«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Նախքան ուսուցիչներին պահանջներ ներկայացնելը պետությունը պարտավոր է հոգալ և լուծել առկա խնդիրները»

«Նախքան ուսուցիչներին պահանջներ ներկայացնելը պետությունը պարտավոր է հոգալ և լուծել առկա խնդիրները»
29.01.2019 | 04:22

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է մանկավարժի վարքականոն (էթիկայի նորմեր), որն առայժմ ներկայացվում է նախագծի տեսքով: Այն սահմանում է ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները և ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները:
Նախագծի վերաբերյալ «Իրատես»-ը զրուցեց Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ ԳԱՌՆԻԿ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆԻ հետ:

-Պարոն Վաղարշակյան, ըստ Ձեզ, արդյո՞ք առաջնային և անհրաժեշտ էր Կրթության նախարարության կողմից մանկավարժի վարքականոնի վերաբերյալ նախագծի մշակումը, երբ կրթական ոլորտում առկա են բազում չլուծված հիմնահարցեր և կուտակված խնդիրներ:
-Նորություն չէ, որ կրթության համակարգում ամենակարևոր դերակատարումը ուսուցչինն է, քանի որ նա է կրթում ու դաստիարակում մեր վաղվա սերունդը` քաղաքացիների, որոնք պետք է ապահովեն տնտեսության առաջընթացը և պաշտպանեն երկրի անվտանգությունը: ՈՒսուցչի առաքելությունը ոչ թե մասնագետ պատրաստելն է, այլ ակտիվ, իր բարոյական կերպարով հասարակության համար պիտանի քաղաքացի դաստիարակելը: Այն երկրները, որտեղ կրթության ոլորտը համարվել է առաջնային և կարևորագույն, դարձել են տնտեսապես առավել զարգացած և ժողովրդավար: Մինչդեռ հետխորհրդային Հայաստանում առայսօր ամենախոցելի ոլորտը կրթության համակարգն է:
Վերջին երեսուն տարում այս համակարգում 15-16 նախարար է փոխվել, ինչը լրջորեն ազդել է կրթական ոլորտի ռազմավարության մշակման վրա, բնականաբար տեղ են գտել և լուրջ բացթողումներ: Ոլորտում կատարվել են ոչ այնքան արմատական, որքան մակերեսային փոփոխություններ: Փաստորեն, պետությունը չի մշակել ռազմավարական ծրագիր, թե 20 կամ 30 տարի հետո ինչպիսի քաղաքացի ենք ցանկանում ունենալ: Ցավոք, նախարարների հաճախակի փոփոխությունը՝ ամեն մեկն իր տեսլականով, իր քաղաքական կողմնորոշմամբ, ամեն մեկն իր քաղաքական կուսակցության պատվերով կրթական համակարգի զարգացման միջանկյալ ծրագիր է ներկայացրել, որը, պարզվել է, երկու-երեք տարվա կյանք է ունեցել, եկել է մեկ ուրիշ նախարար և այդպես շարունակ: Ամեն անգամ նման փոփոխությունները ազդել են համակարգի բնականոն զարգացման վրա, ինչն իր հերթին ազդել է նաև այդ համակարգում աշխատողների վարկանիշի վրա: Մինչդեռ կրթական համակարգն այն ոլորտն է, որին առնչվում են հասարակության լայն շերտեր` աշակերտը, ուսանողը, մանկավարժն ու դասախոսը և այդ համակարգի սպասարկման ոլորտի այլ մասնագետներ:
Պետք է նկատի ունենալ, որ ուսուցիչը մշտապես գտնվում է հանրության տեսադաշտում: Արդյունքում ստացվում է, որ ուսուցիչն ունի միայն պարտավորություններ և պարտականություններ` առանց իրավունքների: Պետության և նրա լիազոր մարմին կրթության և գիտության նախարարության կողմից ուսուցչի սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերը կարծես թե համարվել են երկրորդական ու երրորդական: Պետությունը ուսուցչի նկատմամբ պարտավորություններ չի ստանձնում` սահմանած չնչին աշխատավարձը համարելով բավարար: Դրա վառ ապացույցն է տարիներ շարունակ ուսուցչի աշխատավարձի բարձրացման խնդրի անտեսումը, և սա այն դեպքում, երբ ուժային կառույցներում մշտապես խրախուսման նպատակով բարձրացվում են աշխատավարձերը:
Ինչ վերաբերում է կրթության և գիտության նախարարության ներկայացրած այս նախագծին, ապա ցանկացած նախագիծ պետք է ծնվի ոչ թե կաբինետային քննարկման արդյունքում և հանրությանը ներկայացվի արդեն որպես պատրաստի փաստաթուղթ, այլ պետք է նախապես հանրության լայն շրջանակներում քննարկվի և մշակվի:
-Այս նախագիծը որքանո՞վ կնպաստի կրթության որակի, կրթական գործընթացի կատարելագործմանը:
-Երբ ծանոթանում ենք նախագծի պահանջներին, ապա ինձ անհասկանալի է ուսուցչի արտաքին տեսքին ու հագուկապին վերաբերող պահանջը: Իսկ հաշվարկե՞լ են արդյոք նրա աշխատանքի, աշխատաժամանակի դիմաց վարձատրության չափը, քանի որ ուսուցիչ լինելուց զատ նա նաև ունի ընտանեկան խնդիրներ և պարտավորություններ: Երբ սա չի դիտարկվում որպես սոցիալական խնդիր, ապա ստացվում է, որ ուսուցիչը պարտավոր է իր չնչին աշխատավարձով ապահովել վայելուչ հագուկապ: Մինչդեռ փորձագետների, արհմիությունների հետ մասնագիտական քննարկումները կօգնեին գտնելու առավել նպաստավոր լուծումներ` ինչպես բարելավել ուսուցչի սոցիալական վիճակը, չէ՞ որ նրանց է վստահված մեր երեխաների ապագայի կերտումը:
Ինձ զարմացնում է նաև ուսուցչից ազնիվ ու օրինապահ լինելու, կաշառք վերցնելու կամ տալու երևույթներից զերծ մնալու պահանջը: Իսկ կա՞ մի բնագավառ կամ ոլորտ, որտեղ խրախուսվում է կոռուպցիայով կամ կաշառքով զբաղվելը: Այստեղ բարոյական տեսակետից հատուկ շեշտադրումն է սխալ: Կարծում եմ, հարցադրումն իր լրջությունը կորցնում է ու նաև վիրավորական է ուսուցչի համար:
Իսկ վարքականոններ մշակողները հիշե՞լ են հեռավոր, սահմանամերձ գյուղերի ուսուցիչներին, հատկապես երբ դպրոցներ են փակվում, երբ առաջին դասարանի աշակերտը հարկադրված 4-5 կմ ճանապարհ է հաղթահարում հարևան գյուղի դպրոց հաճախելու համար, նույնը՝ ուսուցիչը: Այս մասին մտածե՞լ են երբևէ:
Դպրոցներից շատերում, և հատկապես հեռավոր համայնքներում, նյութատեխնիկական բազան, սոցիալական պայմաններն անմխիթար վիճակում են: Նախքան ուսուցիչներին պահանջներ ներկայացնելը պետությունը պարտավոր է հոգալ և լուծել առկա խնդիրները:
-Ըստ նախագծի, ուսուցիչը պետք է ունենա լեզվական բարձր մշակույթ, զերծ մնա գռեհկաբանությունից և ժարգոնից: Չե՞ք կարծում, որ այս պահանջը պետք է զետեղված լինի մանկավարժական բուհի կրթական ծրագրում:
-Կարծում եմ, ուսուցչի լեզվական մշակույթին ուշադրություն պետք է դարձվի ոչ թե դպրոցում, այլ մանկավարժական բուհում, և այդ ընթացքում պետք է երևա, թե ապագա մանկավարժն ունի՞ մանկավարժ դառնալու ունակություն, որ հետագայում կարողանա զարգացնել նաև կարողությունները: Դպրոցում չէ, որ պետք է մշակվի լեզվամտածողության որակը: Հասկանալի է, որ աշխատանքին զուգահեռ ուսուցիչը հետևողականորեն պետք է զբաղվի ինքնակրթությամբ, աշխատի իր որակավորման բարձրացման ուղղությամբ, որոնի աշխատանքի առավել արդյունավետ ուղիներ: Ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետման հարցում ուսուցիչը պարտավոր է մշտապես հետևելու իր մասնագիտական որակի բարձրացմանը: Դա ժամանակի պահանջն է:
-Ի՞նչ եք կարծում, վարքականոնը ուսուցչի կամ մեկ այլ մասնագետի դեպքում կօգնի՞ իր ոլորտում հասնելու կատարելագործման, եթե նրա բարոյահոգեբանական զինանոցում այդ հատկանիշները բացակայում են ի սկզբանե:
-Եթե այդպիսի վարքականոններ են մշակում, ապա կարելի է վարքականոններ մշակել նաև պետական այրերի, պատգամավորների համար նրանց խոսքի կուլտուրայի և քաղաքացիների հետ փոխհարաբերությունները ճիշտ պահպանելու համար, չէ՞ որ նրանք նույնպես վարքականոնի կարիք ունեն: ՈՒսուցչի համար նման մոտեցումը չեմ կարծում, թե կնպաստի նրա վարկանիշի բարձրացմանը: Փաստորեն ստացվում է, որ ուսուցչի գործողությունները մշտապես գտնվելու են հսկողության, մանրադիտակի տակ և սա իր ստացած չնչին աշխատավարձի պայմաններում:
Ի տարբերություն շատ աշխատանքների, ուսուցիչը չի կարող միաժամանակ մի քանի տեղ աշխատել:
Փաստորեն, առանց աշխատանքային իրավունքների պաշտպանության, սոցիալական պայմանների բարելավման, մենք ուսուցչին դարձնում ենք ոչ թե վաղվա սերունդ կերտող, այլ ուղղիչ աշխատանքային պարտականություններ կատարող անձ:


Զրույցը՝ Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ