ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ՞, ՈՐ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՉԿՐԿՆՎԻ ՄԵՐՁԱՎՈՐԱՐևԵԼՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ՞, ՈՐ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՉԿՐԿՆՎԻ ՄԵՐՁԱՎՈՐԱՐևԵԼՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ
25.02.2011 | 00:00

Արաբական աշխարհում մոլեգնող հեղափոխության ալիքն օր օրի նոր ակոսներ է բացում այս կամ այն երկրում, ինչն էլ քաղաքական որոշ գործիչների հիմք է տալիս ենթադրելու, թե Հայաստանում էլ, ամենայն հավանականությամբ, հեղափոխական նման իրավիճակներ կստեղծվեն։ Քաղաքական որոշ գործիչներ էլ վկայակոչելով ժամանակակից աշխարհում Ռուսաստանի ունեցած տեղն ու դերը, պնդում են, թե Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ մեր տարածաշրջանում չկրկնվի մերձավորարևելյան սցենարը: Այդուհանդերձ, «եթե այդ ալիքն իր մեջ առնի նաև Հայաստանը, ի՞նչ դիրք կգրավի Ռուսաստանը» հարցադրումով դիմեցինք քաղաքական մի քանի գործիչների:
«ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ, ՈՐ ՉԵՆ ԱՆԻ, ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ»
Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը մշտապես կարևորող կոմկուսի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ նախ հարկ համարեց ընդգծելու, որ հայ և ռուս ժողովուրդները դարավոր բարեկամներ են, հետո էլ՝ Ռուսաստանը միշտ ցանկացել է բարգավաճ, պաշտպանված, անվտանգ Հայաստան տեսնել: «Սրա լավագույն ապացույցը վերջերս կնքած պայմանագիրն է, որի կետերից մեկի համաձայն Ռուսաստանը կպաշտպանի հայ ժողովրդի անվտանգությունը և ներքին կարգուկանոնը: Իսկ Մերձավոր Արևելքի դեպքերը թելադրված են ԱՄՆ-ի կողմից, նա ցանկանում է հին մարիոնետներին փոխել նորերով: Սրա պատճառով անգամ ժողովրդին բնաջնջում է: Ինչքան էլ խեղդեն ժողովրդի ազատատենչ ոգին, ինչքան էլ Քադաֆին, Մուբարաքն ու մյուսները խեղդեն իրենց հասարակություններին, միևնույն է, ժողովուրդն իր նպատակին հասնելու է: Այդ հեղափոխությունները վերածվելու են սոցիալիստականի: Այսօր ո՞ւր են նայում «ժողովրդավար» Ամերիկան, Եվրոպան, Անվտանգության խորհուրդը: Կոտորվում է խաղաղ ժողովուրդ»: Թովմասյանը զարմանում է, թե ինչու ՄԱԿ-ը որոշում չի ընդունում, որպեսզի դադարեցվի բնակչության բնաջնջումը: Իսկ Հայաստանի մասով էլ շեշտեց. «Այստեղ բռնկումներ շատ դժվար կլինեն, որովհետև դեռևս պետք է պարզություն մտցվի ղարաբաղյան հիմնախնդրում, հայ-թուրքական, հայ-իրանական, հայ-վրացական հարաբերություններում»:
Կոմկուսի քարտուղարը ՀՀ իշխանություններին խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել խեղճ, սոված ժողովրդին, խայտառակ գներին, արտագաղթին, գործազրկությանը և իշխանությունների նկատմամբ ահագնացող զայրույթին ու թերահավատությանը, քանի որ արտաքին պարտքը 4 մլրդ է, տեղական արտադրության ապրանքները ոտնատակ են տալիս, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ արհամարհանք կա, հանքային արդյունաբերության թալան է, ինչը, ըստ կոմկուսի ղեկավարի, ենթադրում է, որ այսօրվա համակարգը «փտած է ու հակաժողովրդական»:
«Բռնապետներն ուզում են իրենց ճղեն, ժողովրդի դեմ զորք դուրս բերեն, կրկնեն Նիկոլայ Երկրորդի 1905 թվականը, միևնույն է, ժողովուրդները վերադառնալու են սոցիալիստական համակարգին: Արաբական դեպքերն ապացուցեցին Չարենցի խոսքերի ճշմարտացիությունը` «Ինչե՜ր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված»,- բանաստեղծորեն հեղափոխական գնահատականներ տվեց Ռուբեն Թովմասյանը:
«ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ, ԱՅՍԻՆՔՆ` ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻԾ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐ, ՉԿԱ, ԻՆՉՊԵՍ ՉԿԱ ԵՎ ԱՄՆ-Ը»
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ հարցին նախ հարցով պատասխանեց՝ Ռուսաստան ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք: «Չկան երկրներ, կան համաշխարհային խմբավորումներ: Դուք Ռուսաստանում կարող եք հանդիպել պաշտոնյայի, որը ներկայացնում է անգլոսաքսոնական միտք, ասել է՝ համաշխարհային գործընթացներն ընթանում են կլանային պայքարի միջոցով: Մուբարաքին ԱՄՆ-ը չի գցել, ժամանակին նա մի կլանի անդամ է եղել, հիմա մյուս համաշխարհային կլանը փոխում է նրան: Ռուսաստան, որպես այդպիսին, այսինքն` պետական քաղաքական գիծ ունեցող երկիր, չկա այսօր, ինչպես և ԱՄՆ-ն ու բոլոր երկրները»,- վստահեցրեց ՆԺԿ ղեկավարը՝ հավելելով` հարցը պիտի դիտարկել այն հարթությունում, թե ո՛ր կլանն է դեմ Հայաստանում նման իրավիճակ ստեղծելուն: «Այսինքն, Չուբայսն իր կլանով պաշտպանելո՞ւ է Սերժ Սարգսյանին, կամ Պրիմակովն իր ունեցած հնարավորություններով, Պուտինը, Մեդվեդևը…»,- նշեց Կարապետյանը:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԸ ՉԻ ՀԱՍՆԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ»
Նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության ղեկավար ՍԻՄՈՆ ՂՈՆԱՂՉՅԱՆՆ էլ կարծում է, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի դաշտում, ուստի կա սերտ և բնական փոխկապակցություն երկու երկրների միջև: «Ռուսաստանը որոշակի պատասխանատվություն է կրում հայաստանյան գործընթացների և զարգացումների համար: Այս պարագայում շատ հավանական է, որ եթե Հայաստանում հեղափոխական սցենարներ լինեն, Ռուսաստանն այս կամ այն կերպ կարձագանքի դրան»,- փաստեց Ղոնաղչյանը՝ հընթացս նկատելով, որ հայ ժողովրդի մեծամասնության համար Ռուսաստանը որպես դրական կերպար է ընկալվում: Այդ իսկ պատճառով ռուսաստանյան արձագանքը հավանաբար այնպիսին կլինի, որ չհակասի ժողովրդի տրամադրություններին: «Չեմ կարծում, որ Հայաստանում հեղափոխական գործողություններ սկսվելու պարագայում Ռուսաստանը ռազմական կամ զինվորական միջամտություն ունենա: Բայց, հուսով եմ, Հայաստանում բանը դրան չի հասնի, որովհետև այդպիսի գործընթացներից զերծ մնալն ավելի բարենպաստ կլինի մեր ժողովրդի համար, և այդ մասին առաջին հերթին պետք է մտածի իշխանությունը, քանի որ այսօր ակնհայտ է, որ ժողովուրդը ծայրաստիճան դժգոհ է իշխանություններից»,- ասաց «Շրջադարձ» կուսակցության ղեկավարը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ