ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄԻՋԱԴԵՊԸ ՉԷՐ ԼԻՆԻ, ԵԹԵ...

ՄԻՋԱԴԵՊԸ ՉԷՐ ԼԻՆԻ, ԵԹԵ...
04.03.2011 | 00:00

Հանրապետության հրապարակում երեկ առավոտյան խաղաղ չէր։ «Բարիկադների» մի կողմում բացօթյա առևտրով զբաղվողներն էին` «Ժառանգության» պատգամավորների գլխավորությամբ, մյուս կողմում` ոստիկանները։ «Մեզ թողել են անգործ, սոված, հիմա էլ թույլ չեն տալիս, որ մեր բողոքի խոսքն ասենք»,- նշում էին առևտրականները, իսկ ոստիկաններն այդ ընթացքում տեղից տեղ էին «քշում» մարդկանց` արգելելով մոտենալ կառավարության շենքին։ Եվ ստացվեց այնպես, որ առանց այդ էլ զայրացած մարդկանց է՛լ ավելի «բորբոքեցին», և կրքերը շիկացան, ու բողոքը վերածվեց քաշքշուկի։ Արդեն հասկանալի չէր, թե ինչու են բողոքավորները, պատգամավորներն ու ոստիկաններն իրար քաշքշում։ Իրարանցման մեջ փորձեցինք պարզել` ի վերջո, ինչո՞ւ թույլ չեն տալիս մարդկանց իրենց բողոքն արտահայտել, ո՞րն է խնդիրը։ Ոստիկանների համոզմամբ` նրանք օրենք են խախտում։ Իսկ ի՞նչ օրենք են խախտում պատգամավորները. «Ես իրավաբան եմ, աշխատում եմ ԱԺ-ում և օրենքները շատ լավ գիտեմ։ Ազատ շարժվելու և բողոք արտահայտելու իրավունքն օրինական է»,- մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանը։
Մինչ քաշքշուկը ծավալվում էր, կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություն արեց, մասնավորապես շեշտելով հետևյալը. «Մենք որդեգրել ենք մի կարևորագույն աշխատաոճ, և դրա մասին հանրապետության նախագահը մի քանի անգամ հրապարակայնորեն արտահայտվել է, այդ թվում նաև Ազգային Ժողովում, այն է` մենք ինքներս պարտավոր ենք բացահայտել բացթողումները, թերությունները, այն խնդիրները, որոնք առկա են մեր բնագավառներում: Դա է լինելու երաշխիքը, որ մենք այդ խնդիրները կարողանալու ենք լուծել: Այսպիսի աշխատաոճն, իհարկե, լուրջ անհարմարություններ է ստեղծում մեր ընդդիմախոսների համար, քանի որ հանրությանը մեր իսկ ներկայացրած բացթողումները բացահայտելու համար անհրաժեշտ է նաև որոշակի ինտելեկտուալ, վերլուծական աշխատանք, և պարզվում է, որ մեր ընդդիմախոսներն այդ կարողությունները չունեն: Արդյունքում նրանք կիրառում են շատ հայտնի մեթոդ` «սադրանքի մեթոդը»։ Դժվար չէ ենթադրել, որ այն, ինչ տեղի էր ունենում Հանրապետության հրապարակում հենց այդ նույն պահին, «սադրանքի մեթոդի» բացահայտ դրսևորումն էր։
Նիստի ավարտից հետո «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը դիմել էին կառավարության աշխատակազմի ղեկավարին` վարչապետից ընդունելություն խնդրելով։ ՈՒ մինչ վարչապետը կընդուներ նրանց, զրուցեցինք Ստեփան Սաֆարյանի հետ։
-Դուք սպասում եք, որ վարչապետը ձեզ կընդունի՞։
-Հույս ունենք։
-Ի՞նչ եք ասելու վարչապետին։
-Պահանջելու ենք քրեական գործի հարուցում։
-Ձեր պահանջը կբավարարվի՞։
-Չեմ կարող կանխատեսել։
-Իսկ եթե վարչապետը ձեզ չընդունի՞։
-Քայլեր շատ ունենք։ Եթե վարչապետը մեզ չընդունի, ուրեմն առիթ կտա մտածելու, որ այս ամենն իր գիտությամբ է արվել։
Կեսօրից հետո Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ վարչապետն իրենց ընդունել է և իրենց ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում ոստիկանության պետը հավաստիացրել է, որ ծառայողական հետաքննություն կանցկացվի։ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ այս խնդիրն ուսումնասիրվում է։ Հետևելով այս միջադեպին` ինքնին հարց է առաջանում` արդյոք այս ամենը տեղի կունենա՞ր, եթե բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները վաղօրոք ապահովված լինեին անվճար փակ տարածքներով։ Մենք «փողոցային» առևտրի կողմնակից չենք, իհարկե այն պետք է վերացվի, սակայն մի՞թե չի կարելի շուկաների սեփականատերերին հանձնարարել իրենց շուկաներում գոնե որոշ ժամանակով անվճար տարածք տրամադրել նշված բիզնեսից դուրս մնացածներին։ Ե՛վ սոցիալական լարվածությունը կթուլանա, և՛ բողոքավորների թիվը կկրճատվի, և՛ մարդկանց մի ստվար զանգված սոված չի քնի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ