38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Աճը կա, սակայն ինչի՞ հաշվին

Աճը կա, սակայն ինչի՞ հաշվին
20.06.2008 | 00:00

Եթե մի քանի տարի առաջ խաղատները և շահումով խաղերը Հայաստանում աճում էին սնկի պես, ապա վերջին երկու-երեք տարվա ընթացքում կարծես թե նոր խաղատներ չեն ավելանում։ Այս ենթադրության հիմքում վերջին երեք տարվա դինամիկան է։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, 2008 թ. հունվարից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ուժի մեջ է 72 շահումով խաղի, 15 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիա։ Նշված ժամանակահատվածում, նույն աղբյուրի համաձայն, տեղի է ունեցել 13 նիստ, քննարկվել է 41 հարց, մեկ շահումով խաղի և երեք խաղատան լիցենզիա ուժը կորցրած է ճանաչվել` իրենց դիմումի համաձայն։ Շահումով խաղի կազմակերպչի նկատմամբ կիրառվել է 1 մլն 500 հազար դրամի և խաղատան համար` 100 հազար դրամի տուգանք։ Ֆինանսների նախարարությունից ճշտեցինք նաև, որ հունվարի 1-ից մայիսի 1-ը նշված կազմակերպություններից գանձված պետական տուրքը կազմել է 315 մլն դրամ, որից շահումով խաղերի գծով` 140 մլն դրամ, խաղատներից` 175 մլն դրամ։ Հիշեցնենք, որ 2007-ի նույն ժամանակահատվածում, ըստ ֆինանսների նախարարության տվյալների, գործել է 55 շահումով խաղերի, 15 խաղատան և 4 վիճակախաղերի լիցենզիա։ ՈՒժը կորցրած են ճանաչվել շահումով խաղի 4 կազմակերպությունների լիցենզիաներ` դիմումի համաձայն։ Նկատենք, որ 2007-ի նշված ժամանակահատվածում գանձված պետտուրքը ընդհանուր առմամբ կազմել է 275 մլն դրամ, որից շահումով խաղերինը` 100 մլն, խաղատներինը` 175 մլն դրամ։ Այլ կերպ ասած և անցած տարի, և այս տարի խաղատների քանակը նույնն է։ Եթե խաղատների քանակը գնալով չի ավելանում, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանում այս շուկայի պահանջարկը բավարարված է, ինչը չի կարելի ասել շահումով խաղերի մասին։ Թեև առաջին հայացքից տարեցտարի ավելանում են այս շուկայում պետական տուրքի գանձման չափերը, սակայն դրան զուգահեռ պետք է արձանագրենք, որ այդ աճը տեղի է ունենում ի հաշիվ նոր կազմակերպությունների ավելացման։ Մինչդեռ թե´ շահումով խաղերի, թե´ խաղատների ու վիճակախաղերի սեփականատերերը, կարելի է ասել, լուրջ գումարներ են աշխատում բնակչությունից և այդ ամենն օրենքով սահմանված կարգով կարելի է ասել «գրպանում» են։ Այն պարզ պատճառով, որ վերջիններիս եկամուտներն ու շահույթն իրականում շատ ավելի մեծ են, քան նախատեսված պետական տուրքը։ Գուցե ժամանակն է այս խնդրը մեկ ա՞յլ տեսանկյունից դիտարկելու։ Այն է` հսկայական գումարները, որոնք շրջապտույտի մեջ են դրված տարբեր խաղերում, օրենսդրորեն ճիշտ ուղղորդել. ինչից կշահի պետբյուջեն, ասել է` բնակչությունը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 13678

Մեկնաբանություններ