ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ՉԳՈՅՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ՉԳՈՅՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ
19.02.2010 | 00:00

Վերջին շրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող առավել կարևոր արտաքին քաղաքական գործընթացների սառեցումը կամ տապալումն իր անխուսափելի ազդեցությունը կունենա ներքաղաքական զարգացումների վրա։ Չի բացառվում, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ ընդդիմության երկու հատվածները` Հայ ազգային կոնգրեսն ու 14-ի ձևաչափը, հայտնվեն չգոյության շեմին։
Տարիների ընթացքում Հայաստանում արատավոր ավանդույթ է ձևավորվել` իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները, նրանց միջև ընթացող պայքարը կամ հաշտությունը պայմանավորել բացառապես արտաքին գործոններով ու զարգացումներով։ Ներկայիս իրադրությունն էլ, այդ իմաստով, նախորդ ժամանակներից շատ չի տարբերվում, որովհետև իշխանության դեմ հանդես եկող երկու քաղաքական բևեռները` ՀԱԿ-ը և 14-ի ձևաչափում ընդգրկված կուսակցությունները, իրենց գործողություններն իշխանության դեմ գրեթե բացառապես պայմանավորել են արտաքին զարգացումներով։ Այսինքն` Հայաստանի ներգրավվածությամբ զարգացող արտաքին քաղաքական գործընթացներն իշխանության համար կստեղծեն այնպիսի փակուղային իրավիճակ, որ վերջինս հարկադրված կլինի արտաքին ուժերի ճնշման տակ ինչ-որ ազգադավ փաստաթղթեր ստորագրել, ինչը կառաջացնի հասարակության ընդվզումը` զանգվածային լայնածավալ գործողությունների միջոցով ընդդիմության համար ստեղծելով իշխանափոխության հասնելու «պլատֆորմ»։ Կամ էլ փակուղային արտաքին քաղաքական իրավիճակում իշխանությունը կհրաժարվի արտաքին ուժերի պատվերը կատարելուց և այդ նույն հզոր ուժերի ճնշումով էլ հարկադրված կլինի ինքնակամ հեռանալու։
Առնվազն վերջին մեկ տարվա զարգացումներում այդպիսին է եղել, մասնավորապես, արմատական ընդդիմության` ՀԱԿ-ի կեցվածքը։ Գաղտնիք չէ, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն ակտիվ գործողությունների բացակայությունը մշտապես հիմնավորել է հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով։ Այդ թեզը կամ տեսակետը, անշուշտ, հեռու չէ տրամաբանությունից, որովհետև իշխանությունն էլ սեփական սխալների հետևանքով հայտնվել էր այնպիսի իրավիճակում, որ Տեր-Պետրոսյանի մատնանշած երկու սցենարներից մեկի իրագործումը բոլորովին էլ անհավանական չէր թվում։ Սակայն վերջին շրջանի իրադարձությունները, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրի, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առումով, հիմք են տալիս պնդելու, որ հայ-թուրքական պրոցեսը եթե տապալված չէ, ապա տապալման շեմին է, իսկ ղարաբաղյան կարգավորումը գնում է դեպի սառեցում։
Հարկավ, սխալ կլիներ պնդել, թե դա բացառապես Հայաստանի իշխանությունների շնորհքն է կամ ձեռքբերումը։ Հայ-թուրքական գործընթացը տապալման շեմին է հայտնվել ԱՄՆ-Թուրքիա և Թուրքիա-Եվրամիություն անհաղթահարելի թվացող հակասությունների հետևանքով։ Անկարան ակնհայտորեն չի ցանկանում համեստ ստատիստի դերում պարել արևմտյան գործընկերների նվագի տակ։ Թուրքիան իրեն համարում է տարածաշրջանային տերություն, որի շահերի հետ պետք է հաշվի նստեն տարածաշրջանի բոլոր խաղացողները։ Գլոբալ առումով, հենց այս իրողությունն է հայ-թուրքական գործընթացը հասցրել տապալման շեմին։ Իհարկե, այս պարագայում երկրորդական չեն տարածաշրջանի հիմնական խաղացողների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի հակադիր շահերը և Անկարային իր կողմը քաշելու Մոսկվայի շարունակական ու ոչ միշտ անհաջող փորձերը։
Այլ կերպ ասած, հայ-թուրքական կարգավորման գործընթացը ճգնաժամի մեջ է, և այդ ճգնաժամը Թուրքիա-գերտերություններ անհամաձայնությունների հետևանք է։ Հայաստանի դերակատարությունն այս պարագայում խիստ համեստ էր, բայց հարկ է նշել, որ հայաստանյան իշխանությունների բախտն առայժմ բերում է, քանի որ ստեղծված իրավիճակը հնարավորություն է տալիս խուսափելու անգիտության, թյուրիմացության կամ արտաքին հզոր ճնշման ներքո Հայաստանին պարտադրված փաստաթղթի ստորագրումից, ինչպիսին է հայ-թուրքական արձանագրությունները։
Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի սառեցման միտումը նույնպես ակնհայտ է` տարբեր պատճառներով, որոնք կրկին առնչվում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և հակամարտության կողմերի միջև դիրքորոշումների բացահայտ անհամատեղելիությանը, այլև կարգավորման գործընթացում դերակատար միջնորդ տերությունների հակադիր շահերին։ Այս իմաստով շատ բան չտվեց նաև ԵԱՀԿ-ի նախագահող, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սուդաբաևի վերջին այցը Հայաստան։ Չնայած վերջինս հանդիպեց արմատական ընդդիմության առաջնորդ առաջին նախագահի հետ, իսկ հանդիպումից հետո Տեր-Պետրոսյանը հպանցիկ արձանագրեց, թե «բոլոր հարցերը լուծված են», ավելի հավանական է, որ ոչ մի հարց էլ լուծել չի հաջողվել։ Ըստ այդմ, արմատական ընդդիմության ձգտումը կամ ցանկությունը` արտաքին գործընթացների արդյունքւմ ներքին քաղաքական ակտիվության մեծացում և այդ միջոցով իշխանափոխության իրագործում, այս գարնանն էլ, թերևս, կմնա անկատար։
Ինչ վերաբերում է 14-ի ձևաչափում ընդգրկված կուսակցություններին, այս միավորումն այդպես էլ չվերածվեց ընդհանուր ծրագրի, գաղափարախոսական հենք ունեցող ու միասնական նպատակներ հետապնդող քաղաքական դաշինքի։ Այն մնաց բացառապես մեկ հարցի` հայ-թուրքական արձանագրությունների տապալման շուրջ ստեղծված լոկալ համագործակցություն։ Եվ քանի որ արձանագրություններն իսկապես տապալման շեմին են, իսկ դրանց վավերացման հավանական ժամկետների մասին Թուրքիայում անգամ չեն խոսում, միանգամայն հավանական է, որ այս իրողությամբ միանգամայն բավարարված 14-ի ձևաչափն էլ մոտ ապագայում կդադարի գոյություն ունենալուց։ Ճիշտ է, այս հանգամանքը հազիվ թե ձեռնտու է գործող իշխանությանը, որովհետև 14-ի ձևաչափի առկայությունը հնարավորություն է տալիս գոնե երկրորդ ընդդիմադիր բևեռի իմիտացիա ստեղծելու և ընդդիմության դաշտն ամբողջությամբ ՀԱԿ-ին չթողնելու, բայց ամեն նախաձեռնություն չէ, որ հաջող ավարտ է ունենում։ 14-ի ձևաչափում ընդգրկված կուսակցությունները ժամանակին այնքան սերտ հարաբերությունների մեջ են եղել այսօրվա իշխանության հետ, որ նրանց ինչքան էլ տաշես, արմատական ընդդիմություն, մեկ է, չի ստացվի։ Ինչպես ժամանակին սրամտորեն նկատել էր Ռուսաստանի նախկին վարչապետ Չեռնոմիրդինը` «Какую партию у нас ни создавай, в итоге получается КПСС»։
Ընդդիմության դիրքերի խարխլումը հերթական անգամ հետևանք է այն պարզ իրողության, որը Հայաստանի քաղաքական դաշտն այդպես էլ չկարողացավ կամ, ավելի շուտ, չցանկացավ գիտակցել։ Իսկ այդ պարզ իրողությունը հետևյալն է. քաղաքական կազմակերպությունները ցանկացած երկրում, ցանկացած հոգեկերտվածք ունեցող հասարակության մեջ իրական ազդեցություն և հետևորդներ են ունենում միայն այն դեպքում, երբ իրականում արտահայտում են հասարակության որոշակի շերտերի շահերն ու պահանջները։ Այսինքն, նաև ամենօրյա աշխատանք են տանում այդ շերտերի հետ, համոզիչ դարձնում իրենց տեսակետները, գաղափարախոսությունը, օրինակ են ծառայում սեփական անձով ու վարքով։ Մինչդեռ հայաստանյան բոլոր քաղաքական կազմակերպություններն անխտիր, այդ թվում և ՀԱԿ-ը` 1988-ի բովով անցած իր մի խումբ գործիչներով, մինչ օրս իրենց գործողությունները կառուցում են այդ նույն 1988-ի, այսինքն` շարժումային տրամաբանության վրա։ Այդ տրամաբանությունը ենթադրում է կարևոր, անգամ պարզունակ կարգախոսների շուրջ հասարակության զգալի զանգված համախմբելու և այդ միջոցով գործող իշխանությանն ասպարեզից հեռացնելու մարտավարություն։ Գործունեության հիմնական ձևն էլ զանգվածային միջոցառումներն են` հանրահավաքներ, երթեր, պիկետներ, իշխանությունների նկատմամբ անհնազանդության այլ դրսևորումներ։
Բայց դա ամենօրյա քաղաքական, առավել ևս կուսակցական աշխատանք չէ հասարակության առանձին շերտերի հետ, որոնց իր կողմը գրավելու համար ընդդիմադիր քաղաքական ուժը պետք է մշակի ասպարեզում գտնվող իշխանության ծրագրերից ու գաղափարներից շահեկանորեն տարբերվող ծրագիր և կարողանա այն մատչելիորեն մատուցել հանրությանը։ Իսկ դա արդեն բոլորովին այլ, երկարաժամկետ, տքնաջան գործունեություն է ենթադրում, որը զարգացած ժողովրդավարական երկրներում հանգեցնում է իրական ընդդիմադիր գործունեություն ծավալող քաղաքական ուժի վարկանիշի աստիճանական աճին։ Հայաստանի քաղաքական ուժերը, առանց բացառության, ղարաբաղյան շարժման նախադեպից ելնելով` սովորել են, որ իշխանությունը կարելի է վերցնել արագ և միանգամից, առանց երկարատև ջանքերի, առանց լուրջ ու ծանրակշիռ քաղաքական գործունեության։ Միայն թե չեն ուզում ընդունել, որ իրենց իսկ գործունեության հետևանքով բարոյական և նյութական խեղումների դուռը հասած այս երկիրը 1988-ի Հայաստանը չէ։ Ներկայիս Հայաստանն «արևելյան շեղումներով» բևեռացված դասակարգային հասարակություն է, որի առանձին խավերի ու շերտերի շահերը վաղուց արդեն տրամագծորեն տարբեր են։ Գումարած բոլոր տեսակի ընտրություններից ու հետընտրական «զարգացումներից» հետո հանրության ներսում կուտակվող խոր հիասթափությունը։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ