ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԿՐԱԿՈՑՆ ԻՐԵՆ ՍՊԱՍԵԼ ՉԻ ՏԱ

ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԿՐԱԿՈՑՆ ԻՐԵՆ ՍՊԱՍԵԼ ՉԻ ՏԱ
30.07.2010 | 00:00

Գլխավոր հարցը, որն այսօր տանջում է բոլորին` ե՞րբ է ավարտվելու այս ճգնաժամը։ Իսկապես` ե՞րբ։ Դա հասկանալու համար եկեք բազմաբարդ համաշխարհային իրադրությունները փորձենք տեղափոխել յուրաքանչյուրին հասկանալի պարզ մարդկային կյանքի հարթություն։ Այսպես ուրեմն, տարբեր ապրանքներով լի մի պահեստում տեր ու տնօրինություն էին անում ձեռքից ոչ այնքան մաքուր մարդիկ։
Նրանք լավ ապրելու մեծ ցանկություն ունեին, բայց դրա համար շատ աշխատելու ցանկություն` ոչ։ Եվ ահա այդ աչքաբաց ու ճարպիկ տղաները մտածեցին, թե ինչպես դա անեն։ Այդ նպատակին հասնելու միջոցները բավականին շատ են, սակայն դրանք բոլորը նման են իրար։ Դրանց էությունը խիստ պարզունակ է` որպեսզի ունենաս ավելին, քան վաստակում ես, պետք է... գողանաս։ Այլ միջոց մարդկությունը մինչ օրս չի հայտնագործել և դժվար էլ թե երբևէ հայտնագործի։ ՈՒ ահա պահեստի աշխատակիցները որոշեցին կամաց-կամաց յուրացնել պահեստի ունեցվածքը։ Նրանց կենսամակարդակի բարձրացմանը հավասար բացվում էր և ախորժակը։ Բնականաբար, որոշ ժամանակ անց պահեստում պակասորդը զգալի ծավալների հասավ։ Առաջին իսկ ստուգման ժամանակ ամեն ինչ ջրի երես դուրս կգար։ Ի՞նչ էր մնում անելու գեղեցիկ կյանքի սիրահարներին։ Միայն մեկ բան` կամաց-կամաց դուրս գրել ապօրինաբար յուրացվածը։ Սակայն, եթե հափշտակել ես, ասենք, մի վագոն օղի, մեկ օրում այդ ամենը դուրս չես գրի, «կոտրվեց, փչացավ, թափվեց» պատճառների վրա էլ մեղքը չես բարդի։ Դրա համար միայն մի բան է անհրաժեշտ` ժամանակ։ Օրը մի շիշ, ամիսը մի արկղ դուրս գրելով` կարելի է աստիճանաբար դուրս գրել գոյություն ունեցող պակասորդը, փակել ֆինանսական ճեղքվածքը։
Ահա հենց դրանով էլ այսօր զբաղված են ամերիկացիները։ Այդ երկրի բնակիչների չվաստակած բարիքների քանակը, որը նրանք յուրացրել են, ուղիղ համեմատական է ոչնչով չապահովված դոլարների այն քանակին, որը դրոշմել է Դաշնային պահուստի համակարգը։ Իսկ այսօր արդեն ԴՊՀ-ն, բարդություններ հարուցելով բանկային համակարգում, փլուզելով բորսային շուկան, գցելով բնական ռեսուրսների, անշարժ գույքի ու սննդամթերքի գները` օր օրի «դուրս է գրում» վիթխարի գումարներ։ Այստեղ «ստուգումը» նույնն է, ինչ դոլարի համաշխարհային համակարգի կործանումը։ Պետք է հասցնել նախքան դրա վրա հասնելը ամեն ինչ դուրս գրել։ Այդ ժամանակ հնարավոր է, որ ստուգողները ոչինչ էլ չնկատեն ու ձեռնունայն հեռանան։ Իսկ «պահեստի տղաները» նորից կշարունակեն յուրացնել ուրիշների ունեցվածքը` դրոշմելով դրանք և փոխարենն անվճար ստանալով նյութական ռեսուրսներ։ Պետք է միայն հասցնել, պետք է ժամանակ ձգել։ Հենց այդ պատճառով ճգնաժամը չի կարող կարճ ժամանակում ավարտվել։ Այն պետք է ձգվի բանկերի բազմաթիվ հաշվետվությունների ընթացքում, մինչև նրանք դուրս կգրեն միլիարդավոր դոլարներ։ Նրանք պետք է կարողանան պայթեցնել նախկինում հենց իրենց կողմից փչած պղպջակները։
Այդուհանդերձ, հնարավո՞ր է, արդյոք, արագ վերջ տալ ճգնաժամին։ Նման ձևով հարցն ինքնին ճիշտ չի ձևակերպված։ Ճիշտ կլիներ հարցնել` իսկ անհրաժե՞շտ է, արդյոք, այն արագ վերջացնել։ Դատելով ըստ ամենայնի, ոչ միայն անհրաժեշտ չէ, այլ անգամ չի կարելի։ Ավարտել սկսածը կարելի է միայն դրված բոլոր նպատակներին հասնելուց հետո։ Բայց, քանի որ ամեն ինչ ենթակա է միայն Աստծո կամքին, ապա անգամ Դաշնային պահուստի «փող տպող մեքենայի» մեզ անհայտ սեփականատերերին էլ չի հաջողվելու հասնել իրենց ուզածին։ Սակայն նրանք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց կազմակերպած ճգնաժամի հովանու ներքո հասնելու առավելագույն ձեռքբերումների։ Եվ նրանք ջանում են ողջ ուժով։ Ընդունում են ամերիկյան տնտեսությունը փրկելու ծրագրեր, որոնք սկզբունքորեն ի զորու չեն դա անելու։ Ի վերջո, ինչի՞ են հասնում բոլոր այդ թմբկահարված ծրագրերը, որոնք սկզբում մշակում էր Ջորջ Բուշի օրոք ֆինանսների նախարար Հենրի Պոլսոնը, իսկ այժմ առաջարկում է Բարաք Օբամայի վարչախումբը։ Դրանց էությունն անչափ պարզունակ է` փող ներարկել տնտեսության մեջ։ Դրոշմել ու ներարկել` զանազան հարմար պատրվակներով։
Եկեք տանք «մոնետարիստների» դասական հարցը` որքա՞ն։ Ինչպիսի՞ն է ծրագրվող ֆինանսական օգնության ծավալը։ Այն գումարը, որ սովորաբար շեշտվում է, 780 միլիարդ դոլարից մի փոքր ավելի է, սակայն անգամ ամենամոտավոր հաշվարկները պարզում են, որ այն բավարար չէ։ Հիշեցնենք` 2008-ին ԱՄՆ-ի ֆինանսական ապահովագրության շուկան 16,4 տրիլիոն դոլար էր, իսկ ԱՄՆ-ի ֆոնդային շուկայի արժեքը, այսինքն` բոլոր բաժնետոմսերի շուկայական գնահատման ողջ գումարը, մոտ 10 տրիլիոն դոլար։ Երկուսը միասին` շուրջ 26 տրիլիոն։ Ողջ աշխարհում այս թվերը շատ ավելի տպավորիչ են։ ՈՒ այս վիթխարի ֆինանսական փուչիկը վերցրին ու ծակեցին նախօրոք պատրաստված ասեղով։ Ըստ միջազգային Standard & Poor’s վարկանիշային գործակալության տվյալների` հունվարին համաշխարհային շուկաները կորցրին 5,2 տրիլիոն դոլար` ԱՄՆ-ում հիպոթեքային ճգնաժամի և համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազման` ներդրողների ունեցած մտավախությունների պատճառով։ Միայն մեկ ամսում ֆինանսական շուկայի կորուստները կազմեցին 8 անգամ ավելի մեծ գումար, քան ամերիկյան կառավարությունը տրամադրում է նրա ապաքինման համար։ Ձեզ, հարգելի ընթերցող, ընթացիկ թվերով շատ չծանրաբեռնելու համար միանգամից ներկայացնեմ որոշակի ամփոփիչ թվեր. ողջ 2008-ի և 2009-ի հունվարի ընթացքում ԱՄՆ-ի ֆոնդային շուկայի կապիտալիզացիան նվազեց 16,5 տրիլիոն դոլարից մինչև 5,9 տրիլիոն։ Այրվեց ավելի քան 10 տրիլիոն դոլար։ Այստեղից ի՞նչ հետևություն։
Անգամ մաթեմատիկայի դպրոցական ծրագիրը դժվարությամբ յուրացրած անձն առանց դժվարության գլխի կընկնի, որ տրիլիոնավոր դոլարներ կորցնելու դեպքում միլիարդները ոչինչ չեն փոխի։ Այստեղ գործում է պարզապես հոգեբանական պահը, այսպես ասած, մեծ թվերի հմայքը։ Սովորական մարդու վրա միլիարդներն այնպիսի տպավորություն են գործում, որ նա չի էլ կարողանում պատկերացնել, որ այդ փողերը ոչ մի հարց չեն լուծում։ Իսկ ԱՄՆ-ի տնտեսության մեջ ներարկվելիք օբամայական 780 միլիարդը նույնն է, թե փղի որսի գնաս կոտորակի հրացանով։
ՈՒրեմն ի՞նչ, ԱՄՆ-ի իշխանությունները ճգնաժամի դեմ չե՞ն պայքարում։ Իհարկե` ոչ։ Դրա համար չէր այն հրահրվել, որ անմիջապես էլ վերջ տային դրան` առանց հասնելու բոլոր հնարավոր արդյունքներին։ Եվ պետք չէ զարմանալ, իսկ ընդհանրապես ժամն է արդեն այդ առիթով չզարմանալու։ ԱՄՆ-ում ոչ ոք համաշխարհային ճգնաժամի դեմ չի էլ պայքարում։ ԴՊՀ-ն և կառավարությունը միայն դրա իմիտացիան են անում, ժամանակ ձգում և լվանում միամիտ ամերիկյան ընտրողների ուղեղները։ Կրակի հրձիգները չեն սկսի հանգցնել այն հրշեջների հետ, մարդասպանը ոստիկանների հետ չի սկսի որոնել ինքն իրեն։ Միանգամայն անիմաստ է համաշխարհային ճգնաժամի կազմակերպիչներից ակնկալել վճռական քայլեր այն հաղթահարելու ուղղությամբ։ Միամիտ մի եղեք։ Նրանք անում են այն, ինչն իրենց պետք է. գնում են, ինչ հնարավոր է ԱՄՆ-ում, և այրում դոլարները` դուրս գրելով իրենց բանկերի հաշվեկշռից։ Այժմ էլ պատրաստվում են, իրենց սովորության համաձայն, փոխել այն քաղաքական վարչակարգերը, որոնք դեռևս համարձակություն ունեն վիճարկելու աշխարհի քաղաքական քարտեզի վրա Դաշնային պահուստի «փող տպող մեքենայի» ամենակուլ իշխանությունը։
Մի՞թե նախագահ Բարաք Օբաման ոչինչ էլ չի անի ճգնաժամը հաղթահարելու համար։ Ոչ միայն չի անի, այլև մտքովն անգամ չի անցկացնի։ Մինչև չստանա ճգնաժամի կազմակերպիչներից համապատասխան ազդանշան։ Իսկ եթե հանկարծ որոշի ըմբոստանալ` դիպուկահարի կրակոցն իրեն սպասել չի տա։
Եվ վերջին բանը, որ կուզեի ձեր ուշադրությանը ներկայացնել այս հոդվածաշարում։ Մեզ անընդհատ ասում են, որ ներկա ճգնաժամն անհավատալիորեն ուժեղ է և խոր, և որ նման բան ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ աշխարհում Մեծ դեպրեսիայից հետո երբեք չի եղել։ ՈՒ որպես ասվածի ամենահամոզիչ ապացույց, անընդհատ մեջտեղ են բերում շուրջ 11 միլիոն գործազուրկների առկայությունն ԱՄՆ-ում` 2009-ի սկզբի դրությամբ։ Սակայն իսկապե՞ս ԱՄՆ-ի պատմության մեջ նման բան երբևէ չի եղել։ Ընթերցենք հետևյալ մեջբերումը. «1980-ի ապրիլին ԱՄՆ-ում բանկային հիմնական տոկոսադրույքները հատեցին 20 %-ի սահմանը։ Դադարեցրին մեքենաների վաճառքը, տների շինարարությունը մնաց անավարտ, միլիոնավոր մարդիկ դարձան գործազուրկ։ 1980-ի կեսերին գործազրկության մակարդակն աճեց մինչև 9 % և շարունակում էր ավելանալ ընդհուպ 1982-ի ավարտը` հասնելով 11 %-ի»։
Սա գրել է ո՛չ Գենադի Զյուգանովը, ո՛չ Հուգո Չավեսը կամ էլ Ֆիդել Կաստրոն, այլ Ալան Գրինսպենը։ ԴՊՀ-ի նախկին ղեկավարին դժվար է կասկածել իր հայրենիքը սևացնելու ցանկության մեջ։ Հետևություն` ամեն ինչ հենց այդպես էլ եղել է։ Եվ գործազրկության մակարդակը 1982-ի վերջին ճիշտ նույնպիսին էր, ինչ 2009-ի սկզբին։ Դուք երբևէ լսած կա՞ք 1982-ի սարսափելի ճգնաժամի մասին։ Կարծում եմ` ոչ։ Իսկ չեք լսել երկու իրար բացառող պատճառներով.
1. Ճգնաժամ իսկապես էլ եղել է, բայց դրա մասին խոսելը կխաթարեր ԽՍՀՄ-ի տնտեսության նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսության ունեցած գերակայության մասին փայփլուն պատկերը։ Ինչի՞ էր պետք 1985-ին ԽՍՀՄ-ում վերակառուցում սկսել` կրկնօրինակելու համար տնտեսության մի մոդել, որը երեք տարի առաջ սնանկ էր դուրս եկել ԱՄՆ-ում։ Բավականին անհեթեթ կլիներ, ճի՞շտ է։ Այդ իսկ պատճառով 1982-ի` ճիշտ այսօրվա ճգնաժամի նման սարսափելի ճգնաժամի մասին ոչ ոք ոչինչ չի լսել։
2. Երկրորդ պատճառն ավելի հասարակ է. 1982-ին ԱՄՆ-ում ոչ մի սարսափելի ճգնաժամ էլ չի եղել։ Իսկ դրանից արդեն բխում է, որ ամերիկյան տնտեսության մեջ գործազուրկների քանակն ամենևին էլ ճգնաժամի ուժգնության ցուցանիշ չէ։
Աշխարհում մոլեգնող ներկա տնտեսական ճգնաժամը շուտափույթ հաղթահարելու համար անհրաժեշտ է միայն մեկ բան` ԱՄՆ-ի Դաշնային պահուստի համակարգը դադարեցնի իր գործունեությունը։ Եվ դա միանգամայն բավարար կլինի։ Սակայն այն շարունակում է աշխատել։ Նրա ղեկավարներն իրենք են առաջարկում ճգնաժամի դեմ պայքարելու նորանոր պլաններ, ինչն էլ նշանակում է, որ ներկա ճգնաժամը դեռևս շուտ չի ավարտվի։ Ավելին, կհաջորդեն նոր ճգնաժամեր։ Չէ՞ որ դեռևս ոչ բոլոր խնդիրներն են լուծված։
Պատրաստեց Ռուբեն ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ