ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀԱՅ, ՈՐ ՍԻՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԱՅ, ՈՐ ՍԻՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
16.04.2010 | 00:00

Քանի ապրում ես` չգիտես մահն ինչ է, և որովհետև չգիտես` վախենում ես անհայտությունից ու անորոշությունից, բայց դա վերաբերում է քո մահվանը: Իսկ ուրիշների մասին հայտնի ու որոշակի գիտես, որ ժամանակը ոչինչ էլ չի բուժում, որքան սպիացնում, նույնքան խորացնում է ցավը: Նաև գիտես, որ քո իշխանության տակ միայն քո հիշողությունն է` դու կարող ես անվավեր հայտարարել մահը ու հեռացածներին սպասել ու նրանց մասին մտածել, որ ինչ-որ տեղ են գնացել ու վերադառնալու են: Իսկ նրանք այլևս չեն վերադառնալու: Եվ այն ամենը, ինչ դու ունես, միայն քո հիշողություններն են:
Իսկ հիմա պատկերացրեք մարդու, որ բոլորի հիշողություններում կա:
Որ ապրում է ժողովրդի հիշողությունում:
Եվ նույնիսկ նրանք, ովքեր ծնվել են նրա մահից հետո, նրանից հիշելու ինչ-որ բան ունենալու են` այն մետրոն, որ կառուցել է նա, այն համալիրը, որ կառուցել է նա, այն հուշարձանը, որ կառուցել է նա, այն... այն... այն... ՈՒ այդպես ստացվում է, որ Կարեն Դեմիրճյանը ոչ մի պահ չի հեռացել Երևանից ու չի հեռացել Հայաստանից, ու նրա ներկայություն-բացակայությունը պայմանական է դառնում այն մեծ ու լուսավոր, ուրախ ու բարի, իմաստուն ու տաք պատմության մեջ, որ եղավ նրա կյանքը: Հարյուրից մեկին իր ընտրությամբ բնությունն օժտում է բոլոր լավագույն հատկանիշներով, հազարից մեկին Աստված իր ընտրությամբ շնորհում է կարողություններ, որ նրանց դարձնում են անհրաժեշտություն մյուս մարդկանց համար, անհրաժեշտություն իրենց ժամանակի համար, անհրաժեշտություն իրենց երկրի համար: ՈՒ այդ եռամիասնությունը նրանց ոչ թե բարձրացնում ու հեռացնում է մարդկանցից, այլ դարձնում նրանցից մեկը, որը կարող է ապրել բոլորի կյանքով: Եվ դա ոչ վերամբարձ խոսք է, ոչ միստիկա, ոչ հեքիաթ, դա ռեալություն է, երբ կյանքն ու աշխարհը, մարդիկ ու գործդ անցնում են ոչ միայն բանականությանդ, այլև սրտիդ միջով:
Մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո, այն էլ տևական ժամանակով, շատ քչերին է տրվում վերադարձի հնարավորություն, այն էլ` շռնդալից վերադարձի: Նա վերադարձավ իբրև հայրենիքի համար անհրաժեշտություն, վերադարձավ, որովհետև կար իր կարիքն ու պահանջը: Վերադարձավ 1998-ին: Վերադարձավ 1999-ին ու իր հայրենիքին վերադարձրեց ոչ միայն միասնության գաղափարը, այլև զգացողությունը, այլև իրեղենությունը: Լրագրողի իմ կյանքում եղել են մարդիկ ու իրադարձություններ, որ դուրս են ժամանակից ու օրընթաց պատեհություններից: 99-ի ընտրարշավի ժամանակ Հայաստանը մետր առ մետր անցնելու ճանապարհին տասնյակ առիթներ կային նրանից հարցազրույց վերցնելու, բայց մերժում էր` «ընտրություններից հետո» պատճառաբանությամբ, խոստանալով մեծ ու հանգամանալից զրույց։ Միայն մեկ անգամ ինքը պատասխանեց իմ չտված հարցին: Շիրակի մարզում: Նախորդ հանդիպումից հետո ու հաջորդ հանդիպումից առաջ կարճ մի դադար էր` մայիսին ընդառաջ անդիմադրելիորեն ծաղկած մի այգում: Մանրամաղ անձրև էր գալիս, ցուրտ չէր ու տաք էլ չէր: Ես անորոշության մեջ կանգնել էի եղրևանու ծառի մոտ ու վերջին ուժերով դիմադրում էի ծաղկած ճյուղը պոկելու գայթակղությանը. եղրևանին իմ սիրած ծաղիկն է, բայց ծառն այնքան գեղեցիկ էր, որ ձեռքս գնում ու հետ էր գալիս: Կողքիցս անցնելիս մոտեցավ, կարծում եմ` ծառը գրավեց, եղրևանու նուրբ ու շոյող բույրը լիաշունչ վայելեց ու ծիծաղելով հարցրեց.
-Ծառի տակ մենակ-մենակ ի՞նչ ես անում:
-Ողբում եմ,- առանց մտածելու պատասխանեցի:
-Ի՞նչը:
-Որ եղրևանին տարվա մեջ մի անգամ է ծաղկում, որ ինձ հարցազրույց չեք տալիս:
-Մի անգամ է ծաղկում, բայց լավ է ծաղկում: Ի՞նչ ես հարցնելու` «Ո՞վ եք Դուք»: Հայ եմ, որ սիրում է Հայաստանը:
-Միա՞յն:
-Աշխարհն ու մարդկանց,- գրպանիցս դուրս բերվող ձայնագրիչի տեսքից նորից ծիծաղեց, եղրևանու մի հրաշալի ճյուղ պոկեց ու մեկնեց ինձ։- Մնացածը ընտրություններից հետո:
Չկայացած հարցազրույցի ու եղրևանու բույրի մեջ մնացած 99-ի մայիսյան այդ օրը տասնյակ անգամներ վերադարձել է ինձ իր բոլոր մանրամասներով` համարյա անիրական թվալով: ՈՒ հիմա, երբ ծաղկում են եղրևանիները, ինձ թվում է, որ ինչ-որ տեղ մնացել է մեր չկայացած հարցազրույցի շարունակությունը, կհանդիպենք ու ես կիմանամ իմ մյուս հարցերի պատասխանները:
Բայց կկարողանա՞մ ընթերցողին փոխանցել:
Քանի ապրում ես` չգիտես մահն ինչ է, և որովհետև չգիտես` վախենում ես անհայտությունից ու անորոշությունից, բայց դա վերաբերում է քո մահվանը: Իսկ ուրիշների մասին հայտնի ու որոշակի գիտես, որ ժամանակը ոչինչ էլ չի բուժում, որքան սպիացնում, նույնքան խորացնում է ցավը: Նաև գիտես, որ քո իշխանության տակ միայն քո հիշողությունն է` դու կարող ես անվավեր հայտարարել մահը ու հեռացածներին սպասել ու նրանց մասին մտածել, որ ինչ-որ տեղ են գնացել ու վերադառնալու են: Իսկ նրանք երբեք չեն վերադառնալու այլևս: Եվ այն ամենը, ինչ դու ունես, միայն քո հիշողություններն են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1277

Մեկնաբանություններ