ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ո՞Ւմ է պետք մանրագնդակի կարգավիճակը

Ո՞Ւմ է պետք մանրագնդակի կարգավիճակը
01.11.2013 | 00:30

Չէ, բայց լավն ենք հայերս: Ինչ ուզում եք` ասեք: Մենք ամեն տեղ ուզում ենք լինել: Եվ միաժամանակ: Մենք միշտ ուզում ենք, որ մեզնով հիանան: Միանշանակ` հիանան: Ընդունեն: Սիրեն: Ոնց ենք ուզում, որ մեզ սիրեն: Բայց մենք ոչ մեկին չենք սիրում: Մենք ուղղակի սիրել չգիտենք, ու հենց այդ պատճառով ուզում ենք, որ մեզ սիրեն: Մենք չգիտենք` ո՞րն է մեր շահը, բայց ուզում ենք, որ աշխարհը իր գործը թողած` պաշտպանի մեր շահը, մեր արդար դատը, մեզ արևի տակ տեղ տա: Ամենահարմար տեղը, որտեղից մենք նույնքան արագ հեռանալու ենք: Որովհետև մենք չգիտենք` ի՞նչ ենք ուզում: Բայց ուզում ենք: ՈՒ ոնց ենք նեղանում, վրդովվում, որ մեզ արժանին չմատուցեցին, գլխներին չդրին, ծաղկեփնջերը ճլորած էին, նվագախումբն էլ քոսոտ էր, գորգն էլ մաշված էր, երբ դիմավորում էին մեզ այնտեղ, ուր չէին էլ հրավիրել: Մենք այդպիսին ենք: Եվ դա այն ամենն է, որ մենք կարողանում ենք: Փոխարենը չենք կարողանում ինքներս մեզ հասկանալ: Թող հասկանան ուրիշները: Մենք պարտավո՞ր ենք իրենց գործն անել: Գրողի ծոցը ամեն ինչ, մի անկյուն միշտ էլ կգտնվի` աման կլվանանք, դայակություն կանենք, պահակություն կանենք, գողություն կանենք, մեր գլուխը կպահենք: Հայրենիքը ո՞րն է: Որ նպա՞ստն է կտրում: Որ ասում է` դու Ռուսաստանի՞ հայրենակիցն ես, գնա սիբիրները ծաղկեցրու, քո գյուղերը թող դատարկվեն, քո դպրոցներում առաջին դասարանցիներին 5 տարեկանից թող տանեն դասի, եթե մեկ-երկուսը կգտնվի: Դու ամեն ինչ կհանդուրժես, դու ամեն ինչի կհամակերպվես, քո տեսակը գլուխը բարձրացնող տեսակ չէ: Դու քո յուղի մեջ տապակվում ես, ինչ խալաթ էլ հագցնեն` չթե, թե ատլասե, քո աչքերում արցունք է, դու մոռացել ես երկնքին նայելը: Քեզ համար կարևորը այսօրն է, դու վաղվա օր չունես: Քո վաղվա օրը հեռավոր ապագա է, որ կարող է չգալ: Այդպես էլ ապրել ես: Ապրում ես: Ապրելու ես: Դու դիմադրողականություն չունես: Դու չգիտես` ինչ ասել է «ոչ»: Ավելի ճիշտ` գիտես, երբ քեզ են ասում, բայց դու ինքդ «ոչ» ասել չգիտես: Բայց մեկ է, լավն ենք: Հենց այնպես, տեսակ ենք, որ եթե տարածվի, աշխարհի վերջը կգա, այդ պատճառով էլ նվազում-նվազում ենք, բայց չենք վերջանում, որովհետև այդ տեսակն էլ գոյության իրավունք ունի: Աստված ստեղծել է ամեն ինչ ու ամենքին, որպեսզի խելոքները սովորեն ոչ միայն ինչ անել, այլև ինչ չանել: Մենք «չանելու» սահմանագծից առաջ չենք գնում: Վախենում ենք: Որովհետև եթե հանկարծ պարզենք` ինչ անել, հզորանալու ենք, ուժեղանալու ենք, շատանալու ենք, աշխարհը ի՞նչ կանի այդքան հզոր, ուժեղ, շատ հայերի հետ: Չի կարելի, չէ՞` մենք ամեն ինչից առաջ ու ամեն ինչից հետո ալտրուիստ ենք: ՈՒ հիմա դրել ենք ու նեղանում ենք Բելառուսի նախագահից, Ղազախստանի նախագահից, Ռուսաստանի նախագահից, Ռուսաստանի Առաջին ալիքի ինչ-որ լրագրողից ¥մի ժամանակ էլ մոլդովուհուց էինք խիստ նեղացած¤: Նեղանում ենք լուրջ-լուրջ: Մեկնաբանում ենք` ինչ ասացին, ինչ հանգամանքներում, մեզ ասացին, թե՞ ուրիշին, նրանք ո՞վ են, որ մեզ ասեն, կամ չասեն: Մեզ հասկացան: Մեզ չհասկացան: Մեզ ասացին` ոչ: Ասացին` դեռ կմտածենք: Պիտի Ադրբեջանին հարցնենք: Թուրքիան ի՞նչ կասի: Բելառուսի նախագահը մեր ի՞նչն է: Դատապաշտպա՞նը: Փաստաբա՞նը: Մեկենա՞սը: Թե՞ Ղազախստանի նախագահի մանկության երազանքն է եղել Հայաստան շահել-պահելը: Պուտինը կնոջից մե՞ր պատճառով բաժանվեց ու հիմա չգիտես ամուրի, չգիտես ամուսնացած` մեզնով չի զբաղվում, կռիվը գցեց մեր տունը, հիմա էլ մեզ չի պաշտպանում, որ ի՞նչ: Թուրքիան էլ մի կողմից է պահանջ-մահանջ առաջադրում: Ղարաբաղի հարցն էլ չեն լուծում: Ամերիկացի նոր համանախագահը եկել է, թե ես առաջարկներ ունեմ, որ իրավիճակ են փոխելու: Դե այսքան անարդարության մեջ ո՞նց ապրենք: Լույսի փողը տա՞նք, ջրի՞, աշխատանք փնտրե՞նք, ամեն պաշտոնյայի դռանը ժամ-ժամուկես սպասենք, որ օրենքով մեզ հասանելիքը մեզ չտա ու օրենքի անունից մեզ դասեր տա, որովհետև չե՞նք կաշառել: Գնանք առա՞ջ` դեպի ապահով Հայաստան: Իսկ այդ ապահով Հայաստանի տեղը որևէ մեկը գիտի՞: Որևէ մեկը գիտի՞, թե ոնց հասնել: Մեզ Մաքսային միություն է պետք, ու` վերջ: Որ դառնանք Մաքսային միության անդամ, մեր հիվանդանոցներում էլեկտրականությունը չի՞ անջատվի, հիվանդասենյակներում վեցից պակաս հիվանդներ կլինե՞ն, երբևէ տաք ջուր կլինի՞, պատուհանները կփակվե՞ն, ապակիներ կունենա՞ն, դեղերի համար փողը կվերցնեն ու հիվանդատիրոջը չե՞ն ուղարկի դեղատուն: Կունենանք փայլուն բժիշկներ, բայց խարխուլ մահճակալներ ու հիվանդին տրվող սպիտակեղեն, որ նույնքան բորբոսնած է, որքան մգլոտած են հիվանդասենյակի պատերը: Իսկ եթե անզգույշ անցնես, աթոռները կկոտրվեն, չկոտրվեցին, վարդակից դուրս ընկած էլեկտրական լարերը ոտքիդ տակ կընկնեն:

ՈՒ մեղավորը դու կլինես, որովհետև ո՞ւմ մտքով կանցնի, որ հիվանդ մարդուն մի քիչ ավելի խնամք, ուշադրություն, հոգատարություն է պետք, քան առողջին: ՈՒ եթե անկեղծ` մեզնից ո՞վ է առողջ: Որ Մաքսային միություն մտանք, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Բելառուսո՞ւմ են բուժվելու, թե՞ Ղազախստանում: Իրենց հիվանդ հարազատներին Ռուսաստա՞ն են տանելու, թե՞ թողնելու են բախտի քմահաճույքին Հայաստանում: Լավ կլիներ` նրանք բոլորը բուժվեին Հայաստանում: Բայց ոչ «Նաիրի»-ում, այլ հիվանդանոցում: Պարտադիր: Համապատասխան օրենք է պետք ընդունել, այլապես որևէ հիվանդանոց ո՛չ կբարեկարգվի, ո՛չ բժիշկները կսովորեն բուժել ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին: Հավելեմ` ես բոլորովին վստահ չեմ, որ Եվրամիությանն ասոցացվելը կամ անդամակցելը իրավիճակ է փոխելու: Չի փոխելու, որովհետև ոչ ասիացու, ոչ եվրոպացու, ոչ հարևանի, ոչ դաշնակցի, ոչ թշնամու գլուխը մեզ համար չի ցավում: Մեր գլխացավը մենք պիտի բուժենք: Վերջապես մենք պետք է հասկանանք ու առանց խուճապ-տագնապի ընդունենք` Ռուսաստանին պետք էր Հայաստանն իբրև քաղաքական փաստարկ հեռացող ՈՒկրաինայի դեմ: Ոչ ավելին: Մեզ ի՞նչ է պետք: Մենք դեռ մտածելու ժամանակ ունենք: Բոլոր այդ Լուկաշենկոները, Նազարբաևները, Պուտինները միանշանակ ճիշտ են: Նրանք գիտեն` իրենք ինչ են ուզում: Մեր հաշվարկը ո՞րն է: Մաքսային միությունը մեզ հաց ու ջո՞ւր է տալու: Որևէ միություն չի տալու: Իրականում այն ամենը, ինչ այսքան վրդովված քննարկվում է հայաստանյան մամուլում (բայց ժողովուրդը մնում է անտարբեր), ընդամենը 3D չափումով ցուցադրեց, թե ինչ է կատարվում Մաքսային միությունում: Չկա միություն, կան առանձին անդամներ, իրենց առանձին շահերով: Մենք Ռուսաստանի աղքատ ազգականի կարգավիճակով միմիայն իբրև քաղաքական միավոր էինք պետք: Իբրև կշռաքար մեր տնտեսական վիճակով մենք կախվելու ենք ցանկացած միության պարանոցից: Մաքսային (հեռանկարում՝ Եվրասիական) միության և Եվրամիության տարբերությունը այս հարցում ակնհայտ է. առաջինի դեպքում առավելագույնն ունենալու ենք օրապահիկ, երկրորդի դեպքում` ապրուստ: Որովհետև Եվրամիության անդամները պարտադրում են աշխատել իրենց կանոններով, նրանք հաղթաթուղթ ունեն` իրենց կենսամակարդակը, իրենց տնտեսությունը, իրենց ժողովրդավարության մակարդակը: Ֆինանսատնտեսական որևէ ճգնաժամ ¥անգամ ամենավայրին¤ այնքան չի խարխլի նրանց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ բարոյահոգեբանական համակարգը, որ հասնեն մեր մակարդակին: Նրանց թիկունքում կա պատմություն, մեր թիկունքում տարիներ են: Քանակը ոչ մի կապ չունի: Մեր հազարամյակներն էլ ընդամենը տարիների իրարահաջորդում են, որոնց ընթացքում նույնիսկ հիշողությունը չենք պահել: Մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկը շատ դառը բողոքում էր, որ որևէ հայ արքայի դիմանկար հնարավոր չէ գտնել: ՈՒ պատճառն այն չէ, որ արքաներ չենք ունեցել, մեր արքաներն էլ լուսանկարիչ չեն պահել: Պատճառը մենք ենք, որ քանի հազար տարի գոյություն ունենք, այդքան ժամանակ մտածել ենք միայն ու միայն ապրած օրվա մասին: Տեսակ է: Պե՞տք է եղել, քանդել ենք պալատը, որ գոմ կառուցենք: Պե՞տք է եղել, ուրացել ենք մեր արքային, որ օտարին բերենք, նրան հարկ տանք ու նրա հովանու տակ ապրենք: Մերը մեզ երբեք ոչ լուսավորել է, ոչ ջերմացրել: Օտարն` ուրիշ: Օտարից չենք նեղացել: Սպանել է` համակերպվել ենք, ստորացրել է` դիմացել ենք, մարդատեղ է դրել` երջանկացել ենք: Երջանկացել, ու շարունակել նույն ոգով: Դարեր-դարեր:
Բոլորովին կարևոր չէ, թե ի՞նչ են մեզնից ուզում Արևմուտքն ու Եվրամիությունը, ի՞նչ է ուզում Ռուսաստանը իր տարբեր միություններով, կարևորը` մենք ի՞նչ ենք ուզում: Կարևորը մեր ճիշտ ընտրությունն է: Ճիշտ ու հաստատուն: Երկու ձիու վրա որևէ ձիավոր չի նստել: Եթե նույնիսկ նստել է, երկար չի ձիավարել: Խնդիրը մենք չենք: Խնդիրը երկբևեռ աշխարհն է, որի բևեռները միմյանց հետ հաշտ-համերաշխ-ներդաշնակ չեն: Մեր կարգավիճակով պետությունը չի կարողանա կամրջել այդ բևեռները, վտանգի պահին առաջինը կամուրջներն են պայթում: Բայց մենք նաև այնքան ժամանակ չունենք, որ նրանք իրենց հակասությունները հաղթահարեն ու աշխարհն իսկապես դառնա մի փողոց, այն էլ` միակողմանի երթևեկով: Այդպես չի լինելու երբեք: Եվ` փառք Աստծո: Աշխարհը Մինսկում չի սկսվում ու չի ավարտվում: Ոչ էլ` Վիլնյուսում: Յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելո՞ւ ենք: Ամենակարևորը սա է: Եվս քանի՞ տարի ենք ապրելու պարտքերի հաշվին: Մեր տնտեսությունը միջին չարչիականից մի քայլ առաջ անցնելո՞ւ է: Նպաստներն էլ կտրեցին, գործազուրկների կարգավիճակում ի՞նչ է փոխվելու: Ոչ մտադրությունների մակարդակում ու թղթի վրա: Իրական կյանքում: Հեշտ է ասել, որ գործազուրկների նպաստները հասցեական չեն, իսկ ինչո՞ւ: Կա՞ ռեալ հաշվարկ, թե այդ նպաստառուներից քանիսն են իսկապես նպաստով ապրում, քանի՞սն են ձրիակեր և ինչո՞ւ է այդպես, ո՞վ է պատասխանատու, քանի՞սն են վերապատրաստվելուց հետո աշխատանքի անցնելու: Ի՞նչ աշխատանքի, 18000 դրամ աշխատավարձո՞վ: 70-80000: Քանի՞ օր կապրես այդքանով: Կյանքի որակը անհատի՞, թե՞ պետության գործն է: Պետությունն այսօր գործում է իր քաղաքացու դեմ: Թե օրենքների մակարդակով, թե գործադիր իշխանության: Հարկեր են հնարվում օդից ու հավաքվում են` վճարունակ են, թե ոչ հարկատուները: Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում այսօր քաղաքացիները ունեն միայն երկու կարգավիճակ` ընտրողի, ընտրությունների ժամանակ (այն էլ ձևական-պայմանական) և հարկատուի` կլոր տարին (այս դեպքում քաղաքացիները բաժանվում են երկու անհավասար խմբերի): Իսկ պետության ֆունկցիան դարձել է խիստ ինքնատիպ` արգելել, մերժել, պահանջել, պատժել: Լուկաշենկոն, Նազարբաևը, Պուտինը մեղավոր չեն, ոչ էլ Աբդուլլահ Գյուլը կամ Էրդողանը: Նրանք մեզ ապահով Հայաստան չեն խոստացել: Նրանք, համենայն դեպս առաջին երեքը, դեռ բազում խնդիրներ ունեն սեփական ապահով երկիր ունենալու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Վերջերս հաճախացել են կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին խոսակցությունները: Լավ, ասենք, մի կեսը պորտֆելները փոխեց, մի կեսն էլ տեղափոխվեց այլ աշխատանքի, եկան նոր մարդիկ, ի՞նչ է փոխվելու: Տիգրան Սարգսյանն էլ ընդհանրապես հեռացավ քաղաքականությունից (առժամանակ կամ ընդմիշտ), քաղաքականությունը փոխվելո՞ւ է: Համակարգը նույն արագությամբ նորերին չի՞ դարձնելու հների կրկնապատկերը: Մի քիչ լավ, մի քիչ վատ: Փաստորեն առավելագույնը, որին այսօր ընդունակ ենք, քաղաքական խնդիրները քաղաքական հարթակում լուծել չկարողանալով` մարզաշխարհ տեղափոխելն է: Այն էլ` բավականին անճարակ: Եվ դա արդեն ոչ միջկուսակցական, ոչ միջանձնական հարաբերություն է, դա ևս համակարգ է, որի առանցքը վերստին «ինչ չանելու» փիլիսոփայությունն է, որովհետև ոչ մեկը չգիտի իր անելիքը, բայց զգում է, որ չարեց` խաղից դուրս է մնում, իսկ խաղը գայթակղիչ է այնքան, որ ոչ ոք խաղից դուրս գալ չի կարող կամովին, որովհետև կորցնում է ամեն ինչ` ինչ իրենն է ու իրենը չէ: Քանի դեռ երկրից հալածված են միտքն ու հոգին, մեր ճանապարհին միշտ կարմիր լույս է վառվելու: Եվ իշխանության, և ընդդիմության: Եվ` արդեն ոչ մեկին չհավատացող քաղաքացու: Դա ամենահարմար պահն է, որ այլ պետություններ Հայաստանի Հանրապետությունը դարձնեն իրենց համար մանրագնդակ, որը նույնիսկ չի սպանում, բայց զենքը մնում է զենք: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի «լրջանալու պահ-2»-ին, առաջին նախագահը իսկապես սկսել է ծերանալ` սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 30` նա մտածում էր ցուգցվանգի ու ցայտնոտի՞ մասին: Երկար չէ՞ ակնհայտը հայտնի դարձնելու համար, առավել ևս իր դեպքում: Ակնհայտ է նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 5 տարով ուշացել է իր պահանջի մեջ, եթե, իհարկե, պահանջը նրա անձնական մղումն է, այլ ոչ թե արտաքին ազդակի հետևանք:

Դիտվել է՝ 1807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ