ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՈՍԿԵ ԲԼՈԿԱԴԱՅԻՑ» ՄԻՆՉԵՎ «Голодомор»

«ՈՍԿԵ ԲԼՈԿԱԴԱՅԻՑ» ՄԻՆՉԵՎ «Голодомор»
23.04.2010 | 00:00

Քաղաքացիական պատերազմից հետո ռուսաստանյան տնտեսությունը վերածվել էր փլատակների։ Արտասահմանյան կապիտալի համար բացվել էր հիրավի անսահման վաճառահանման շուկա։ Փոխարենը խորհրդային կառավարությունը կարող էր առաջարկել երեք բան` հացահատիկ, օգտակար հանածոներ և ոսկի։ ՈՒ այստեղ կատարվեց անհավանական մի բան` Արևմուտքն անսպասելիորեն հրաժարվեց Ռուսաստանի հետ առևտրում ոսկին որպես վճարման միջոց ընդունելուց։ Կապիտալիստական պետությունների նման զարմանահրաշ վարքը պատմության մեջ է մտել «ոսկե բլոկադա» անունով։ Ո՞րն էր դրա պատճառը։ Ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ Ռուսաստանի ղեկավարների համար ակնհայտ էր, որ անհրաժեշտ է վերջ տալ Արևմուտքի հումքային կցորդը լինելու իրողությանը։ Երկրում տնտեսական հետամնացության հաղթահարման և քայքայված արդյունաբերության վերականգնման համար երկու ճանապարհ կար։ Մեկը` ամբողջությամբ նորից ամենաարագ տեմպերով ստեղծել արդյունաբերություն։ Մյուսը` դանդաղորեն վերականգնել այն, օգտագործելով երկրի ներսում առկա սահմանափակ ռեսուրսները։ Եվ ահա, ինչ-որ անհեթեթ պատրվակներ բերելով, Արևմուտքը հրաժարվեց թե՛ ոսկե ձուլակտորները, թե՛ խորհրդային նոր տասը ռուբլի արժողությամբ ոսկեդրամները (չերվոնեցներ) որպես վճարման միավոր ընդունելուց։
Քաղաքացիական պատերազմի ընթացքում և անմիջապես նրա ավարտից առաջ ամերիկյան ընկերությունների հետ լենինյան կայսրության կնքած մեծաքանակ պայմանագրերը, տրամադրած կոնցեսիաներն ու լիցենզիաները հառնում են որպես անհերքելի հանցանշաններ առ այն, որ բոլշևիզմը հենց սկզբից օգտվել է իր արևմտյան դաշնակիցների ֆինանսական աջակցությունից։ Միայն 1919-ի հուլիսից մինչև 1920-ի հունվարն ընկած ժամանակահատվածում խորհրդային կողմն ամերիկյան արդյունաբերողներին փոխանցեց 25 մլն դոլար որպես միջնորդադրամ։ Ավելացրեք սրան նաև հայտնի Արմանդ Համմերին դեռևս 1921-ին ասբեստի արդյունահանման համար տրամադրված կոնցեսիան, 60 տարի ժամկետով (սկսած 1920 թ.) Ջեկիլ կղզում կայացած հավաքին իր հուշերում անդրադարձած Ֆրանկ Վանդերլիպին և նրա գլխավորած բանկային միավորմանը վարձակալությամբ քարածխի և նավթի հանքավայրերի շահագործման իրավունքի արտոնումը, ինչպես նաև հյուսիսսիբիրյան շրջանում 600 հազ. քառ. կմ տարածք ընդգրկող վայրերում ձկնորսություն իրականացնելու թույլտվությունը։
Եթե ԽՍՀՄ-ում հաղթեր ընկ. Տրոցկին, ոչ ընկ. Ստալինը, Ֆրանկ Վանդերլիպին տրամադրված կոնցեսիան, ինչպես նաև մնացած բոլոր կոնցեսիաներն ու համանման պայմանագրերը կավարտվեին ոչ թե 1930-ին, այլ 1980-ին։ Հետո դրանք կերկարաձգվեին ևս մի 60 տարով։ Եվ եվրոպական շատ երկրներից ավելի մեծ տարածքներ ընդգրկող կոնցեսիաներ կլինեին, ոչ թե մեկ կամ երկու հատ, այլ ամբողջ երկիրը, որտեղ քիչ թե շատ օգտակար ինչ-որ բան կար, կտոր առ կտոր կտրամադրվեին «ներդրողներին» հուրախություն։ Իսկ կնքված յուրաքանչյուր նման «շահավետ» պայմանագրից Խորհրդային Միության մասնաբաժինը կկազմեր ամբողջ 7 տոկոս։ 60 տարի շարունակ։ Հեղափոխությունը ոչ միայն աշխարհաքաղաքական մրցակիցների վերացում է, այլև խիստ շահավետ բիզնես։ Չէ՞ որ ներքին պայթյունի միջոցով ոչնչացված մրցակցի ողջ ունեցվածքն ընկնում է այն ուժերի լիակատար տնօրինության տակ, ովքեր ֆինանսավորել են հեղափոխականներին։
Նավթ, անտառանյութ, հատկապես հացահատիկ` ահա թե ինչ էին ցանկանում ստանալ Արևմուտքում իրենց սարքավորումների դիմաց։ Իսկ ինդուստրացման հիմքում ընկած էր հենց այդ սարքավորումների մատակարարումը։ Գործարանային առանձնաշենքերի կառուցումը ոչ մի դժվարություն չէր ներկայացնում, բայց առանց հաստոցների և մեքենաների դրանք կհառնեին որպես դատարկ ու անիմաստ աղյուսե կմախքներ։ Հատկապես կարևորվում էին ծանր արդյունաբերության վերականգնմանը նպատակաուղղված մատակարարումները, առանց որոնց ոչինչ չէր ստացվի։ Գնված ապրանքի դիմաց վճարում էին օգտակար հանածոներով, չէ՞ որ ոսկի հակառակ կողմը չէր ընդունում։
«Ներկուսակցական» պայքարը Տրոցկու և Ստալինի միջև իրականում անողոք պայքար էր երկրի բնական հարստությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Հաղթեր Տրոցկին` ԽՍՀՄ-ի ողջ տարածքը կծածկվեր կոնցեսիաների լայն ցանցով, և ուրիշ ոչինչ այլևս պետք չէր լինի անելու։ Սակայն նա քայլ առ քայլ զիջում էր իր դիրքերը, մինչև որ 1929-ի փետրվարի 10-ին վտարվեց երկրից։ Կտրվեց այն ֆինանսական «պորտալարը», որը տանում էր դեպի ամերիկյան բանկերի նկուղներ։
Կրկին մեր հայացքն ուղղենք պատմական տարեթվերին. 1925-ին տեղի ունեցած ՀամԿ(բ)Կ 14-րդ համագումարը որոշում ընդունեց երկրում «սոցիալիստական ինդուստրացում» իրականացնելու վերաբերյալ։ Հետևեց Արևմուտքի ակնթարթային հակահարվածը` սկսվեց «ոսկե բլոկադան»։ Դրա իմաստը շատ պարզ էր. այժմ հաստոցներ և մեքենաներ սովետական կողմը կարող էր ձեռք բերել միայն իր բնական հանածոների հաշվին։ Ի՞նչ էր դա նշանակում։ Դա նշանակում էր, որ Ռուսաստանի ներսում պայքարը տանուլ էր տրված և անհրաժեշտ էր նախապատրաստել այն նվաճելու այլևայլ միջոցներ։ Նրանք առայժմ զերծ էին մնում ռազմական միջոցների դիմելուց, քանի դեռ չէր սպառվել տնտեսական ճանապարհով Ռուսաստանին ծնկի բերելու ողջ զինանոցը։ Դրա առաջին քայլը կատարվել էր նախօրոք` «ոսկե բլոկադայի» տեսքով։ Տրոցկու արտաքսումից կարճ ժամանակ անց Արևմուտքը հասցնում է հերթական հարվածը` արգելվում է անտառանյութի և նավթամթերքի ներմուծումը Խորհրդային Միությունից։ Այսինքն, այն ամենի, ինչով վճարում էին կատարված գնումների դիմաց։ 1930-31 թթ. նման պատժամիջոցներ կիրառեցին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ 1933-ի ապրիլի 17-ին խորհրդային ապրանքների էմբարգո (ներկրման արգելք) հայտարարեց նաև բրիտանական կառավարությունը։ Խորհրդային Միությունից արտահանվող ապրանքների 80 տոկոսը բաժին էր ընկնում հենց Մեծ Բրիտանիային։ Եվ պետք չէ մոռանալ, որ նշված տարիներին, ինչպես և այժմ, աշխարհում մոլեգնում էր տնտեսական Մեծ ճգնաժամը։ Կտրուկ ընկել էր գրեթե բոլոր տեսակի ապրանքների պահանջարկը։ Նման պայմաններում բրիտանական ղեկավարությունը գործում էր ակնհայտորեն ի վնաս սեփական տնտեսության. միայն 1932-ին անգլիական հաստոցաշինական արդյունաբերության 80 տոկոսն առաքվել էր ԽՍՀՄ։ Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ մառախլապատ Ալբիոնի ղեկավար շրջաններն անում էին ամեն ինչ, որ հետագա համագործակցությունը դառնա անհնարին։
Սկզբում Արևմուտքը հրաժարվեց որպես վճարման միջոց ԽՍՀՄ-ից ոսկի ընդունելուց, այնուհետև և մնացած ամեն ինչից, բացի... հացահատիկից։ Խորհրդային ղեկավարությունը կանգնեց ընտրության առջև. կամ հրաժարվում են արդյունաբերության վերականգնումից, այսինքն` անձնատուր են լինում Արևմուտքի պահանջներին, կամ շարունակում ինդուստրացումը, ինչը հղի էր ներքին ճգնաժամ հարուցելու վտանգով։ Հավաքեին բոլշևիկները հացը գյուղացիներից` շատ մեծ կլիներ սովի հավանականությունը, ինչն իր հերթին կարող էր հանգեցնել ներքին պայթյունի և իշխանության կորստի։ Ինչ ուղի էլ ընտրեր Ստալինը, երկու դեպքում էլ Արևմուտքը դառնալու էր հաղթող։
Երկրի ղեկավարությունը որոշում է գործել ամենայն վճռականությամբ։ 1929-ի ամռանը սկսվում է գյուղատնտեսության կոլեկտիվացումը։ Պետությունը հավաքում է հացահատիկն ու ուղարկում այն Արևմուտք, բայց ամենևին էլ ոչ այն պատճառով, որ ցանկանում էր սովամահ անել երկրի բնակչության մի մասին, այլ այն, որ Արևմուտքը տրամադրվող սարքավորումների համար վճարելու ուրիշ ոչ մի տարբերակ չէր թողել։ Ստալինի ողջ հույսը սպասվող բերքի առատ լինելու վրա էր։ Այդ հույսերը չարդարացան` տարին երաշտային էր։
Բացի այդ, սովի առաջացումն ուներ ևս մեկ պատճառ։ Փորձեմ շատ հակիրճ ներկայացնել այն։ Ամենից առաջ, ձեր մեջ տարակուսանք չի՞ հարուցում այն հանգամանքը, որ սովը համակեց մի տարածք, որը միշտ էլ եղել է ամենահացառատը երկրում` ՈՒկրաինան և Դոնը։ Դա «սովյալ Պովոլժիեն» չէր, որտեղ այն ոչ ոքի չէր զարմացնի։ Իսկ այստեղ երկրի լավագույն սևահողերն էին ու հանկարծ... սով։ Բանն այն է, որ նման ծանր հողերը արորով չես հերկի, ու ձին էլ չի քաշի այն, ինչպես ավելի թեթև, ավազային հողերում։ Իսկ ՈՒկրաինայում և Դոնում գութան էր պետք ու զույգ եզներ այն քաշելու համար։ Գաղտնիք չէ, որ գյուղացիների մի ստվար զանգված դժկամությամբ էր անդամագրվում կոլեկտիվ տնտեսություններին։ ՈՒ հենց նրանք էլ սկսեցին մորթել իրենց լծկան անասուններին` խուսափելու համար նրանց կոլտնտեսություններին հանձնելուց։ Կոլեկտիվ տնտեսություններ ստեղծվեցին, բայց հողը վարելու համար եզներ այլևս չկային։ ՈՒղղակի ապշում ես, մի՞թե գյուղացիներն այդ հասարակ բանը չէին հասկանում։ Հասկանում էին և շատ լավ, բայց այդ ամենի պատճառների մեջ խորանալը մեր ծրագրերի մեջ, այս հոդվածների շարքում այլևս չի մտնում։
Պարեն ներկրել ԽՍՀՄ-ը չէր կարող ո՛չ ոսկով (ոսկե բլոկադա), ո՛չ էլ արտարժույթով (էմբարգոյի պատճառով այն ուղղակի չկար)։ Փորձեր արվեցին շտապ հացահատիկ ներմուծել Պակիստանից, որտեղ համաձայն էին վաճառել այն ոսկով։ Իշխանություններն ուղղակի չհասցրին անել դա` սկսվեց աղետալի սովը։ Նույն այն սովը, որն այսօր ՈՒկրաինայում կոչվում է «թՏսՏՊՏՎՏՐ»։ 1932-33-ին մահանում են հարյուր հազարավոր մարդիկ, և միայն դրանից հետո, անմիջապես դրանից հետո, Արևմուտքը կրկին պատրաստ էր բոլշևիկներից ընդունելու նավթ, անտառանյութ ու թանկարժեք մետաղներ։
2008-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանը ճանաչեց տեղ գտած սովը որպես մարդկության դեմ գործած հանցագործություն։ Մատնացույց արվեցին նաև դրա մեղավորները - ԽՍՀՄ ստալինյան ղեկավարությունը։ Սակայն այդ փաստաթղթում չկան հետևյալ երկու հարցերի պատասխանները.
l ինչո՞ւ էին կապիտալիստներն իրենց այդքան տարօրինակ պահում` հրաժարվելով ոսկին որպես վճարման միջոց ընդունելուց,
l և ինչո՞ւ էին նրանք ցանկանում որպես իրենց մատակարարումների վճար ստանալ միմիայն հացահատիկ։
Եվրախորհրդի ընդունած փաստաթղթում տեղ չունեն ո՛չ ճշմարտությունը, ո՛չ տրամաբանությունը։ Եթե Ստալինը, իսկապես, ցանկանում էր ինչ-որ անհայտ պատճառով սովամահ անել ՈՒկրաինայի ողջ բնակչությանը, ապա ինչո՞ւ նա չարեց դա։ Ինչո՞ւ ցեղասպանությունը մինչև վերջ չհասցրեց։ Եվ եթե 1932-33 թվականներին մահացան ոչ բոլոր ուկրաինացիները, ինչո՞ւ իշխանությունները 1934-ին էլ չշարունակեցին բռնագրավել ողջ հացն ամբողջությամբ։ Վախենալու բան նրանք չունեին. մարդիկ հյուծված էին, ապստամբության հետք անգամ չկար, ավելին, այդ մասին ինֆորմացիան դուրս չէր գալիս անգամ սովի ենթարկված տարածքների սահմաններից։ Այս ամենի մեջ ոչ մի տրամաբանություն չկա։ Ինչպես և ճշմարտություն, իսկ այն կայանում է նրանում, որ 1934-ից սկսած ընդհանրապես դադարեցվեց հացահատիկի արտահանումը երկրից։ Հենց նույն այդ ղեկավարության կարգադրությամբ։
Արևմուտքի կողմից մանրազնին կազմակերպված 1932-33 թվականների սովը չտվեց ցանկալի արդյունք` բոլշևիկները պահեցին իշխանությունը։ ՈՒ շարունակեցին ինդուստրացումը։ Հարկադրանքի տնտեսական միջոցառումները ներգործություն չունեցան. Ստալինը շարունակում էր ամեն գնով վերականգնել երկիրը։ Մնում էր միայն զենքի ուժով հասնել իրենց ուզածին։ ՈՒ եթե ցանկանում եք, կարող եք համարել դա ընդամենը չարագուշակ զուգադիպություն, որ հենց 1933-ին Գերմանիայում իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերը, որը դեռևս 1924-ին գրած իր միակ աշխատության մեջ` «Իմ պայքարը» գրքում, որպես արտաքին քաղաքականության հիմնական նպատակ, նշել էր գերմանական ազգի համար նոր կենսական տարածքների ձեռքբերումը։ Նա չէր էլ փորձել թաքցնել, որ «կենսական տարածքներ» ասելով նկատի ունի ռուսական անծայրածիր տափաստանները...
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ