Նոյեմբերի 21-ին ՀԱԿ-ի նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով. 66-ի փոխարեն ներկա էր 44 պատգամավոր: Նիստին չմասնակցեցին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի պատգամավորները, ՀՀԿ-ից ներկա էին միայն երկու փոխնախագահները:
ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ խնդրեցինք պարզաբանել` ինչո՞ւ ԱԺ արտահերթ նիստը չկայացավ, և արդյո՞ք դա Սահմանադրության խախտում չէ:
-Սահմանադրության որևէ խախտում չեմ տեսնում, ընդհանրապես` այնպես չէ, որ Սահմանադրությունը մեկ մարդ է կարդացել, մյուսները` ոչ, ու չգիտեն էլ` ինչ է գրված: Սահմանադրությունը սահմանում է արտահերթ նիստ հրավիրելու իրավունքը, բայց նիստը վարելու կարգը դրանից չի հերքվում, ինչպես չեն ժխտվում մյուս քաղաքական ուժերի այլ դիրքորոշում ունենալու իրավունքները: Ի վերջո` այս տարիներին խորհրդարանական բոյկոտի բազմաթիվ օրինակներ ենք ունեցել, որ ընդունել ենք որպես տվյալ քաղաքական ուժի իրավունքը` հարգանքով ենք վերաբերվել նրանց դիրքորոշմանը: Եթե հիշում եք` «Արդարություն» դաշինքը մեկ տարուց ավելի բոյկոտում էր ԱԺ աշխատանքը: Այս գումարման խորհրդարանում էլ ԲՀԿ-ն է նույն քայլին դիմել` դա էլ է տեսակետ արտահայտելու ձև:
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ է ՀՀԿ-ն խուսափում քննարկումից:
-ՀՀԿ-ն ոչ մի քննարկումից էլ չի խուսափում, պարզապես ակնհայտ է, որ հարցը հանրության համար օրակարգային չէ: Ի վերջո` հարցն օրախնդիր չէր նաև նիստը նախաձեռնողների համար` դա երևում էր նրանց մասնակցությունից: Նրանք իրենց բոլոր ուժերը չհամախմբեցին` ԲՀԿ-ի 10 պատգամավոր չեկավ նիստի, և երբ խոստացած աջակցությունը չեղավ, մեր գործընկերները դիմեցին հին ու բարի ավանդույթին` ուրիշի տեղ գրանցվելու, դա էլ օգուտ չտվեց: Ժամը 15.00-ի նիստին նախաձեռնողներից 9 պատգամավոր կար դահլիճում ընդամենը: Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է` իրենք էլ են հասկանում, որ արտահերթ նիստն առավելագույնը ընդամենը PR քայլ է, շոու: Պատահական չէ, որ լրագրողներից շատերը միջանցքում ասում էին` շոուն վերջացավ: Իսկ ՀՀԿ-ի դիրքորոշումը քաղաքական է, մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք քանիցս և մնում ենք մեր կարծիքին, քարոզչական նպատակներով հերթական անգամ թեմային անդրադառնալը համարում ենք ժամավաճառություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ