Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Կապիտալը գործեց ո՛չ թե դասական` փող-ապրանք-փող, այլ փող-փող-փող բանաձևով»

«Կապիտալը գործեց ո՛չ թե դասական` փող-ապրանք-փող, այլ փող-փող-փող բանաձևով»
17.04.2009 | 00:00

«ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ Է, ՄԱՐԴՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ՍՏԵՂԾԱԾԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԿԱՏԱՐՅԱԼ ԼԻՆԵԼ»
«Իրավունքը de facto»-ի հյուրն է ԱԺ պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ
-Ի՞նչ գիտեք Դուք Ձեր մասին, որ ուրիշները չգիտեն:
-Իսկ ո՞վ ասաց, որ մեզնից յուրաքանչյուրն ամբողջությամբ ինքն իրեն կարողանում է ճանաչել և գիտի` ինչպես իրեն կպահի արտակարգ իրավիճակներում: Միշտ էլ մարդն իր կարծիքով` իրեն բոլորից լավ է ճանաչում, ինչքան էլ գնահատականները սուբյեկտիվ լինեն: Մարդը միշտ էլ հակված է իրեն լավն ու ճիշտը համարել բոլոր իրավիճակներում, այդ պատճառով էլ կարծում եմ, որ ընդհանրական գնահատականն է ավելի օբյեկտիվ լինում: Ընդունում եմ, որ այդ ընդհանրական գնահատականի ժամանակ էլ կարող են լինել անհատական ծայրահեղ լավ կամ ծայրահեղ վատ կարծիքներ:
-Ինչո՞ւ մտաք քաղաքականություն և ո՞վ էիք քաղաքականին նախորդող կյանքում:
-Քաղաքականություն մտնելը դեռ ուսանողական տարիներից էր, երբ ապրիլի 24-ին պոլիտեխնիկի ուսանողական հանրակացարանում հավաքվում էինք, մեր կարեցած ձևով նշում էինք` ելույթներ էինք ունենում, խոսում էինք, քննարկում: Էլեկտրաապարատների գործարանում աշխատելիս ծանոթացա Կարախանյան Վազգենի հետ, նա ԱՄԿ-ի անդամներից էր, իր միջոցով ծանոթացա Մինասյան Գագիկի, Մարգարյան Անդրանիկի և մնացած տղաների հետ, ինչը և կանխորոշեց իմ քաղաքական դիրքորոշումները: Դա 1985 թվականն էր, հետո եկավ 88-ը... Նրանց հետ ծանոթությունը, հանդիպումները, քննարկումները իմ քաղաքական մտածելակերպի, հայացքների ձևավորման վրա վճռորոշ ազդեցություն ունեցան:
-Դուք համարո՞ւմ եք, որ Ձեր քաղաքական գործունեությունը լիովին հնարավորություն է տալիս արտահայտելու, պաշտպանելու, իրականացնելու այն գաղափարները, որոնք ունեցել եք դեպի քաղաքականություն գալիս:
-Միանշանակ` ոչ: Ցանկացած անհատ, լինելով որևէ գաղափարախոսության կրող, որևէ քաղաքական մեխանիզմի մեջ, անհատ լինելուց բացի, նաև ընդհանուրի մի մասն է: Շատ հարցերում պիտի կարողանաս քո «ես»-ը մղել երկրորդ պլան, «մենք»-ի, ընդհանուրի մեջ կարող է քո ձայնը կորչել: Եթե, իհարկե, այնպիսի սկզբունքային խնդիրներ չեն, որ ինքդ քո աչքից ընկնես, եթե կարծիքդ չպաշտպանես: Նման դեպքերում դիրքորոշումդ պաշտպանում ես, բայց յուրաքանչյուր կուսակցական շատ հարցերում իր «ես»-ը երկրորդական է դարձնում, այլապես չի կարող «մենք» հասկացությունը լինել:
-Մենք բոլորս գալիս ենք մեր խորհրդային անցյալից, այն ժամանակ կար մի կուսակցություն, ու գերակշիռ մեծամասնությունը դժգոհ էր նրա իշխանությունից, հետո Սահմանադրության 6-րդ հոդվածը հանվեց և հնարավորություն տրվեց բազմակուսակցական համակարգի: Հետխորհրդային բոլոր երկրներում 100-ի հասնող կուսակցություններ ստեղծվեցին 90-ական թվականներից սկսած` մի ծայրահեղությունից ընկանք մյուս ծայրահեղության մեջ: Ձեր կարծիքով` ինչքա՞ն ժամանակ պիտի անցնի, որ հասնենք ոսկե միջինին, որը համապատասխանում է օբյեկտիվ իրականությանը, և չե՞ք կարծում, որ բազում կուսակցությունների առաջացումը, իրենց ծրագրային նույնություններով, համարյա ընդհանուր անդամներով, վարկաբեկում է բուն կուսակցություն գաղափարը:
-Հայաստանում այսօր իրոք կուսակցական գաղափարը վարկաբեկված է, կուսակցականությունը շատ-շատ մարդիկ համարում են պառակտող, բաժանող հանգամանք: Երբեք էլ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ չեն այդքան շատ կուսակցություններ, որ այսօր գրանցված են: Օրենսդրորեն փորձեցինք այս խնդիրը կարգավորել, 2000 անդամ ունենալը պարտադիր պայման համարվեց:
-Դա մեխանիկական կարգավորում չէ՞ր:
-Հաջորդ կարգավորիչը` ստուգումը` արդյո՞ք այդքան անդամներ կան, օրենքի մեջ չմտցրինք, որովհետև ստացվում էր, որ օրենքով հաշվառում ենք կուսակցության անդամներին... Երբ վերահսկողության նորմը հանվեց, կուսակցությունները վերագրանցվեցին` նշելով, որ ունեն 2000 անդամ: Իմ կարծիքով` Հայաստանում կա այնքան կուսակցություն, ինչքան հանրությունը ճանաչում է:
-Թե՞ ինչքան բնակիչ կա:
-Կուսակցությունը եթե գրանցված է, գործում է, բայց որևէ ազդեցություն չունի հասարակական կյանքի վրա, ընտրությունից ընտրություն է միայն ի հայտ գալիս, որևէ դաշինքում անդամ դառնալով, չեմ համարում, որ դրանք կուսակցություններ են: Ընտրությունից ընտրություն ասում են` այսինչ թեկնածուին սատարում է, ասենք, 24 կուսակցություն, այդ կուսակցությունը 24-ից մեկն է, ընդամենը... Ես այդքան էլ վտանգավոր չեմ համարում շատ կուսակցությունների գոյությունը, որովհետև նրանք քաղաքական կյանքում ազդեցություն շատ քիչ ունեն: Նրանց վտանգավորությունը արտաքին քաղաքական կյանքում է, երբ տպավորություն են թողնում իբրև որևէ թեկնածուին սատարող ուժ...
-Գուցե քաղաքականորեն ինչ-որ արդարացում հնարավոր է պեղել-գտնել, բայց ճշմարտությունն այն է, որ կուսակցությունները վերածվում են ընդհանուր հետաքրքրությունների ու շահերի պաշտպանության ակումբների կամ նյութական բարեկեցության ապահովման միջոցների ու աշխատանքի տեղավորման գործակալությունների: Օբյեկտիվորեն: Կուսակցությունը ի՞նչ ճանապարհ պիտի անցնի, որ այդ վիճակից դուրս գա` վերադառնա բուն գաղափարական կառույց լինելու նախնական ու ճիշտ վիճակին:
-Ցանկացած կուսակցություն, եթե չունի անդամներ, որոնք կրում են իր գաղափարներն ու տեսակետները, անձնական օրինակով, կենսագրությամբ, ներկայով ու ծրագրերով չեն համապատասխանում այդ կուսակցության գաղափարախոսությանը, դատապարտված է: Եթե այդ մարդիկ քիչ են, վտանգավոր է: Ես կարծում եմ` կենսագրություն ու ձեռագիր ունեցող ցանկացած կուսակցություն միշտ ունի նման անդամներ: Երբ ասում են` 140000 ցեղակրոններ ունե՞ք ՀՀԿ-ում, կամ այդ գաղափարախոսությունը կրողներ, միանգամից ասում եմ` ոչ, որովհետև կա կուսակցական գաղափարական առումով, կա կուսակցական համակիր, նաև լիդերի հետևից գնացող, նաև, ինչու ոչ, իշխանական համակարգին մոտ գտնվելու նկատառումներ ունեցող: Ում մոտ` ինչպես ստացվում է: Մեր նորանկախ պետության պատմությունը նման օրինակներ տվել է` սկսած ՀՀՇ կուսակցությունից, երբ շարժումից կուսակցություն դարձավ` իշխող կուսակցություն, միանձնյա իշխող կուսակցություն: Հետո ինչ եղավ` դա էլ գիտենք: Բոլոր այն մարդիկ, որ պատահական կարիերիստներ էին, լցվեցին ՀՀՇ, վարկաբեկեցին կուսակցությունը, կործանեցին ու դուրս եկան` համալրելով այլ կուսակցություններ...
-Իշխանակա՞ն այլ կուսակցություններ...
-Իհարկե, ՀՀՇ-ում մնացին մարդիկ, ովքեր սկսեցին պատասխան տալ այդ կուսակցությունում իրենց չարածների համար: Դաժան է, բայց ճշմարտություն է:
-Այսօրվա Հայաստանը Ձեր ուսանողական տարիների երազած Հայաստանի պատկերացումներին համապատասխանո՞ղ երկիր է:
-Ոչ, պատկերացումները միշտ լինում են իդեալական, երազները լինում են իդեալական, իրականությունը երբեք չի կարող լինել իդեալական: Մարդը երբեք չի կարող այդքան կատարյալ լինել. կատարելությունը տիեզերքում է, մարդն ու մարդու ստեղծածը երբեք չեն կարող այդքան կատարյալ լինել: Երանի այն երկրներին ու հասարակություններին, որ կարողացել են իրականությունն ու երազները մոտեցնել ու համադրել:
-Կա՞ն նման երկրներ:
-Այն երկրները, որտեղ կարողացել են ստեղծել իրավունքի և օրենքների գերակայություն, որոնք կարողացել են ստեղծել արժեքային համակարգ, ապրում են այդ արժեքային համակարգով, գործում են բարոյական նորմերը, երևի թե մոտ են իրենց երազած հայրենիքին, որտեղից չեն արտագաղթում, որտեղ ուզում են վերադառնալ, որտեղ ապրում են հանգիստ, խաղաղ, կյանքը հաճելի է, մարդկային հարաբերությունները` նորմալ, պետությունն ու ազգը ծաղկում են, իրենց առջև դրված խնդիրները կարողանում են լուծել... Իհարկե, եթե այդ երկրի քաղաքացուն հարցնես` հասե՞լ է կատարելության, գո՞հ է, կասի` ոչ: Գոհ մարդ չկա, բոլորը ձգտում են ավելիին, քան ունեն, շատ ավելի լավ վիճակի, քան կա, դա մարդու` ավելի կատարյալին հասնելու ներքին մղումն է: Մենք, իհարկե, հեռու ենք այդ վիճակից, բայց ես հասկանում եմ, որ նաև այլընտրանք չունենք: Ֆեոդալիզմից սոցիալիզմ, որից հետո կապիտալիզմ գնացած երկիրը չէր կարող համապատասխան քաղաքական մշակույթ արմատավորել մարդկանց հոգեբանության մեջ` և՛ հասարակության, և՛ իշխանության:
-ՈՒրեմն` այս անկումը այդ պարտադրված թռիչքների՞ հետևանքն է...
-Մենք հասարակական զարգացման բոլոր փուլերն աստիճանական չենք անցել. ֆեոդալական կարգերը Հայաստանում դեռևս չվերացած, կապիտալիստական հասարակարգ չստեղծած` անցանք սոցիալիստականի: Բոլորս էլ գիտենք` ինչ արժեքային համակարգ էր ու ինչպես էր գործում` և՛ դրականը, և՛ բացասականը: Դրանից հետո նորից անցանք կապիտալիզմի... Մարդիկ, պետութունները, ազգերը այդ ընթացքը հարյուրամյակների մեջ են անցել, անհատը, հասարակությունը ձևավորվել են այդ ընթացքում` ստեղծել են իրենց օրենքներն ու արժեհամակարգերը: Շատ երկրներում չգրված օրենքներն ավելի ազդու են գործում, քան գրված օրենքները: Եվ եթե չգրված օրենքներն ավելի լավ են կարգավորում հասարակական հարաբերությունները, շատ ավելի լավ: Իսկ մենք օրենքներ ենք ստեղծում, օրենքներ, օրենքներ, ամեն մանրուքը փորձում ենք օրենքով կարգավորել...
-Հա, բայց հենց մենք էլ չենք կատարում այդ օրենքները...
-Որովհետև չունենք մշակույթը, չունենք օրենքով ապրելու ավանդույթը, երբ չի կարելի անել ու վերջ:
-Ֆինանսատնտեսական ճգնաժամերը, որ պարբերաբար առաջանում են, գալիս են այն ժամանակ, երբ նախորդած 5-10 տարին հասարակությունն ապրում է իր բարոյական համակարգի արժեզրկման պայմաններում, երբ հասարակությունը կորցնում է իր չափանիշը, իր իդեալները հավասարեցնում է ընդամենը նյութական բարեկեցության ինչ-որ մակարդակի, երբ հասարակությունը կորցնում է իր չափանիշի չափանիշ ունեցող արժեհամակարգը: Գուցե այդպես չէ, գուցե դա ևս միֆ է, թեպետ ֆինանսատնտեսական լոկալ ու գլոբալ ճգնաժամերը տեղի են ունենում, որպես կանոն, ժամանակի ու տարածքի հենց այդ հատվածներում: Այդպե՞ս է:
-Մի քանի օր առաջ վերադարձել եմ Ադիս Աբեբայից, Միջխորհրդարանական միության հերթական նստաշրջանից, երբ հենց այդ հարցի վերաբերյալ ելույթներ էին ունենում 32 երկրների պատգամավորներ: Յուրաքանչյուր երկրի պատվիրակ կարծում էր, որ ճգնաժամի համար իր երկիրը մեղավոր չէ, գլոբալ ճգնաժամ է, բայց ճգնաժամը շատ վատ է անդրադարձել հենց իր երկրի վրա: Կային նաև ելույթներ, որոնք հաստատում էին, որ ճգնաժամն առաջացել է ոչ թե այն երկրներում, որտեղ չկա թափանցիկություն, չկա ժողովրդավարություն, չկան ընտրական հստակ համակարգեր, հասարակության առաջ իշխանությունների հաշվետու լինելու մեխանիզմներ, այլ, ընդհակառակը, ճգնաժամն առաջացել է գերազատական տնտեսություն ու ժողովրդավարություն, հասարակություն, թափանցիկություն, պատասխանատվություն ունեցող երկրներում, որտեղ իշխանական համակարգը գերառաջադեմ է, որտեղ գործում է կապիտալիզմի դասական մոդելը: Այսինքն` գլոբալ ֆինանսական-տնտեսական, գլոբալ կառավարման համակարգում ինչ-որ սխալներ կան, գոնե այն մեթոդը, որը մինչև հիմա կիրառվել է, սխալներ ունի իր մեջ: Առաջին սխալը` մենք բացարձակացրինք կապիտալի կարգավորիչ դերը, որ կապիտալն ինքն է կարգավորում շուկան, երբ կապիտալն աշխատում է իր ցանկացածի պես, հզորանում ու խժռում է շուրջբոլորը ինչ կա: Կապիտալը սկսեց գործել ո՛չ թե դասական` փող-ապրանք-փող, այլ փող-փող-փող բանաձևով և օտարեց ռեալ նյութական բարիքի ստեղծումը: Կապիտալը բարոյական դեմքի կորուստ ապրեց, կապիտալը վերջնականապես կորցրեց իր բարոյական դեմքը, այս երկու հանգամանքները կան ներկա ճգնաժամի հիմքում: Անհրաժեշտություն է դարձել գլոբալ ֆինանսատնտեսական մոդելի վերանայումը: Ոմանք ասում են` կապիտալիզմի կրախն է, որովհետև ճգնաժամը սկսվեց զարգացած կապիտալիստական երկրներից, ուրեմն տնտեսական մոդելը չի աշխատում: Ես կարծում եմ, որ ոչ թե կապիտալիզմի, այլ այդ մոդելի վերջն է, առաջացել է կառավարման համակարգի հիմքում ընկած մոդելի փոփոխման անհրաժեշտություն:
-Այս պարագայում արդյո՞ք կատարսիսի կարիք չունենք, որից հետո քաղաքական, տնտեսական, բարոյական, ֆինանսական կյանքը սկսում ենք մաքուր էջից:
-Կատարսիսը հենց այնպես չի լինում: Ես բավականին վտանգներ եմ տեսնում` ֆինանսատնտեսական համակարգի փլուզումը բերում է քաղաքական համակարգերի փլուզում, սոցիալական քաոս, ներքին հակամարտություններ, ինչը լրացուցիչ ազդում է ֆինանսականի վրա: Տեսեք` քանի երկրի կառավարություն է հրաժարական տվել` բնավ մեղավոր չլինելով իրավիճակի համար... Գլոբալացված աշխարհում որևէ երկրի ներքին քաոսը փոխանցվում է մյուս երկրներին, կան մտահոգություններ, որ, ցավոք, ճգնաժամից հնարավոր չի լինի դուրս գալ առանց այդ քաոսի, որից հետո մարդկությունը կարող է մտածել ֆինանսատնտեսական շուկաների կարգավորման նոր ճարտարապետության մասին: Խոր ճգնաժամերն են բերում գլոբալ փոփոխություններ: Մեր երկիրը և մեզ նման տասնյակ երկրներ որևէ մեղք չունեն ճգնաժամի առաջացման ու տարածման մեջ, բայց մենք նույն շղթայի տարբեր օղակներն ենք ու կրում ենք նույն պատասխանատվությունը, ինչ զարգացած կապիտալիստական երկրները: Աշխարհի երկրներն այսօր չեն մտածում գլոբալ, համաշխարհային տնտեսության մասին, ամեն երկիր իր դարդուցավն ունի, իր խնդիրներն է փորձում լուծել` չնայելով շուկայական օրենքներին, խախտելով հենց այդ օրենքները, որոնք ստեղծել ու հաստատել է: Մեր երկիրը ևս ճգնաժամային իրավիճակներում պիտի գործի ճգնաժամային կարգավորման մեխանիզմներով` մեղմելու համար բացասական ազդեցությունները: Նախկին մեխանիզմներն ու լծակները, որոնցով տնտեսությունը հայտնվել է այս վիճակում, այլևս չեն աշխատում ու չեն օգնի վերականգնելուն ու առաջ շարժվելուն:
-2007-ի հունիսից մարտյան իրադարձությունների ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահն եք, այս ամբողջ ընթացքում կատարված աշխատանքներն ի՞նչ հարցերի մեջ են պարզաբանումներ մտցրել:
- Երբ ԱԺ որոշմամբ ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողովը, այդ ժամանակն էապես տարբերվում է ներկա վիճակից, ցավոք, հանձնաժողովը բավականին երկար ժամանակ կորցրեց իր համալրման վրա... Այն աշխատանքները, որ պիտի կատարվեին, շատ ավելի լավ կկատարվեին, եթե ընդդիմությունը մասնակցեր մեր աշխատանքներին, ավելի շատ հարցեր լուծված կլինեին, հասարակությանը ավելի շատ ասելիք կունենայինք: Այսօր ես չեմ կարողանում գտնել մեկ ականատեսի, որը կասի, թե ինքը այնտեղ էր, երբ իր կողքին մարդ էր զոհվում:
-Անվստահությո՞ւնը, վա՞խը, ո՞րն է պատճառը:
-Բազմաթիվ են պատճառները: Ընդդիմությունը, եթե ցանկանար մասնակցել մեր աշխատանքներին, այդ հարցերում կարող էր օգտակար լինել: Մենք ունենք բավարար նյութեր, որպեսզի ԱԺ-ին ու հասարակությանը ներկայանանք հաշվետվությամբ` կատարված բռնությունների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության գնահատականներով, այն գործողությունների ու քայլերի գնահատականով, որ անհրաժեշտ են, որ մեր երկրում այլևս նման դեպքեր տեղի չունենան: Երբ նախագահի հրամանագրով ստեղծվեց փաստահավաք խումբը, առաջին ուրախացողը ես էի, որովհետև հավատում էի, որ նրանք պրոֆեսիոնալ են և զբաղվելու են այդ խնդիրներով: Ես խնդրեցի` 10 զոհերի մահվան հանգամանքների պարզաբանմամբ զբաղվել, ինչը մենք չենք կարողանում անել: Ես կարծում եմ, որ փաստահավաք խումբն այս հարցում կարող է էական գործ կատարել:
-Դուք համագործակցո՞ւմ եք փաստահավաք խմբի հետ:
-Համագործակցություն չկա, իրենց ցանկացած նյութերը մեր հանձնաժողովը տրամադրում է, մեր համագործակցությունը բաց է, մենք աշխատում ենք առանձին-առանձին: Հանձնաժողովը պետական մարմին է, որը նյութեր է ստանում այլ պետական մարմիններից. ես չեմ կարող ամբողջությամբ վստահել մեկ մարմնի նյութերին, բոլոր նյութերը պետք է համադրել, հավասարակշռված, բազմակողմանի տեղեկատվության վրա եզրակացության հանգել:
-Հունիսին, երբ հանձնաժողովը ստեղծվում էր, շատ մեծ էր անվստահությունը, «իշխանական հանձնաժողովն ի՞նչ պիտի բացահայտի» մտայնությունն էր իշխում, հանձնաժողովն աշխատեց, և աստիճանաբար այդ մտայնությունը մղվեց երկրորդ պլան։ Իբրև հանձնաժողովի նախագահ` ինչպե՞ս եք Ձեզ զգում Ձեր բացահայտած փաստերի առաջ:
-Այն ժամանակ մի մթնոլորտ էր, որ սպիտակ թուղթը ցույց տայիր, կարող էին ժամերով ապացուցել, որ սպիտակ չէ ու թուղթ էլ չէ: Ես դա զգում էի, դա զգում էին բոլորը, ժամանակն էր այդպիսին: Ընդդիմության ղեկավարությունը չէր ցանկանում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև հանձնաժողով ստեղծելը նշանակում էր հասարակությունը սպասումների մեջ պիտի լինի` ինչ է ասելու, ինչ է անելու հանձնաժողովը: Դա ընդդիմությանն այն ժամանակ պետք չէր, որովհետև պայքարն ուզում էր շարունակել երգի-պարի հեղափոխությամբ, և դա խանգարելու էր իր քաղաքական պայքարի ձևին: Սկզբում հանձնաժողովն իր ջանքերի 70 տոկոսն ուղղում էր պաշտպանվելուն, հետագայում մենք մեր գործունեության հրապարակայնությամբ, որ ամերիկացիներին նույնիսկ զարմացնում էր, հասանք որոշակի արդյունքների։ Նաև հրավիրելով համապատասխան մարմինների ղեկավար անձանց ու բաց քննարկումներ անցկացնելով, ընդդիմության տեսակետները քննարկելով, հանձնաժողովն իր աշխատանքով կարողացավ հասարակության վստահությունը վերականգնել։ Մենք անցանք այդ ճանապարհը, որովհետև այլընտրանք չունեինք:
-Համաներում լինելո՞ւ է:
-Դա նախագահի լիազորությունն է, ինչքան շատ ենք խոսում, այնքան անիրականանալի է դառնում: Ես ուղղակի ցանկանում եմ, որ լինի:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2649

Մեկնաբանություններ