ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՆԱ Ո՛Չ ՍՏՐՈՒԿ ԵՂԱՎ, Ո՛Չ ՍՏՐԿԱՏԵՐ»

«ՆԱ Ո՛Չ ՍՏՐՈՒԿ ԵՂԱՎ, Ո՛Չ ՍՏՐԿԱՏԵՐ»
20.04.2010 | 00:00

Ապրիլի 17-ը մեր հանրապետության ամենաիմաստուն ու ամենասիրված ղեկավարներից մեկի` Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն էր: Բնականաբար, այն նշանավորվեց տարբեր միջոցառումներով, որոնցից մեկին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված հանդիսությանը, մասնակից եղա նաև ինքս: Կարեն Դեմիրճյանի հարազատները, կուսակիցներն ու գաղափարակիցները հավաքվել էին մեծ հայորդու «Օրեր` տողերի միջից» գրքի շնորհանդեսի առիթով: Ինչ խոսք, սիրո, ակնածանքի դրոշմն էր կրում դահլիճը` թե՛ ձևավորմամբ, թե՛ հավաքված հանդիսականներով: Դժվար չէր բոլոր ներկաների հայացքներում նկատել այն անթաքույց զգացումները, որ նրանք տածել ու տածում են սիրելի ղեկավարի նկատմամբ: Կողքիս նստած մի ծերունի, որ եկել էր Արմավիրի մարզի Երասխահուն գյուղից, պատմեց իր և Կարեն Սերոբիչի տասնամյակներ ձգված մտերմության մասին ու ցավ հայտնեց, որ իրեն ելույթի համար ձայն չեն տալու: Իսկ ասելիք նա իսկապես ուներ: Չմանրամասնելով նրա և Կարեն Դեմիրճյանի ծանոթության և շփումների երկար պատմությունը` միայն նշենք մի փոքր դրվագ: Վարպետ շինարար Սարգիս Վերդյանը մի անգամ համարձակվում է Դեմիրճյանին ցույց տալ իր գրած գիրքը: Այն կարդալուց հետո Դեմիրճյանն ասում է. «Զգո՛ւյշ մնա, ՊԱԿ-ի ձեռքը չընկնի: Եթե ընկավ, ինչպես Խանջյանը չկարողացավ փրկել Չարենցին, ես էլ չեմ կարողանա փրկել քեզ»: Ընդամենը մի փոքրիկ, մարդկային պատմություն, որ հանգամանքների բերումով պատմեց կողքիս նստած հանդիսատեսը: Իսկ ինչպիսի՜ պատմություններ կարելի էր լսել մյուսներից, որոնք կողքիս չէին, այլ լեփ-լեցուն դահլիճի մյուս բազկաթոռներին:
Եղան նաև այլ պատմություններ` հասցեագրված արդեն ողջ դահլիճին: Ելույթներով հանդես եկան Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը, «Օրեր` տողերի միջից» գրքի խմբագիր, պատմական գիտություններ դոկտոր Վլադիմիր Պետրոսյանը, Դեմիրճյանի ղեկավարած ժամանակաշրջանում պատասխանատու կուսակցական պաշտոններ զբաղեցրած անձինք` Վլադիմիր Ղալումյանը, Մուրադ Մուրադյանը, Դոնարա Հարությունյանը, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը, Դեմիրճյանի հիշատակի և գործի նախանձախնդիր պահապան տիկին Ռիմա Դեմիրճյանը: Բոլորն ընդգծում էին, թե ինչ բարձր մարդկային հատկանիշներով էր օժտված Կարեն Դեմիրճյանը, թե որքան հպարտ ու հմուտ ղեկավար էր, ինչպես էր սիրում իր ազգն ու երկիրը:
«Դեմիրճյանի անցած ճանապարհն ակոսված է: Եթե մենք ցանկանանք էլ, չենք կարող ծածկել այդ ակոսը: Ես կցանկանայի, որ մենք` հայերս, կարողանանք գնահատել մեր մեծերին: Կարեն Դեմիրճյանը մեծարման կարիք չի զգում: Դա իրեն հարկավոր չէ, դա հարկավոր է մեզ բոլորիս, որպեսզի կարողանանք գնալ ճշմարիտ ճանապարհով»,- ասաց Վլադիմիր Ղալումյանը:
«Նա ո՛չ ստրուկ եղավ, ո՛չ ստրկատեր»,- բնութագրեց Դոնարա Հարությունյանը` Գյումրվա հումորով հագեցած իր խոսքում չմոռանալով հիշատակել, որ Կարեն Սերոբիչի շրջապատում բոլոր կանայք ուղղակի սիրահարված էին նրան:
Տիկին Դեմիրճյանը հպարտության անթաքույց զգացումով խոսեց ամուսնու կատարած մեծ աշխատանքի մասին` նշելով, որ իր անձին առնչվող հիասթափություններն ու անարդարությունները երբեք չեն ընկճել նրան ու չեն մղել դեպի ինքնամեկուսացում, դեպի օտարում հարազատ ժողովրդից ու ազգանվեր գործից: Նա երախտագիտություն հայտնեց ՀՀ կառավարությանը գրքի տպագրությունը հովանավորելու համար, տեղեկացրեց, որ տպագրության է պատրաստվում Կարեն Դեմիրճյանի մասին ժամանակակիցների հուշերի երրորդ գիրքը, ինչպես նաև նրա գրառումները ղարաբաղյան խնդրի և այլ հարցերի շուրջ: Հնչեց նաև առաջարկություն Դեմիրճյանի գրառումները հայերեն թարգմանելու, որպեսզի այն հասու լինի նաև սփյուռքահայ ընթերցողին:
Իհարկե, օրվա խորհուրդն ամփոփված էր հենց Կարեն Դեմիրճյանի տողերում` 21.04.76-23.11.87 ժամանակաշրջանն ամփոփող օրագրության մեջ, որն սկսվում է 1989-ի օգոստոսի 3-ին արված ընդարձակ գրառում-առաջաբանով: «Այսօրվա ղեկավարների քմահաճույքով մեղսավորները փոխակերպվում են սրբերի, սրբերը` մեղսավորների: Ե՛վ զավեշտական է, և՛ մեղսալի, և՛ ողբերգական: Ա՛յ, այսպիսի փոխակերպումներն են ամեն անգամ մարդկանց հոգիներում ներարկում անհավատություն, ապաքաղաքականություն, անբարոյականություն»,- ասված է առաջաբանում: Այս դիտարկումն ի գիտություն ընդունելու և Դեմիրճյանի խորախորհուրդ այլ մտքերին անսալու հույսով էլ ուզում ենք ամփոփել մեր խոսքը և մաղթել մեզ բոլորիս` ունենալ նրա նման ուժեղ, հպարտ, հայրենասեր, համակրելի ղեկավարներ:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ