Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում հրավիրվել է կոնֆերանս` «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով:
Կոնֆերանսի հիմնական նպատակը առկա ինժեներական ծրագրերը ներկայացնելն ու Հայաստանի դպրոցական ինժեներական կրթության կարևորության շուրջ հետաքրքրված բոլոր կողմերին համախմբել էր:
«Նման համախմբումն անհրաժեշտ է առկա մտավոր ներուժը օգտագործելու, Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում: Այս հարցում մեզ կօգնի հատկապես ռոբոտաշինության զարգացումը, որն էլ կհանդիսանա մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկը»,- նշել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Դպրոցական տարիքում ստացած գիտելիքները մնայուն են: Կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելու մեր ձգտումը կարևոր առաքելություն ունի: Այն ռոբոտաշինությամբ հետաքրքրված սովորողների շրջանում կմեծացնի բացահայտելու և նորը ստեղծելու ձգտումը: Այս ամենին հասնելու համար, հարկավոր է ապահովել զարգացած ինժեներական միտքով սերունդների հերթափոխ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված` ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգը, ամփոփվել է կրթական անիմացիաների և խաղերի ստեղծման մրցույթը: Ցուցադրվել են նաև ԻՏՁՄ կողմից իրականացվող` «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթի մասնակից նախագծերը:
Միջոցառման ընթացքում, «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում, խմբակավարներին տրամադրվել են ռոբոտ կոնստրուկտորային կոմպլեկտներ: