ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՐԵՎՄՏԱՀԱՅ 3-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԵՎՄՏԱՀԱՅ 3-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
29.06.2010 | 00:00

Հարգելի խմբագրություն
Թերթի էջերում ծանոթացա ՀՀ ԱԺ պատգամավոր, պատմաբան ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ուշագրավ և սպասված մտորումներին: Մասնավորապես, կիսելով «Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունները պետք է տեղափոխվեն բազմաբևեռ ազգային քաղաքականության հարթություն» (թիվ 42, 4-7 հունիսի 2010 թ.) վերլուծական նյութի հիմնական դրույթները, ընթերցողի ուշադրությանն եմ ցանկանում ներկայացնել Հայաստանում և արտերկրում 2003 թվականից տարվող գիտակազմակերպչական աշխատանքներն ամփոփող համառոտ և ծրագրային մոտեցումները: Այդ ամենի նպատակը Արևմտահայերի 3-րդ համագումարի հրավիրման ճանապարհով համազգային ներկայացուցչական մարմինների ձևավորումն է:


ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
19-րդ դարի վերջի և 1914-1923 թթ. հայերի ցեղասպանությունների պատճառով արևմտահայությունը բնաջնջվեց, հայրենազրկվեց, ձևավորվեց հայկական Սփյուռքը:
Շուրջ մեկ դար Հայ առաքելական եկեղեցին, ավանդական կուսակցությունները, բարեգործական և նպաստամատույց հասարակական ու համազգային կազմակերպությունները գլխավորել և հնարավորինս իրականացրել են հայապահպան շնորհակալ գործը, ակտիվ պահել Հայկական հարցը, մեծապես նպաստել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման գործընթացին և այսօր էլ շարունակում են այն:
Համաշխարհային հայությունն այսօր հայտնվել է մի իրողության առջև, երբ 20-ամյա պայքարից ու վայրիվերումներից հետո այլևս անթույլատրելի է դեպքերի հետևից գնալ, անհրաժեշտ են համահայկական ծրագրեր, կուռ եռամիասնության` Հայաստան-Սփյուռք-Արցախ համագործակցության դրսևորումներ:
Հայությունն այսօր համընդհանուր լարումի, սպասումի յուրահատուկ անցումային փուլ է ապրում: Հայ ժողովրդի պատմականորեն ձևավորված երկու հատվածների` արևմտահայության և արևելահայության պարտադրված երկատված գոյությունն այսօր կարող է դրական առաջընթաց ապահովել, եթե հայության` անգամ ցրվածության գործոնը մի նպատակի ուղղվի:
Այն եզակի ժողովուրդներից ենք, որ 3-րդ հազարամյակ ենք մտել համազգային հաղթանակով` պետականության վերականգնում և տարածքային ազատագրում: Այս մեծ նվաճումը շարունակություն է պահանջում: Հայության համար կա մեկ գերխնդիր իդեալ` ժողովուրդների ու պետությունների մեծ ընտանիքում հանդես գալ ներդաշնակ և միասնաբար, որպես հավաքական ուժ, և դա հասցնել այնպիսի մակարդակի, որ համաշխարհային հայությունը ճանաչվի ոչ միայն ի դեմս Հայաստանի ներկա Հանրապետության, այլև արտերկրյա հզորագույն համազգային կառույցի գործունեությամբ:
Հայության 2/3-ն ապրում է ոչ իր պատմական հայրենիքում։ Այդ հզորագույն ներուժը, սակայն, պատշաճ կերպով կազմակերպված չէ, գործում է անհատների և, հիմնականում, համահայկական հնչողություն, նշանակություն և իրավասություն չունեցող կազմակերպությունների միջոցով: Դրանք թեև կատարել ու կատարում են վիթխարի ու շնորհակալ աշխատանք, սակայն 21-րդ դարի մարտահրավերները մեզնից պահանջում են նոր ռազմավարության կիրառում, մասնավորապես համաշխարհային հայության գործոնի ձևավորում: Այս արդիական, ինչ-որ տեղ ուշացած խնդիրը հատուկ և համակողմանի քննարկումների, վերլուծությունների նյութ է, այն իրավամբ համազգային լուծում է պահանջում:
Երիտասարդ անկախ Հայաստանի ներքին կացությունն օբյեկտիվորեն պահանջում է «համազգային բեռի» որոշակի թեթևացում, այն էլ` Արցախի ու Ջավախքի հիմնահարցերի համատեքստում: Օրակարգի հարց է դառնում արտերկրում համազգային երկրորդ կառույցի գոյության անհրաժեշտությունը:
Այդպիսին, կարծում ենք, կարող են ներկայանալ արևմտահայության լիազոր-ներկայացուցչական մարմինները:

ԻՆՉՈ՞Ւ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ
ա) Հայության մեծ մասը արևմտահայերի, ավելին` Հայկական ցեղասպանության պատճառով հայրենազրկված հայության ժառանգներն են, որոնք էլ միջազգային իրավունքի տեսանկյունից իրավասու և իրավազոր են պահանջատիրության հարցում:
բ) Արևմտահայեր ասելով այսօր հասկանում ենք Հայաստանի Հանրապետությունում չապրող և աշխարհում սփռված շուրջ 7 մլն հայերին (հայության ընդհանուր թվաքանակը համարելով 10 մլն), որոնք Օսմանյան կայսրությունում պետական մակարդակի հասցված, համակարգված և իրականացված շարունակական հակահայկական հալածանքներից, տեղահանություններից, բռնի մահմեդականացումից, ջարդերից, Հայոց ցեղասպանությունից (1914-1923 թթ.) փրկված Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Թուրքիայի հայաբնակ քաղաքների ու գյուղերի հայկական բնակչության ժառանգներն են։ Աշխարհասփյուռ հայությունը տարբեր երկրներում օգտվում է տվյալ պետության քաղաքացիների իրավունքներից, ներհամայնքային նեղ իրավասություններից, միաժամանակ զրկված լինելով համահայկական աջակցությունից, ազգային անվտանգության երաշխիքներից: Երկրորդ համազգային կառույցի բացակայության պատճառով չեն պաշտպանվում արևմտահայության ազգային պահանջներն ու շահերը, չի իրականացվում արտերկրի հայության և Հայաստանի Հանրապետության փոխլրացնող օգնության և զարգացման գործը: Դեռ Փարիզի ազգային համագումարում (1919 թ. փետրվար-ապրիլ) այս կենտրոնական հարցի պատասխանը տվել է Շանթը. «…բայց կայ ուրիշ իրականութիւն մը, զոր չեմ գիտեր ինչո՞ւ գիտակցաբար կ՚անգիտանանք: Ժողով մը իր անունը չառներ իր կազմէն, այլ գործէն որուն համար հրաւիրուած է: Այս ժողովը համազգային դատ մը է, որ կը քննէ անոր յաջողութեան ու իրականացման կը ձգտի: Ինչպէս գործը համազգային է, միջոցներն ալ համազգային դատի պաշտպանութեան իրականացման համար անհատական, խմբակցական կամ կուսակցական չեն, այլ որոշապէս ուղղակի համազգային: Համազգային դատ՝ համազգային միջոցներով»:
Հայկական հարցի միջազգայնացումից հետո (1878 թ. Բեռլինի պայմանագիր) հայ քաղաքական-հոգևոր վերնախավը համեմատաբար ինքնուրույն գործելակերպի փուլ մտավ: 1912-1913 թթ. բալկանյան հակաթուրքական պատերազմները վերաբացում են Արևմտյան Հայաստանի բարենորոգումների խնդիրը: Կ. Պոլսի Ազգային Պատրիարքարանը՝ Հայկական հարցի բարձրացման գործնական և ընդունելի կողմը լինելով հանդերձ, հնարավորություն և իրավասություն չուներ իր վրա վերցնելու վերջինիս միջազգային քննարկումների առաքելությունը: Պաշտոնական հարաբերությունների մեջ գտնվելով Բ. Դռան հետ, միաժամանակ ենթարկվելով նրան, Պատրիարքարանը չէր կարող քաղաքական գաղտնի բանակցություններ վարել օտար պետությունների հետ: Այդ նկատառումներից ելնելով, Հայկական հարցը միջազգային քննարկման առարկա դարձնելու առաքելությունն իր վրա է վերցնում Ամենայն հայոց Գևորգ Ե կաթողիկոսը:
Կաթողիկոսին աջակցելու համար ձևավորվում են նաև երկու քաղաքական մարմիններ՝ Ազգային Բյուրոն և Ապահովության հանձնաժողովը: Պետք է նկատենք, սակայն, որ Եվրոպայում համազգային պատգամավորություն ունենալու համատեքստում, Գևորգ Ե-ն, այնուամենայնիվ, նախապատվությունը տալիս է իր անունից գործող պատվիրակի տարբերակին, նախ՝ հարցի կուսակցականացումից խուսափելու, ապա և հայ հասարակության երկփեղկվածությունը մեղմելու նպատակով: Այդ պատասխանատու և պատմական խնդիրը ստանձնում է եգիպտահայ հասարակական-քաղաքական գործիչ և ազգային բարերար Պողոս Նուբարը:
Պ. Նուբարի նշանակումը կարևորում ենք նախ նրանով, որ համազգային գերխնդրի լուծման ճանապարհին տեղի ունեցավ հայ հասարակության բացառիկ միաձուլում: Որպես արևելահայության կամքի արտահայտիչ Գևորգ Ե-ի կողմից արևմտահայ գործչի ընտրությունն այդ շաղկապման գրավականն էր: Ընդգծվում էր նաև այն հանգամանքը, որ արևմտահայության բարենորոգումների հիմնահարցը փաստացի ներկայացնող գործիչը պետք է արևմտահայության շահերի արտահայտիչը լիներ՝ հարցի իրավասությունն ամրապնդելու, ինչպես նաև Ռուսաստանի բացահայտ միջամտությունից խուսափելու նպատակով: Պ. Նուբարի նշանակումը հայ հասարակական-քաղաքական տարբեր բևեռների, կուսակցությունների կողմից բարենպաստ էր դիտվում վերջինիս քաղաքական չեզոքության, անկուսակցականության, հայացքների չափավորության և վաստակած անառարկելի հեղինակության շնորհիվ:
Եվ վերջապես, Պ. Նուբարի ընտրությունը կրում էր նաև որոշակի խորհրդանշական բնույթ: Խնդիրն այն է, որ 1878 թ., նրա հորը՝ Մեծն Նուբար փաշային մերժվել և չէր հանձնվել Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի պաշտպանության գործը: Արդյո՞ք այս նշանակումը անհատի ընտրության մասնավոր դեպք էր, թե՞ քաղաքական գործելակերպի արմատական փոփոխություն, հրաժարում խրիմյանական մարտավարությունից:
Արևմտահայությունը 1917-1920 թթ. երկու` Արևմտահայ և Փարիզի ազգային համագումարներում պատմական և իրավական տեսանկյունից ձևակերպել է իր կենսախնդիրների շրջանակն ու ամբողջականությունը: Պատմական և իրավական եղած հենքի վրա հնարավոր է համարվում Արևմտահայերի համագումարի հրավիրումը, որի նպատակը լիազոր ներկայացուցչական մարմինների` Արևմտահայերի Ազգային ժողովի և Ազգային խորհրդի ստեղծումն է:
Արևմտահայերի ներկայացուցիչներն իրենց իրավունքների պաշտպանության նպատակով 1917 թ. մայիսին և 1919 թ. փետրվարին Երևանում կազմակերպեցին երկու համագումար, որոնցից առաջինը Ռուսաստանում միապետության տապալման հետ-ևանքն էր, իսկ երկրորդը` Հայաստանի Հանրապետության հռչակման արդյունքը: Հակառակ կատարված որոշակի աշխատանքներին, մասնավորապես, Արևմ-տահայ ազգային խորհրդի ստեղծմանը, այնուհանդերձ, առաջին համագումարում լիովին չհաջողվեց քաղաքական կուսակցությունների և հոսանքների մասնակցությամբ իրականացնել հայ ժողովրդի երկու հատվածների կենսական շահերի և` խնդիրների, այդ թվում և Հայկական հարցի տարանջատումը:
Հայաստանի առաջին Հանրապետության իշխանական կառույցների շրջանակներում համազգային խնդիրները համատեղ լուծելու նպատակով Արևմտահայերի երկրորդ համագումարը 1919 թ. փետրվարի 13-ին ձևավորեց Գործադիր մարմին, որի կողմից ընտրված արևմտահայ 12 պատգամավորները տեղ գրավեցին Հայաստանի խորհրդարանում: Սակայն լիարժեք համազգային միասնականություն չհաջողվեց իրականացնել: 1919 թ. մայիսի 28-ի Ազատ Անկախ Միացյալ Հայաստանի հռչակումը ժամանակավրեպ էր: Կազմակերպված և պատրաստված չէր համայն հայության մասնակցությունը (հավաքական կամք, հավաքական միտք, հավաքական ուժ) հայկական պետականության վերականգնման, զարգացման և պաշտպանության գործին: Այդ համազգային միասնականության բացակայությունը հանդիսացավ այն գլխավոր պատճառներից մեկը, որի հետևանքով հայությունը ի վիճակի չեղավ ոչ միայն դեֆակտո իրականացնելու միացյալ Հայաստանի ստեղծման հնարավորությունը, որը դեյուրե ընձեռվել էր 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի դաշնագրով, այլև պարտություն կրեց քեմալա-բոլշևիկյան ագրեսիայից, որի հետևանքով ՀՀ-ն բռնազավթվեց, բաժանվեց քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև, կորցրեց ինքնիշխանությունը և զրկվեց Հայկական հարցի լուծմանը հետամուտ լինելու հետագա հնարավորությունից:
Հայկական հարցով (արևմտահայ խնդիրը) կարող էր զբաղվել Պողոս Նուբարի Ազգային պատվիրակությունը, որը ձևավորվել էր 1912 թ. նոյեմբերին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի կոնդակով և իր գործունեությունը շարունակում էր հետպատերազմյան շրջանում (Փարիզի հաշտության կոնֆերանս` 1919-1920, Սան Ռեմոյի` 1920, Լոնդոնի` 1921, Լոզանի կոնֆերանսներում` 1922-1923): Սակայն ՀՀ և Խորհրդային Հայաստանի հետ ունեցած բարդ հարաբերությունների և դաշնակիցների քաղաքականության փոփոխության հետևանքով Ազգային պատվիրակության գործունեությունը դադարեց: Առայսօր արևմտահայությունը ներկայացնող, նրա իրավունքները և շահերը հետապնդող մարմիններ չեն հիմնվել:
Այս նպատակով 2003 թվականից գործող նախաձեռնող խումբը Փարիզում հիմնել է «Արևմտահայ ազգային համագումարի նախապատրաստման միջազգային կազմակերպչական կոմիտե»: Այն պարբերաբար հրավիրվող միջազգային սեմինարների գիտաժողովների և կազմկոմիտեի նիստերի շրջանակներում (Ֆրանսիա, Շվեյցարիա, Կիպրոս, ԱՄՆ, ՀՀ, ՌԴ) նախապատրաստում է համագումարի հրավիրման աշխատանքները: 2009 թ. նոյեմբերին Ժնևում բացվել է կազմկոմիտեի գրասենյակը:
Մեզ հարկավոր է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ջավախքի և Սփյուռքի տնտեսական-հասարակական փոխհարաբերության արդյունավետ մեխանիզմ: Համաձայնեցված մակրոտնտեսական մեխանիզմների մշակումը, ազգային տուրքի գաղափարն ուղղված պետք է լինեն ոչ միայն պատմական հայրենիքի մի մասի` Հայաստանի Հանրապետության ու Արցախի, այլև Սփյուռքի տարբեր համայնքների փոխինտեգրման և փոխհարստացման ճանապարհով հենց Սփյուռքի վերակենդանացմանն ու հզորացմանը: Այսօր տնտեսական զարգացումը կնպաստի ազգային անվտանգության հայեցակարգի ամբողջացմանը: Գաղափարական և կազմակերպական նման հիմքի վրա Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը, համահայկական ծրագրերի մշակումն ու իրականացումը հնարավորություն կընձեռեն առավել հզոր` Հայկական գործոնի կայացմանը: Համայն հայության հատվածների միջև աշխատանքների բաժանումը և իրավասությունների ու գործողությունների դերաբաշխումը կնպաստեն ազգային խնդիրների լուծման արդյունավետությանը, հարևանների հետ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների կարգավորմանը, ինչը, իր հերթին, կնվազեցնի նրա կախումը աշխարհաքաղաքական հակամարտության հնարավոր հետևանքներից:
Գաղափարների և համարժեք գործողությունների համաձայնեցում և նպատակային կոորդինացում առաջին հերթին անհրաժեշտ են Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և փոխհատուցման հարցերի շրջանակներում: Անգամ Թուրքիայի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչումը հայությանը կարող է կանգնեցնել այնպիսի իրավիճակի առջև, երբ պարզ կդառնա, որ դարձյալ պատրաստ չենք, լիովին չենք իմաստավորել հաջորդ քայլը, ուշացած կմեղադրենք մեզ դիվանագիտական հմտությունների պակասի մեջ:
ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը` Թուրքիայի հետ առանց նախապայմանների արձանագրությունների ստորագրումը, դրա լավագույն ապացույցներից է:
Հայության հավաքական կամքը, միտքը, ուժը, ժամանակակից ազգային պետական քաղաքական մտածելակերպն ու գործելակերպը կնպաստեն միջազգային կյանքում ինքնուրույն հայկական գործոնի ձևավորմանը, որը կարտացոլի այն ֆինանսա-քաղաքական ուժերի առաջացումը` հենված ազգային կապիտալի և ազգային մտավորականության միության վրա, որոնք կապահովեն հայության զանգվածային մասնակցությունը (ազգային տուրք) այդ գործոնի ձևավորմանը, և որը վերջապես հնարավորություն կընձեռի ազգին ինքնուրույն տնօրինելու իր ճակատագիրը:

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ, ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
. Համահայկական այնպիսի ծրագրերի, նախագծերի մշակում և իրագործում, որոնք կնպաստեն ներկա հայկական պետականության, ներառյալ` Արցախի Հանրապետության արագընթաց զարգացմանը և հզորացմանը, ժողովրդի կենսամակարդակի բարգավաճմանը, իրավական ազատ ժողովրդավարության կայացմանը, հայրենադարձության կազմակերպմանը և համաշխարհային մակարդակով հայերի իրավունքների ու շահերի պաշտպանությանը,
. միջազգային կազմակերպություններում արևմտահայության օրինական իրավունքների և պահանջների ուղղակի ներկայացում, ինչը ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների համատեքստում հնարավորություն կտա բանակցելու թուրքական իշխանությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ` հասնելու Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը, դատապարտմանը, վնասների հատուցմանը, արևմտահայության ժառանգների անարգել և անվտանգ վերադարձի ապահովմանն իրենց պատմական հայրենիք` Արևմտյան Հայաստան և Թուրքիայի բնակավայրերը,
. նպաստել Սփյուռքում արևմտահայության ազգային նկարագրի և ազգային ինքնագիտակցության պահպանմանը,
. հետամուտ լինել Արևմտյան Հայաստանում հայկական մշակույթի հուշարձանների պահպանմանը և վերականգնմանը,
. նպաստել ժամանակակից հայկական քաղաքական մտածողության ձևավորմանը, որը հենված կլինի հատկապես վերջին հարյուրամյակի հայերի քաղաքական պատմության իրատես և գիտական վերագնահատման վրա, որ կարտացոլի ինչպես պարտություններն ու կորուստները, այնպես էլ հաղթանակներն ու ձեռքբերումները Օսմանյան, ռուսական, խորհրդային կայսրություններում և Սփյուռքում, և որը հիմք կհանդիսանա դրսևորելու նոր պատասխանատու մտածելակերպ և գործելակերպ, մշակելու և որդեգրելու ժամանակակից հայկական քաղաքական վարդապետություն` խուսափելու նոր քաղաքական և իրավական կորուստներից, ապահովելու հայ ոգու և կամքի նոր նվաճումներ:
Արևմտահայերի 3-րդ համագումարի հրավիրումը և վերջինիս կողմից ստեղծվելիք կառույցները համազգային պոտենցիալի կազմակերպման և արտահայտման այն հնարավոր միջոցն են, որը հին, բայց նոր հնչողություն ստացած գաղափարի շուրջը կփորձի համախմբել հայկական ներուժը:
Այս գաղափարը, միաժամանակ, ապագային միտված ծրագիր է. չէ՞ որ հայության առաքելությունը միայն Հայ դատի, Ցեղասպանության ճանաչման և անգամ փոխհատուցման խնդիրներով չի հանգուցալուծվում: Այսօր էլ այժմեական է հնչում 1917 թվականին Վահան Տերյանի հնչեցրած «Հոգևոր Հայաստանը» վերագտնելու կոչը: Ազգային ինքնության պահպանման խնդիրը մոտ ապագայում ևս հրատապ հնչողություն կստանա, որի բազմաբնույթ և սուր հարցադրումներին պետք է հակադրել նոր հարթության վրա գործելու համազգային կամք, հետևողական ամենօրյա աշխատանք, վճռականություն:
Վահան ՄԵԼԻՔՅԱՆ
Արևմտահայ ազգային համագումարի նախապատրաստական միջազգային կազմակերպական կոմիտեի անդամ,
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ