Այս ինչ ամոթալի շքերթ եք սկսել բանակի ու կամավորականների դեմ։ Սա՞ է ձեր արդարացումը դավադիր պայմանավորվածությունը ստորագրելու ու դրան համաձայնություն տալու համար։ Շուրջ 45 օր հայ բանակը պահեց հզոր հարվածներ, ընկավ ու բարձրանալու ուժ գտավ, մինչև վերջին պահը, արյան վերջին կաթիլը պայքարեց, հերոսացավ, որ քաղաքական ղեկավարության որոշման պատասխանատվությու՞նը կրի։ Գոնե հիշեք, թե այս ընթացքում քանի զինվորականի հերոսի կոչում տվեցիք, գոնե հանուն այդ հերոսների մի վարկաբեկեք այն բանակը, որի հերոսական պաշտպանության մասին ողջ աշխարհն է խոսում։ Դուք ինչպե՞ս եք հետո նայելու արիաբար զոհվածների ծնողների, ամեն մի մետր հողի համար կենաց-մահու կռիվ տված զինվորականների աչքերի մեջ, նրանց կարողանալու՞ եք ասել, թե բանակն է մեղավոր, լավ չեք կռվել։ Կա՞ աշխարհում երկրորդ մի երկիր, որի տարագիր զավակները վերադառնան ու ինքնակամ գնան մեռնելու։ Մի իմաստազրկեք հայորդիների պայքարը, կենդանի հերոսներին գոնե մի ոչնչացրեք։ Դասալիքներ ամեն տեղ կան, ու դա մեզ էլ խորթ չէ։ Վկայությունը՝ կառավարության ողջ չծառայածների ցանկը։
Դուք այս ի՞նչ բանավեճ եք բացել, այս ու՞ր եք տանում միակ կայացած կառույցը, վերջնական բարոյալքմա՞ն։ Այս օրերի հայտարարություններից հետո պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը բան չունե՞ն ասելու, թե՞ երբ պետք է քաղաքական հայտարարություններ անել, պարտադրում են անել, իսկ երբ պետք է իրենց վրայից մաքրել անհավասարակշիռ ղեկավարի թուքումուրը, լռում են։ Չե՞ք տեսնում, որ հերոս տղերքի կյանքով կռած հաղթանակները, Մոնթեի, Վազգեն Սարգսյանի, Լեոնիդ Ազգալդյանի փայփայած զավակին, Եռաբլուրում անմահացած հայորդիների բանակն են այսօր քավության նոխազ դարձնում։ ՈՒ դուք այդքան հեշտ ու հանգիստ լռու՞մ եք։ Գոնե դուք բոլորից լավ գիտեք, թե բանակը երբ է պարտվում, երբ են նրան թևաթափ անում։ Ինչու՞ եք լռում, երբ զինծառայողներին ստիպում են սահմանից քաղաքական նույն տեքստով ուղերձներ հղել, բա ասում եք՝ բանակը քաղաքական կառույց չէ։ Այդ լուսավոր տղաները չգիտե՞ն, որ հենց իրենց պահած հողը հանձնողին են պաշտպանում։ Չգիտե՞ն, որ իրենց կռիվը, նվիրումը, անձնազոհությունն են արժեզրկում, «հանուն ոչնչի» դարձնում։
Քաղաքական ղեկավարների հետ ամեն ինչ պարզ է, բայց ռազմական ղեկավարությունը պետք է, որ շատ լավ հասկանա, թե այս արշավն ինչ վտանգավոր հետևանքներ է ունենալու։ Աշխարհի զարմանքն անգամ հարուցած հերոսական պայքար մղած հայկական զինված ուժերին հերթական հարվածն են հասցնում թիկունքից, ոգին են կոտրում։ Կարող եք հետագայում գերժամանակակից զենքերով բանակը զինել, ապահովել բավարար մարդուժով, դարձնել տարածաշրջանի ամենազինված բանակը, սակայն ոգին չեք կարող գնել։ Վերջ տվեք հերթական կործանարար արշավին, գոնե այն բանի համար, որ ձեր «կոտրած ձեռքով» ստորագրած այս փաստաթղթով նոր պատերազմը սարերի հետևում չէ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ