Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Փափուկ բարձիկներ

Փափուկ բարձիկներ
09.06.2015 | 00:28

Շատերն էին շունչները պահած հետևում Թուրքիայում ընթացող ընտրություններին: Շատերը թեթևացած շունչ քաշեցին, երբ տեղեկացան, որ «չկատարվեց ապուշի երազանքը». Էրդողանին չհաջողվեց բացարձակ մեծամասնություն ունենալ թուրքական պառլամենտում, հետևաբար ձորը գցվեց Թայիբի կյանքի բյուրեղյա-ամպոտ երազանքը` Թուրքիան նախագահական երկիր դարձնելու իդեա-ֆիքսը:
Անշուշտ, կասկածել էլ պետք չէր, որ ամեն բան հենց այսպես կլիներ, անկախ նրանից` ինչ արագությամբ էր Իսլամական պետությունն իր «վրանները խփում» Թուրքիայի սահմանների մոտ, որպես «հոգևոր աջակցություն» Թայիբին, այնուհանդերձ, արտաքին խաղացողները, գոնե այս փուլում և հաստատապես Էրդողանի նման ամբիցիաների ծովում հայտնվածին թույլ չէին տալու իր ամբիցիաներին հագուրդ տալ` Թուրքիան Իսլամական պետությամբ դարձնելով հզոր ու անկանխատեսելի խաղացող ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում:
ՈՒ մինչ երազը կորցրած Թուրքիան կփորձի վերադասավորվել` ընթացող նոր պարտիայի համար, ասենք, որ տարածաշրջանային զարգացումները դարձան առավել կանխատեսելի, ոչ ֆորսմաժորային, մասամբ` բալանսավորված: Մեզ համար մեկ «նուրբ»` դիդակտիկ «բայցով»: Բանն այն է, որ Թուրքիայում տեղի ունեցող ընտրությունները հայոց իշխանություններին որոշակի մտորումների տեղիք պետք է տան: Խոսքը կոնկրետ դեպքում սպասվող սահմանադրական բարեփոխումներին և խորհրդարանական ընտրություններին է վերաբերում: Եթե այնպես ստացվի, որ հայաստանյան իշխանությունները չկարողանան աշխարհաքաղաքական կենտրոնների հետ երկաթյա փոխհամաձայնությունների արդյունքում իրականացնել սահմանադրական փոփոխությունները, այն է` խորհրդարանական կառավարման մոդելին անցումը, ապա ինչ-ինչ անկանխատեսելի ելքերն այդ դեպքում ևս չեն բացառվում: Մանավանդ որ մոտ երկու տարի կա սպասվող խորհրդարանական ընտրություններին, և տարածաշրջանում ու աշխարհում այդ ընթացքում կարող է շատ բան փոխվել: Եվ չի բացառվում` Մելիք-Ադամյանով անցնել պատրաստվող ուժը ևս ընտրություններից հետո հայտնվի որոշակի կազուսի առաջ` կախված աշխարհաքաղաքական կենտրոնների «նախասիրություններից» և նպատակներից:
Հետաքրքիր է նաև, որ վերջին շրջանում հայաստանյան նեխած-լճացած քաղաքական դաշտը սկսել է շարժվել, ճիշտ է, մեծ «մաքրություն» այդ ճահճից սպասելը խիստ ռոմանտիկ կարող է համարվել, այնուհանդերձ, ստեղծվում են ինչ-ինչ միավորներ, փորձ է արվում որոշակիորեն ամրակայել արևմտյան վեկտորը` Էդմոն Մարուքյանի ստեղծելիք, Նիկոլ Փաշինյանենց արդեն իսկ ստեղծած կուսակցություններով: Շատերն էլ կարծում են, որ օրերս Արթուր Բաղդասարյանի ձևավորած նոր միավորման առանցքում, որքան էլ պնդեն, թե դրա հիմքում կոմպլեմենտար քաղաքականությունն է դրված, այնուհանդերձ, կգերիշխեն ռուսական ուղղվածությամբ քաղաքական-հասարակական ուժերը:
Եթե այս ամենին էլ գումարենք մինչ այս օրնիբուն, ճիշտ է, ցայս «զրո» արդյունքով խաղացող «կոնկուրենտ ֆիրմային», սրան էլ գումարենք դրսի հայազգի որոշ մեծահարուստ-խաղացողների «չխամրող» հավակնություններն ու սպասումները, ապա, ճիշտ է, «ոսկերչական» հաշվարկով և բժեզինսկյան «շախմատով» աչքի ընկնող իշխանությունը, իմա` Սերժ Սարգսյանը, պետք է այսուհետ ոչ թե «ոսկերչական» աշխատանք տանի, այլ փորձի «համատիեզերական» փափուկ բարձիկներ կիրառել, որպեսզի բացառի որևէ կարգի «անկանխատեսելիություն»:
Ինչը, կոնկրետ դեպքում, Թուրքիային ու Էրդողանին չհաջողվեց:
Կհաջողվի՞ դա Սարգսյանին։ Տեսնենք։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ