ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ «ԴՐԱԽՏԻ» ԴՌՆԵՐԸ ՌՈՒՍՆԵՐԻ ՔԹԻ ՏԱԿ ԿՐԿԻՆ ՓԱԿՎԵՑԻՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ «ԴՐԱԽՏԻ» ԴՌՆԵՐԸ ՌՈՒՍՆԵՐԻ ՔԹԻ ՏԱԿ ԿՐԿԻՆ ՓԱԿՎԵՑԻՆ
10.11.2009 | 00:00

«Օպել» նշանավոր ավտոմոբիլային ֆիրմայի վաճառքը չեղյալ հայտարարելու մասին որոշումը ոչ միայն համաշխարհային ԶԼՄ-ների լուսաբանման թիվ մեկ թեման է, այլև քննարկման առարկա է դարձել քաղաքական ամենաբարձր մակարդակներում։ Փորձագետներն այս կապակցությամբ առաջ են քաշում քաղաքական, տնտեսական և նույնիսկ աշխարհաքաղաքական նոր կանխատեսումներ։ Անցած շաբաթվա իրադարձություններն առարկայորեն ցույց տվեցին, թե ինչպես են փլուզվում ռուսական կառավարության հերթական հավակնոտ ծրագրերը` արևմտյան տնտեսությանն ինտեգրվելու առումով։
Դետրոյտի մեծ եռյակը, որը ներառում է «Ջեներալ մոթորս», «Ֆորդ» և «Քրայսլեր» ավտոմոբիլային կոնցեռնները, հենց այնպես չէր կարող թույլ տալ, որ իրեն դուրս մղեն համաշխարհային ավտոմոբիլային տնտեսության առաջատար դիրքերից։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ «Օպելի» բաժնետոմսերի մեծ մասն իր ձեռքում պահող «Ջեներալ մոթորսն» ինքնին ԱՄՆ-ի տնտեսական հզորության խորհրդանիշն է։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը «Օպելի» ձեռքբերմամբ մտադիր էր հասնել տեխնոլոգիական ճեղքման։ Գործարքի տապալումն ինքնին վկայում է, որ համաշխարհային քաղաքականությունն ու տնտեսությունն առավել քան երբևէ սերտաճած են, և այդ դաշտում հնարավոր չէ խաղալ հաստատված խաղի կանոններից դուրս։ Ի սկզբանե, երբ ի հայտ եկավ «Օպելի» վաճառքի պլանը, փորձագետները նշում էին, որ այս գործարքում քաղաքական շահագրգռությունների առկայությունն ակնհայտ է։
Այն ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գտնվելով ընտրությունների նախաշեմին և շահագրգռված լինելով ռուսական ներդրումներով, որոնք նրա նախընտրական ծրագրի կարևոր կետերից էին, «Ջեներալ մոթորսին» սոցիալական վարկ տրամադրեց` աշխատատեղերը պահպանելու և ձեռնարկությունը վերակազմավորելու նպատակով։ «Ջեներալ մոթորսը» սկզբունքային համաձայնություն տվեց, որ գերմանացիների միջնորդությամբ ռուսական կողմին կվաճառի «Օպելի» բաժնետոմսերի 55 տոկոսը։ Արդյունքում ստացվեց 475 մլն դոլարի վարկ, որը նախատեսված էր ներդնել ձեռնարկությունում։ Գերմանիայի կառավարությունն իր հերթին 1,5 մլրդ եվրոյի վարկ տրամադրեց` «Օպելի» վաճառքի գործարքը հաջողությամբ ավարտելու համար։
Եվ այստեղից էլ սկսվեցին ամենահետաքրքիր զարգացումները։ Արդեն այս տարվա հոկտեմբերի կեսին մրցակցության հարցերով Եվրամիության կոմիսար Նելլի Կրեսը հրապարակավ հայտարարեց, թե կասկածներ ունի, որ Գերմանիան, «Օպելի» գործարքը նախաձեռնելով, խախտել է հակամենաշնորհային օրենսդրությունը, և գործարքի մասնակից կողմերից պահանջեց ապացուցել, որ այն կնքվում է բացառապես կոմերցիոն նկատառումներից ելնելով (մանավանդ որ գերմանական կողմը հայտարարում էր, թե պետական երաշխիքներ կտրամադրվեն «Օպելին» միայն այն դեպքում, եթե բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթն անցնի ռուսական կողմին, այսինքն` «Խնայբանկին» և «Մագնա» ռուս-կանադական ընկերությանը)։ Եվրոպական հանձնաժողովն իր հերթին որոշեց ստուգումներ անցկացնել գործարքի կնքման հետ կապված, խոստանալով, որ բոլոր դեպքերում «Օպելի» ճակատագիրը կորոշվի մինչև հոկտեմբերի 27-ը։ Այս անգամ արդեն գերմանական նոր կառավարությունը, Եվրոպական հանձնաժողովի ակտիվությունից անհանգստացած, փորձեց հավաստիացնել, որ գործարքը վերանայելու տարբերակը, այնուհանդերձ, չի բացառվում, եթե Եվրամիության համապատասխան կառույցները համարեն, որ տեղի է ունեցել հակամենաշնորհային օրենսդրության խախտում։ Դիրկ Պֆայլը, որը Գերմանիայի ազատ ժողովրդավարների կուսակցության ներկայացուցիչ է, միաժամանակ` «Օպելի» ժամանակավոր կառավարման խորհրդի անդամ, այդ օրերին հանդես եկավ հարցազրույցով ու չբացառեց, որ «որոշման հնարավոր վերանայման արդյունքում «Օպելն» ամբողջությամբ կմնա «Ջեներալ մոթորսի» կազմում»։
Ինչ վերաբերում է այս կապակցությամբ ռուսական դաշտում ընթացող զարգացումներին, ապա «Խնայբանկն» «Օպելի» գործարքի հետ կապված պատրաստվում էր ընկերության բաժնետոմսերի 27,5 տոկոսը ձեռք բերելուց հետո այն կրկին վաճառել ռուսական «Գազ» ընկերությունների խմբին, որի սեփականատերն այսօր ռուսական օլիգարխ Օլեգ Դերիպասկան է։ Վերջինս իր հերթին չէր բացառում, որ որոշակի «քաղաքական կամքի արտահայտման» դեպքում բաժնետոմսերի այդ մասը կհանձնի ռուս այլ արդյունաբերողների։ Հավելենք նաև, որ Դերիպասկան 1,5 մլրդ դոլարով 2007-ին ձեռք բերեց «Մագնա» կանադական ընկերության բաժնետոմսերի 42 տոկոսը, իսկ այդ ընկերությունը «Խնայբանկի» հետ «Օպելը» գնելու հիմնական հավակնորդն էր։ Ավելացնենք, որ Դերիպասկայի դիրքերը Ռուսաստանում խիստ խարխլվել են, չնայած ժամանակին նա համարվում էր երկրի ամենահարուստ մարդը։ Դեռևս ամռանը միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ Ռուսաստանի վարչապետը նրան իր «տեղը ցույց տվեց», իսկ այս տարվա հոկտեմբերին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Դերիպասկան երկու անգամ այցելել է ԱՄՆ` ՀՖԲ-ի հովանավորությամբ։ Մինչդեռ նախկինում նրա մուտքը Միացյալ Նահանգներ արգելված էր, քանի որ ամերիկացիները ռուսաստանյան միլիարդատիրոջը կասկածում էին հանցավոր աշխարհի հետ ունեցած կապերի մեջ։ Ամերիկյան վարչակազմի աղբյուրների պնդմամբ` ռուսաստանյան ալյումինի մագնատն ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել քննչական մարմինների հետ` մի քրեական գործի հետաքննության շրջանակներում։ Միաժամանակ Դերիպասկան հանդիպել էր ամերիկյան բանկերի բարձրաստիճան ներկայացուցիչներին և այցելել Դետրոյտ, որպեսզի «Ջեներալ մոթորսի» ղեկավարության հետ քննարկի «Օպելի» վերջնական վաճառքի պայմանները։
Սակայն տարեվերջին բանակցությունների ընթացքը 180 աստիճանով շուռ եկավ։ Նախօրոք պայմանավորված էր, որ «Օպելում» առկա տեխնոլոգիաները և այն ամենը, ինչ կներդրվի ապագայում, մնալու են ամերիկացիների վերահսկողության ներքո, նրանք կշարունակեն իրականացնել ընկերության մարքեթինգն ու իրացման քաղաքականությունը և մեքենաների վաճառքից կունենան ընդհանուր շրջանառության 3-5 տոկոսը։ Միաժամանակ կար պայմանավորվածություն, որ եթե հետագայում «Խնայբանկը» և «Մագնա» ընկերությունը որոշեն վերավաճառել «Օպելի» բաժնետոմսերը, «Ջեներալ մոթորսը» կունենա դրանք հետ գնելու առաջնային իրավունք։ Եվ, չնայած այն իրողությանը, որ ռուս փորձագետներն սկսեցին մեկը մյուսի հետևից հայտարարել, թե այդ պայմաններով իրենց ոչ մի «Օպել» պետք չէ, Ռուսաստանի իշխանությունները չէին կորցնում գործարքն ավարտին հասցնելու հույսը, իսկ դրա շուրջ ծավալվող քարոզչությունը ԶԼՄ-ներով չէր դադարում։
Եվ ահա «Ջեներալ մոթորս» կոնցեռնը, որի բաժնետոմսերի 60,8 տոկոսը պատկանում է ԱՄՆ-ի կառավարությանը, փոշմանել է և չի ցանկանում բաժանվել քույր ձեռնարկություն համարվող «Օպել» ընկերությունից, իսկ միտքը փոխելու պատճառաբանությունն էլ այն է, թե «Եվրոպայում սկսվել է գործարար մթնոլորտի աշխուժացում»։ «Ջեներալ մոթորսը» մտադիր է անցկացնել «Օպել» ընկերության ծախսերի ամբողջական վերակառուցում` 3 մլրդ դոլարի շրջանակներում։ Եվրոպական արհմիությունները գործարքի տապալմանը, ինչպես և սպասելի էր, արձագանքեցին արագ ու զայրույթով։ Գերմանիայում գործադուլներ են, իսկ կանցլեր Անգելա Մերկելը հասկացրեց, որ ամերիկյան կողմի այս քայլն անսպասելի էր ու մտահոգիչ, և «կառավարությունը կստիպի «Ջեներալ մոթորսին» հնարավորինս արագ ներկայացնել վերակառուցման իր նոր ծրագիրը»։ Ամերիկացիներին այս պահանջը խուճապի չմատնեց, և, ինչպես հայտարարեց «Օպելի» ներկայիս ղեկավարներից մեկը, «եթե նրանց դուր էր գալիս «Մագնա» ընկերության առաջ քաշած վերակառուցման ծրագիրը, ապա դուր կգա և մերը, քանի որ դրանք միմյանց շատ նման են»։ Ընդ որում, «Ջեներալ մոթորսը» պատրաստ է պաշտոնական Բեռլինին որոշակի զիջումներ անել, մասնավորապես պահպանել «Օպելի» գործարաններից մեկը, որը գտնվում է գերմանական Բոխում քաղաքում։ Սակայն ամերիկացիները հաստատակամ են բելգիական Անտվերպենում գտնվող «Օպելի» գործարանը փակելու իրենց որոշման մեջ, ավելին, հնարավոր է` նույն ճակատագրին արժանանա գերմանական Այզենախում գտնվող գործարանը ևս։
Բոլոր այս պարզաբանումներից հետո Գերմանիայի կանցլերի մտահոգությունները, կարծես, փարատվեցին, և նա հավաստիացրեց ԱՄՆ-ի նախագահին, թե պատրաստ է համակարգել գործողությունները «Օպել» ընկերության հետագա ճակատագրի հետ կապված։ Ավելին, գերմանական կողմը ողջունեց ամերիկացիների այն մտադրությունը, որ «Օպելի» եվրոպական ստորաբաժանումը կսկսի ղեկավարել գերմանացի մենեջերներից մեկը։ Այս որոշմանը միանգամայն դրական արձագանքեցին նաև Մեծ Բրիտանիան և Լեհաստանը, որոնց տարածքում նույնպես կան «Օպել» ընկերությանը պատկանող գործարաններ, և հույս հայտնեցին, որ «Ջեներալ մոթորսն» ավելի հեշտությամբ կկարողանա փրկել «Օպելն» աղետից, քան դա կաներ ռուսական կոնսորցիումը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Դետրոյտում կայացված որոշումը պարզապես սառը ցնցուղ էր գործարքով ոգևորված ռուսական իշխանությունների և բիզնեսի համար։ Եվ եթե Եվրոպայում որևէ մեկը կասկածի չի ենթարկում ամերիկացիների որոշում կայացնելու իրավասությունը, ապա ռուսներն արդեն իսկ սկսել են խոսել այն մասին, թե գործարքից հրաժարվելով` ամերիկացիները «կորցրին իրենց դեմքը», վստահությունն իրենց և դոլարի նկատմամբ, աշխարհին ապացուցեցին, թե իրենք պատրաստ չեն բոլորի հետ ընդհանուր խաղի կանոններով խաղալու և այլն։ Պակաս զգացմունքային չէին ռուսական իշխանության դաշտից հնչող գնահատականները։ Սկզբում վարչապետ Վլադիմիր Պուտինը հարկ համարեց նկատել, որ «Ջեներալ մոթորսի» որոշումը վկայում է «ամերիկյան գործընկերների շփման յուրօրինակ մշակույթի մասին` իրենց կոնտրագենտների հետ», հետո հուսախաբություն հայտնեց և վերջում պարզապես արձանագրեց` չեն ուզում, պետք չէ։ «Ռուսական ավտոմոբիլային արդյունաբերությունն ունի զարգացման սեփական հեռանկարները»` հայտարարեց Ռուսաստանի վարչապետը, կարգադրելով փակել «Ավտովազ» ընկերության 38 մլրդ ռուբլու պարտքերը բյուջետային միջոցների հաշվին։ Բայց, դրանից զատ, նաև գումարներ են պետք այդ նույն «Ավտովազը» զարգացնելու համար։
Ռուսական կողմի հիասթափությունը բնական է և հասկանալի։ Չնայած «ֆոնը պահելու» փորձերին, պարզ է, որ «Օպելի» ձեռքբերումը Ռուսաստանի համար իրապես կարող էր դառնալ իսկապես ճեղքում։ Դա հույս էր ձեռք բերելու նոր տեխնոլոգիաներ, դրանց բազայի վրա ստեղծելու ինչ-որ նոր բան, ճանաչված «բրենդի» միջոցով, առանց մեծ ջանքերի, մտնելու շուկա նոր արտադրատեսակներով։ Այս կապակցությամբ անհնար է չվերհիշել մեկ հանգամանք ևս, որն այսօր, կարծես, ավանդույթ է դարձել։ 2006-ին ճիշտ այդպիսի տհաճ իրավիճակում հայտնվեց ռուսական կողմը, երբ պետք է կնքվեր «Սևերստալ» մետալուրգիական ձեռնարկության և Լյուքսեմբուրգի նշանավոր Arcelor ընկերության միավորման պայմանագիրը։ Այն ժամանակ վերջին պահին Arcelor-ը վաճառվեց հնդկական ընկերություններից մեկին։ 2007-ին Ռուսաստանը փորձեց մեծացնել իր մասնակցության չափը և համապատասխանաբար մասնաբաժինը Airbus ֆրանսիական օդատիեզերական կոնցեռնում և ստացավ մերժում։ Զուգահեռաբար անցած տարիներին քանիցս տապալվեցին մի շարք եվրոպական երկրների գազամատակարարման համակարգերը որպես սեփականություն ձեռք բերելու «Գազպրոմի» փորձերը։ Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ ռուսներին խոշոր եվրոպական բիզնեսի դաշտ չթողնելու քաղաքականությունը սովորական բան է դարձել Արևմուտքի համար։ «Օպելի» գործարքի տապալումից հետո, կարծես, հասկանալի են դառնում այն խաղի կանոնները, որ Արևմուտքն առաջարկում է Մոսկվային։ Այն է` Ռուսաստանին վերապահված է էներգակիրների և հումքի անխափան մատակարարի և արևմտյան արտադրատեսակների գնորդի դեր, բայց ոչ երբեք բաժնեմաս` խոշոր եվրոպական բիզնեսում։ Մանավանդ որ անհնար է տնտեսական ճգնաժամի մեջքին նստած մտնել տեխնոլոգիական «դրախտ»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1638

Մեկնաբանություններ