Սաուդյան Արաբիան օրերս պաշտոնապես էմբարգո հայտարարեց թուրքական ապրանքների նկատմամբ։ Թուրքական ապրանքները հաճախ չեն հասնում եվրոպական երկրներ, քանի որ արդեն ԵՄ-ի սահմանին անպիտան են համարվում։ Թուրք-ադրբեջանական ներկայիս վայրագությունների ֆոնին պարզից էլ պարզ է, որ Հայաստան այլևս չի ներկրվի թուրքական ապրանք։ Հարցը բարձրացվում է առայժմ կոչերի ու թուրքական ապրանքը մերժելու մակարդակով։ Թե՛ գնորդը, թե՛ տնտեսավարողը վերանայելու են առք ու վաճառքի նախկինում ընդունված անհասկանալի ձևաչափը։ Ըստ ամենայնի, կվերանայվի նաև պետական քաղաքականությունը։ Թեմայի շուրջ իր պարզաբանումներն է ներկայացնում բիզնես կառավարման փորձագետ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։
-Այն, որ «ոչ» ենք ասելու թուրքական ապրանքներին, ավելի քան հստակ է։ Շա՞տ ենք ուշացել։
-Այո, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան միշտ վարել է մեզ հետ ագրեսիվ քաղաքականություն։ 90-ականներին այդ երկիրը փակեց սահմանը, հայտարարելով, որ մենք ագրեսոր ենք, կտրեց բոլոր դիվանագիտական կապերը` վիժեցնելով նաև տնտեսական հարաբերությունները։ Մենք էլ մեր հերթին պետք է հրաժարվեինք թուրքական ապրանքներից, քանի որ այդ երկրի հետ չունենք դիվանագիտական ոչ մի հարաբերություն։ Եվ Թուրքիան է կտրել այդ հարաբերությունները։ Մենք ի՞նչ էինք անում՝ շարունակում էինք Վրաստանով Թուրքիայից ապրանք բերել կեղծ փաստաթղթերով և ներմուծում էինք անորակ ապրանք՝ թուրքական աղբ։ Հայաստանին ապրանք վաճառելով՝ Թուրքիան ոչ մի պատասխանատվություն չէր կրում, այսինքն, եթե թունավորված ապրանք ուղարկեր, չէիր կարող բողոքել իր դեմ։ Ի՞նչ էր տեղի ունենում՝ մենք հարստացնում էինք մեր թշնամուն՝ իր ցածրորակ ապրանքը բերելով մեր երկիր և տնտեսապես թուլացնում էինք մրցակիցներին, որոնք փորձում էին օրենքի շրջանակում ապրանք արտադրել, ծառայություն մատուցել և այլն։ Թուրքական ապրանքն անորակ է, ուստի ինքնարժեքը ցածր է, ավելի էժան կարող է վաճառել, և տեղացի տնտեսավարողը չի կարողանում մրցակցային գնի մեջ տեղավորվել ու դուրս է մնում շուկայից։ Այսպիսով, այդ ապրանքը բերելով, թուլացնում ենք մեր տնտեսավարողին, որն անհավասար պայմաններով մրցակցում է թուրքական ապրանք արտադրողի հետ։
-Խնդիրը պետք է լուծվեր պետակա՞ն մակարդակով։
-Պետական քաղաքականությունը հիմա փոխվում է։ Նախկինում հետևյալ կերպ էր. Թուրքիայից ապրանքը բերում էին կիլոգրամով, մաքսազերծում էին ու վաճառում տեղական շուկայական գնից էականորեն էժան։ Բայց դա չի նշանակում, թե որակն ու գինը համապատասխանում են, հակառակն է։ Գնորդը ոգևորվում է էժան գնով, բայց չի խորանում, որ աղբ է գնում։ Անգլիացին ասում է՝ ես այդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք գնեմ, փաստորեն մեր ազգը շատ հարուստ է, էժան առնում է, մեկ ամսից գցում է դեն, նորից է առնում։ Համապատասխան գերատեսչություններն անտեսել են այս հարցը, թույլ են տվել, որ թուրքական ապրանքը մրցակցի նորմալ ապրանքի հետ, դրանով մեր տնտեսությանը հասցրել են ահռելի վնաս։
-Ասում են, որ թանկացումներ են սպասվում այս համատեքստում։
-Չգիտեմ՝ թանկացումներ կլինեն, թե ոչ, որովհետև, կրկնում եմ` մեծ թվով այլ շուկաներ կան։ Մենք Ռուսաստան չենք, 130 միլիոն բնակիչ չունենք, որ հենց թուրքական լոլիկը չգա Հայաստան, սովից մեռնենք։ Փառք Աստծո, մեր տեղի շուկան կզարգանա, մեր ժողովուրդը աշխատող է, լոլիկ պետք լինի, լոլիկ կաճեցնի։ Հակառակը. թող խրախուսեն, որ տեղի ժողովուրդն արտադրի այն ամենը, ինչ Թուրքիայից էր գալիս։
-Այլ երկրներից ապրանք ներկրելու ձեռնտու տարբերակներ կա՞ն։
-Կան շատ երկրներ, որտեղից կարող ես համապատասխան ապրանք բերել, բայց եթե համակարգը թույլ է տալիս, որ բերես աղբ ու վաճառես լավ ապրանքի տեղ՝ խաբելով ժողովրդին, դու այս աղբը կարող ես բերել նաև Չինաստանից ու այլ երկրներից։ Խնդիրն այն է, որ պետությունը պետք է կարողանա կառավարել այդ գործընթացները, որպեսզի տեղի չունենա անհավասար մրցակցություն։ Սա առաջին հարցն է` պետք է որակը վերահսկել։ Թուրքիայի դեպքում պետական համակարգը չպետք է թույլ տար, որ կեղծված փաստաթղթերով թուրքական ապրանքը մտներ Հայաստան։ Ես հասկանում եմ` պետությունը աչքը փակում էր, որովհետև թուրքական շուկային կապված էին շատ տնտեսավարող սուբյեկտներ, շատ աշխատակիցներ, ի վերջո, ինչ-որ գումար էր մտնում բյուջե, հարկեր էին վճարվում։ Վերջերս սկսեցին կիլոգրամով ներմուծվող ապրանքը հատով ներմուծել, դա ինչ-որ չափով դժվարացրեց այդ գործընթացը։
Կրկնում եմ՝ շատ հեշտ կարելի է փոխարինել այդ ապրանքները։ Ես ինքս, որպես տնտեսավարող, սկզբունքորեն Թուրքիայից ապրանք չեմ գնում, նույն գնով, նույն որակի ապրանք Իրանից եմ գնում։ Կարելի է Չինաստանից և այլ երկրներից գնել։ Օրինակ, ես Գերմանիայից գնել եմ օգտագործված ապրանք՝ վերամբարձ կռունկ, որ շատ ավելի որակյալ է թուրքական կամ չինական լրիվ նոր վերամբարձ կռունկից։
-Ի՞նչ պետք է անել տեղական արտադրությունների զարգացման համար։
-Առաջինը՝ թույլ չտալ, որ մեր ներքին արտադրողը բախվի անորակ ապրանքի հետ (ներքին արտադրողին չես թողնում ցածրորակ ապրանք արտադրել, բայց թողնում ես, որ աղբ մտնի շուկա)։ Պետք է վերահսկեն այդ գործընթացները՝ հասկանալով, որ դա ոչ միայն մաքսանենգության խնդիր է, այլև կոնկրետ ճնշում է, հստակ հարված տնտեսավարողին, մեր տնտեսությանը։ Եթե երկու հոգի 100 դրամով վաճառում են խաչապուրի, մեկը` որակյալ պանրով, մյուսը՝ ժամկետանց, երկուսն էլ հարյուր դրամ արժեն, մեկը երեք տոկոսի շահույթ է ստանում, մյուսը` հիսուն տոկոսի։ Բնականաբար անհավասար մրցակցություն է։ Տեսչությունը պետք է վերահսկի, որ ժամկետանց պանիր չօգտագործվի, նույնը հագուստի պարագայում է։ Պետք է խրախուսել նաև մեր տնտեսավարողներին, որոնք ներմուծվող ապրանքների մրցակցություն են ստեղծում։ Դա պետության անմիջական գործառույթն է։ Հիմա արդեն արվում է ու շատ ավելի ինտենսիվ պետք է արվի, որ մեր առևտրային սալդոն կամաց-կամաց փոխվի դեպի դրականը։
-Եթե թուրքական ապրանքը արդեն կա ներքին շուկայում, ճի՞շտ է էմոցիոնալ լուծմամբ հրաժարվել դրանց առք ու վաճառքից։
-Այն ապրանքը, որն արդեն ներմուծվել է, պետք է վաճառվի-վերջանա, ոչ թե էմոցիոնալ քայլեր պետք է անել, այլ պետական մակարդակով ճիշտ որոշումներ կայացնել ու կարգավորել այդ հարցը։ Տեսչությունները համապատասխան հրահանգներ պետք է ստանան, որ ավելի հստակ աշխատեն, աջակցեն ներքին արտադրողին կամ ներմուծողին։ Էմոցիոնալ քայլերից տնտեսությունը միշտ տուժում է, իսկ տնտեսություն ասվածը մարդիկ են՝ ընտանիքներով, իրենց եկամուտներով։ Չի կարելի միանգամից կտրել մարդկանց եկամուտը, պետք է փուլ առ փուլ արվի, իսկ դա պետության գործառույթն է։
-Պատերազմի ազդեցությունը տնտեսության վրա կարելի՞ է կանխորոշել։
-Ծանր է դրությունը, մարդկային մեծ ողբերգություն է պատերազմը, այսօր մեր խնդիրը բիզնեսը չէ, այլ Ադրբեջանին, Թուրքիային զսպելն ու վերջնականապես այս հարցը լուծելը։ Հարյուրամյակներ շարունակ հասկացնում են, որ թուրքերի հետ չենք կարող ընկեր լինել, ոչ թե որովհետև մենք չենք սիրում ընկերություն անել, այլ որովհետև այդ պետությունը չի ուզում մեզ ընդունել որպես ազգ, հարևան, որը լիարժեք ապրելու իրավունք ունի։ Նրանք ուզում են, որ մենք վերանանք։ Բնականաբար, պատերազմի պայմաններում բոլոր ներդրումները սառեցվում են, ո՞վ սիրտ ունի բիզնես անելու։ Սա ահավոր հարված է տնտեսությանը, մարդիկ արտադրելու են միայն այն, ինչ անհրաժեշտ է ամենօրյա օգտագործման համար։ Պատերազմի օրերին չես կարող խոսել տնտեսության աճի մասին, կոլապսի է վերածվում ամեն ինչ։ Հերթական անգամ համոզվում ենք, որ մեր ազգը միաբան է, ու միաբանությամբ էլ այս հարցը վերջնականապես կլուծենք։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ