ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄԻ՞ԹԵ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ

ՄԻ՞ԹԵ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ
08.02.2011 | 00:00

Երբ ծանոթացա Թուրքիայի նախագահ Գյուլի ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում ասված մտքերին, ակամայից հիշեցի ՀԿԿ Մասիսի շրջկոմի երրորդ քարտուղար Մամեդովին ասած խոսքերս: 1985-ին տարբեր գերատեսչությունների չորս աշխատողներս, այդ թվում նաև` հիշյալ Մամեդովը, գնում էինք Կապանի գործկոմի աշխատանքները ստուգելու: Եթե Երևանից Կապան կարելի էր հասնել չորսուկես ժամում, ապա Նախիջևանով այն անհամեմատ կարճ էր, ոլորաններն էլ` քիչ: Նախիջևանով անցնելիս ակամայից մեջս Մամեդովին ուղղվելիք հարց առաջացավ.
-Մամեդով, թուրքերեն «Նախիջևան» բառը ո՞նց կթարգմանես:
Իմ հարցից ամենևին անակնկալի չեկած Մամեդովը հնարավոր ու անհնար բոլոր բառերը թվարկեց, բայց այդպես էլ կոնկրետ ոչինչ չասաց:
Նայեցի կողքիս նստած կուսակցական Մամեդովին և ինձ հատուկ շիտակությամբ ասացի.
-Մամեդով, դու կա՛մ հիմար ես, կա՛մ հիմար ես ձևանում:
Նա ոչինչ չպատասխանեց:
Մենք անխոս շարունակեցինք ճանապարհը:
Ասել, թե Գյուլը հիմար է, կնշանակի ոչինչ չասել: Ասել, թե հիմար է ձևանում, դա էլ սխալ կլինի: Մնում է միայն ասել, որ Գյուլը թուրք է, և մեզ համար ամեն ինչ հասկանալի կլինի: Պետք չէ ամեն անգամ այս կամ այն թուրք պաշտոնյային դեմ տալ և հարցնել, թե Թուրքիան ինչո՞ւ չի ճանաչում հայերի ցեղասպանությունը, քանզի հարցի պատասխանը նախօրոք պարզ է: Բայց մի բան չեմ կարող չհարցնել. ո՞վ փրկեց Էնվերին ռուսների ձեռքը գերի ընկնելուց: Եթե հայ տղամարդը զենքը ձեռքին անցնում էր թուրքի թշնամի ռուսի կողմը, ապա հղի հայ կինն էլ, նորածինն էլ, հինգ տարեկան երեխան էլ, պառավ կինն էլ, անցնում էին ռուսի կողմը: Տեղին է հարցնել, Դի՞նքն էլ էր անցել ռուսի կողմը: Հարցի պատասխանը տվել է Դինքը. եթե նույնիսկ օդանավով տանեին բոլորին դեպի անապատները, միևնույն է, դա ցեղասպանություն է, որովհետև նպատակը ցեղին արմատից կտրելն էր: Եվ այսօր էլ թուրքը նույն նպատակն է հետապնդում: Ղարաբաղը թուրքի համար էական չէ: Էականն այն է, որ հայը չպիտի ունենա հզոր պետականություն, քանզի Ղարաբաղի ազատագրումով հայերի մեջ ամրապնդվեց իրենց պատմական հայրենիքին տեր կանգնելու անկոտրում ոգին: Գողը երբեք չի վախենում դատվելուց, նա ավելի շատ վախենում է գողացածը կորցնելուց: Թուրքիան այսօր այդ օրին է:
Հիմա հետ դառնանք մեզ և մեր պատմությանը: Բեռլինի կոնգրեսից անցել է հարյուր հիսուն տարի: Դրանից հետո էլի քննվել է միջազգային տարբեր ատյաններում, տարբեր մակարդակներով … և ի՞նչ: Ոչինչ: Ցավալին այն է, որ անցած հարյուր հիսուն տարում մենք չսովորեցինք և չհասկացանք, որ աշխարհում իշխում է շահի օրենքը, ուժի օրենքը, որ հումանիզմ, խիղճ, ազատություն, մարդու իրավունք և նման բաներ, շահի օրենքներով կառավարվող աշխարհում, միջոց են աշխարհի տերերի ձեռքին իրենց նպատակին հասնելու համար:
Աշխարհի ազատության ախոռ («այդ մեծ ախոռը ազատության». գերմանացի բանաստեղծ Հայնեն այս տողերով է բնութագրել Ամերիկան) երկիրը, երբ իրեն պետք է, կխոսի հումանիզմից։ Մի՞թե այդ հումանիզմով չէր տոգորված Բուշ Կրտսերը, երբ ավերում էր Իրաքը։ Մի՞թե Օբաման չի խոսում ազատությունից, մարդու հիմնարար իրավունքներից և ողջունում Սուդանի հանրաքվեն, աշխարհի այդ նույն հզորները կարող են սերբական պատմական հողերը պոկել նրանից և ստեղծել նոր պետություն` մոռանալով պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Կարելի է անվերջ խոսել աշխարհի հզորների վարքագծի դրսևորումների մասին: Մի՞թե չհասկացանք, որ Ամերիկա երկիրը միշտ էլ վարել է երկերեսանի քաղաքականություն: Դասական օրինակը` Օբաման, որը «գենոցիդ» բառի փոխարեն կօգտագործի «Մեծ Եղեռն»: Ախր Եղեռնի ժամանակ դեռ Լեմկեն չկար և չէր մշակել գենոցիդի տեսությունը, իսկ մենք` հայերս, նեղանում ենք, որ Օբաման էլ խաբեց մեզ:
Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեության մեջ ես հիշում եմ ասված միայն մեկ խելոք միտք: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր ազգային կարևոր հարց, նախագահող Ոսկանյանն ասաց, թե այդ դեպքում կդիմենք միջազգային ատյաններ, հնչեց Լևոն Տեր-Պետրոսյանի չափազանց իմաստուն խոսքը. «Խնդրում ենք Ձեզ, հայոց հարցը մի միջազգայնացրեք»: Այո, հարցը պետք չէ միջազգայնացնել: Այդ միջազգայնացման հանցավոր քաղաքականությունը մենք զգացել ենք մեր ժողովրդի վրա: Իսկ ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց Ղարաբաղի հարցի միջազգայնացմանը, այդպես էլ պարզ չեղավ:
Թե աշխարհը ինչ կորոշի, ԵԽԽՎ-ն ինչ ենթահանձնաժողովներ կստեղծի, Ադրբեջանն ինչքան կհոխորտա, դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորը մեկն է` սեփական ուժերին ապավինելը և հավատալը: Վերջերս ամերիկահայ Փարթամյանի մի միտքը կարդացի թերթերից մեկում: Եթե մեկ միլիոն հայ վերադառնա Հայաստան: Պատկերացնո՞ւմ եք` այդ մեկ միլիոնն ապրում է ազատագրված տարածքներում, այդ մեկ միլիոնը տուն է կառուցում, այդ մեկ միլիոնը բազմանում է, այդ մեկ միլիոնն իրեն տեր է զգում, հավատում է իր երկրի նախագահին, նրա սոցիալական արդարությանը և զրկանքների գնով կառուցում է իր հզոր երկիրը: Ոչ ոք չի կարող ուժով մեզ հեռացնել այդ տարածքներից: Ոչ մի երկրի զինվոր չի մեռնի հանուն Ադրբեջանի: Ստատուս քվոն անիմաստ է պահպանել, եթե մենք չենք գործում հօգուտ մեզ:
Հավատանք մեզ, մեր ուժին և կառուցենք երկիրը, ոչ թե ազգի ամբողջ ներուժը կենտրոնացնենք, թե Եվրոպան ինչ ասաց, թուրքն ինչ ասաց, Օբաման կասի՞, թե՞ չի ասի «գենոցիդ» բառը:
Մի՞թե պատմությունը մեզ չի սովորեցնում: Մի՞թե միջազգային հանրությանը հավատալով չապրեցինք Սուլթան Համիդի ջարդերը, Ադանայի դեպքերը, Գենոցիդը, Սումգայիթը, Բաքուն և այլն: Ժողովրդական մի խոսք կա. «Յուղը շան տկի մեջ էլ որ լցնես, շան հոտ է գալու»: Ճիշտ է, ժամանակաշրջանի փոփոխության հետ փոխվում է նաև կառավարողների հոգեբանությունը, բայց կառավարողների էությունը չի փոխվում: Սուլթան Համիդը ֆես էր դնում, Էրդողանը` ոչ, բայց նրանց էությունը նույնն է: Կլեմանսոյից տարիներ հետո Ֆրանսիայի ղեկին հայտնված Սարկոզին էությամբ նույնն է: Տրումենից ինչո՞վ է տարբերվում Օբաման: Նրանց բոլորին կառավարում են ոչ թե խիղճը, մարդու իրավունքը և էլի ինչ-որ վերամբարձ խոսքեր, այլ իրենց երկրի շահը, թեկուզ այլ ազգերի արյան գնով: Հասկանանք և գնահատենք մեր շահերը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ