«Ես զարմանում եմ, թե ինչո՛ւ Հայրենական պատերազմի վետերանները ռազմագերու տեսք ունեն, ազատամարտիկները` փլուզումից փրկված ածխահատների։
Զարմանում եմ, որ մարդասպան-տեռորիստին երկու զինյալով են ուղեկցում դատարան, իսկ դատախազին` ութ զինված թիկնապահով։ Ես զարմանում եմ, թե ինչպե՛ս է լինում, որ երկիր ծախողները փախչում են արտասահման, իսկ երկիրն առնողներն արտասահմանից են գալիս։
Ես զարմանում եմ, թե ինչո՛ւ մեր ազատ խոսքի պայմաններում ես չեմ համարձակվում ասել, թե որտեղ են նստած մեր կաշառակերները»։
«Ես զարմանում եմ»,Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ
ԶԱՐՄԱՆՔ ԵՎ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՍՓՈՓԱՆՔ
(հեռահար զրույց երգիծաբանի հետ)
Սամվել Խալաթյանը հայտնի անուն է գրական և մերձգրական շրջանակներում։ Նախ` բազմաշնորհ երևույթ է։ Դե, գիտեք, էլի, մարդը խնդիր ունի, Երկիր Նաիրին վերափոխելու զուտ լոռեցիական դյուրահավատ պաթոս, ինչը և անում է կենսալիցք երգիծանքի, խորունկ դրամատուրգիայի և շրջախոհ արվեստաբանության եռաժանիով։ Մի խոսքով զարմանում է։ Միանանք նրան։
Վերջին օրերը բավականին հուսաբեր էին։ Զարթոնք է, Մատենադարանի հարթակից հրովարտակներ հնչեցին. նախ` հևասպառ-հրամայական (Տիգրան Կ.-ի վերջնագիրը իշխանություններին), ապա` հրամայական-ըմբռնումային-շինիչ (ՀԱԿ-ի հանդարտ պահանջատիրությունը)։
Արևն իր պտույտը չէր ավարտել, երբ մայրաքաղաքը ցնցվեց, լարվեց ու լրատվական կարոտախտի բացիլակիրը դարձավ. ովքե՞ր են, հանուն ինչի՞ և ո՞ւմ են դրոշները փողփողում և կոկորդները դաբաղվում։ Երթը Մատենադարանից դարան-դարան հոսեց ու դոփեց դեպի «Լյառն Մասիս»... բյուր հազար և մի քանի փունջ ներողագրեր, երթը կառանվեց Հանրապետության հրապարակում և շուրջպար բռնեց Կառավարական տան ժամացույցի, տուֆակերտ վիշապագորգ-սալահատակի ու վերջին ցուցարարների մոռացած բողոքագրերի ազգանվեր միջավայրում։
Քաղաքամոր շունչը տեղն ընկավ, զի գյուղերից ժամանող պնդակոփ ջահելները` պարզած որոշակի պաստառներն ու անորոշ հայացքները, քիչ ու միչ վախեցրին միտինգային իմունիտետը կորցրած երևանաբնակներին։ Իզուր։ Կոփածո, առլեցուն, հրաշունչ բառեր էին Մատենադարանից ժայթքում։ «Հայոց արծիվներ» ՀԿ-ի մեկտարյա տարեդարձն էր, մեկդարյա հայոց մարած իղձերի վերընթերցումը, տարակուսանքը, հուզումն ու ցասումը։
ԱՌԵՎՏՐԱՇԱՀ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ
(երազախաբություն` տնտեսական ենթատեքստով)
Վերջերս (հերթական անգամ) կառավարությունից թղթե աղավնիներ թևեցին դեպի լրատվամիջոցներ ու դարձան տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլը մարսող հասարակության ականջին օղ։ Կառավարությունն ինքնավստահ է իր բոլոր թվաբանական հաշվարկներում և երկրաչափորեն վստահեցնում է ժողովրդին, թե` թքա՛ծ ունեցեք գների իրական աճի, որոշ սակագների խելագար թռիչքների և, առհասարակ, ճգնաժամ կոչվածի վրա։ Կարևորը հանրապետության տնտեսական աճն է։ Օրինակ, հունվար-փետրվարին այն կազմել է 7,5 տոկոս։ Արտահանման ծավալները մեծացել են։ Խոզագրիպն իր բռնած գործից ամաչեց և թքեց փայտիկին։
Մի խոսքով, գարնան գալուն ենք պատրաստվում։ Յուրաքանչյուրս յուրովի։ Հասարակական խավերի միջև ներդաշնակ համակեցության առաջին նվաճումներն ի հայտ եկան։ ՈՒ պարզվեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բարեշնորհ ազդեցություն է գործում միայն և միայն Հայաստանի վրա (Ապարանն ու Թայչարուխ գյուղը` ներառյալ, Վահագնի թաղամասը` բացառյալ)։ Երկիրը հասարակական նոր կանոնակարգման մեջ է։ Եվ անկախ փորձագետներն ահա թե ինչ են հիմնավորում. տնտեսական աճն ամենացավագին ազդեցությունն է ունենում մանկավարժների, հացթուխների և լրագրողների վրա։ Նրանց զամբյուղը դաժանորեն նվազում է։ Վաստակաշատ մանկավարժ տիկին Սրբուհին զայրացած շրջում է «լճիցլճում» և փորձում մի երկու խեցգետին որսալ։
Խեցգետնի հարիսա, մարգարինով ձվածեղ և կաղամբազուրկ բորշչ։ Ահավասիկ, ճգնաժամային զամբյուղի սեթևեթանքը։ ՈՒ ահա նմանատիպ զամբյուղներով (հանրության 92,7 տոկոսը) ձևավորվում է հանրապետության ամենակայուն-մարտունակ խավը։ Մնացած 7,3 տոկոսը, բաժնեմասերի տեսքով, բաշխված է օլիգարխների, բոմժերի և երկքաղաքացիների միջև։ Սա հասարակության քանակապես ճնշված, սակայն խորապես անկախ խավն է։ Զի տնտեսական աճի տեմպերը նրանց զամբյուղի, տրամադրության և ճաշացանկի վրա որևէ ազդեցություն չեն ունենում։ Քանզի նրանք թերթ չեն կարդում և Լրաբեր-մրաբերի ունկնդիր չեն։ Եվ անտեղյակ են, որ տնտեսական աճ է գրանցվել։ ՈՒ խաղա՜ղ գոյատևում են։
Առհասարակ մեր տնտեսական աճերը բավականին անդուր հիշողություններ են ծնում։ Սովետական ենթատեքստերով։ Սովետական տարիների կարմրաբոսոր քարոզչամեքենան տարին բոլոր, հնգամյակ առ հնգամյակ շեփորում էր տնտեսական նորանոր հաղթանակների մասին։ Հատկապես տպավորիչ էին նվաճումները տիեզերքի և վարունգաբուծության բնագավառներում։ ՈՒրեմն էսպես, պատմում են ԱՄՆ-ի հատուկ ծառայության վերլուծաբանները, որ մի օր ծառայողական պարտականությունները կատարելիս հանկարծ ընկան խելագար ծիծաղի էքստազի մեջ և հանդարտվեցին, երբ հրշեջ ծառայության պահեստավորած ողջ ջրափրփուրը սպառվեց նրանց վրա։ ՈՒրեմն մարդիկ հայտնաբերել էին, որ եթե հավատան սովետական թերթերի զեկույցներին, ապա ոչ միայն ԽՍՀՄ-ը, այլև Երկիր մոլորակը, Լուսինն ու Մարսը պիտի ծածկված լինեին վարունգի ջունգլիներով։
Հիմի մերն է, կառավարությունից վստահեցնում են, որ, չնայած տնտեսական ճգնաժամի լկտիությանը, մեր տնտեսությունն ուրախ-զվարթ աճում է։ ՈՒրեմն մտնում ես շուկա։ ՈՒ եթե մինչև ճգնաժամն ու տնտեսական աճը կիրակնօրյա դոլման (համապատասխան թաշախուստով) վրադ նստում էր 5 հազար դրամ, տնտեսական աճի պայմաններում նույն 5 հազար դրամով կարող ես կանխատեսելի մի նվաղուն նախաճաշ պատրաստել։
Էնպես որ, սա շատ ավելի մազալու բան է, քան ոմն դատախազիկի ութ թիկնապահով շրջելը։ Ի դեպ, անկեղծ լինենք, դատախազիկը (և մյուս այլևայլ խազիկները) լրջորեն նպաստում են տնտեսության կայունացմանն ու երկրի շենացմանը։ Հարցնում եք ինչպե՞ս` պարզ, հասկանալի, ափաշքյարա։ Դատախազը ստվերային բազմաբնույթ գումարները մի՞թե չի դնում շրջանառության մեջ։ Ահավասիկ, ութ թիկնապահի աշխատավարձ, հոնորար ու պարգևավճար։ ՈՒթնյակի յուրաքանչյուր անդամը մի՞թե այդ գումարները դարձյալ չի ներքաշում շրջանառության մեջ. շոգեբաղնիք, ատամմաքրիչ և փամփուշտ ու ծամոն։
Այ, հենց նրանք էլ տնտեսական աճ են ապահովում։ Թե չէ, երբ հեռուստաէկրանի թլոշ աղջիկն աչք-ունք խաղացնելով երջանիկ դայլայլում է, որ «անցնող ամիս այսքան ծառայություն է արտահանվել, որն էլ ահա այսքան տնտեսական աճ է ապահովել», ընկնում ես դարդիման մտածմունքի մեջ։ Զի ծառայության արտահանումը հնարավոր է միայն նման կանոնակարգով. հունվար-փետրվարին փորձի փոխանակության և բարիդրացիական կապերի ամրապնդման նպատակով 117 կուրտիզանուհի միջպետական համաձայնագրի տառին և ոգուն համապատասխան... գործուղվել է հարևան Վրաստան։ Մի խոսքով։
ԿԵՑՑԵ՛Ս ՎԻԿՏՈՐ, «ՄԱԼԱԴԵՑ» ՍԻՄՈՆ
(վերջաբան-վերջնագիր-վարքականոն)
Վիկտորին հո լավ գիտենք։ Ոտից գլուխ բարեմասնություն է։ Հատկապես մականունավոր պատգամավորների և օրապակաս միտինգավորների համատեքստում։ ՈՒ մեր պառլամենտն առանց Վիկտորի, ոնց որ պոմիդորով ձվածեղն առանց լոլիկի։ Կամ էլ էսպես ազգային-ավանդական տոմատա(պոմիդորա-լոլիկա)խառն եղաձուն առանց ձվի, այսինքն` Վիկտորի։ Զի ժպտադե՛մ-ժիր է ու անթաքույց գաղտնախորհուրդ։ ՈՒ ահա մեր թերթի նախորդ համարում նա ինչն է բարձրաձայնում. «...Երիտասարդ ու միջին տարիքի կարող ուժերի որոշակի հատվածը, ունենալով ինքնադրսևորման պրոբլեմներ, հայտնվել էր կուսակցությունների գրասենյակներում և պետական ապարատի ստորին օղակներում»։ Բարձրաձայնում է և հպարտ շարունակում. «Արդյունքում նոր մտավորական-ինտելեկտուալները մեզանում որոշ իմաստով չդարձան պետության կառավարման հոգեմտավոր ֆունկցիայի կրողները, իսկ հասարակությունը, զրկվելով ազգային կողմնորոշիչների կայուն համակարգից, հայտնվեց լճացման ու անտարբերության և նրան հաջորդող պերմանենտ ցնցումների հորձանուտում»։ Կեցցես, Վիկտոր, դալլաքաց ազնվազարմ տոհմից, և վստահեցնում եմ, առաջիկա նախագահական ընտրություններում ձայնս քեզ եմ տալու։ Եթե անգամ չառաջադրվես։
Անցնում ենք առաջ և լճիցլճյան մեր մակույկում զբոսանքի հրավիրում Ղոնաղչյան Սիմոնին։ ՈՒշագրավ դեմք է (հուսանք, չի վերածվի քաղաքական դեպք-դիպվածի)։ Ներկա գործող-իշխող հանրապետականում երկու անգամ է եղել։ Երբ կուսակցությունը դեպի իշխանություն էր ընթանում, Սիմոնը... հեռացվեց։ Երբ լիարժեք իշխանություն էր, հեռացավ կամովին։ Միջակայքում էլ զայրացավ ու ազգին երեք արու զավակ պարգևեց։ Ի դեպ, լայն ընթերցողին թերևս անհայտ է. 28-29 տարեկանում ԱՊՀ ամենաերիտասարդ պետնախարարի կարգավիճակում էր։ Չե՞ք հավատում։ Թերթեք մեր նորանկախ պատմության էջերը, Ղոնաղչյանը ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման հանձնաժողովի առաջին նախագահն էր և դիմակայեց մեկ տարի, մեկ ամիս և 11 օր։ Մի խոսքով, լուրջ շրջադարձերի ունակ երևույթ է ու արժանի ունկնդրման։ Թերթի նույն համարում ահա թե ինչ է գոռում. «Հայաստանում չեն առաջանում բաց բաժնետիրական ընկերություններ, որոնք կարող են ֆինանսական միջոցներ ներգրավել, 1-2-5 օլիգարխներ կան, որոնք փող են դնում ու գործ բացում, և վերջ։ Հանրային կապիտալի գեներացիա, կապիտալի ներհոսք դեպի արդյունաբերություն և այնտեղից էլ դիվիդենդների տեսքով դեպի հասարակություն այդ խողովակները չկան։ Հայաստանը թերաճ ենթակառուցվածքներով երկիր է։ Այդ մասին պետք է մտածել»։ Մտածիր, խորհիր ու շրջադարձվիր, և Վիկտոր-նախագահի պարագայում կունենանք Սիմոն-վարչապետ։
Լավ, իսկապես, որտեղ են նստած (պառկած, կքանստած, դոշ տված) մեր ազգային կաշառակերները։ Երբ ազատ խոսք է ու ազատական ախտանիշների պորտապար։ Բայց լա՜վ էլ համարձակ ենք։ Զի մեր որոշ լրատվամիջոցների արտավիժանքին թե ականջ դնենք, ապա ՀՀ-ում կաշառակեր չեն միայն հնագույն մասնագիտության դիցուհիները։ ՈՒ մեկ էլ աղանդավորները։
ՈՒղղակի պետք է հաշտվել անսքող ու դաժան էն մտքին, որ կաշառք կոչվածը մեր գենոտիպի անքակտելի բաղադրիչն է։ ՈՒ մեր հոգուն-ոգուն-ջան-ջանդակին է ագուցվել դեռ էն թվերից, երբ հացի խնդիր առաջ եկավ (անտեղյակները կարդան Պռոշյան), ու ռուս չինովնիկությունը, բազմաթիվ բարենորոգումներին զուգընթաց, հայկական միջավայր ներմուծեց կաշառքը։ ՈՒ մենք այլասերվեցինք-այլակերպվեցինք ու դարձանք ստվերային եկամտի սիրահար։ Հավատացի՞ք։ Իզուր։ Պարզաբանեմ։ Առհասարակ կաշառքը մարդ-արարածի ենթագիտակցությունից գիտակցություն սողոսկող բնազդական մղումն է։ Եվ դեռ քարի դարում, Լճաշեն գյուղի մերձակայքում գրանցվեց կաշառակերության նախնական դեպքը։
ՈՒ բանը, այսպիսով, բնավ կաշառք կոչվածը չէ։ Կարևորը մատուցման եղանակն է, դրսևորումը, բարոյահոգևոր եղանակը։ Օրինակ, ինչո՞ւ որևէ մեկի մտքով չի անցնում, որ Իրանի ու Թուրքիայի ներկա հզորության հիմքում նաև կաշառքն է։ Այո՜, որ պարսիկներն ու թուրքերը կաշառք տալիս էին հրապարակավ, և դա ամենևին էլ անբարո չէր։ Դեռ ավելին, Օսմանյան կայսրությունում... հարկվում էր կաշառքը։ ՈՒ հսկա միջոցներ էին ուղղվում պետական գանձարան։
Այնպես որ, չկորցնենք պահը պատմական և սահմանադրորեն օրինականացնենք կաշառակերությունն ու կոռուպցիան։ Եվ ճկուն հարկային օրենսդրություն մշակենք։
Ասենք էսպես. դասախոսը գարնանային քննաշրջանում գրպանեց 5 հազար դոլար, դրա 25 տոկոսը նա հանգիստ խղճով և առերես մուտքագրում է բյուջե։ Դատախազի, դատավորի և քննիչի ձեռքում քանի դզող գործ է տարեկան ուրվագծվում։ Մի քանի։
Դե եկեք հաշվենք, թե որքան կհարստանա պետությունը, եթե օրենքն ընդունվի։ Ըստ դարդախորով իրավապաշտպանների և լացակումած օրինապաշտների, Հայաստանում տարեկան շրջանառվում է 12-12,5 միլիարդ դոլարի ստվերային տուրք։ Այսինքն` կաշառք։ Հիմա հաշվենք 25 տոկոսը։ Ծաղկե՜ց Մարոյի բոստանը, ամայացավ ոսոխի բաղ ու բախչեն։ Այսպիսով` առաջ դեպի օրինապահ ու բարգավաճ Հայաստան։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ