Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Թուրքիայի իշխանությունները փորձում են խառնվել Ֆրանսիայի ներքաղաքական կյանքին

Թուրքիայի իշխանությունները փորձում են խառնվել Ֆրանսիայի ներքաղաքական կյանքին
09.02.2021 | 20:46

Ֆրանսիայի Le Journal du Dimanche շաբաթաթերթն անդրադարձել է Ֆրանսիայում Թուրքիայի ազդեցության լծակներին՝ թեման լուսաբանելով փետրվարի 6-ի համարի առաջին 10 էջերում։

Լրագրող Մոհամեդ Սիֆաուին կարողացել է ծանոթանալ՝ ՆԳ նախարարության հակահետախուզության ծառայության (Direction générale de la Sécurité intérieure, DGSI), արտաքին անվտանգության հետախուզական ծառայության (Direction générale de la Sécurité extérieure, DGSE) և ոստիկանության հետախուզական վարչության (Direction du renseignement de la préfecture de police, DRPP) կողմից հոկտեմբերի վերջին պատրաստված մի շարք փաստաթղթերի, որ ներկայացվել են Ելիսեյան պալատի ուշադրությանը։


Ըստ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների՝ Անկարան կարողանում է օգտագործել թուրքական համայնքի վրա լծակները 650 կազմակերպությունների միջոցով, որոնք իրենց գործունեությունն են ծավալում ոչ միայն Ֆրանսիայում, այլև Գերմանիայում, Բելգիայում և Նիդերլանդներում։ Ունենալով երկարաժամկետ տեսլական՝ Թուրքիայի կառավարությունը ներդրում է կատարում կրթական համակարգում՝ նպատակ ունենալով կրթել երեխաներին «Արդարություն և զարգացում» կուսակցության սկզբունքների հիման վրա, օգտագործելով Maarif կազմակերպությունը։ Մեկ այլ կազմակերպություն՝ Union internationale des démocrates (UID) անվամբ՝ զբաղվում է պրո-էրդողանական լոբբիով, նպատակ ունենալով բարելավել թուրքական ռեժիմի ընկալումը Ֆրանսիայում։ Իդեոլոգիական քարոզչությանը գումարվում է քաղաքական իսլամի տարածումը երկու կազմակերպությունների՝ Comité de coordination des musulmans turcs de France (CCMTF) և Millî Görüş միջոցով, որոնք նպատակ ունեն ազդել Ֆրանսիայի իսլամական պաշտոնական օղակների վրա։ Թուրքիայի իշխանությունները փորձում են խառնվել Ֆրանսիայի ներքաղաքական կյանքին մեկ այլ կազմակերպության՝ Yurtdisi Türkler (YTB)-ի միջոցով, որ նպատակ ունի ստեղծել «թուրքական քվե»։ Թերթը գրում է, որ Թուրքիան «տրոյական ձիեր» է նախապատրաստում Ֆրանսիայում Էրդողանի ռեժիմի համար։ Թուրքական հետաքրքրությունների ոլորտում Ֆրանսիայում երեք հիմնական թեմա կա՝ Հայոց ցեղասպանությունը, քրդական հարցը, Էրդողանի անձի խնդիրը։

Այս խնդիրների իրականացման համար կարևոր դեր է խաղացել Conseil pour la justice, l’égalité et la paix (Արդարության, հավասարության և խաղաղության խորհուրդ, COJEP) կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Ստրասբուրգում։ Պաշտոնապես կազմակերպության նպատակն է «մարդու իրավունքների պաշտպանությունը», «ռասիզմի և խտրականության դեմ պայքարը»։ Ֆրանսիայում «գորշ գայլերի» գործունեության արգելումից հետո COJEP-ը ակտիվացրել է իր գործունեությունը։ Նրա նախկին փոխնախագահներից մեկը՝ Վեյսել Ֆիլիզը, նախկինում ձերբակալվել է Թուրքիայի և Բուլղարիայի սահմանին մոտ 100 կգ հերոին տեղափոխելու մեղադրանքով։ COJEP-ը մշտապես աչքի է ընկել պրոպագանդիստական գործունեությամբ։ 2018-ի ապրիլի 14-ին Դրյո քաղաքում կազմակերպել է «Պատմական անդրադարձ Օսմանյան կայսրությունում 1915-ի իրադարձություններին» կոնֆերանս, որը վարել են Հայոց ցեղասպանության ժխտողականության դիրքորոշմամբ աչքի ընկած Աբդելազիզ Շամբին և Իվ Բենարը։ Կոնֆերանսի թուրքական պաստառի վրա թուրքերենով գրված է եղել․ «Հայոց ցեղասպանություն չի եղել»։

2019-ի փետրվարին COJEP-ը հրապարակել է հայտարարություն, որում դատապարտել է նախագահ Էմանուել Մակրոնի կողմից՝ Հայոց ցեղասպանության օրը ֆրանսիական պաշտոնական օրացույցում ներառելու որոշումը։ Չնայած Գորշ գայլերի գործունեության արգելմանը, կառույցը շարունակում է գործել, հատկապես վիրտուալ հավաքներ իրականացնելով Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Թուրքական գործունեությունը Ֆրանսիայում հիմնականում կենտրոնացված է Ստրասբուրգում, որտեղ բնակվում են Ֆրանսիայում ապրող 650 000 թուրքերից 30 000-ը։
Թերթում տպագրվել է նաև պատմաբան Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոյի հարցազրույցը, նա նշել է, որ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան ագրեսիա է կիրառում Սիրիայի և Իրաքի նկատմամբ, ներխուժում Լիբիա, սիրախաղ անում Ռուսաստանի հետ, գործիքավորում Իսլամական պետությունը, խառնվում Հունաստանի գործերին, զինում Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, իսկ այժմ ցանկանում է ազդեցություն ունենալ Գերմանիայի և Ֆրանսիայի ներքաղաքական կյանքի վրա։ Ի տարբերություն Գերմանիայի, որը չի համարձակվում հակադարձել, Ֆրանսիայում Թուրքիան հանդիպում է դիմադրության։

Դիտվել է՝ 3194

Մեկնաբանություններ