«Եթե 90-ականների թերթերը նայեք, պարզ կդառնա, որ այն ժամանակվա ընդդիմությունն էլ ճիշտ նույն միտումներով հարցադրումներ էր անում»,- անդրադառնալով ՀԱԿ-ի` իշխանություններին ներկայացրած 15-կետանոց պահանջագրին, երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` այն որակելով արտագրված տեքստ, միտք կամ գաղափար։ Ըստ ՀՀԿ փոխնախագահի` այդ պահանջներն առաջ են քաշվում հասարակությանը շեղելու միտումով, իսկ իշխանությունները գիտակցում են խնդիրների առկայությունը և ի զորու են դրանք լուծելու։
«Տարիների հեռվից երբ նայում ենք, բավականին լուրջ խնդիրներ են լուծվել, զարգացման գործընթացներ են գնացել։ Եթե մարդիկ փորձում են վիրավորել, մենք հակադարձելու ավելի մեղմ տարբերակ ենք ընտրել, որը նրանց թվում է տղայական մոտեցում։ Այդ տղայական շարժումով էլ կապակողմնորոշեն ժողովրդին, ինչպես մարտի 1-ին»։ Նկատենք, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, արձագանքելով հանրապետական պատգամավորների դիտարկումներին, նրանց խոսքը որակել էր «տղայական մոտեցում»։ Ի վերջո, կատարելո՞ւ են իշխանություններն ընդդիմության պահանջները: Գալուստ Սահակյանի պատասխանը. «Ձեզ թվում է, թե դա աստվածազոր հրովարտա՞կ է, և իշխանությունները պիտի կատարեն ինչ-որ ցուցումնե՞ր։ Մենք պարզապես կատարում ենք այն, ինչի մասին խոսում ենք բաց ու թափանցիկ»։ Նա ողջունեց մարտի 1-ին զոհվածների ընտանիքներին փոխհատուցելու պահանջը` հավելելով, թե դա ուշացած նախաձեռնություն է, և «այդ ավանդույթը պետք է դրվեր նրանց իշխանության տարիներին»։
Ըստ բանախոսի, հայ հասարակության 25-30 տոկոսը բողոքավոր է, սակայն դա չի նշանակում, թե նրանք ընդդիմադիր են, ուստի ՀԱԿ-ը միջոցների համար է կռվում, ոչ թե նպատակների։ Մարտի 17-ին նախատեսված ՀԱԿ-ի հանրահավաքի առնչությամբ էլ ընդգծեց. «Ժողովուրդը պետք է շատ ուշադիր լինի, քանի որ նույն թիմն է առաջնորդում, որն էլի կփորձի, ցայտնոտի մեջ ընկած, իր վերջին շանսն օգտագործել` ի վնաս ժողովրդի։ Ընդհանուր գաղափարն այն է, որ միջադեպ լինի, որպեսզի երկիրը խառնվի»։
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի վերջին հայտարարությունների կապակցությամբ ևս Գալուստ Սահակյանն իր տեսակետը հայտնեց։ Հիշեցնենք, որ դեսպանը կարևորել էր քաղաքացիական հասարակության ակտիվացման անհրաժեշտությունը։ «Վերաբերմունքի խնդիր է, յուրաքանչյուր պետություն կարող է ինչ-որ կարծիք ունենալ»,- շեշտեց քաղաքական գործիչը։ Ժամանակին Ղրղզստանում որպես դեսպան պաշտոնավարած Յովանովիչի հայտարարությունները, նրա կարծիքով, Հայաստանի ներքին գործերին խառնվելու փորձ չեն, հետո՞ ինչ, որ այդ երկրում գունավոր հեղափոխություն եղավ. «Հայերը գույներ չունեն, մեկ տեսակի են և մեկ խնդիր ունեն աշխարհի առջև դրած։ Այնպես որ, չեմ կարծում, որ գունավոր հեղափոխությունների կոչ է անում ԱՄՆ-ի դեսպանը։ Այն, ինչ դեսպանն է ասում, մեր կողմից մերժելի գնահատականների է արժանի։ Չի կարելի ուղղվածություն տալ։ Իհարկե, ժողովրդավարությունը մեզ համար ընկալելի է, բայց ենթատեքստային ինչ-որ բնորոշումներ եղան, որոնք մեզ համար ընդունելի չեն»։
Խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգության» բոյկոտի մասով էլ ակումբի հյուրը նկատեց. «Ցանկացած քաղաքական ուժ իր հետևորդներն է ունենում, այսինքն` ժառանգորդները։ Չի կարելի մեկ այստեղ հարվածել, մեկ` այնտեղ։ Նստած ես խորհրդարանում, մեկ էլ հանկարծահաս վեր են կենում, վիրավորված եսիմ ինչ են անում, մտածում են իրենց մանդատներն ուտել, քայլել առաջ, հետո գնում են միտինգի։ Արժանապատիվ չէ, որ կուսակցությունը գնում է միտինգի ու ձայն չի հանում, խոսք չի ասում, այսինքն` որոնողական քայլերի տրամաբանությամբ են շարժվում»։ Ինչ վերաբերում է բոյկոտին, Սահակյանը փաստեց, որ ժամանակին բոյկոտ հայտարարողները շատ բան կորցրին։ «Չի կարելի քաղաքական կարևոր զինանոցը` ԱԺ ամբիոնը, թողնել ու հպարտանալ, թե ազգի համար ես մտածում, ու գնաս, փողոցում կանգնես։ Մարդիկ ուզում են փողոցից գալ, իշխանություն վերցնել։ Չեմ կարծում, որ նրանք այնքան սահմանափակ են, որ գնան փողոց, որպեսզի նոր գան իշխանություն վերցնեն»։ «Ժառանգության» պատգամավորների հետ տեղի ունեցած երեկվա միջադեպի առնչությամբ էլ Գալուստ Սահակյանը նախ նկատեց, որ ցավալի է, որ պատգամավոր են ծեծում, իսկ ոստիկանների գործողությունների առնչությամբ էլ սրամտորեն նշեց. «Սրանից հետո այնպես անենք, որ ոստիկանությո՞ւնը պառկի գետնին, իրենք էլ մեջքի վրայով քայլե՞ն»։
Չշրջանցվեց նաև առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որից Գալուստ Սահակյանն ակնկալում է մի փաստաթղթի ստորագրում, որտեղ ամրագրված կլինեն ուժի կիրառման բացառումը, իսկ այդ պահանջը շրջանցելու դեպքում էլ` ձեռնարկվող պատժամիջոցները։ «Այս դեպքում ալիևյան կլանը շատ հանգիստ կնստի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց բանախոսը` չբացառելով, որ հանդիպումից հետո Ադրբեջանը վերստին կսկսի ռազմատենչ հայտարարություններ անել, որոնք արդեն ծիծաղելի են դառնում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ