ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ռուս-ադրբեջանական հարաբերություններն ու էներգետիկ հիմնախնդիրը

Ռուս-ադրբեջանական հարաբերություններն ու էներգետիկ հիմնախնդիրը
11.08.2009 | 00:00

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ
Է
ներգետիկ թեման հայտնվել է բոլոր այն քաղաքական արշավների կենտրոնում, որոնք ուղղված են Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելուն։ Այդ նպատակով օգտագործվում են Եվրամիության և ԱՄՆ-ի կոնգրեսի բեմահարթակները, գործնականում բոլոր համաշխարհային ԶԼՄ-ները։ Միաժամանակ, բոլորովին էլ ոչ ԱՊՀ անդամ երկրների շահերն են դարձել այդ քաղաքականության գործոն, այլ Արևմուտքի տնտեսապես զարգացած պետությունների էներգետիկ անվտանգության հիմնախնդիրները։ Արևմտյան ընկերությունները կորցրել են վերահսկողություններն ու հեռանկարները Ռուսաստանի տարածքում իրականացվող երեք խոշոր էներգետիկ նախագծերի նկատմամբ, ինչը դարձել է Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի տարբեր պետությունների և Ռուսաստանի միջև հակադրության խորացման պատճառ։ Որպես «մատաղացու» զոհաբերվեց Վրաստանը, որի շահերը ԶԼՄ-ներում մեկնաբանվում են բացարձակապես ծաղրանկարային ձևով։ Նախկինում փորձ արվեց առավելագույնս քաղաքականացնել ՈՒկրաինայի ու Ռուսաստանի միջև գազային կոնֆլիկտը, ներկայումս շփոթվածություն է նկատվում «բելառուսական» իրադարձությունների հետ կապված, որովհետև դրանք արդեն ոչ մի կերպ չեն տեղավորվում հակառուսական քարոզչության ավանդական սխեմաների մեջ։
Ի՞նչ է իրականում տեղի ունենում համաշխարհային էներգետիկ խաղում։ Իրականում ստեղծվել է կարծես պարադոքսալ իրավիճակ, երբ արևմտյան հանրությունը փորձում է ռուսական շուկայական պրագմատիզմի անհամարձակ փորձերը ներկայացնել իբրև քաղաքական ինտրիգ։ Ռուսական արտաքին շահերի ապաքաղաքականացումը զրկում է Արևմուտքին Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու հզոր լծակներից, կասկածի տակ դնում ռուսական քաղաքական ղեկավարության կողմից շուկայական հետաքրքրությունների սահմանափակման փաստը, համադրում է Ռուսաստանի շահերը արևմտյան հանրության շատ սովորական տնտեսական շահերի հետ։ Խորհրդային գաղափարաքաղաքական համակարգի փլուզումից հետո պարզվեց, որ ռուսական հասարակությունը չկարողացավ առաջարկել արագ և արդյունավետ լուծումներ այլընտրանքի առումով, և մի շարք քաղաքական պատահարներից ու սկանդալներից հետո ձևավորվել է մի թիմ, որը այսպես թե այնպես, հենվում է նավթի, գազի, ալյումինի, ոսկու, էլեկտրաէներգիայի, անտառային և ձկնարդյունաբերության, ինչպես նաև պաշտպանական ոլորտում գործող ազգային ու մասնավոր ընկերությունների վրա, քանի որ այդ ոլորտներն են կազմում ռուսական տնտեսության ու արտահանման հիմքը։ Այդ ընկերությունները բավական հզոր են, որպեսզի խաղալիք չդառնան բյուրոկրատիայի ձեռքին, այլ ընդամենը ծառայություններ մատուցեն իշխանական խմբավորումներին։ Հիշյալ ընկերությունները հնարավորություն ունեն ստեղծելու և զարգացնելու տեղեկատվական, հետազոտական ու պաշտպանական ծառայություններ իրենց շահերի քաղաքական ծրագրավորման, լոբբինգի և իշխանության հետ հարաբերություններ հաստատելու համար, ինչն իրականացվում է ինտերակտիվ ռեժիմով։ Ըստ էության, Ռուսաստանում ստեղծվել է որոշակի վերկորպորատիվ կազմակերպական կառույց, որն արտաքին և ներքին շուկաներում հանդես է գալիս իր միանգամայն օրինական շահերով և շատ կողմերով անտեսում հակառակորդների, գործընկերների և նույնիսկ Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների շահերն ու բարդ տնտեսական վիճակը։ Ռուսաստանում ինչ-որ չափով ձևավորվել են նաև ազգային շահերը, որոնք այս փուլում մասամբ դրսևորվում են որպես առանձին ընկերությունների հետաքրքրություններ։ Առայժմ Ռուսաստանի տնտեսության լոկոմոտիվը հումքային և ռազմարդյունաբերական ոլորտներն են, երկրի գեոտնտեսական շահերը որոշիչ են լինելու արտաքին քաղաքականության համար, քանի որ էներգառեսուրսների որոնումը դարձել է առաջնային ԱՄՆ-ի և այլ տնտեսապես առաջատար երկրների համար։
Միաժամանակ, այս իրողությունները Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ տրանսֆորմացվել են ավելի լայն հասկացության, որ կոչվում է արտաքին հարաբերություններ և կարող է հանգեցնել ռազմավարական առաջնահերթությունների վերանայման, նոր գործընկերների ու դաշնակիցների ձեռքբերման, ինչպես նաև հարաբերությունների ամրապնդման ավանդական դաշնակիցների հետ։ Ռուսաստանը, անկասկած, զգալի շահեր ունի` կապված Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որոնք կարող են դառնալ և ինչ-որ չափով արդեն իսկ դարձել են Ռուսաստանի էներգետիկ ու տնտեսական գործընկերներ։ Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Մոսկվայում ակտիվորեն ձևավորվում է նաև էթնոքաղաքական լոբբինգը, սակայն, Թուրքիայից ու Ադրբեջանից բացի, Ռուսաստանն ունի բազմաթիվ գործընկերներ Արևմտյան Եվրոպայից մինչև Ճապոնիա, և հազիվ թե Թուրքիան ու Ադրբեջանն ինչ-որ բացառիկ տեղ գրավեն Ռուսաստանի էներգետիկ ու տնտեսական քաղաքականության մեջ։ Ինչպես հայտնի է, Ռուսաստան-Թուրքիա տրանսսևծովյան «Երկնագույն հոսք» գազամուղի հետ կապված տեղի ունեցավ սկանդալ գազի դիմաց չվճարումների առնչությամբ, և այդ խնդիրը մինչև օրս էլ լուծում չի ստացել։ Ադրբեջանի նկատմամբ էլ Ռուսաստանն առաջնորդվելու է առաջին հերթին իր նեղ շահերով։ Թուրքիան էներգակիրներ ներկրող երկիր է, իսկ Ադրբեջանը` նավթ ու գազ արտահանող, և նրա շահերը, համագործակցության արտաքին ուղղություններն ու էներգակիրների բաշխման կոնֆիգուրացիան տարածաշրջանում բավական կոշտ ձևով որոշակիացված են։ Կովկասյան-Կասպիական տարածաշրջանի էներգետիկ կոմունիկացիաների համակարգն ընդհանուր առմամբ ձևավորված է ու ավարտուն, մնացել է միայն չինական ուղղությունը, որտեղ կարող են նորություններ լինել։ Տարածաշրջանում էներգակիրների տեղափոխման ուղիների հետագա դիվերսիֆիկացիայի համար ռեսուրսներ ուղղակի չկան։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա ձգտումը` դառնալու էներգետիկ-տրանզիտային պետություն, թույլ չի տա նրան մտնել հակադրության մեջ էներգակիրների, ամենից առաջ գազ մատակարարող երկրների հետ։ Համարժեք պրագմատիզմը տեսանելի է նաև ռազմատեխնիկական ոլորտում։ Տեղեկատվությունն այն մասին, որ հնարավոր է Ռուսաստանի կողմից Թուրքիային, Հունաստանին ու Կիպրոսին S-300 ու S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը, խոսում է ոչ թե Մոսկվայի կողմից Էգեյան ծովում հավասարակշռությունն ապահովելու ցանկության մասին, այլ զենքի շուկաները գրավելու։ Ընդ որում, Ռուսաստանն այս ոլորտում հավանաբար փորձելու է վերացնել բոլոր հնարավոր սահմանափակումները, որոնք առայսօր գոյություն ունեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու այլ պետությունների ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների համար։
Նախկինում Ադրբեջանն ինքը կարիք ուներ բնական գազ ներկրելու, որպեսզի օպտիմալացներ ենթարկի իր տնտեսական կապերը և եկամուտների ստացումը։ Սակայն Ադրբեջանի խնդիրները Ռուսաստանի հետ կապված` դրանով չէին սպառվում։ Ներկայումս իրավիճակը կրկին վերախաղարկվել է, և Ռուսաստանն առաջարկում է Ադրբեջանին ձեռք բերել նրա գազի բոլոր պաշարները` «Նաբուկո» մայրցամաքային գազամուղի կառուցումը թույլ չտալու համար, որը, անկասկած, խիստ նվազեցնելու է Ռուսաստանի դերն իբրև Եվրոպային առաջատար գազամատակարարողի։ Ի դեպ, անհասկանալի է մնում, թե կոնկրետ ինչ ռեսուրսներ են ուզում ձեռք բերել ռուսները, քանի որ «Շահդենիզ-1» ծրագրով նախատեսված գազի պաշարները, ըստ էության, արդեն իսկ բաշխված են։ Այսինքն` 8,6 մլրդ խմ-ից 1,5 մլրդ-ն սպառելու է ինքը` Ադրբեջանը, 800 մլն խմ տրամադրվում է Վրաստանին և 6,1 մլրդ խմ` Թուրքիային։ Ըստ այդմ, մնում են միայն «Շահդենիզ-2» ծրագրով նախատեսված ռեսուրսները, սակայն այդ պաշարների չափը դեռևս որոշակիացված չէ։ Հավանաբար, խոսքը ոչ թե իրական ռեսուրսների մասին է, այլ Ադրբեջանի հետ գազային ոլորտում առաջնային համագործակցություն հաստատելու քաղաքական որոշման։ «Նաբուկոյի» հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումով է շատ կողմերով պայմանավորված լինելու նաև Թուրքմենստանի դիրքորոշումը, որը գազի հիմնական մատակարարն է այդ ծրագրով, եթե չհաշվենք Իրանը։ Սակայն Իրանի դիրքորոշումը, ինչպես նաև Թուրքիայի ու եվրոպական գործընկերների կարծիքն Իրանի հնարավոր մասնակցության հետ կապված, իբրև շատ մեծ ռեսուրսներ ունեցող մատակարարի, կարող է զրոյացնել ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքմենստանի նշանակությունը։ Այս հարցը դեռևս հեռու է վերջնական լուծումից ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի համար։ Այդ պատճառով էլ այս նախագծի շուրջ է ծավալվում ողջ գեոտնտեսական խաղը մեր տարածաշրջանում։ «Նաբուկոյի» հզորությունը տնտեսական տեսանկյունից նպատակահարմար է, եթե գազամուղի թողունակությունը տարեկան կազմի 25-30 մլրդ խմ, մինչդեռ Ադրբեջանը չի կարող ապահովել այդ պահանջարկի նույնիսկ 30 տոկոսը։ Ըստ այդմ, Ադրբեջանի դերակատարությունը գազի մատակարարման առումով կարող է ունենալ միայն նեղ տարածաշրջանային, բայց ոչ միջտարածաշրջանային նշանակություն։
Բաքուն ակնհայտորեն չափազանցում է իր «նոր» արտաքին քաղաքական հնարավորությունները և փորձում Մոսկվային սեղմել Ղարաբաղի հարցում։ Սակայն այդ հիմնախնդիրը բզբզելը, ընդ որում, երկկողմ կամ էլ եռակողմ հարաբերությունների ռեժիմում, Մոսկվայի համար համարժեք է Հարավային Կովկասից հեռանալուն։ Բաքվում միանգամից չհասկացան, որ ղարաբաղյան հիմնախնդիրը դարձել է մի «գոտի», ուր ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ինչպես նաև եվրոպական հանրության քաղաքականությունը պետք է միասնական լինի, ինչն էլ տեղի ունեցավ փոխադարձ անվստահության երկարատև փուլից հետո։ Թեպետ կասկածամտությունը դեռ պահպանվում է։ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի այցելությունները Բաքու և Իլհամ Ալիևի այցերը Բրյուսել ու Մոսկվա 2007 և 2008 թվականներին, հնարավորություն տվեցին ադրբեջանական ղեկավարությանը` վերաիմաստավորելու այն իրողությունները, որ գոյություն ունեին նախկինում։ Այժմ առկա է մեկ ֆունդամենտալ բանաձև. ԱՄՆ-ն ու Արևմուտքը, առհասարակ, Ադրբեջանին պարտական չեն նավթի դիմաց, Ադրբեջանն է պարտական արևմտյան հանրությանը, որովհետև ստանում է զգալի եկամուտներ։ Ռուսաստանը չի կարող չհետևել այդ նույն տրամաբանությանը, հակառակ դեպքում կհայտնվի խոցելի իրավիճակում։ Այսպիսով, Ադրբեջանն առայժմ ոչինչ չունի առաջարկելու Ռուսաստանին Ղարաբաղի փոխարեն, մանավանդ որ Ղարաբաղը համաշխարհային քաղաքականության առաջնորդներից ոչ մեկի գրպանում չէ։ Բացի այդ, էներգետիկ ու արտաքին քաղաքականությունն Ադրբեջանի պայմաններում կարող է արդյունավետ լինել միայն մեկ` շատ կարևոր պայմանով։ Էներգետիկ քաղաքականությունը, որպես արտաքին քաղաքականության ոլորտ, շատ ինքնաբավ է և վատ է արձագանքում այնպիսի դրսևորումներին, երբ արտահանող և ներկրող պետությունները սկսում են չարաշահել տնտեսական գործոնն իրենց արտաքին քաղաքական հավակնությունների բավարարման համար։ Ռուսաստանի այն տարածաշրջանների ղեկավարներն ու քաղաքական գործիչները, որոնք դարձել են կարևոր աշխարհաքաղաքական կետեր, կարող են հաստատել, թե որքան ծանր է եղել պայքարը կոմունիկացիաների, այդ թվում` գազամուղների կառուցման համար, որոնք ապահովում են այդ տարածաշրջանների կենսագործունեությունը։
Կարելի է բերել բազմաթիվ փաստարկներ։ 2008-ի ամռան վրացական իրադարձություններից հետո ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի այցը Բաքու նկատելիորեն բարձրացրեց Ադրբեջանի գինը Ռուսաստանի հետ երկխոսության մեջ, բայց, միաժամանակ, դարձավ կարևոր նախազգուշացում Իլհամ Ալիևի համար։ Ռուսաստանը, ոգևորված Վրաստանում իր կասկածելի հաջողությամբ, ավելի վճռական դարձավ արտաքին քաղաքականության մեջ, դիմեց ուղղակի գրոհի` աշխատելով արագընթաց կերպով լուծել ղարաբաղյան հարցը` հայերի բնակության տարածքի փաստացի ոչնչացման և Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու ճանապարհով, և դա արվում էր գազային հարցում Բաքվի լոյալ դիրքորոշման դիմաց։ Այդ կոպիտ արկածախնդրության պատճառները շատ են, ներառյալ Թուրքիայի խնդիրները, սակայն Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանն ընտրեց առավել «պարզ ու հեշտ» ուղի։ Այդ «ռուսական նախագծում» իբրև առաջնահերթություն էին դիտարկվում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական լոբբինգի խնդիրները։ Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի այցը Հարավային Կովկասի երկրներ, պետդեպարտամենտում Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի խնդիրներով զբաղվող Ռիչարդ Մորգինսթարի այցելությունը Բաքու ցույց տվեցին ԱՄՆ-ի քաղաքականության կայունությունն ու ժառանգականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային և էներգետիկ խնդիրներում` միաժամանակ անպատասխան թողնելով բազմաթիվ քաղաքական հարցեր։ ՈՒշադրության է արժանի այն, որ Հարավային Կովկասում էներգետիկ խնդիրների որոշակիացմանը զուգահեռ օդում ավելի ու ավելի կախված են մնում քաղաքական որոշումները, հատկապես Վրաստանի ու Ադրբեջանի պարագայում։ Էներգետիկ խնդիրների հաջող լուծումը չհանգեցրեց Վրաստանի ընդունմանը ՆԱՏՕ և Եվրամիություն, ինչպես նաև Ղարաբաղի հարցի լուծմանը։
2008-ի աշնանը Ռուսաստանը փորձեց հասնել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման` նպատակ ունենալով լուծել աշխարհաքաղաքական խնդիրներ, նոր հարաբերություններ կառուցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ինչը բերեց ռուսական քաղաքականության տապալման և լուրջ վնասի հայ-ռուսական հարաբերություններում։ Ռուսաստանն ակնհայտորեն թերագնահատեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բարդությունը, և արդյունքում ռուս-ադրբեջանական հարաբերություններն ավելի մեծ անորոշության մեջ են, քանի որ Բաքուն համոզվեց, որ Ռուսաստանը չի կարող նվիրել այն, ինչը վաղուց իրեն չի պատկանում, իսկ ԱՄՆ-ն ու եվրոպացիները չեն կարող ճանաչել ղարաբաղյան հիմնախնդրի տեղայնացված լուծման լեգիտիմությունը։ Նոյեմբերին Մոսկվայում ստորագրվեց որոշակի բանաձև, որը ոչնչով չի հակասում ԱՄՆ-ի շահերին և Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում չեն դառնում ավելի նախընտրելի։ Դմիտրի Մեդվեդևի «ձեռքից բռնեցին»` որպես մանր արկածախնդրի, ինչը հանգեցրեց ոչ միայն Ռուսաստանի դիրքերի թուլացման Ադրբեջանի հետ հարաբերություններում, այլև Հայաստանի։ Ռուսաստանը շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ այն հույսով, որ կիրագործի իր ավանտյուրիստական նախագիծը։ Սակայն քաղաքական վնասները չափազանց մեծ են, Ադրբեջանն առայժմ չունի Ռուսաստանի հետ պայմանավորվածության գալու որևէ հիմք, քանի որ նա ցույց տվեց ղարաբաղյան հարցը լուծելու իր անընդունակությունը։ Ընդգծենք, սակայն, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չկարողացավ նույնիսկ մոտավորապես օգտվել այդ իրավիճակից և ի ցույց դնել իր երկրի շահերն առնվազն ԱՄՆ-ի և եվրոպացիների հետ հարաբերություններում։
Վերոնշյալ էներգետիկ խաղի մեջ ակտիվ ընդգրկված է Չինաստանը, որը կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի և Իրանի գազի հիմնական սպառողը, եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չկարողանան հարաբերականորեն արագ լուծել ներդրումների, գազի արդյունահանման և տեղափոխման խնդիրներն արևմտյան ուղղությամբ։ Եվրոպացիները դեռ պետք է ընկալեն, թե ինչպես է հնարավոր ստանալ իրանական գազն ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ կամ նրա շահերն անտեսելով։ Եվ որքանո՞վ են ԱՄՆ-Թուրքիա ներկա հարաբերությունները նպաստում իրանական գազի արտահանմանը «Նաբուկոյով»։ Պրոբլեմներն ավելի քան բավարար են, բայց դրանցից հիմնականն այն է, թե ինչով լցնել այդ խողովակաշարը, որտեղից գտնել տարեկան 35 մլրդ խմ գազ։ Պարզ է մեկ բան. Արևմուտքը թույլ չի տա, որպեսզի Ռուսաստանը վերահսկի այս խողովակաշարը և փորձի գտնել ոչ միայն ներդրումային, այլև տեխնիկական լուծումներ։ ԱՄՆ-ի խնդիրը պակաս բարդ չէ` գազի արտահանումը դեպի Չինաստան թույլ չտալու առումով և, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը կհամաձայնի իրանական գազի մատակարարմանը Եվրոպա-Թուրքիա տարածքով։ Վերջին շաբաթներին Թուրքիան արտահայտում է իրանական գազի արդյունահանման և փոխադրման մեջ ներդրումներ կատարելու պատրաստակամություն, ինչը «Նաբուկոն» կդարձնի ավելի շահավետ։ Սակայն ԱՄՆ-ի համար ավելի նախընտրելի կլիներ իրանական գազի արտահանումը Հայաստան-Վրաստան-Սև ծով ուղղությամբ, ինչը հղի է քաղաքական պրոբլեմներով։ Իրանական գազի տեղափոխումից բացի, գոյություն ունի նաև Կատարի և Իրաքի պաշարների արտահանման խնդիրը` դարձյալ Թուրքիայի տարածքով։ Այդ իմաստով Թուրքիայի շահերը սկսում են ակնհայտորեն հակադրվել Ադրբեջանին։ Կան նախանշաններ, որ ԱՄՆ-ն այնքան էլ չի շտապում այս հարցի լուծման ուղղությամբ և չի պնդում կոնկրետ որևէ տարբերակի վրա։
Բացի այդ, Ռուսաստանը պահպանում է Թուրքմենստանի գազային ռեսուրսները վերահսկելու մեծ հնարավորությունները, ինչն անիմաստ է դարձնում ադրբեջանական գազի օգտագործումն այս նախագծում։ Կան սպասումներ, որ Ռուսաստանը, այսպես թե այնպես, կարող է անտարբերություն ցուցաբերել «Նաբուկոյի» հետ կապված, և արդյունքում ղարաբաղյան թեմայով «ռուսական նախագիծը» կկորցնի իր գեոտնտեսական հիմնավորումը։ 2009-ի հուլիսին Ռուսաստանի նախագահի այցելությունը Բաքու ուներ բացառապես «գազային» նշանակություն, թեպետ փորձ արվեց ցույց տալ, թե քննարկվել է նաև Ղարաբաղի հարցը։ Այցը, ինչպես Ռուսաստանի նախորդ նախագահների այցերը, տապալվեց, որովհետև ադրբեջանական գազի բոլոր ռեսուրսներից Ռուսաստանին բաժին հասավ միայն 500 մլն խմ, այն էլ` եվրոպական գներով։ Բացի այդ, ակնհայտ դարձավ, որ ղարաբաղյան հիմնախնդիրն ընդհանրապես չի քննարկվել։ Միգուցե Մոսկվայում հասկացան, որ Ադրբեջանն ավելի ամուր է կապված արևմտյան հանրության հետ, քան դա թվում է մոսկովյան «գազավիկ» քաղաքական գործիչներին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ