Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Մեծ հաղթանակի զինվոր-ուսուցիչը

Մեծ հաղթանակի զինվոր-ուսուցիչը
08.05.2015 | 10:33

«Ջերմուկ» առողջարանում մեր առաջին հանդիպումից իսկ ակունքված ջերմ բարեկամությունից տարիներ են անցել, բայց ես սիրով եմ պահում «Սովետսկի պատրիոտ» թերթի «պատերազմական» այն համարում տպագրված հոդվածը, որ ինձ հանձնեց ծանոթության առաջին օրը։ Լուսանկարում ինքն է՝ երիտասարդ հայ զինվորը՝ լուսավոր, բարի հայացքը հառած ամպակուտակ, մռայլ հորիզոնին։ Հաջորդում է հոդվածը, որ կարդալիս հպարտությամբ ես համակվում հայրենակցիդ հանդեպ՝ նրա սխրանքները ներկայացնող տողերով. «Մարդկային փառաբանված գործերով է հռչակվել գվարդիայի սերժանտ Միքայել Ղալթախչյանը՝ ծանր հրետանային հաշվարկի հրամանատարը։ Նա ոչնչացրել է հակառակորդի չորս տանկ, մեկ տասնյակից ավելի զենիթային մարտկոցներ, կրակակետեր և հարյուրավոր հիտլերականների... Հայ խիզախ զինվորի մարտական սխրանքները 49¬րդ հատուկ հրետանային բրիգադի մարտիկների համար անձնվեր հայրենասիրության օրինակ են...»։
Ընթերցում էի բարձրաձայն, իսկ նա, թվում է, ինձ չէր էլ լսում. մտովի երևի հայրենական պատերազմի մահասարսուռ ճամփաներում էր, երբ 49-րդ հատուկ հրետանային բրիգադի կազմում մասնակցում էր Ռումինիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի ազատագրմանը, հետո նաև՝ Ավստրիայի տարածքում մղվող մարտերին և վերջին կանգառը՝ Վիեննան, ֆաշիստներից ազատագրելիս ծանր վիրավորվելը։ Երբ ընթերցումն ավարտեցի, կարծես միանգամից սթափվեց.
-Հաղթանակը ծանր գնով նվաճվեց, ինչքա՜ն զոհեր տվեցինք, ինչ հրաշալի ջահելներ մարտերում զոհվեցին, իսկ ես վերադարձա... Արարիչն ինձ խնայեց։
Վերադարձել է հայրենի գյուղ՝ Փանիկ։ Ապա սովորել ու ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) պատմա-բանասիրական ֆակուլտետն ու աշխատանքի անցել հարազատ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ Աշխատել է անսահման նվիրումով՝ վայելելով գործընկերների, աշակերտների սերն ու հարգանքը։ ՈՒ հուզվել է, երբ հաղթանակի քառասնամյակի օրը ի՛ր դպրոցում սաները անակնկալ հանդիպում են կազմակերպել «Հայրենական պատերազմի վետերան, հերոս զինվոր-ուսուցիչ Միքայել Ղալթախչյանի հետ» (այդպես էլ գրել էին հրավիրատոմսում)։ Երկար տարիներ աշխատել է դպրոցի տնօրեն, իր նվիրյալ գործունեությամբ արժանացել հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչման։
-Հանրաճանաչ մանկավարժ ու նաև... բանաստեղծ, այդպես է, չէ՞,- այդ հանդիպման ժամանակ նրա հանդեպ ոչ առանց ակնածանքի ասացի ես։
Չէ՞ որ մինչ այդ ես արդեն հեռակա ծանոթ էի մամուլում պարբերաբար տպագրվող նրա բանաստեղծություններին, որոնց հիմնական թեման սերն էր հայրենի բնաշխարհի ու նրա աշխատասեր մարդկանց հանդեպ, նաև պատերազմի արհավիրքներն ու խաղաղությունը։
-Դե՛, այո՛,- արձագանքեց,- կարելի է ասել՝ նաև բանաստեղծ, չորս-հինգ գրքերի հեղինակ։ Արագածի գեղատեսիլ լեռնահովտում ապրել ու զգացմունքներդ չափածո չարտահայտել, երևի անհնարին է...
-Երևի հարազատ եզերքն է Ձեզ բանաստեղծ կնքել ու այդպես առույգ, ինչո՞ւ չէ, նաև բավական երիտասարդ պահել յոթանասունն անց տարիքում...
-Չէ, «մեղավորը» նաև դպրոցն է, իմ երեխաների, իմ հրաշալի աշակերտների աշխարհը,- հետո շեշտեց,- այո՛, հենց նաև ի՛մ զավակների աշխարհը։ Եթե կուզես, երկարակեցության գաղտնիքը կենաց արմատներին միշտ հավատարիմ մնալն է։ Ժամանակին վեր բարձրանալու, այլ պաշտոններ վարելու առաջարկներ եղան, բայց ես չհեռացա հայրենի գյուղից, իմ հարազատ բնաշխարհից, իսկ ահա պատերազմի հասցրած մարմնական ու հոգևոր վերքերը դեռ չեն սպիացել։ Գուցե Ջերմուկի հրաշք ջուրը վերջապես բուժի,- հետո վերադառնում է իր մտորումների սկզբին։- Կյանքը լիարժեք և գեղեցիկ ապրելու ամենաճիշտ ուղին սիրած գործով զբաղվելն է։ Ի վերջո, բոլոր ճշմարիտ համոզմունքներն ունեն մի հենարան՝ քո աշխատանքը, քո հայրենի հողը, այդ հողի վրա կառուցած տունը, որտեղ կրակարանը քո ձեռքերով է թեժ մնում։ Այդպես եմ փորձել կյանքս ապրել...
Եվ վերջապես բարձրահունչ թվացող խոհ.
-Ամեն բացվող օրվա համար ուրախանալ, առօրյադ լցնել բարի գործերով՝ սա պիտի լինի մարդու ապրելու իմաստը։ Զորավար Անդրանիկի խոսքը հիշենք. «Երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին, քնանաք, քիչ մ’ալ մտածեք ազգի մասին»։ Եթե մեզնից յուրաքանչյուրն այսպես մտածի, այսպես ապրի ու գործի, ազգը կհարատևի։
Հետո պատմեց, որ երկու որդի ունի, մեկ դուստր։ Ավագ որդին՝ Վահագնը, ճարտարապետ է, կրտսերը՝ Կոլյան, շինարար ինժեներ է, դուստրը՝ Անահիտն էլ ընտրել է հոր մասնագիտությունը՝ ուսուցիչ է հայրենի գյուղի դպրոցում։
Առողջարանում անցկացրած օրերին մենք լավ բարեկամներ դարձանք, և ահա ամիսներ անց նրա հրավերով ես եղա իր հայրենի Փանիկում, մոտիկից ծանոթացա նրա հրաշալի ընտանիքին, այցելեցի իր երկրորդ հարազատ տունը՝ դպրոց, և միանգամից հայտնվեցի մի յուրատիպ հեքիաթային աշխարհում։ Գյուղական կրթօջախ և այդքան բարձրակարգ, լուսավոր ու աչք շոյող հաստատություն, բարեկիրթ ուսուցիչներ, մաքուր ու կոկիկ հագնված աշակերտներ (հիմնականում՝ նաև ուսման մեջ բարձր առաջադիմությամբ)։ Ամեն պահ զգում էի շրջապատի սերն ու ակնածանքը նրա հանդեպ։ Ինձ ամենից ավելի հիացմունք պատճառեց դպրոցի պատմահնագիտական հարուստ թանգարանը, որ ինքն էր մանկավարժների ու սաների հետ տարիների ջանքերով հիմնադրել. ցուցափեղկերում ու բաց տեղադրված հնագիտական նմուշներ՝ լեռնաշխարհի ու հարազատ բնակավայրի պատմական անցյալի և ներկայի մասին պատմող բազմազան ցուցանմուշներ, թվեր ու փաստական տեղեկություններ, հետաքրքիր այլ հավաքածուներ, պատերազմում զոհված համագյուղացիների ու վետերանների լուսանկարներ՝ նրանց նվիրված համապատասխան նյութերով։ Մի անկյունում էլ Միքայել Ղալթախչյանին ներկայացնող ցուցանմուշներն են՝ մարտական օրերի, մանկավարժական երկարատև գործունեության առանձին պահերը պատկերող լուսանկարներ, հայրենիքի նվիրյալ զավակի կյանքի ու աշխատանքի գնահատանքի վկաները՝ շքանշաններ, մեդալներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր։
...Այդ օրերից անցել են տարիներ։ Պատերազմի ու աշխատանքի վետերանի հետ բարեկամությունը շարունակվեց մինչև 1996¬ը, մինչև կյանքից նրա հեռանալը։ ՈՒ հետո այն չի ընդհատվել. բարեկամությունը այսօր էլ շարունակվում է նրա զավակների հետ։
Բայց հիմա, Հաղթանակի 70-րդ այս գարնանը, ինչո՞ւ է թվում, թե նա՝ Միքայել Ղալթախչյան ուսուցիչ-զինվորը, կյանքից չի հեռացել, նա մեր հիշողության մեջ է, մեր շարքերում։ Մարդ, ում համար կյանքում երկու սրբություն իրար էին զորակցված՝ հայրենիք և ընտանիք։


Վարդգես ԽԱՆՈՅԱՆ
ՀԳՄ անդամ
ք. Ջերմուկ

Դիտվել է՝ 2474

Մեկնաբանություններ