Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Պետք է խորհրդարան գան այնպիսի ուժեր, որոնք կմտածեն երկրի, ոչ թե խմբակային շահեր սպասարկելու մասին»

«Պետք է խորհրդարան գան այնպիսի ուժեր, որոնք կմտածեն երկրի, ոչ թե խմբակային շահեր սպասարկելու մասին»
26.08.2008 | 00:00

«ԱՅՍ ԱԺ-Ն ԱՅՍ ՁԵՎՈՎ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԻ»
Այս տարվա քաղաքական ամառը թեժ էր գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար։ Եթե ընդդիմությունը շարունակում էր իր տևական պայքարը հանրահավաքներով ու նստացույցերով, ապա իշխանությունը փորձում էր բարեփոխումների անունով հակառակը համոզել հասարակությանը։ Ինչպիսի՞ն էր քաղաքական ամառը խորհրդարանի միակ ընդդիմադիր ուժի համար։ Այս հարցով էլ սկսեցինք զրույցն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ։
-Վերջին մի քանի տարիների ընթացքում անձամբ ես երբեք չեմ հանգստանում։ Այս տարի փորձեցի մի փոքր հանգստանալ, սակայն այն ընդմիջվեց արտահերթ նստաշրջանի պատճառով,- ասաց Զ. Փոստանջյանը։- Իսկ ընդհանուր առմամբ այս տարի քաղաքական ամառը շատ թեժ էր, և մեր կուսակցությունն իր բոլոր ջանքերը, եռանդը ներդրեց, որպեսզի մեր երկրում ունենանք որակական փոփոխություններ։ Սակայն ականատես ենք այն փաստին, որ անձերը փոխվում են, իսկ համակարգը նույնն է մնում, ուստի անհրաժեշտ է համակարգային փոփոխություն։ Յուրաքանչյուր անձ, իշխանության գալով, իրեն այդ համակարգի մեջ պատասխանատու, պարտավորված պետք է զգա, այլ ոչ թե կամային գործողություններ իրականացնի։
-Այս նոր իշխանության ձևավորումը համակարգի՞, թե՞ անձի փոփոխություն էր։
-Նոր իշխանության ձևավորում այս պահին չեմ տեսնում։ Չեմ կարծում, թե անձերի փոփոխությունը բերեց նոր իշխանության, քանի որ այժմ իշխանությունն աշխատում է այնպես, ինչպես մեր անկախության հռչակման այս բոլոր տարիների ընթացքում։ Այսօր գործադիր անձի միակենտրոն ղեկավարման միջոցով է իշխանությունն իրականացվում։ Սա հանգեցնում է ցնցումների ու հետընթացների։ Ավելին, սասանվում են մեր պետության հիմքերը։
-Այնինչ իշխանություններն անընդհատ բարեփոխումների մասին են խոսում։ Այս դեպքում դրանք ի՞նչ են։
-Մինչև մեր գործադիր իշխանության ներկայացուցիչը չգնա այն քայլին, որ իրապես տարանջատում լինի գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունների միջև, կատարած բոլոր քայլերը որակական փոփոխությունների չեն հանգեցնելու։ Մինչև գործադիր իշխանության ներկայացուցիչը չհանգի այն եզրակացության, որ իրեն արդարացի դատարան է պետք, մենք երբեք երկիր չենք դառնա։ Միմիայն այս պարագայում են հնարավոր դրական տեղաշարժեր և ելք՝ ստեղծված ճգնաժամից։
-Բազմիցս հնչել ու հնչում են տեսակետներ, թե այս ԱԺ-ն չի արտացոլում հասարակության տրամադրությունները և իր պարտականություններն իրապես չի կատարում։ ԱԺ-ի լուծարումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ավելի ճիշտ չե՞ք համարում։
-Ես արդեն մեկ տարուց ավելի այս ԱԺ-ում եմ և իսկապես ցավում եմ նրա այսօրվա վիճակի համար։ Երբ իրավապաշտպան էի, իմ պաշտպանյալների խնդիրներն էին ինձ հուզում, ու ձգտում էի արդարացի լինել, իսկ հիմա հասկանում եմ, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ։ ԱԺ-ում գտնվող անձինք պատանդի կարգավիճակում են, չնայած նրանք ներկայացնում են օրենսդիր իշխանությունը և բավականին մեծ սեփականություն ունեն։ Նրանք իրենց խղճի հետ հանգիստ չեն։ Այն գործելակերպը, որ նրանք ամեն անգամ ԱԺ են գալիս ու պարտադրված սեղմում են կոճակները, նպաստում է մեր պետականությունը քանդող առաջնային գործոններից մեկին։ Այս ԱԺ-ն այս ձևով գոյատևելու հեռանկար այլևս չունի։ Այն պետք է լուծարվի։ Պետք է խորհրդարան գան այնպիսի ուժեր, որոնք կմտածեն երկրի, ոչ թե խմբակային շահերը սպասարկելու մասին։ Ինչպես մեր շարքային քաղաքացիներն են գոյատևման խնդիր լուծում, այնպես էլ ԱԺ-ի օլիգարխները։ Վերջիններիս սեփականության հանդեպ էլ մի օր կկիրառվեն այն բոլոր ապօրինությունները, որոնք տեղի են ունենում Խաչատուր Սուքիասյանին պատկանող օբյեկտներում, նրա աշխատողների նկատմամբ։ Եթե այս իշխանությունը հետապնդում է ուղղակի մի մատուցողուհու (Անուշ Ղավալյան), որը պարզապես աշխատել է Սուքիասյանի «Պիցցա դի Ռոմա»-ում և ընդհանրապես կապ չունի հարկային պարտավորությունները թաքցնելու հետ, ապա բավականին թույլ է։ Այս ամենը կարող է սպառնալ նաև մյուսներին։ Ի դեպ, այս նախադեպն ամեն անգամ կախված է այդ օլիգարխների գլխին։ Բայց հավատացնում եմ, որ նույն այդ օլիգարխներին անհրաժեշտ է օրենքի, իրավունքի երկիր, քանի որ նրանք էլ ինչ-որ չափով գիտակցում են, որ մենք պետք է ապրենք օրենքի գերակայության դաշտում։ Իսկ եթե այս ամենին չհասնենք, ապա նրանց և՛ խոցելի, և՛ պատանդ դառնալու վտանգն ավելի է մեծանում։ Օրինակը հենց այս հարկային բարեփոխումներն էին, որոնք պետք է նախ սկսվեին խոշոր բիզնեսից, հետո միայն փոքր ու միջին։
-Այսօր կարծեք լուծված է համարվում նաև ԱԺ նախագահի փոփոխման խնդիրը։ Որպես ԱԺ միակ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ մեծամասնությունը երբ և ինչ տարբերակով ցանկանում, փոխում է ԱԺ նախագահին։
-Մեծամասնության նման որոշումները հենց իրենց համար են կործանարար։ Առաջին հերթին իրենց են դարձնելու խոցելի։ Երկրորդում եմ. երբ գործադիր և օրենսդիր մարմինները հասկանան, որ պետք է տարանջատում լինի իրենց միջև, և արդարադատության առջև բոլորը հավասար են, ապա այդ ժամանակ գործընթացները կլինեն արդարացված։
-Եվս մի ներկուսակցական հարց. շրջանառվող լուրերի համաձայն՝ ձեր կուսակցությունը Կռիլովի հայտնի առակն է հիշեցնում՝ կարապ-խեցգետին-գայլաձուկ պայքարով, այսինքն, կուսակցության յոթ պատգամավորներից հինգն իրենց քաղաքականությունն են վարում։ Ի վերջո, ինչպիսի՞ն է իրավիճակը կուսակցությունում։
-Ես ընդամենը մեկ տարի է, ինչ կուսակցական եմ։ Լինելով ազատախոհ մարդ՝ որևէ պարտավորությունների կամ կառույցների մեջ չեմ ցանկացել ընդգրկվել։ Այսօր ինձ կուսակցության լիարժեք անդամ եմ զգում, քանի որ «Ժառանգությունում» կարող ես ազատ կարծիք արտահայտել, որը, անշուշտ, կարող է և քննադատության արժանանալ, բայց դա բնական է։ Եթե մեկը կարծիք է հայտնում, ու մյուսները դրա առջև խոնարհվում են, դա ինձ հիշեցնում է բրեժնևյան քաղաքականությունը։ Մարդը միշտ չէ, որ ճիշտ է լինում, նրա սխալը պետք է ասել, որ կարողանա ուղղվել։ Կարծիքների փոխանակման միջոցով է, որ ճիշտն առաջ է գնում։ Եթե մեր կուսակցության վերաբերյալ եղել է նման տեսակետ, ապա իրականությանը չի համապատասխանում։ Հենց մեր ուժը նրանում է, որ մեզանում կա բազմակարծություն ու կարծիքների հարգանք, ինչը Րաֆֆի Հովհաննիսյանի ներդրումն է քաղաքական մշակույթում։ Մենք Հովհաննիսյանի անձի շնորհիվ եկանք ԱԺ ու այս ընթացքում կարողացանք ապացուցել, որ դրական քայլեր կատարվում են ոչ թե մի անձի, այլ արդեն ողջ կուսակցության մակարդակով։ Ոչ մի որոշում միանձնյա, միակենտրոն չի եղել, այլ լսվում, գնահատվում, հաշվի են առնվում բոլոր կուսակցականների տեսակետները։ Այս քաղաքական մշակույթը, որ առկա է «Ժառանգությունում», կուզենայի լիներ նաև այլ կուսակցություններում։ Ցավում եմ, որ ԱԺ ՀՅԴ-ի իմ գործընկերները, ովքեր բարոյապես լավ մարդիկ ու հիանալի մասնագետներ են, կուսակցությունում չունեն կարծիք արտահայտելու հնարավորություն, ինչպես մենք։ Վատ է, որ այդ մարդիկ հաճախ ստիպված են կոճակ սեղմում։
-Ի՞նչ անեն, անդամակցեն «Ժառանգությա՞նը»։
-Չգիտեմ։ Բայց ԱԺ-ում էլ կան բարոյական մարդիկ, ովքեր պատանդի կարգավիճակում են։
-Պատանդ են ո՞ւմ ձեռքերում։
-Իշխանությունների, մի քանի օլիգարխների, որոշ անձանց շահերի սպասարկման։ Եթե նրանք իմանան, որ վաղն իրենց կպաշտպանեն օրենքը, դատարանը, ապա չեն դիմի կրիմինալ խմբավորման։ Չեն դիմի անձի, կդիմեն օրենքին։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5036

Մեկնաբանություններ