ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Վարդենուտի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։
Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ տնօրենը, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել եւ տարիներ շարունակ իր տան էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը հաշվարկել է դպրոցի հաշվիչի վրա եւ վճարել դպրոցի հաշվից՝ էական վնաս պատճառելով դպրոցի իրավունքներին ու օրինական շահերին։
Դեպքի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնում հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության։
Հանգամանքները պարզվում են։