ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԲԱՆԱՎԵՃԵՐԻՆ ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ԲԱՆԱՎԵՃԵՐԻՆ ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
25.06.2010 | 00:00

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
«Արևելյան գործընկերություն» հայեցակարգի տեսական մշակման համար նախատեսված ժամանակն ավարտվել է, և Հայաստանը ճանաչվել է այդ նախագծի լիարժեք անդամ։ Հիմա անհրաժեշտ է քաղաքական հայտարարություններից անցնել պրակտիկ գործողությունների, առավել ևս, որ Հայաստանի բնակչությունն անհամբերությամբ է սպասում այն ամենի մարմնավորմանը, ինչն իր առօրյան կմոտեցնի եվրոպական կենսակերպին, Հայաստանն էլ` Եվրամիությանը։ Այս առումով, մեր պետության քաղաքացիների համար այցեհրավերի վերացման վերաբերյալ Եվրամիության ակնկալվող որոշումը շատ կարևոր խթան կդառնա Հայաստանը եվրոպական արժեքներին մոտեցնելու ճանապարհին։ Օրինակ, ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերի կոմիսար Շտեֆան Ֆյուլեն Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլարին արդեն հանձնել է ԵՄ տեխնիկական պայմանների ցանկը, որոնք Մոլդովան պետք է կատարի այդպիսի այցեկարգ ստանալու համար։ ԵՄ գնահատման հանձնախումբը շուտով նույն հարցերով կայցելի Երևան։ Հայաստանի իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ ԵՄ ներկայացուցիչները հստակ խորհուրդներ կտան, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի ԵՄ-ի և ՀՀ-ի միջև անհրավեր այցեկարգը դառնա նույնպիսի իրողություն, ինչպիսին է, օրինակ, ուղևորությունն Աշտարակից Արտաշատ։ Դրա հետ մեկտեղ, ուսումնասիրելով նույն հարցի առիթով վերջին ժամանակներս ՈՒկրաինայի կուտակած փորձը, արդեն այսօր կարելի է կանխատեսել այն հիմնական խնդիրը, որ պետք է լուծի պաշտոնական Երևանը։ Դա Իրանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի համաձայնեցումն ու ճանաչումն է։ Եվ քանի որ այդպես է, առանց Թեհրանի, Թբիլիսիի, Անկարայի ու Բաքվի շահագրգիռ մասնակցության հարցերի այդ ծավալն անհնար է հաղթահարել։ Դրանք հիպոթետիկ պատկերացումներ չեն տեսական դրույթների ասպարեզից, այլ նախագծի բոլոր մասնակիցներին Բրյուսելից ներկայացվող միասնական պահանջ, այդ թվում` հարևան Վրաստանին ու Ադրբեջանին։ Մի խոսքով, մենք, որպես պետություն, անհրավեր այցեկարգի պատրաստ կհամարվենք միայն այն բանից հետո, երբ ուժի մեջ կմտնեն առանց բացառության բոլոր հարևան պետությունների հետ Հայաստանի արտաքին սահմանների ճանաչվածությունը հավաստող վավերագրեր։ Այդ լուրջ խնդրի լուծումը պահանջում է կատարել որոշակի կազմակերպչական աշխատանք, դիցուք, Հայաստանի եվրոպական ձգտմանն աջակցող Եվրամիության երկրների ոչ պաշտոնական խմբի ստեղծումը, ինչպես նաև Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ, Հայաստանի վերաբերյալ զեկուցող լեհ պատգամավոր Թոմաշ Պորեբայի առաջիկա շատ լուրջ աշխատանքը, որը կանխավ արդեն հույս է հայտնել ԵՄ-ին Հայաստանի ասոցիատիվ անդամակցության մասին։ Բայց դա միայն արտաքին, այսպես ասած, ճակատային կողմն է։ Միարժեք է, որ կա նաև ներքին բաղկացուցիչ։ Անհրաժեշտ կլինի պայմանավորվածություն ձեռք բերել հարևանների, մասնավորապես Թուրքիայի հետ։ Դրա համար, 1915 թ. իրադարձությունների առնչությամբ հարկ կլինի հրաժարվել տարբեր պետությունների օրենսդիր ժողովների կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը դատապարտող տեքստերի հաստատման մեթոդաբանությունից և անցնել «Կոնոնովն ընդդեմ Լատվիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ ժողովի որոշման վրա հիմնված հայեցակարգին, որը, Հաագայի 1907 թ. կոնվենցիային համապատասխան, որպես մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություն է որակել 1944 թ. մայիսի 27-ին լատվիական Մալիե Բոտի գյուղում Կոնոնովի գլխավորած ջոկատի կողմից խաղաղ բնակչության և՛ տեղահանությունը, և՛ գնդակահարությունը։ Իրենց պատմական բնակության վայրերից օսմանյան կառավարության հրահանգով խաղաղ հայ բնակչության տեղահանությունը բազմիցս ընդունել է նաև վարչապետ Էրդողանը։ Այսինքն, մենք ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (տեղահանություն-ցեղասպանության փաստ) հիմնավորման համար ունենք և՛ թուրք բարձրաստիճան ղեկավարի հրապարակային հայտարարությունները, և՛ արխիվային ապացույցներ, որոնք հավաստում են մշտական բնակության վայրերից հայերի հարկադրական արտաքսումը Բաղդադ-Բեյրութ երկաթուղու շինարարության գոտի, և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ ժողովի նախադեպային որոշումը, որը տեղահանությունը որակել է որպես պատերազմական հանցագործություն։ Մենք գերբնական ոչինչ հնարելու կարիք չունենք։ Պարզապես պետք է գրագետ հայցադիմում կազմել, մասնակցել դատաքննությանը և իրավական հավաստագիր ստանալ այն մասին, որ Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանությունը պատերազմական հանցագործություն է ընդդեմ մարդկության։ Տեխնոլոգիապես այդ գործը կարող են կազմել իրավաբանական շատ գրասենյակներ, այդ թվում` Երևանում։ Դրանից հետո, որպես ելման կետ ընդունելով տվյալ փաստը, հարկ է սկսել հայ-թուրքական պատմական խնդիրների հայեցակարգային լուծումը։ Եվ լուծել այնպես, որ այլևս հարկ չլինի վերադառնալու դրան։ Բայց դրա համար մեզ պետք է Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության քաղաքական պատասխանատվությունը` իրենց չկարգավորված կենցաղով, զանգվածային գործազրկությամբ և ներկա պայմաններում սոցիալապես ինքնիրացված լինելու անընդունակությամբ։ Դրա համար քաղաքական նոր վերնախավ է պետք։ Ոչ այն, որ տեղին-անտեղի մեզ հիշեցնում է ցեղասպանության ու Արևմտյան Հայաստանի մասին։ Ոչ էլ այն, որ ամեն անգամ կրկնում է, թե Աղդամում, մինչև Հայաստանում քրիստոնեության ընդունումը, էթնիկ հայեր են ապրել։ Մենք դա արդեն անցել ենք։ Եվ ո՛չ մեկ անգամ։ Միալար կրկնելով ժամանակագրական ճշմարտությունը, նրանք էլ, մենք էլ նմանվում ենք դատապարտվածների, պատրաստ մի գլուխ խոսելու և ոչինչ չանելու։ Գալիս է ժամանակը, երբ անհրաժեշտ է մի կողմ դնել անցյալի կարծրատիպերը։ Պետք է առավելագույնս քննադատաբար դատել` թո՛ղ որ մի փոքր էլ ի վնաս քեզ։ Մենք պիտի գիտակցենք, որ իրատեսության սահմանի ակնհայտ խախտումը կարող է կասեցնել մեր շարժումը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, ուրեմն և` դեպի կյանքի եվրոպական մակարդակ մեր ձգտմանն ընդառաջ։ Իսկ դա անթույլատրելի է։ ՈՒստի Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղած պատմական ու քաղաքական հակասությունները պետք է հարթել հնարավորինս արագ` ելնելով նախ և առաջ փոխընդունելի լուծումներ գտնելու սկզբունքից։ Այս ենթատեքստում սկզբնական փուլի համար շատ գրավիչ են թվում թե՛ բեռների անհապաղ և աննախապայման բացթողումն Իրաքից Աֆղանստան` Բաղդադ-Կարս-Գյումրի-Բաքու երկաթուղային ճանապարհով, թե՛ Աֆղանստանում «Արևելյան գործընկերության» երկրների զինծառայողներից խաղաղապահ զորախմբի ստեղծման նախագիծը։ Եվ ամենակարևորը, հարկավոր է մանրամասնել Հայաստանի խաչվող խնդիրները, առանձնացնելով նախ և առաջ սոցիալ-մարդասիրական բաղադրիչը, որպես առաջնահերթ, անհապաղ լուծում պահանջող խնդիր։ Հարկ է կենտրոնանալ հատկապես այս խնդրի վրա և լուծել այն, հիմք ընդունելով եվրատլանտիզմի փիլիսոփայությունը, որն ընդունակ է նոր ուղի հարթելու մեր ազգային անվտանգության և սոցիալական ապահովվածության ճանապարհին։
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքական ծրագրավորման կենտրոնի ղեկավար

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ