Նոր վիբրացիաների մեջ հայտնված աշխարհը գամված է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությանը: Հազար ու մի պատճառով: Քաղաքական: Կոնյունկտուրային: Սոցիալական:
Կյանքն առաջ է շարժվում, ու տարածաշրջանի, Հայաստանի նկատմամբ ուշադրությունը նկատելի է բոլոր ոլորտներում: Շատ բարձրագոչ չհնչի, այնուհանդերձ, անհամեմատելի են աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված երկու երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի, այդ, ինչպես և մյուս ցուցիչները, որոնք իրականում լինելով անբավարար, սակայն համեմատության մեջ բացառապես Հայաստանի օգտին են։
Ասենք՝ միտինգների ազատության մակարդակը մեզանում ու Ադրբեջանում: Նույնը՝ նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: ՈՒր Հայաստանը դժվար, դանդաղ առաջ է գնում:
Ասենք միանգամից՝ ՎՊ վերջին տարիների գործունեությունն էականորեն փոխեց մեր երկրի դեմքը` կոռուպցիայի դեմ պայքարի մասով: Ոլորտում նոր մշակույթի ծիլեր սկսեցին սաղմնավորվել: Եվ արդեն շատ բան օրինաչափորեն սովորական է դարձել (չնայած՝ առաջին հացը միշտ կուտ է գնում չափաբանությունը հիշելով՝ պետք է նկատենք, որ տարբեր մակարդակներում առկա էր և դեռ առկա է ՎՊ-ի նկատմամբ բավականին սուր դիմադրողականություն). ՎՊ-ն եթե չկարողացավ անել ամեն բան, ապա տեղաշարժ, հաստատ, ապահովեց:
Վերջինիս բացահայտումներին սպասում էին և ե՛ն բոլորը: Ընդ որում, դրանք լոկ աղմկահարույց չեն, այլ և այլևս՝ կոնկրետություն ապահովող գործընթացներ են, առաջին ցցուն ծիծեռնակն էլ համարենք կենսաթոշակային ոլորտում տեղի ունեցողը, որն էլ ոչ միայն ոլորտային բարեփոխումների լայնածավալ ստարտի ազդակ դարձավ, այլև լուծեց մի շարք, այդ թվում և` կադրային հարցեր:
Սակայն երկու հանգամանք նույնիսկ ՎՊ-ին «դիմադրողների», «կեղտ բռնողների», «օրենսդրական խաղեր» տվողների համար աներկբա է.
ա) ՎՊ հաշվետվությունների շնորհիվ բյուջե վերադարձվեցին միլիոնավոր «կորսված» գումարներ:
բ) Հոգեբանական տեղաշարժ կատարվեց բոլոր մակարդակներում` թե՛ չինովնիկական, թե՛ հասարակական, թե՛ նյութական, թե՛ սոցիալական…
Բավարար համարել կատարվածը, անշուշտ, չի կարելի, բայց մի տեղից պե՞տք էր սկսել: ՎՊ-ն սկսեց:
Նույն «դիմադրողները», անշուշտ, կարող են թուլանալ ու հաճույք ստանալ (իմա՝ չդիմադրել) նաև մեկ այլ առիթով. ՎՊ գործունեությամբ նոր` դրական փոփոխություններ արձանագրվեցին (որքան էլ տարօրինակ) նաև «արտքաղաքական» վեկտորում:
Ընդ որում, ՎՊ-ի գործունեությանն անդրադառնալու այսօրվա պատճառը հենց դա էր, երբ «թերթում» էինք ՎՊ վեբկայքը, հետաքրքիր «դիպվածի» ականատես եղանք. միայն վերջին ամսվա պարզ քրոնոլոգիան ավելին էր ասում, քան ցանկացած այլ փաստ։
Ապրիլի 13-14-ին Ֆինլանդիայում կայացած Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) Ազգային առանցքային ցուցանիշների 4-րդ նիստում ՀՀ ՎՊ-ն դարձել է հանձնաժողովի 22-րդ լիիրավ անդամ:
Բավական է նշել, որ այս հանձնաժողովի լիիրավ անդամներն են եվրոպական տնտեսապես հզոր, կայացած երկրները, իսկ ԱՊՀ հատվածի մասով՝ ՈՒկրաինան ու Ղազախստանը (ԱՊՀ-ից այս երկուսն են ընդամենը), մեկ էլ՝ Հայաստանը:
Ապրիլի 11. տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստ: «Քընընել» են երևանյան սլավոնական համալսարանին: Առաջիկայում առավել նուրբ խնդիր է «քընընվելու». ՎՏԲ բանկի հայաստանյան մասնաճյուղը, ուր համատեղ վերահսկողություն կիրականացվի: Սա, ի դեպ, այն բանկն է, որն այս օրերին հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում. օրերս բանկն «իր տակ» առավ «Մոսկվա» ոչ անհայտ բանկի ակտիվները («Մոսկվան» «լուժկովյան բանկ» է):
Հա, ի դեպ, եթե հայաստանյան ՎՊ-ն արդեն քանի տարի սառը ցնցուղ է դարձել հայաստանյան մի շարք գերատեսչությունների ու կառույցների գլխին, ապա նման «տոտալ» համաքայլի ՌԴ-ում ականատես եղանք ընդամենը վերջերս, վերը նշված «Մոսկվա» բանկի հաշվով :
ՎՊ նախագահն ու պատվիրակությունն օրեր առաջ՝ մարտի 29-ին, մասնակցել են Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկած Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական և արաբական կազմակերպությունների 3-րդ համագումարի աշխատանքներին, ուր 45 բարձրագույն վերահսկիչ մարմիններ քննարկել են տնտեսական, սոցիալական բնույթի տարածաշրջանային և ազգային մարտահրավերների վիճակը: Իշխան Զաքարյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Իսպանիայի, ՌԴ-ի, Ղազախստանի, Վրաստանի, Թուրքիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների վերահսկիչ մարմինների ղեկավարների հետ:
Բա ո՜նց. դրանից առաջ էլ Երևանն էր հավաքել բոլորին: Դե, չէ, ոչ արաբական երկրներին (թե չէ հաստատ կասեին՝ արաբական հեղափոխություններն էլ մեր ձեռքի գործն են). հիշենք, աշնանը Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների տասներորդ հոբելյանական նիստը: Արաբական աշխարհից չկային, սակայն Եվրոպայից կային:
Շարունակելով մեկամսյա քրոնոլոգիան, արձանագրենք. մարտի 17-ին Իշխան Զաքարյանի գլխավորած ՎՊ պատվիրակությունը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպել է ֆրանսիացի իր գործընկեր Դիդիե Միգոյի հետ, կնքվել է համագործակցության համաձայնագիր։
Առաջիկայում սպասվում է նույնքան ներկայացուցչական այց դեպ Վրաստան: Մանավանդ որ, Վրաստանը ձգում է ոչ միայն մեր ՎՊ-ին (ի դեպ, որքան էլ տարօրինակ է, Վրաստանի ՎՊ-ի անչափ երիտասարդ ու նույնքան էլ համակրելի ղեկավարը, սեպտեմբերին եկել էր Երևան՝ մասնակցելու ԱՊՀ տասներորդ հոբելյանական համագումարին. հիշենք, որ Վրաստանը հեչ էլ ԱՊՀ անդամ չէ, էլ չենք ասում, թե ինչ հակամարտության մեջ են Ռուսիան ու Վրաստանը, իսկ Ռուսիան գլխավոր ու մեծ տեղ ուներ այդ օրվա միջոցառմանը, ընդ որում, Ստեպաշինն էլ վերցրեց ու թե, որ էսպես գնա, ԱՊՀ մեր հաջորդ նիստը վայ թե Վրաստանում տեղի ունենա):
Չէ, դրա համար չի ՀՀ ՎՊ-ն «գնալու» Վրաստան: Գիտենք՝ Վրաստանը գրավիչ է դարձել նաև մեր գործարարների համար: Սակայն և առայժմ դրա համար չի Թիֆլիս գնում:
Համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ կան, նաև գաղտնիք չէ, որ Վրաստանը վերջին շրջանում նույն կոռուպցիոն պայքարում բավականին լուրջ փորձ է ձեռք բերել: Դրա համար՝ նույնպես:
Մի խոսքով, աշխարհը համատեղում է իր ջանքերն ահաբեկչության, զենքի կրճատման, կոռուպցիայի դեմ պայքարում, և Հայաստանը մեծ աշխարհի մի մասն է դառնում նաև այդ մասով:
Ինչն էլ ևս մեկ անգամ ապացուցում է` որքան էլ մեր քաղաքական «ստրատեգները» պնդում են, թե Հայաստանը մեկուսացված, մոռացված է, շարժ ու առաջընթաց չկա ոչ մի ուղղությամբ, այնուհանդերձ, և ինչպես կարծում է մեծ «խաղատախտակի հայր», հայ արմատներով Բժեզինսկին, Հայաստանն անչափ կարևոր կենտրոն է տարածաշրջանում, և ցանկացած ծրագիր իրականացնելիս, դժվար է հին ազգ ու երկիր, քրիստոնեության նախահայրենիք Հայաստանը շրջանցել:
«Զնաչիտ», առանց մեզ կոռուպցիայի դեմ պայքարը նույնպես չի ստացվի:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ