ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀԱՐՑԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԻՍԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՀԱՄԱՐՅԱ ՉԿԱՆ

ՀԱՐՑԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԻՍԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՀԱՄԱՐՅԱ ՉԿԱՆ
18.05.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում իրենց համոզմունքների մեջ հաստատվեցին լավատեսներն ու հոռետեսները հավասարապես, իրատեսներն էլ համոզվեցին, որ հոռետեսները նույն լավատեսներն են` պարզապես առավել տեղեկացված:
Մայիսի 12-ին լրացավ ղարաբաղյան հրադադարի 16 տարին` անհավանական երկար ու անհավանական կարճ ժամանակ` «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» անհայտության մեջ որոշակիություն հաստատելու համար: Իհարկե, եթե նման խնդիր կար, և խնդիրը «ոչ ինձ, ոչ քեզ»-ը պահպանելը չէր: Պատմաբանները 16 տարի առաջվա ու այսօրվա իրավիճակի ճշգրիտ գնահատականը գուցե գտնեն, առանց պատմաբանների այսօր ակնհայտ է, որ եթե 16 տարի առաջ ավելի շատ էին պատասխանները, քան հարցերը, այսօր ավելի շատ են հարցերը, ու համարյա չկան պատասխաններ: Նրանք, ովքեր ծնվել են 1994-ի մայիսի 12-ից հետո, գիտեն մի իրականություն, նրանցից առաջ ծնվածները` այլ:
Մայիսի 23-ին Ղարաբաղում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, և, իբրև կովկասյան հին ավանդույթ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ալարկոտ ու անկիրք հայտարարությամբ առ այն, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներում գործող (եթե օկուպացված է, ո՞նց է Ադրբեջանինը) «չճանաչված սեպարատիստական ռեժիմը» ոչ այլ ինչ է, քան «անօրինական կազմավորում», և «ընտրությունների իրական նպատակն է թաքցնել Հայաստանի կողմից իրականացվող բռնակցման քաղաքականությունն ու ամրացնել ադրբեջանական տարածքների շարունակական օկուպացիայի դիրքերը» (այսինքն, ընդունում են, որ ընտրությունները ԼՂՀ-ի դիրքերն ամրացնելու են):
Հայաստանում էր ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: Ի շարս հին ու նոր հարցերի, հանդիպումներում նա քննարկում էր ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերականգնման հնարավորությունը: 2005-2008 թթ. ենթահանձնաժողովը գործել է լորդ Ռասել Ջոնսթոնի նախագահությամբ: Եթե երեք տարվա գործունեությունը, բացի Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների անդամների մի քանի կիսահամատեղ նիստերից, այլ արդյունքներ չի տվել, ի՞նչ իմաստ ունի վերակենդանացումը և ԵԽԽՎ բյուրոյի օրակարգում հարցը պահելը: Իհարկե, Մևլութ Չավուշօղլուն ունի այլ խնդիր. բացի վեհաժողովի նախագահ լինելուց, նա Անթալիայի պատգամավոր է և, դա արդեն ճակատագիր է, թուրք: Հայաստանում բոլորը նրան բացատրեցին, որ նպատակահարմար չեն համարում ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ օղակ ստեղծել` չորոշարկված լիազորություններով: Բայց այնպես բացատրեցին, որ ստացվեց` դեմ լինելու պատճառը Չավուշօղլուի թուրք լինելն է և անթաքույց մտադրությունը` հնարավորինս ներգրավել Թուրքիան ԼՂ հարցի լուծման գործընթացում, մինչդեռ պատճառն ընդհանրապես ենթահանձնաժողովի աննպատակահարմարությունն է, որ կարող էր վկայել անգլիացի հանգուցյալ լորդը: Թեպետ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Չավուշօղլուն ասել է, թե իր գործունեության գերակայություններից է համարում ԵԽԽՎ անդամ պետությունների հանդեպ երկակի չափորոշիչների բացառումը, տեղնուտեղն ինքն է դիմել այդ հնարքին. նախ բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում, հետո սկսել է քննարկել մարտի 1-ի դեպքերի, եթերից զրկված «Ա1+»-ի, ընտրական ու քրեական օրենսգրքերում բարեփոխումներ չամրագրելու պատճառները: Ի՜նչ ընդգրկուն է նրա պատկերացրած ժողովրդավարության առաջընթացը, որ համատեղում է անհամատեղելին:
Մայիսի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանում ելույթ ունենալով, հայտարարել է, որ Ադրբեջանը խեղաթյուրում է բանակցությունների էությունը. «Եթե փորձենք պարզել` ինչին է Ադրբեջանը համաձայնել, ինչին` ոչ, կտեսնենք, որ ամենաշատը բացառություններն են, ընդունված դրույթներն էլ` կամայական ներկայացմամբ: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել հակամարտության պատճառներն ու հետևանքները, այլև բանակցությունների էությունը, ու օգտագործում է ցանկացած հնարավորություն` բոլոր մակարդակներում ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալու համար»:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հերթական անգամ դժգոհել է հայկական կողմի դիրքորոշումից. «Անցած երկու տարիներին անցկացվել են խոր և համակողմանի բանակցություններ, ամեն տարի համանախագահները այցելել են տարածաշրջան, նախագահներն ինը հանդիպում են ունեցել: Ադրբեջանը սկզբունքորեն ընդունում է այս փաստաթուղթը, որի հիման վրա մենք պատրաստ ենք խաղաղության ընդգրկուն փաստաթուղթ պատրաստել, բայց մինչև հիմա Հայաստանը հստակ պատասխան չի տվել: Աշխատանքը խոչընդոտվում է, և դա շատ բացասական է»: Հունիսի 5-ին Մամեդյարովը Վենետիկում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ներկայացրել է, թե ինչին է համաձայն Ադրբեջանը. «Առաջին փուլում Ադրբեջանը կարող է առաջարկել, որ ազատվեն ադրբեջանական հինգ շրջանները, ազատվի ու վերադարձվի Լաչինի ճանապարհը, բացվի հայ-թուրքական սահմանը, բայց միայն այն դեպքում, եթե հաջորդ փուլում որոշվի մյուս տարածքների վերադարձի հարցը, այսինքն, վերադարձվեն Լաչինի հյուսիսային շրջաններն ու Քելբաջարը»: Ազիմովը սկզբունքային է համարում ադրբեջանցի փախստականների վերադարձը. «Եթե ցանկանում ենք որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մեր փախստականներն անպայման պետք է վերադառնան Ղարաբաղ և մասնակցեն այդ գործընթացին»:
ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն կարծում է, որ վերջին շրջանում բավականին մեծ ակտիվություն կա Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում. «Մենք շատ ակտիվ ենք և շատ ենք զբաղվում այդ խնդրով մյուս համանախագահների հետ»:
Թուրք-հայկական անպատասխան սիրո փորձությունից հետո վարչապետ Էրդողանն ապրեց փոխադարձ սիրո բերկրանքը թուրք-հունական հարաբերություններում, ինչը հատկապես կարևոր էր հիմա. Թուրքիան պետք է աշխարհին ապացուցի իր կառուցողական քաղաքականությունը` «Հարևանների հետ զրո խնդիր» սկզբունքով, Հունաստանն էլ պատրաստ է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել ճգնաժամից դուրս գալու համար: Տասը նախարարների հետ ժամանելով Աթենք` Էրդողանը 21 երկկողմանի համաձայնագիր է կնքել: Տնտեսական խոստացված երջանկությունը չի լրացվել քաղաքական երջանկությամբ. քաղաքական տարաձայնություններն Էգեյան ծովի և Կիպրոսի առնչությամբ մնում են օրակարգում, բայց Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն ասում է, թե Աթենքը շարունակում է անվերապահորեն աջակցել Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը: Իսկ Էրդողանը համարում է, որ «երկու երկրները կամք ցուցաբերեցին լինելու ոչ միայն հարևաններ, այլև գործընկերներ»: Աթենքում կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցները` հույները, հայերը, քրդերը, այրել են Էրդողանի նկարն ու Թուրքիայի դրոշը: Հունաստանի ազգայնական կուսակցությունը համոզված է, որ Էգեյան ծովը հույների ծովն է:
Ղրղզստանում իրավիճակը հիշեցնում է իսլանդական հայտնի հրաբուխը` մեկ ակտիվանում է, մեկ` հանդարտվում: ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը հերթական կոչն են արել վտարված նախագահ Կուրմանբեկ Բակիևի կողմնակիցներին` դադարեցնելու բախումները: Նրանք նորից ակտիվացել են երկրի հարավում և գրավել վարչական շենքերը:
Ղազախստանի խորհրդարանը, որ միակուսակցական է` բաղկացած միայն նախագահի ղեկավարած «Նուր օթան» կուսակցության անդամներից, օրինագիծ է ընդունել, որով «Ազգի առաջնորդի» կարգավիճակ է շնորհել երկրի առաջին ու միակ նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Նա պաշտոնը թողնելուց հետո էլ վարչական և քրեական պատասխանատվության ենթակա չէ: Նաև` նրա ընտանիքի անդամները: Պաշտոնաթողությունից հետո էլ նրա հետ պետք է համաձայնեցվեն Ղազախստանի ներքին ու արտաքին քաղաքականության խնդիրները:
Հայաստանը համարյա դառնում է եվրոպական զարգացած երկիր` անչափահասների ինքնասպանությունների թվով: Ինքնասպանությունների պատճառներից առաջին տեղում աղանդներն են, հետո` հանցագործ խմբերում ներգրավվածությունը, երգիչների ու երաժշտական խմբերի «ֆանատ» լինելը:
Հրաժարական է տվել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Փաստորեն, հեշտ չէր աշխատել մի քաղաքում, որտեղ քաղաքապետ է Վարդան Ղուկասյանը, ում ամեն ինչ ներվում է` ի տարբերություն այլոց: Տիկին Նանյանի բազկաթոռին հավակնում են Սամվել Բալասանյանը, ում ճակատին գրված էր «Օրինաց երկիր», բայց դարձավ «Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, նախկին մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը և այլք:
Հունիսի 20-ին նշանակված են Լեհաստանի նախագահական ընտրությունները, 10 թեկնածուներից առավել մեծ շանսեր ունեն ավիավթարից զոհված նախագահ Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբայր Յարոսլավ Կաչինսկին և Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Հարցումների համաձայն` ընտրողների 48 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալու Կոմորովսկուն, 30 տոկոսը` Կաչինսկուն: Հունիսի 20-ին պրագմատիկ լեհերը կընտրեն Կոմորովսկուն, սենտիմենտալ լեհերը` Կաչինսկուն, անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը կկայանա հուլիսի 4-ին:
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 12-ին Անկարայում ասուլիսի ժամանակ խոստացել է իրագործել Թուրքիայի նախապայմաններից մեկը. «Օգտագործելով բոլոր հնարավորությունները` ՌԴ հեղինակությունն ու ազդեցությունը, առաջ ենք մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը` այդ հարցում խորհրդակցելով նաև մեր թուրք գործընկերների հետ»: Նա լավատեսորեն հավատում է նաև հայ-թուրքական հաշտեցման հեռանկարին` «վերջին հաշվով կողմերը լուծման կհանգեն»: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին չի պատասխանել: Հավանաբար, նաև դա է պահանջում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարած «լուռ դիվանագիտությունը»: Ճիշտ նույն կերպ բարձր քաղաքական մակարդակում «օմերտայի (լռության) օրենքը» պահպանում է Հայաստանը` հարևան ու ոչ հարևան երկրները քննարկում են Հայաստանին առնչվող ամենակենսական հարցերը, իսկ Հայաստանը չի էլ արձագանքում:
Հավանական անհավանականությունների շրջագծից. ՀՀ երկրորդ նախագահն առաջարկում է իշխանությունից հեռանալ երրորդ նախագահին, նշում է նաև ճանապարհները. արտահերթ ընտրություններ, որոնց կազմակերպիչը, ըստ Սահմանադրության, պետք է լինի երկրի ղեկավարությունն ստանձնած խորհրդարանի նախագահը, հերթական ընտրություններ, որոնցից առաջ հրաժարական է տալիս կառավարությունը, ինքը նշանակվում է վարչապետ ու ձևավորում իր կաբինետը: Բնականաբար, խորհրդարանը ոչ մի պարագայում խոչընդոտ չի լինում. ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ ՀՀԿ-ն` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, հիմքեր չունեն դեմ լինելու այն մարդուն, ով իրենց խորհրդարան է բերել, առավել ևս` ՕԵԿ-ը կամ «Ժառանգությունը»: Անհավանական այս հավանականությունը հաստատող ստվերային կառավարության կազմն էլ է հայտնվել մամուլում` Սամվել Բաբայան, Տիգրան Սարգսյան (իբրև Կենտրոնական բանկի նախագահ), Կարեն Ճշմարիտյան, Վարդան Խաչատրյան, Վարդան Այվազյան, Դավիթ Հարությունյան, Վարդան Օսկանյան: Խնայելով ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին` առայժմ չի ասվում, թե որն է լինելու նրանց դերը, բայց որ կերակրատաշտը նրանց առաջ ավելի մեծ մասնաբաժիններով է բացվելու, ակնհայտ է: Այլապես ի՞նչ իմաստ ունի ռիսկի դիմելը: Իսկ ՀՀ առաջին նախագահը երկու շաբաթով մասնավոր այցով մեկնել է ԱՄՆ:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ