Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անսպասելի հայտարարություն է արել Սենատում կայացած ունկնդրումների ժամանակ. «Մերձավոր Արևելքի հեղափոխության պտուղներից կարող է օգտվել Իրանը։ Բայց սա նրբին տեղեկատվություն է, և մենք պետք է արտահայտվենք զգուշորեն, որպեսզի իրադարձությունների վրա ազդեցություն չգործենք»,- ավելացրել է նա։ «Իրանցի գործակալները թափանցել են բոլոր ընդդիմադիր շարժումների շարքերը, որոնք ձգտում են տապալել Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարներին»,- սենատորներին գանգատվել է Քլինթոնը։ Նա տեղեկացրել է, թե իրանցի գործակալներն ակտիվորեն աջակցում են «Հզբոլլահին», ավելի ու ավելի սերտ կապեր են հաստատում ՀԱՄԱՍ-ի հետ, ջանում են թափանցել Եգիպտոս և Բահրեյն։ «Նրանք աշխատում են ազդել Մերձավոր Արևելքում ժողովրդավարության հաստատման ընթացքի վրա` նպատակ ունենալով օգտվել այդ ժողովրդավարության պտուղներից։ ՈՒստի մենք պետք է շատ զգույշ լինենք»,- հայտարարել է նա։ Հիշեցնենք, որ դեռ նախօրեին ԱՄՆ-ում խոսում էին Լիբիա ռազմական ներխուժման մասին, ինչը կրկնեցին Ֆրանսիան ու Գերմանիան։ Հիմա տոնը կտրուկ փոխվել է։ Ինչո՞ւ։ Տարօրինակ զուգադիպությամբ` պետքարտուղարի ճառը ժամանակի առումով համընկել է մեկ այլ իրադարձության հետ, ավելի կոնկրետ, Մարսա ալ Բրեգա քաղաքում տեղակայված նավթամբարի ռմբակոծմանը` Քադաֆիի կողմնակիցների կողմից։ Դրա հետևանքով նավթի գինը միանգամից «թռել» է 2,58 տոկոսով, հասել մեկ բարելի դիմաց 102 դոլարի և շարունակում է բարձրանալ։ Եվ լիովին կարող է այնպես պատահել, որ դեռ վաղ է Քադաֆիի վարչակազմը թաղելը։ Բացառված չէ, որ Քադաֆին զենք ունի, որով նա, ի տարբերություն Մուբարաքի, կարող է իրեն պաշտպանել. դա նավթի գնի վրա ազդելու հնարավորությունն է։ Համենայն դեպս, եթե այս շաբաթվա սկզբին արևմտյան քաղաքական գործիչները կոշտ հայտարարություններ էին անում Քադաֆիի ուժերին ռազմական հարված հասցնելու առնչությամբ, նպատակ ունենալով խաղաղ բնակչությանը փրկել արյունոտ հաշվեհարդարից, ապա այսօր Արևմուտքի երկրների առաջին դեմքերի հայտարարությունների տոնը մեղմացել է։ Այսպես, պաշտոնական Փարիզը հաղորդել է, թե Ֆրանսիան Քադաֆիի վարչակազմի դեմ լայնածավալ ռազմական գործողությանը կմասնակցի միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան որոշումից հետո։ Իսկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և եվրոպական մայրաքաղաքներում այժմ ավելի շատ խոսվում է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմաօդային ուժերի կողմից Լիբիայի օդային տարածքի փակման մասին։ Ասում են, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արդեն ամբողջ թափով ընթանում է թռիչքների համար արգելված գոտի ստեղծելու վերաբերյալ փաստաթղթի մշակումը։ Բացի այդ, ՄԱԿ-ի փախստականների հարցերի գերագույն կոմիսարիատն աշխարհի կառավարություններին կոչ է արել կատարել «հումանիտար տարհանում»։ Հյուսիսային Աֆրիկայում շարունակվող արյունալի իրադարձություններն արդեն հանգեցրել են դեպի Եվրոպա անլեգալ արտագաղթի կտրուկ աճի։
Ֆելիքս ԳԻԲԱՐՅԱՆ