ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՀԱՋՈՂՎԱԾ ԿԱՄՈՒՐՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ»

«ՀԱՋՈՂՎԱԾ ԿԱՄՈՒՐՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ»
12.10.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում տարբեր երկրներում նորից հաստատվեց Ֆրիդրիխ Նիցշեի գուշակությունը. «Արվեստը մարդկանց տրված է ճշմարտությունից չմեռնելու համար»: Այսինքն, արվեստը հավերժության բանալին է:
Բանալին անցած շաբաթ քաղաքական կատեգորիա էր. Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, աշխատանքային այցով ժամանելով Երևան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ասել է, որ նրա այցը Իրան «ներառում էր երկու երկրների հարաբերությունների ակտիվացման բանալին» և նպաստել է երկու երկրների նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը: Փաստորեն, երեքը մեկի մեջ. Թեհրանում Հովիկ Աբրահամյանը կատարել է և՛ նախագահական, և՛ վարչապետական, գուցե նաև իր անմիջական ֆունկցիաները: Եվ լավ է կատարել, որովհետև հարևան գործընկերը հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի և Հայաստանի համագործակցությունը կարող է հաջողված կամուրջ լինել տարածաշրջանի զարգացման և առաջընթացի համար»: Բայց ինչո՞ւ է եկել Լարիջանին: Այն էլ` հիմա: Ո՞վ չգիտեր, որ երկու հարևան երկրների միջև «բարեկամական հարաբերություններ են, որոնք կարող են բազմաթիվ ուղղություններով խորանալ»: Կամ` չխորանալ: Համենայն դեպս, Երևան գալուց առաջ «Մեհր» գործակալությանը Ալի Լարիջանին ասել էր. «Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման շնորհիվ տարածաշրջանում անվտանգ միջավայր կստեղծվի: Երկու երկրները քաղաքական և տնտեսական ոլորտում ունեն լավ հարաբերություններ»: Իսկ հայրենիք վերադառնալուց հետո ի՞նչ կասի, կասի՞, չի՞ ասի: Հայաստանում արդեն եղել են Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ԻԻՀ նախագահ Ահմադինեժադը, հիմա էլ` Ալի Լարիջանին, մնաց Միխեիլ Սաակաշվիլին գա: Հետո էլ ասում են` Հայաստանը անկախ չէ, Ռուսաստանի չգրանցված նահանգն է, ո՞ր նահանգապետը կհամարձակվեր այսպիսի շրջապատ ունենալ ու հետը հարաբերվել պարբերաբար, անպատիժ, նույնիսկ շահավետ: Լարիջանիի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ասել. «Մեր ժողովրդի կողմից ձեր երկիրը, ձեր ժողովուրդը դիտարկվում են որպես դարերի ընկեր, որպես վստահելի ու մերձավոր բարեկամ: Մենք կարևորում ենք մեր երկրների ղեկավարների միջև բարձր մակարդակի երկխոսությունն ու բարձրաստիճան փոխայցելությունները»: Դե, այսքանից հետո ինչպե՞ս Լարիջանին չընդգծեր «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը` որպես ցանկացած տարանցիկ նոր ուղղության ստեղծում, որը կարող է շահավետ լինել դրա բոլոր անդամների համար»։ Ինչպե՞ս երկուստեք չկարևորեր «Իրան-Հայաստան երկաթգծի, Արաքս գետի վրա համատեղ հէկի, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, նավթամթերքների խողովակաշարի կառուցման» ռազմավարական նշանակությունը:
Երևանի 2792-ամյակի տոնակատարությանը մասնակցող Մոսկվայի փոխքաղաքապետ Սերգեյ Բայդակովն ասել է. «Երևանը մեր հուսալի գործընկերներից է: Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Վլադիմիր Ռեսինի և Մոսկվայի կառավարության անունից հայտնում եմ, որ մեր համագործակցությունը շարունակվում է»:
«Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ՌԴ նախագահին Մոսկվայի քաղաքապետի 4 թեկնածու է ներկայացրել` Մոսկվայի կառավարության նախագահի առաջին տեղակալ Լյուդմիլա Շվեցովա, Նիժնի Նովգորոդի նահանգապետ Վալերի Շանցև, փոխվարչապետ Սերգեյ Սոբյանին, տրանսպորտի նախարար Իգոր Լևիտին: Դմիտրի Մեդվեդևն արդեն հանդիպել է նրանց և խոստացել առաջիկայում կատարել իր ընտրությունը:
CNN-ին տված հարցազրույցում` «Ինչո՞ւ կորցրիք նախագահի վստահությունը» հարցին Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն ասել է. «Մոտենում են 2012-ի նախագահական ընտրությունները: Իշխանությունները ցանկանում են, որ Մոսկվան պաշտպանի այն թեկնածուին, ում կառաջարկի Կրեմլը: Նրանց այնպիսի մարդ է պետք քաղաքապետի պաշտոնում, որ իրենց թիմակիցը լինի: Քաղաքապետ Լուժկովը սովորական պաշտոնյա չէր, անկախ էր և ինքնուրույն: Իշխանություններին, հակառակը, պետք է քաղաքապետի պաշտոնում տեսնել մեկին, որը կկատարի Կրեմլի հրամանները»: CNN-ի թղթակցի հարցին` «Երկար տարիներ Դուք հենց այդ մարդն էիք, ի՞նչ պատահեց, որ հանկարծ վերածվեցիք սպառնալիքի ու խոչընդոտի», Լուժկովը պատասխանել է. «Այսօր ընդամենը երկու գործիչ կա Ռուսաստանում, որոնք իրականում կարող են հավակնել նախագահի պաշտոնին` Դմիտրի Մեդվեդևն ու Վլադիմիր Պուտինը: Մեդվեդևը, սակայն, համոզված չէ, որ Պուտինի հետ հնարավոր մրցակցության պարագայում Մոսկվայի քաղաքապետը կաջակցի իրեն, ոչ թե Պուտինին»:
Hurriyet Daily News-ը հաղորդում է, որ Ստամբուլում վերանորոգվել և կրոնական արարողությունների համար վերաբացվել է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին: Շիշլիի շրջանի ղեկավար Մուստաֆա Սարիգյուլը ասել է. «Տարբեր կրոն դավանող ու տարբեր մշակույթ ունեցող քաղաքացիները երկար տարիներ բարեկամաբար ապրել են միասին: Որպես տեղական վարչակազմ` մենք փորձում ենք հավասար ծառայություններ մատուցել և հնարավորինս շատ հնարավորություններ ապահովել մեր քաղաքացիների համար»:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանի հետ հաշտեցմանն ուղղված ջանքերը կշարունակվեն մինչև Կովկասում վերջնական խաղաղության հաստատումը: Լրագրողի հարցին, թե արձանագրությունների վավերացումը Երևանի կողմից սառեցվելուց հետո հավանակա՞ն է նոր գործընթացի մեկնարկը, նախարարը պատասխանել է. «Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավմանն ուղղված գործընթացը երբեք չէր էլ դադարել, որպեսզի նորը մեկնարկի»:
Իսկ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից արդեն անցել է մեկ տարի: Պատմական որակված այդ փաստն սպառնում է անպատմություն մնալ: Ցյուրիխում ստորագրվելուց հետո հաջորդ քայլը պետք է լիներ խորհրդարանների վավերացումը, որին ո՛չ Թուրքիան, ո՛չ Հայաստանը չգնացին` առաջին հայացքից տարբեր, բայց խորքում նույն պատճառներով: Որքան կտևի ու ինչ արդյունքներ կունենա պարբերաբար հերքվող «լուռ դիվանագիտությունը», ցույց կտա ժամանակը:
Ի դեպ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կարծում է, որ որևէ կապ չկա Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու և հայկական հարցի միջև: Իտալական «Limes» ամսագրին նա ասել է. «Թուրքիան վարում է տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատմանն ուղղված քաղաքականություն: Մեր անկեղծությունը հայտնի է, մենք աշխատել ենք Կովկասում կայունության հաստատման համար: Անձամբ ես Հայաստանի հետ նախաձեռնություն սկսելու համար առաջին քայլերն եմ արել: Հայկական հարցը կարգավորման կարիք ունի, իսկ հիմա, հավանաբար, լուռ դիվանագիտության ժամանակն է»: Լրագրողի «օգնությամբ» Գյուլը բացատրել է. «Լուռ և վճռական դիվանագիտություն, առանց որևէ հասարակական նախաձեռնության, միայն գաղտնի բանակցություններ. խնդրի կարգավորման համար դա է պահանջվում ներկա պահին»:
ՀՀ կառավարության որոշմամբ` հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կկազմի 32500 դրամ` ավելանալով ամբողջ 2500 դրամով: Կենսապահովման նվազագույն զամբյուղը հիմա գնահատվում է 41052 դրամ: Ինչպե՞ս համադրել 2500 դրամի բարգավաճումը և 9002-ի պակասորդը` հավելելով կառավարության հետ հաշվի չնստող գնաճը, չգիտեն նրանք, ովքեր հեռանում են Հայաստանից. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական վիճակագրությամբ` մինչև հոկտեմբերի 1-ը «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնածների թիվը 70000-ով ավելի է ժամանածների թվից, սեպտեմբերին մեկնողների թիվը ժամանողների համեմատ աճել է 9000-ով: Տարեվերջին 100000-ը կա ու կա:
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հավանություն է տվել հասարակական վայրերում չադրան արգելող օրինագծին, որն ուժի մեջ կմտնի նախագահի ստորագրելուց հետո: Օրինազանց կանանց համար սահմանված է 150 եվրո տուգանք, օրինազանցության մղող տղամարդկանց` 30000:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից հետո 2010-ին խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել չին այլախոհ Լյու Սյաոբոն: Սովորաբար այս մրցանակի համար հայտերի թիվը 100-ից չի անցնում. այս տարի եղել է 237 հայտ` 199-ը հասարակական գործիչների, 38-ը` կազմակերպությունների համար: Խաղաղության մրցանակը խաթարել է Նորվեգիա-Չինաստան հարաբերությունների խաղաղությունը. Լյու Սյաոբոյին 2009-ին չինական դատարանը 11 տարվա ազատազրկման էր դատապարտել` խոսքի ազատության և բազմակուսակցական համակարգի ստեղծման մանիֆեստի աշխատանքներին մասնակցելու համար: Չինաստանի արտգործնախարարությունը Նոբելյան կոմիտեի որոշումը համարել է ցինիկ և «սրբապղծություն` մրցանակի նկատմամբ»: Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ղեկավար Թորբորն Յագլանդը կարծում է, որ Նոբելյան կոմիտեն անկախ կառույց է և կապ չունի Նորվեգիայի կառավարության հետ, ուստի մրցանակի շնորհումը հարաբերությունների վատթարացման պատճառ չի կարող լինել: Խնդիրը մրցանակը տիրոջը հասցնելն է. Յագլանդը չի կարողանում կապ հաստատել ո՛չ մրցանակակրի, ո՛չ նրա ընտանիքի հետ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Չինաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Սյաոբոյին` «մարդու իրավունքների և ժողովրդավարության պայքարի վառ ու քաջ մարտիկին, ով զոհել է սեփական ազատությունը հանուն իր սկզբունքների»:
Անցած շաբաթ Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն էր գումարվել, որի շրջանակներում հոկտեմբերի 5-ին հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների ղեկավարները` Սամեդ Սեիդովը և Դավիթ Հարությունյանը, ընդդիմադիր պատգամավորներ Սաբիր Գաջիևը և Արմեն Ռուստամյանը: Հանդիպման արդյունքը նոր հանդիպման պայմանավորվածությունն է եղել:
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների այցը Հայաստան հնարավորինս հետաձգելու իր մինիմում ծրագիրը պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կատարեց. հոկտեմբերին նրանք Հայաստան չեն գա, ըստ Դավիթ Հարությունյանի, ոչ քաղաքական, այլ տեխնիկական պատճառներով. հոկտեմբերի 19-21-ին Երևանում անցկացվելու է ժողովրդավարության ապագային նվիրված համաժողով (գործնականում ժողովրդավարության ներկան արդեն ո՛չ Հայաստանում, ո՛չ Եվրոպայում ոչ մեկին չի հետաքրքրում, հույսներն ապագայի վրա են դրել): Համազեկուցողները կգան այս տարվա դեկտեմբերին կամ մյուս տարի (հունվարից դեկտեմբեր): Մի՞թե մի Գորան Լինդբլադ այդքան ահավոր կարող է լինել:
Իսկ դաշտային առաքելությունից խուսափել չհաջողվեց. ճիշտ է` երթուղին երկարացնելով, բայց եկան: Հոկտեմբերի 4-ին նրանք Բաքվում էին, սակայն մայրաքաղաքում չէր նախագահը, և նրանք համերաշխ մեկնեցին Նախիջևան, ուր Իլհամ Ալիևը նրանց բարի երթի և օբյեկտիվ զեկույցի իր հորդորները հղեց: Իսկ ովքե՞ր են նրանք: Երեք համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը, ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնաժողովից երկու ներկայացուցիչ: Երևանում հոկտեմբերի 6-ին ՀՀ նախագահն ընդունեց Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Անջեյ Կասպրչիկին: Համանախագահները վերահաստատել են, որ դիտարկման հաջորդ փուլում ուսումնասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքները: Բացի այդ, նրանք շեշտել են, որ կօգտագործեն առաջին իսկ հնարավորությունը` Նախիջևանում այցելելու հիմնահատակ ավերված Ջուղայի գերեզմանոց, որտեղ ոչնչացվեցին հայկական խաչքարերը: Հարց` եթե այդքան մեծ էր վանդալիզմի մեջ համոզվելու ցանկությունը, ինչո՞ւ այդ չարեցին Ադրբեջանի նախագահին հանդիպելուց առաջ կամ հետո, կամ էլ` նրա հետ:
Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասել է, որ գնահատող առաքելությունն առաջին հերթին համեմատելու է 5 տարում կատարված փոփոխությունները: Ֆասիեն նախատեսել է, որ առաքելությունը կավարտվի հոկտեմբերի 13-ին` ընդգրկելով յոթ շրջանները: Իր եզրակացությունն առաքելությունը կներկայացնի դեկտեմբերի 1-2-ին` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ պետությունների ղեկավարների համաժողովում:
ԱԺ այս քառօրյայում, ի թիվս նշանավոր ու աննշան այլ իրադարձությունների, Արևիկ Պետրոսյանի փոխարեն խորհրդարանի նիստերը վարող ընտրվեց Սամվել Բալասանյանը: ԲՀԿ-ի կողմից նրան վստահված փոխխոսնակի բարձր առաքելությունը մեկնարկեց առանց ՕԵԿ-ի ձայների, ինչը միանգամայն տրամաբանական է. նրանք գիտեն այն, ինչ դեռ պիտի իմանա ԲՀԿ-ն` հանգամանքների թե՛ բարեպատեհ, թե՛ անբարեպատեհ դասավորության դեպքում:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ