Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեծ բրենդի վախճա՞նը

Մեծ բրենդի վախճա՞նը
29.07.2008 | 00:00

Հարահոս ժամանակը հնարավորություն չի տալիս ֆիքսել ամենակարևորը, որ տեղ գտավ մեզանում նախագահական ընտրություններից և մարտի մեկից հետո:
Անցնող ժամանակահատվածը միֆերի պայթման մեծ շրջան էր: Պայթում էին թե կենսաբանական ճշգրիտ տեսակները, թե մուտացիաների արդյունքում ձևավորվածները: Ինչն էլ ապացույցն էր` մեզանում տոտալ-ընդերքային փոփոխություններ են ընթանում, որոնց «հեղինակը» քաղաքական կուսակցությունները կամ ինչ-որ մեկը չեն. էթնոսի զարգացման ալգոռիթմն է այդպիսին այլևս:
ՈՒ մինչ մարտի մեկը և դրանից հետո եղած կեղտը խիստ հիմնավոր բարձրանում էր վերև, նոր պրոցեսն ապահովելու համար, հասկանալի էր դառնում նաև, որ հանրության ներսի կեղտն այսրոպեական լուծում չունի, ժամանակ է ուզում: Որ պրոցեսն անչափ ցավոտ է լինելու, ու ոչ ոք չի կասկածում, որ կճեպահանման այս ընթացքը կամ նոր փուլ է բերելու, կամ փոշիացնելու է ամեն բան` մինչև վերջին խազը, նույնպես կասկածել պետք չէ:
Երեկ «ՈՒրբաթ» ակումբում «աս և լիս էր անում» ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որի ընթացքում ևս մեկ անգամ ապացուցվեց` «պայթման» պրոցեսում գտնվող ՀՀԿ-միֆն ուղղակի դիդակտիկա է մեր նորօրյա պատմության համար, ուսումնասիրման անսպառ նյութ:
Հիշենք. 97-ին Վազգենը ՀՀԿ-ից «չեղած տեղից» մեծ բրենդ սարքեց (մինչ այդ Հանրապետականն ամենասովորական մարդ-կուսակցություն էր` ի դեմս Աշոտ Նավասարդյանի): Վազգենը ՀՀԿ-ից վարչապետական բրենդ սարքեց: Մոտ տասը տարի ՀՀԿ-ն առանցք էր երեք ՀՀԿ-ական վարչապետերի և իշխանության համար: Եկավ Տիգրան Սարգսյանը: ՈՒ կարծես ՀՀԿ-ն` «պրծ»: Վարչապետական մասով: Ցանկացած զարգացման դեպքում. ա) եթե իշխանության գա ընդդիմությունը: բ) Եթե շարունակի վարչապետել Տիգրան Սարգսյանը. հասկանալի է, հաջողելու դեպքում նա ինչպես չդարձավ, այնպես էլ չի դառնա ՀՀԿ-ական (իհարկե` կյանքի իրավունք ենք տալիս «երբեք մի ասա` երբեք» չափաբանությանը) և առաջ կգա նոր` երկրորդ սերնդի «բարեփոխված»-լիբերալ կուսակցության անհրաժեշտությունը` ՄԻԱԿ տեսքով, որի թևերից, եթե ոչ կցորդներից մեկն էլ այդ դեպքում կլինի Հանրապետականը: գ) Աստված մի արասցե, իշխանության և կամ` վարչապետության գա երիտթոշակառու, էքս-նախագահ Քոչարյանը. ՀՀԿ-ն «այս տեսքով», հաստատ նրան այլևս պետք չի գա ու` չի գա:
Ի դեպ, ասուլիսակիր պարոն Շարմազանովը հենց այդպես էլ գրեթե ասաց: Չէ, նա ուզում էր՝ լավ: Բայց ստացվեց` ինչպես միշտ: Շարմազանովը ցանկանում էր պահպանել ՀՀԿ-ի, «գցել» Հայ ազգային կոնգրեսի «մունդիրի» պատիվը: Արդյունքում ասաց այն, ինչ պետք էր:
Հասկանալի է. ՀՀԿ-ում, որպես օրինաչափություն, մտածում և «ասում» է մեկը, մյուսները կլոնավորում են այդ «լիսն ու ասը»: Շարմազանովին ասվել էր, որ Կոնգրեսի նկատմամբ ՀՀԿ վերաբերմունքը հետևյալն է. մեզանում` միֆերի պայթման այս պատասխանատու ժամանակահատվածում, ընթանում է կուսակցությունների խոշորացում, Կոնգրեսն էլ այդ գործընթացի կրողներից մեկն է, բայց ոնց «տեսնում ենք ՀՀԿ-ի պատուհանից», Կոնգրեսը միս ու արյուն չի ստանում, որովհետև կոնկրետ «Ժառանգությունը» դեռևս չի պատրաստվում միակցվել ՀԱԿ-ին: Եվ ապա. «Տարընթերցում կա. Կոնգրեսը նոր կենտրոնամետ ո՞ւժ է, թե՞ նոր շարժում. պարզ չէ»,- անպարզությունը պարզեց Է. Շարմազանովը:
Իսկ ո՞ւմ հետ է խոշորանալու ՀՀԿ-ն, հարցրինք մենք ասուլիսի բանախոսին: Այ, ՀՀԿ-ն խոշորանալու տեղ չունի. «պարզվեց». «Այն արդեն խոշորացել է և պառլամենտում ներկայացված ամենամեծ կուսակցությունն է, որին իր քվեն է տվել մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը»:
Ճիշտ է: Ոչ քվեի «գերակշռության» մասով: Այլ` «խոշորացման տեղ չունենալու»: Որովհետև ՀՀԿ-ում բոլորովին հակառակ պրոցեսներ են ընթանում: Այո, այն պառակտվում է: Բեկորվում հազար մասի: Գիտակցված է դա արվում, թե առաջնորդներին պերմանենտ դավաճանելու կարմայական պատասխա՞նն է, դժվար է ասել, սակայն ՀՀԿ-ում այսօր կա այնքան թև (կամ «պոչ», կասեր ԱԺ խոսնակը)` Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Թորոսյանի, Տիգրան Սարգսյանի, որոնցից ահավոր դժվար է գլուխ հանելը, որովհետև անհասկանալի է` ում թևը որտեղից է սկսվում և ում պոչի տակ վերջանում:
Այսպիսով, վարչապետական բրենդը քիչ-քիչ զիջելուց հետո ՀՀԿ-ն խիստ հիմնարար ձեռնամուխ է եղել ԱԺ նախագահի` իրեն պատկանող «աթոռ»-միֆի չեզոքացմանը: Թե ինչպես է ԱԺ նախագահի շուրջ սկսված այս թոհուբոհը փոշիացնելու ՀՀԿ-ն, արձանագրել պետք չէ, որովհետև երբ «կգա սեպտեմբերն», ու ԱԺ-ում, բառիս բուն իմաստով, կմեկնարկի մեծ սկանդալը (եթե ՀՀԿ-ում հնարավոր չեղավ համոզել Տ. Թորոսյանին` «բարի կամքի դեսպան» դառնալ, ինչն իսկապես հնարավոր չէ), ապա ինչ կմնա ՀՀԿ-ից այդ մեծ սկանդալից հետո, դժվար չէ ասել:
Չնայած որոշ փորձագետներ պնդում են, որ դա էլ առիթ կլինի Սերժ Սարգսյանի համար` ա) ցրել պառլամենտը, գնալ նոր ընտրությունների` ընդդիմության հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունքում, բ) իսկապես խոշորացնել ՀՀԿ-ն` ՄԻԱԿ-ի ու ևս մի «երկուսի» հաշվին:
Այո, ՀՀԿ միֆը պայթում է փառահեղորեն դանդաղ և անմնացորդ:
Հատուկ ՀՀԿ-ական մեր ընդդիմախոսների համար արձանագրենք շատ հետաքրքիր փաստ. Վ. Պուտինն սկսել էր «Եդինայա Ռոսիայի» մաքրման շատ մեծ գործընթացը. ըստ ռուսական լրատվամիջոցների` 30 հազար կուսակցականներ կլքեն ԵՌ-ն, որոնք կուսակցական են դարձել ոչ թե գաղափարական, այլ պատեհապաշտական և ամիբիցիոզ ակնկալիքներով: Այստեղ մի քանի վայրկյան ձգենք պաուզան, չափաբանելու, որ Վ. Պուտինն այս քայլով ուժեղացնում է ԵՌ-ն` Մեդվեդևի հետ պայքարի համար, որպեսզի Մեդվեդևը չկարողանա շատ ուժեղանալ, և ինչ-որ պահի հեղաշրջում անել, Վլադիմիր Պուտինին խաղից հանել: Թե որքան է Պուտինը կարևորում իշխող կուսակցությունը, տես` ժամանակներ առաջ նրա հանդիպումը ֆրաու Մերկելի հետ, ուր ի լուր համայն աշխարհի, որը սիրում է հրեա (օրերս ռուսական լրատվամիջոցները տիրաժավորում են նաև Մեդվեդևի հրեա լինելու փաստը ևս) Դ. Մեդվեդևին, ասաց, որ ինքը պառլամենտական ամենամեծ կուսակցության ղեկավարն է: Ինչը նշանակում է, թե որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ Վլադիմիր Պուտինը երբևէ կթողնի վարչապետի պոստը: Սա` ի միջի այլոց:
Անցանք առաջ: ՀՀԿ երբեմնի բրենդը, որը յուրօրինակ ու աշխատող բուֆեր էր ներքաղաքական խաղի իմաստով. գաղափարական` նժդեհյան ներկրումի, բայց նախ և առաջ` Անդրանիկ Մարգարյանի առումով, վերջինից հետո դադարեց նաև այդպիսին լինելուց. ընդդիմության և իշխանության միջև այսօր չկա մեկը, որ կատարի բուֆերի դեր` լուֆտ ապահովելով անցումի համար. հնարավորինս հեշտացնելով Սերժ Սարգսյանի գործը: Փաստորեն, այս առումով ևս ՀՀԿ-ն` պրծ:
Ավելին, երեկ Անդրանիկ Մարգարյանի աշակերտ (Շարմազանովը Ա. Մարգարյանին քանիցս երեկ համարեց իր մեծ ուսուցիչը) Շարմազանովն այնպիսի թովչանք դրսևորեց` իր պաշտպանության տակ առնելով երկրորդ նախագահ, երիտթոշակառու Ռ. Քոչարյանին, որ «նախանձել» կարելի էր. «Ես անհեթեթություն եմ համարում Հաագայի դատարան դիմելու ընդդիմության ստորագրահավաքը. երկու նախագահներից ոչ մեկին էլ չի կարելի Հաագա ուղարկել (նկատի ուներ առաջին և երկրորդ նախագահներին- հեղ). չի կարելի նախագահների նկատմամբ նման մոտեցում հանդես բերել... բայց որ Հաագա ուղարկվողը Ռ. Քոչարյանը չպետք է լինի, դա հաստատ է: Քոչարյանի ժամանակաշրջանի ձեռքբերումներն անհամեմատելի են Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանի ձեռքբերումների հետ»:
Ճիշտ է: Բայց դարձյալ` հակառակ կողմից, որովհետև Տեր-Պետրոսյանի ժամանակ անկախություն ձեռք բերեցինք, պատերազմում հաղթեցինք, առաջին սերնդի լիբերալ բարեփոխումներն իրականացրինք, որ ՀՀԿ նորօրյա առաջնորդն էլ «գա», երկրորդ սերունդն սկսի` Շարմազանովի հետ:
Իսկ ահա Քոչարյանի ժամանակ սպանվեց ՀՀԿ առաջնորդ Վազգեն Սարգսյանը, գլխատվեց մի ողջ պառլամենտ ու կառավարություն. «Ա»: Եվ «Բ». մարտի մեկի արյան միջով նախագահական ուղեկցվեց ՀՀԿ հաջորդ առաջնորդը:
Բա հիմա ի՞նչ. ուզում եք, որ Քոչարյանը վերադառնա՞, որ վերադառնա, ի՞նչ է աշխատելու, զսպելով բանախոսի հիացքն առ երկրորդ նախագահի ձեռքբերումները` հարցրեց «Իրավունք de facto»-ն:
Շարմազանովն անգիր պատասխան ուներ «լիս ու ասում» այդ առնչությամբ. Ռոբերտ Քոչարյանն ինքն է որոշելու իր վերադարձի տեղն ու դերը:
Հատուկ պարոն Շարմազանովի համար շեշտենք. Քոչարյանը չի սիրում նստել անվարժ վարորդի կողքին, նա իրեն վստահ, չթոշակառու է զգում, երբ «ռույլին» է: ՈՒրեմն` պետք է վեր կենալ նստած տեղից, և «ձեռքբերումավոր» երկրորդ նախագահին զիջել «ռույլը»:
Հասանք գեոպոլիտիկային. ՀՀԿ-ն կարծես նույնքան «պրծ»` աշխարհաքաղաքական-վեկտորալ «իմաստով»: Չնայած հանգամանքին, որ Հանրապետականը երբեք այդ դաշտում ակտիվ խաղացող չի եղել, այնուհանդերձ, կարողացել էր հավասարակշռությունը ճշգրտորեն պահել` բալանսը չխախտելով:
Շարմազանովին հարց ուղղվեց. մասնակցելո՞ւ է ազգային-պահպանողական ՀՀԿ-ն ՀՅԴ-ի «կազմակերպելիք» ցույցերին... եթե Աբդուլահ Գյուլը համաձայնի գալ Հայաստան` ֆուտբոլային խաղ դիտելու:
Ի դեպ, հիշենք, որ ՀՀԿ-ում մի «ստվար» մաս են կազմում ԱՄԿ-ից սերված դիսիդենտները, որոնք խորհրդային օրերին «նստել» են ազգային հարցերի, ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի հողերը վերադարձնելու պահանջի, այն է` ՀՅԴ-ին համահունչ ազգային գաղափարների համար:
-Ոչ, չենք մասնակցելու ՀՅԴ-ի կազմակերպած ցույցերին, Հանրապետականը մշտապես կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ինչի մասին իր հարցազրույցներում բազմիցս հայտարարել է նաև Անդրանիկ Մարգարյանը, ինչն էլ նշանակում է, որ ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը պահպանում են խնդրի նկատմամբ շարունակական մոտեցումը:
Բա՞ ուր մնաց «ձեռքբերումավոր» նախագահը, որը եթե լիներ նախագահ, Գյուլը Հայաստան չէր գա, ՀՅԴ-ն էլ ցույց չէր անի:
Հըը՞:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6458

Մեկնաբանություններ