քանի՞ տարեկան է Մեծամորի ԱԷԿ-ը: Տեխնիկապես որքա՞ն կարող է դեռ անվտանգ աշխատել: Ինչո՞ւ ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը չեն կարող Հայաստանում ԱԷԿ կառուցել` ունենալով շատ ավելի առաջնակարգ տեխնոլոգիաներ: Որովհետև չե՞ն ուզում: Թե՞ Ռուսաստանը չի ուզում, իսկ Հայաստանին չեն էլ հարցնում` ի՞նչ է ուզում: ԱՄՆ-ը Հայաստանում ֆինանսավորում է ՀԷԿ-երը ու չի՞ կարող ֆինանսավորել նոր ատոմակայանի շինարարությունը: Փաստորեն, չի կարող, որովհետև այդ դեպքում Ռուսաստանը կորցնում է ոլորտում մոնոպոլ դիրքը, բացի այդ` ռուսական գազի օգտագործման ծավալները կնվազեն: Իսկ գազը Հայաստանում միայն ու միայն ռուսական պիտի լինի, իրանական գազը, օրինակ, հաստատ չի վառվի: Ինչո՞ւ: Արժի՞ պատասխանել ակնհայտ պատասխաններ ունեցող հարցերին, որոնք ավելի ու ավելի են խորացնում Հայաստանի փակ համակարգ լինելու իրողությունը: Այցի մեծագույն նվաճում գազի սակագնի փոփոխությունը որակվեց: Այսօրվա 270 դոլարը փոխվում է 189 դոլարի, և դա, իբր, դրական տեղաշարժ է «հասարակ քաղաքացու կյանքում»: Բացի այդ, տնտեսավարողները կարող են նավթամթերք գնել առանց 35 % մաքսատուրքի: Բայց շատ արագ պարզվեց, որ 35 % մաքսատուրքի զրոյացումը նավթամթերքի շարքային սպառողի համար սակագնի իջեցման չի հանգեցնի, որովհետև Հայաստանը շատ քիչ նավթամթերք է ներկրում Ռուսաստանից: Իհարկե, կարող են ներմուծման շուկաներ փոխվել, բայց վստահ եղեք, որ այդ ժամանակ մեկ ուրիշ «գաղտնիք» կպարզվի: Ասենք` նավթամթերքը Հայաստան հասցնելու ճանապարհների ու ենթակառուցվածքների հետ առնչվող: Այսօր արդեն գաղտնիք չէ, որ գազի սակագինը չի փոխվի, հուլիսի 1-ից բարձրացված գազի ու էլեկտրաէներգիայի սակագները կմնան նույնը: Եվ այդ նույնը մնալը, որ առաջացրեց գնաճ Հայաստանում, կհամարվի հերթական մեծագույն ձեռքբերում առաջիկա 5 տարվա համար: Ոչինչ, որ այդ ձեռքբերման դիմաց Հայաստանը կորցրեց «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը: Հայաստանն այլևս բաժնետեր չէ, «ՀայՌուսգազարդից» լիովին դուրս է գալիս «Հայ»-ը` սա, իհարկե, սուվերենության կորուստ չէ, որովհետև կորցնում են ունեցածը, իսկ չունեցածը կորցնելը միայն հնարավոր ձեռքբերման հարթության մեջ է կարևոր: Հայաստանն այլևս այդ հարթություններում չկա: 2013-ին խաղարկվեց «Գույք` պարտքի դիմաց» պիեսի վերջին արարը` Հայաստանը վաղաժամ փակեց 500 միլիոն դոլար պարտքը, որ վերցրել էր 2009-ին: Վաղաժամ: Եվ ծախսել էր խիստ նպատակային: Հաստատ նպատակային, որովհետև փակ համակարգերում պետական համակարգի ու պետության քաղաքացիների նպատակները խիստ տարբեր են լինում: Վերջապես պայմանավորվածություն է ձեռք բերվել «Նաիրիտի» գործարկման մասին` հումք և դողեր արտադրելու հեռանկարով: «Մարսի» ճակատագիրը ցույց է տալիս, որ ռուսները ինչ-որ քայլ անում են ոչ թե գնալու նպատակով, այլ որպեսզի այդ ճանապարհին ուրիշը ոտք չդնի: Օրինակ, մշուշոտ խոսվում է աբխազական երկաթուղու վերաբացման մասին, բայց Հայաստան-Իրան երկաթուղին այդպես էլ «ֆինանսապես խելամիտ» չի դառնում, ինչպես Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որ Ռուսաստանին բոլորովին էլ պետք չէ, թեպետ Հայաստանին պետք է իսկապես: Հայաստանին բոլորովին պետք չէր, բայց Ռուսաստանին շատ պետք էր, և որոշվեց նախագահական խորհուրդ ստեղծել, որի իրավասությունները ՀՀ Սահմանադրության հետ համադրելիության շրջանակում չեն, բայց դա ի՞նչ կարևոր է: Հայաստանն այսօր ապրում, աշխատում և մտածում է ՌԴ Սահմանադրությամբ, իսկ վաղը կարող է նույնն անել և ՌԴ սահմաններում: Դա է փակ համակարգերի կլասիկան` նրանք կլանում են ամեն ինչ և չունեն արտադրանք: Նրանք ինքնաբավ են միայն առաջին հայացքից, իրականում նրանք միայն սպառում են, երբ վերջանում են սպառման ռեսուրսները, նրանք կազմաքանդվում են: Այս բանաձևի համար Նոբելյան մրցանակ, հարկավ, չեն տա, որովհետև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Միխայիլ Գորբաչովին խաղաղության Նոբելյան մրցանակ արդեն տվել են: Իսկ Նոբելյան մրցանակ չեն տալիս նույն խնդրի լուծման համար երկրորդ անգամ: Մեկ էլ` հետմահու:


ԱնահիտԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Փակ համակարգերի փլուզման կանխումը միանգամայն հնարավոր է, բայց նման խնդիր Հայաստանն այսօր իր օրակարգում չունի: Հայաստանի խնդիրն այսօր Մաքսային միությանն անդամագրվելն է, որ, ըստ ռուսական լրատվամիջոցների, ոչ թե քայլելով, այլ վազելով է լուծվում: Իսկ ի՞նչ կարևոր է, թե ինչ արագությամբ ես վազում դեպի դադար: Եթե նույնիսկ մեկ փակ համակարգը մեկ այլ փակ համակարգի մեջ է տարրալուծվում, կարգավիճակի փոփոխություն չի լինում, լինում է պարզ թվաբանական գործողություն` գումարելիների տեղափոխությունից գումարն անփոփոխ է: Մեր դեպքում` մենք վաղաժամ վճարում ենք երեկվա ու վաղվա համար, Ռուսաստանի դեպքում` խոստանում են վճարել, որ ուրիշ վճարողներ չլինեն այսօր ու վաղը: Դեռ ինչ-որ մեկի մտքով կանցնի հարցնել, թե ինչո՞ւ էր Շանթ Հարությունյանը հեղափոխություն ուզում կամ ինչո՞ւ էին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին չթե խալաթով դիմավորել փորձում: Նրանք այսօր քանակական փոքրամասնություն են, բայց որակական գերազանցություն ունեն, մեծամասնության նկատմամբ, որովհետև փորձում են լուծել փակ համակարգը ճեղքելու խնդիրը: ՈՒ` բոլորի համար: Որովհետև համակարգի դեմ կարող է պայքարել միայն համակարգը, անհատները կա՛մ հայտնվում են հոգեբուժարանում, կա՛մ` ոստիկանությունում: Նաև համարեք, որ խորհրդարանն արդեն վավերացրել է 12 համաձայնագրերը, որովհետև ՀՀ Ազգային ժողովը ՌԴ Պետական դումայի մասնաճյուղն է: Կամ կդառնա, երբ սկսի գործել ՌԴ-ՀՀ նախագահական խորհուրդը, եթե ոչ` դե յուրե, դե ֆակտո հաստատ:

Դիտվել է՝ 1584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ