ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հեղափոխության մեքենան նստելուց առաջ պետք է մտածել՝ արդյո՞ք այն տեխզննում անցել է

Հեղափոխության մեքենան նստելուց առաջ պետք է մտածել՝ արդյո՞ք այն տեխզննում անցել է
27.11.2018 | 01:27

Երկար ճանապարհ դուրս գալուց առաջ մարդատար մեքենաները համապատասխան տեխնիկական զննում են անցնում, նոր միայն սկսում ընթացքը: Եթե ավտոմեքենան թեթև անսարքություն ունի, ինչը կարող է դույզն-ինչ կասկածի տակ դնել ուղևորների անվտանգությունը, այն տեղից շարժվելու իրավունք չունի: Կարևոր են նաև վարորդի արհեստավարժությունը, սթափ լինելու և առողջական որևէ խնդիր չունենալու հանգամանքը: Վարորդական իրավունքի վկայական ունենալու փաստն անգամ կարող է կասկածի տակ դրվել, եթե ճանապարհային նշաններին քաջածանոթ չէ, կամ էլ վթարային իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն և արհեստավարժություն չունի:


Ապրիլին տեղի ունեցած քաղաքական գործընթացը, որ նոր իշխանությունները հեղափոխություն անվանեցին, ինչ-որ առումով այս անսարք ավտոմեքենային է նման, որի վարորդը, ղեկը պահելու հմտությունից բացի, տրանսպորտային միջոցի վերաբերյալ խոր գիտելիքներ ու անհրաժեշտ արհեստավարժություն չունի: Մեքենայի վառելիքը չի վերջանում, բայց տեխնիկապես ու բարոյապես այն մաշվում է՝ մեծացնելով վթարի հավանականությունը: ՈՒղևորների գլխապատառ ցանկությունը, րոպե առաջ նստելու գործին հարևանցի ծանոթ վարորդի ավտոմեքենան, տարօրինակ է, սակայն ոչ ապշեցնող. էյֆորիան սրբել-տարել է թե՛ տրամաբանելու, թե՛ բանականությամբ առաջնորդվելու հատկությունը:


Թե ուղևորներն ինչ գին կվճարեն անսարք մեքենայով երթևեկելու գայթակղությանը «на ура» տուրք տալու դիմաց, ու ինչ իրականություն կտեղափոխի նրանց վարորդը, պարզ կդառնա կարճ ժամանակ անց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Դեկտեմբերի 9-ին մարդիկ պետք է կանխոշորեն երկրի ապագան ու ճակատագիրը՝ ամրագրելով, այսպես կոչված, հեղափոխության վերջնական հաղթանակը: Բայց, ցավալիորեն, քաղաքական որևէ ուժ, ընդհուպ ներկա իշխանությունները, կարևորագույն այդ գործն իրենց վրա չեն վերցնում: Ոչ մի խոսք արժեքների, գաղափարների, ինստիտուտների ու մտածելակերպի վերանայման, քաղաքական նոր օրակարգի մասին: Տպավորություն է, թե պաշտոններն իրար մեջ բաժանելու խնդիր է դրված, յուրաքանչյուր ուժ ձևական խաղ է խաղում ու սպասում իր բաժին ավարին: Որքան էլ զավեշտալի թվա, բայց հանրապետական կուսակցության սև-սպիտակ պաստառներն այս պահին ավելի շատ են հեղափոխական տրամադրություն ստեղծում, քան եվրոպացի ֆուտբոլիստներից գողացած «հու-հու-հա»-ները:


Այս պարագայում ի՞նչ պետք է անի ուղևոր-ընտրողը` հեղափոխության մասնակից ուժերին ստիպի խոսել ու գործել հեղափոխության հետագա քայլերի մասին: Քաղաքական դաշտը չար ու բարի ուժերի բաժանելու փորձերն արդեն իսկ իմաստազուրկ են։ Այդ դեպքում միայն իմաստ ունի նստել տեխզննում անցած մեքենան, վստահ լինելով, որ անփորձանք տեղ ես հասնելու:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ