Հայաստանի նախագահն աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ՝ իրավապահ այս կառույցների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ: Սերժ Սարգսյանը նշել է, որ ներկա աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են ուժեղացնել քաղաքացիների և Հայաստանում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության ապահովման միջոցառումները։ «Այս միջոցառումներն առաջին հերթին պետք է կրեն, անշուշտ, կանխարգելիչ բնույթ և որևէ կերպով չպիտի խաթարեն մեր երկրի բնականոն գործունեությունը ու, բնականաբար, որևէ սահմանափակում չպետք է լինի մեր քաղաքացիների համար: Այս առումով, անշուշտ, էական նշանակություն ունի բոլոր այն մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ովքեր ներգրավված են այս միջոցառումների իրականացման գործում: Ես կասկած չունեմ, մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք ունենք համապատասխան մասնագետներ, համապատասխան մարդիկ, ովքեր իրենց նվիրել են այդ գործին՝ մեր երկրում անվտանգություն ապահովելու գործին, և նրանք պատվով կկատարեն իրենց աշխատանքը»,- նշել է նախագահը, և որպես ասվածի ապացույց, մատնանշել գիշերվա միջոցառումը։ ԱԱԾ-ի փոխանցմամբ, ահաբեկչական գործողություն է կանխվել, հանցավոր խմբավորման անդամները ձերբակալվել են։
«Մենք տարիների քրտնաջան աշխատանքով՝ հենց նշածս մարդկանց քրտնաջան աշխատանքով, դասվել ենք աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքը, և Հայաստանը պետք է մնա աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում: Մեր երկրում չպետք է տեղի ունենա իրադարձություն, որը ինչ-որ կերպ կարող է խաթարել երկրի հեղինակությունը, իհարկե նաև այս բնագավառում»,- եզրափակել է նախագահ Սարգսյանը: ՀՀ նախագահը իրավասու իրավապահ մարմիններին տվել է հանձնարարականներ՝ ընդգծելով, որ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները պետք է շարունակական և հետևողական լինեն: