ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ» ՄԻՋԵՎ ԱՌԱՅԺՄ ՁՆՀԱԼ Է

«ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ» ՄԻՋԵՎ ԱՌԱՅԺՄ ՁՆՀԱԼ Է
08.02.2011 | 00:00

Չնայած Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են ավելի քան մեկ ամիս առաջ, թեև այդ ժամանակվանից ի վեր համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունն առավելապես սևեռված էր արդեն մոլորակի վրա ծավալված այլ իրադարձությունների, շատերը շարունակում են վերլուծել 2010-ի դեկտեմբերի 19-ին հանրապետությունում տեղի ունեցածի քաղաքական հետևանքները։ Ընդ որում, միջազգային ատյաններն ու առաջատար երկրները շարունակում են ընդհուպ զբաղվել այդ երկրով ու նրա նախագահով։ Այսպես, Եվրոպան, հայտարարելով, թե իրեն «այլ ելք չէր մնում», որոշեց դատապարտման խոսքերից անցնել գործի և մի շարք պատժամիջոցներ ընդունեց։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշում ընդունեց` ընդգծելով Բելառուսում առկա հետընթացը, և կոչ արեց ոչ մի պարագայում չփոխել նախկին որոշումը` Եվրախորհրդարանում Մինսկի ներկայացուցիչների աշխատանքը դադարեցնելու մասին։ Եվրամիությունն ավելի առաջ գնաց և որոշեց Բելառուսի նախագահին ու նրա շրջապատին պատժել Եվրամիության երկրներ մուտք գործելու արգելքով։ Օրերս Եվրամիությունը պաշտոնապես հրապարակեց 158 մարդ ընդգրկող «սև ցուցակներ», որոնց մեջ մտնում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա երկու որդիները` Վիկտորը և Դմիտրին, ուժային կառույցների ղեկավարներ, դատավորներ, ընտրահանձնաժողովների աշխատակիցներ և նույնիսկ պետական զանգվածային լրատվամիջոցների լրագրողներ։ Բրյուսելը նախատեսում է նաև «այլ գործողություններ, որոնք կարող են ձեռնարկվել ապագայում»։ Շուտով հայտնի դարձավ նաև ԱՄՆ-ի համանման պատժամիջոցների մասին։ Բացի այդ, այսուհետև ամերիկացիներին արգելված կլինի գործարարությամբ զբաղվել Բելառուսի մի շարք ընկերությունների, այդ թվում` «տնտեսության դրոշակակրի»` «Բելնավթաքիմ» պետական ձեռնարկության հետ։ Միացյալ Նահանգները նաև նախազգուշացրել է, որ մոտ ժամանակներս առանձին ֆինանսական պատժամիջոցներ կկիրառվեն բելառուսական այն կազմակերպությունների կամ անձանց նկատմամբ, որոնք առնչվել են «ժողովրդավարական գործընթացների խարխլմանը»։ Եվրամիությունը զգուշացնում է նաև Բելառուսի ղեկավարության, այդ թվում` Ալեքսանդր Լուկաշենկոյի ֆինանսական հաշիվները սառեցնելու մասին, ինչին վերջինս, ինչպես միշտ, հակադարձում է, թե ոչ մի արտասահմանյան հաշիվ էլ չունի։ Բացի այդ, «Եվրոպայի վերջին բռնապետի» հասցեին հնչում են նաև քարոզչական սպառնալիքներ։ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն առաջարկել է Բելառուսը բացառել միջազգային մարզական մրցումների, ինչպես, ասենք, օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թվից։ Իսկ ամերիկյան «Թայմ» հանդեսը հրապարակել է այն «բռնակալների և ինքնակալների» ցուցակը, որոնք մոտ ժամանակներս կարող են զրկվել իշխանությունից։ Բելառուսի նախագահն այդ վարկանիշով զբաղեցնում է «պատվավոր» չորրորդ տեղը։ Ի դեպ, շատ կարևոր է նկատել, որ անցյալում էլ են բազմիցս սպառնալիքներ ու պատժամիջոցներ մտցվել, բայց հետագայում դրանք չեղյալ են հայտարարվել կամ կասեցվել են։
Ավելորդ չէ նշել, որ Եվրահանձնաժողովը, հայտարարելով, թե «մենք ֆինանսավորում ենք այն նախագծերը, որոնց նպատակն է նպաստել օրենքների բարելավմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը», որոշում է ընդունել Բելառուսի քաղաքացիական հասարակությանն աջակցելու ծավալը մեծացնել մոտավորապես քառակի` հասցնելով 15,6 մլն եվրոյի։ Դա շատ հատկանշական է, քանի որ գործող նախագահի նույնիսկ քաղաքական ընդդիմախոսներն ու գաղափարական հակառակորդները խոստովանում են, որ Լուկաշենկոյի հաղթանակն օրինաչափ է։ Սակայն նրանք հայտարարում են, որ եթե այլընտրանքային թեկնածուներն ունենային բելառուս նախագահի ռեսուրսներին համադրելի հնարավորություններ, ապա նախընտրական պայքարի ելքը կարող էր այդքան էլ կանխատեսելի չլինել։ Ըստ երևույթին, նոր շռայլ «ներարկումները» պաշար են ապագայի համար։ Ասենք, ներկայումս էլ բելառուսական պաշտոնական մամուլը պնդում է, թե բազմամիլիոնանոց նվիրատվություններ են արվել «նենգ ու ագահ ընդդիմությանը», իսկ հատուկ ծառայությունները պարզում են օտարերկրյա, գլխավորապես գերմանացի ու լեհ գործակալների անունները, որոնք մասնակցել են փողերի փոխանցմանը` ձգտելով վերահսկել քաղաքական գործընթացը։ Այդուհանդերձ, այնքան էլ պարզ չէ, թե Արևմուտքի և արևմտյան հատուկ ծառայությունների ինչի՞ն էր պետք նարնջագույն հեղափոխություն նախաձեռնել Բելառուսում, երբ ի սկզբանե հասկանալի էր, որ այն դատապարտված է ձախողման։ Այդ ամենը Արևմուտքի ինչի՞ն էր պետք, եթե նրա նախորդ ողջ քաղաքականությունը նպատակաուղղված էր Լուկաշենկոյին սիրաշահելու, նրան Եվրամիության մեջ ներքաշելու, Մոսկվայից հեռացնելու ձգտմանը։
Իսկ այժմ Բելառուսի հետ տեսանելի (համենայն դեպս, այսօրվա դրությամբ) «վերջնական ամուսնալուծությունից» հետո այդ «խռոված հարսին» սկսել է նորից եռանդագին մխիթարել Մոսկվան։ Կրեմլը որոշել է իր ծանրակշիռ խոսքն ասել ի պատասխան նախագահի և հանրապետության «անողոք դեմոնացման», և միակողմանի պատժամիջոցներ մտցնելը, որոնք նախատեսված են «երկրում սոցիալ-տնտեսական կայունությունը խարխլելու» նպատակով, անվանել է հակաարդյունավետ։ Այժմ Ռուսաստանը, ասես մոռանալով վերջերս եղած տարաձայնություններն ու ԶԼՄ-ներում հայտարարված պատերազմը, հանդես է գալիս Բելառուսը միջազգային գործընթացներում «ամենալայն կերպով» ներգրավելու օգտին։ Դեռ ավելին, Լուկաշենկոյի երդմնակալության նախօրյակին, որին, նկատենք, ներկա չէին Ռուսաստանի ղեկավարները, Մոսկվայում տեղի էր ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հանդիպումը, որն ընթացել էր միանգամայն բարեկամական մթնոլորտում։ Ձեռք էին բերվել Բելառուսի համար շատ կարևոր համաձայնագրեր, ընդունվել էին նավթի ու գազի ինչպես գների, այնպես էլ մատակարարումների վերաբերյալ բելառուսական առաջարկությունները, ֆինանսական ու տնտեսական արտոնություններ։ Համաձայնագիր էր ստորագրվել Բելառուսում ատոմակայանի շինարարության վարկավորման մասին։ Հայտարարվել էր, որ է՛լ ավելի կակտիվանա Բելառուսի մասնակցությունը ժՉՐԸջնհ-ին և ՀԱՊԿ-ին։ Իսկ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունը, որը «վերջին ժամանակներս հիշեցնում էր հանգած մոմ` պատրույգի մարմրող ծայրով, վերստին կարող է վերածվել լույսի լիարժեք աղբյուրի»։ Ռուսաստանցի փորձագետների կարծիքով` բացառված չէ, որ մոտ ժամանակներս Բելառուսը ճանաչի Հարավային Օսիայի և Աբխազիայի Հանրապետությունները, քանի որ, նրանց կարծիքով, այդ հաղթաթղթերը Լուկաշենկոյին պետք էին Արևմուտքի հետ խաղում։
Այդուհանդերձ, այն հույսը, որ «եղբայրական ժողովուրդների» միջև ձնհալը կայուն ու տևական կլինի, այնքան էլ «վարդագույն» չէ։ Մոսկվան չի շտապում կրծքին սեղմել մոլորյալ «Բատկային», Ռուսաստանի հեռուստաալիքներն էլ առիթը բաց չեն թողնում ծիծաղի առարկա դարձնելու «կամակոր եղբորը»։ Կրեմլը գերադասում է պահել նրան մի փոքր հեռավորության վրա` այսուհետ «կերակրելով» միայն փոքր չափաբաժիններով և շատ կոնկրետ պայմաններով։ Այսպես, գրեթե մեկ ամիս Բելառուսը չէր ստանում երկրի համար այնքան կարևոր նավթը (ըստ երևույթին, պատահական չէ, որ Լուկաշենկոն «պնդացրել» է իր կապերը Բաքվի հետ և հասել Ադրբեջանից մատակարարումների երկարաժամկետ պայմանագրի կնքման)։ Ռուսաստանի իշխանության համար ևս մի կարևոր, հնարավոր է` նաև գլխավոր հանգամանք. բելառուս նախագահի ժողովրդականության աճը Ռուսաստանում։
Այս առումով առանձնապես ահավոր չհամարենք ռուսաստանցի կոմունիստների հիացմունքը «սոցիալիզմի կղզյակի» առթիվ և նրանց կողմից տարածվող անեկդոտները, ըստ որոնց, եթե սահմանում կանգնած բելառուսական երկու գունդ «կարմիր դրոշով մտնեն Մոսկվա, ապա մինչև Կրեմլ կհասնի 20 գունդ» (ի դեպ, Զյուգանովը ռուսաստանյան քաղաքական վերնախավից միակն էր, որ Լուկաշենկոյին շնորհավորեց ընտրությունների առթիվ)։ Առավել հատկանշական և նույնիսկ ապշեցուցիչ է թվում այն քվեարկության արդյունքը, որն անցկացրել էր «Նոր ռեգիոն» կայքը։ Ինն օրվա ընթացքում հարցմանը մասնակցել էր 44098 մարդ, Լուկաշենկոյի օգտին քվեարկել էր կայքի ընթերցողների գերակշիռ մեծամասնությունը` 78,28 տոկոսը։ Հետաքրքրական է, որ ՌԴ նախագահի ընտրություններին Լուկաշենկոյի մասնակցության դեպքում «ազգային լիդեր» Վլադիմիր Պուտինը, ազնիվ հաշվարկների դեպքում, կստանա քվեների ընդամենը 6,68 տոկոսը, իսկ Մեդվեդևը` դրանից էլ պակաս` 2,2 տոկոս։
Այս ամենով հանդերձ, Արևմուտքի ձեռնարկած վերջին «մեքենայություններից» հետո Մինսկը ջանաց հակադարձել հարվածը։ Մեկնաբանելով ներկայիս պատժամիջոցները` Բելառուսի ղեկավարությունը հայտարարում է, որ թե՛ Բրյուսելը, թե՛ Վաշինգտոնը քամահրեցին «բելառուս ժողովրդի կամքի հստակ դրսևորումը» և փորձեցին միջամտել ինքնիշխան պետության գործերին։ Բացի այդ, խոսում են նաև «համարժեք պատասխանի» մասին, թեպետ պարզ չէ` ինչպիսի։ Հասկանալի է, որ դրա համար Լուկաշենկոյի զինանոցը շատ մեծ չէ, բայց հարկ է խոստովանել, որ երկրի բնակչության մեծամասնության համար նա «բռնակալ է, որը կողմնորոշվում է դեպի փոքր մարդը»։ Նա, ինչպես նշվում է, «կոնսերվացրել է սոցիալիզմը» և սոցիալական պայմանագիր է կնքել բնակչության հետ։ Եվ գլխավորն այն է, որ նախագահը մինչ օրս կատարել է այդ պայմանագիրը։ Բայց նկատենք, որ հենց դրանում էլ թաքնված է գլխավոր վտանգը վարչակարգի համար։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, իշխանության ամբողջատիրական բնույթը բնավ էլ չի ենթադրում տնտեսության փլուզում։ Եթե «դիկտատորը» կոշտ եղանակներով լիբերալ տնտեսական քաղաքականություն է վարում, ապա հնարավոր է, որ դրա դիմաց աճ ապահովվի։ Օրինակ, Պինոչետի ժամանակների Չիլին, փոքր Սինգապուրը և մեծ Չինաստանը։ Խնդիրն այն է, որ վաղ թե ուշ հարկ կլինի հրաժարվել բնակչությանը լրավճարներ տրամադրելուց։ Բացի այդ, աշխատանքի համաշխարհային բաժանման արդի աշխարհում մեկուսի դժվար է սոցիալական արտոնությունների բարձր մակարդակ պահպանել, նույնիսկ ռեսուրսներով ավելի հարուստ երկրների համար։ Օրինակների հետևից հեռուն գնալու կարիք չկա, այդպիսիք են և՛ Իրանը, և՛ ԿԺԴՀ-ն, և՛ Կուբան։ Այսինքն, ակներև է, որ վաղ թե ուշ տնտեսական աճի կայունության ու բարձր տեմպի պահպանման համար Լուկաշենկոն հարկադրված կլինի իր սկզբունքներից ընկրկել. կա՛մ զգալիորեն թուլացնել երկրի ինքնիշխանությունը և անձնական պատվախնդրությունը Ռուսաստանի դեպքում, կա՛մ էլ համաձայնել Արևմուտքի կողմից առաջարկվող պայմաններին։
Ամփոփենք։ Թեև այս տարի հազիվ թե Լուկաշենկոյին հաջողվի հաղթահարել Եվրամիության և ԱՄՆ-ի հետ ունեցած հակասությունները, նա, ամենայն հավանականությամբ, կփորձի հարաբերությունները բարելավել հաջորդ տարի` խորհրդարանական ընտրությունների շեմին։ Ամենայն հավանականությամբ, կձևավորվի ընդդիմություն, որի ղեկավարներն ընդունելի կլինեն թե՛ բելառուսական կողմի, և թե՛ Եվրամիության համար։ Այնպես որ, չնայած այսօրվա բոլոր դժվարություններին ու սպառնալիքներին, երևում է, որ «Բատկան» չէր ստում. մոտ ժամանակներս Բելառուսում, իրոք, հեղափոխություն չի կանխատեսվում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ