Քանդվող քարե վանքը, որը կառուցված է բլրալանջին, կանգնած է որպես սոսկալի անցյալի լքյալ հուշարձան։ Նույն վիճակում է Դիարբեքիրի Չյունգյուշ լեռնային գյուղի մյուս կողմի քայքայվող եկեղեցին։ Ավելի հեռու՝ հողի վրա ճեղք է բացված՝ այնքան խոր, որ ներս նայելիս միայն մթություն կարելի է տեսնել։ Ըստ պատմության՝ հենց այնտեղ են 100 տարի առաջ անհայտ թվով հայերի նետել, որ մեռնեն։ «Նրանք նետել են այդ անցքը բոլոր տղամարդկանց»,- ասել է 78-ամյա Վահիթ Սահինը, որ գյուղի կենտրոնի սրճարանում պատմել է պատմություններ, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ։ Պարոն Սահինը շրջվել է և մատնացույց արել վանքը՝ ասելով. «Այդ մասը հայկական էր, այս մասը՝ մուսուլմանական։ Սկզբում նրանք իսկապես բարեկամներ էին»։ 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի կեսերին, այս գյուղն ու արևելյան Անատոլիայի անթիվ այլ գյուղեր վերածվեցին սպանդի դաշտերի, քանի որ Օսմանյան կայսրության հուսահատ ղեկավարությունը, կորցնելով Բալկանները և բախվելով արաբական տարածքները կորցնելու հեռանկարին, սպառնալիք տեսավ։ Անհանգստացած, թե քրիստոնյա հայ բնակչությունը ծրագրում է համագործակցել Ռուսաստանի՝ օսմանյան թուրքերի գլխավոր թշնամու հետ, պաշտոնյաները ձեռնամուխ եղան նրան, ինչը պատմաբաններն անվանում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Մոտ 1,5 մլն հայեր սպանվեցին, ոմանք՝ կոտորածներում, ինչպես այստեղ, մյուսները՝ սիրիական անապատով հարկադիր երթերում, որոնք նրանց սովամահ արեցին։
Ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն գազանությունն է։ Նաև՝ հակամարտության ամենավիճելի ժառանգությունը, որը հանդիպել է թուրքական իշխանությունների կողմից հարյուրամյա լռության ու ժխտման։ Վերապրած հայերի ու նրանց ժառանգների համար ցեղասպանությունը դարձել է նրանց ինքնության առանցքային նշագիր, հոգեկան վերքերը փոխանցվել են սերնդեսերունդ։ «Հայերը մի ամբողջ դար անցկացրել են՝ ճչալով աշխարհին, որ դա տեղի է ունեցել»,- ասել է Գաֆուր Թուրքայը, ում պապը փոքր ժամանակ վերապրել է Ցեղասպանությունը և հայտնվել մուսուլման ընտանիքում։ Թուրքայը վերջին տարիներին իր ժառանգությունը բացահայտելուց հետո սկսել է ներկայանալ որպես հայ և փոխել է դավանանքը՝ ընդունելով քրիստոնեություն։ «Մենք ցանկանում ենք այս երկրի մաս լինել մեր իսկական ինքնությամբ, ինչպես եղել է 100 տարի առաջ»,- ասել է նա։