Արցախի Հանրապետությունից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է մոտ 45000 զինվոր, որոնցից վերադարձել են միայն 23000-ը: 2015թ. մարտի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում ապրում է մոտ 100 վետերան:
«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում նկարահանում է «Արցախցիների մասնակցությունը Մեծ հայրենականին» ֆիլմը։ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադիր Ավետիք Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր մեր կողքին գտնվող մոտ 100 մասնակիցներից ընտրվել են 10-ը՝ ԼՂՀ բոլոր շրջաններից և Ստեփանակերտից։ Նրանց կերպարում ամբողջացվում է արցախցիների մասնակցությունը Մեծ հայրենականին՝ ներկայացնելով պայքարող արցախցու հավաքական կերպարը։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվել են։ Տեսանյութը մոնտաժման փուլում է։
Ավետիք Հարությունյանը նշում է, որ Մեծ հայրենականի մասնակիցներն այսօր էլ երիտասարդներին ոգևորում են իրենց խրոխտությամբ, լավատեսությամբ ու պայքարի ոգով։ Այս թեման հատկապես արդիական է Արցախում, թեև ՀԿ հիմնադիրն ընդգծում է, որ այստեղ փոքր հասակից բոլորն էլ զինվոր են. նույնիսկ տղա լույս աշխարհ գալիս շեշտում են, որ զինվոր է ծնվել։ Հեղինակները ֆիլմի միջոցով փորձում են ներկայացնել Մեծ հայրենականի մասնակիցների ռազմաճակատային կենսագրությունները, հայտնի ու անհայտ խիզախությունները, երիտասարդներին ուղղված պատգամները, իրենց տեսլականն Արցախի վերաբերյալ։ Ընդ որում, ՀԿ ներկայացուցիչը նկատում է, որ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն իրենց զրույցներում երբեք որևէ դժգոհություն չեն հայտնում։ Հակառակը՝ բոլորն էլ շնորհակալ են, որ Արցախ պետությունը, գտնվելով տնտեսապես ոչ շատ զարգացած վիճակում, կարողանում է ուշադրություն դարձնել վետերաններին։
«Արցախցիների մասնակցությունը Մեծ հայրենականին» ֆիլմի պրեմիերան կկազմակերպվի Ստեփանակերտում, այնուհետև այն նախատեսվում է ցուցադրել արցախյան և հայաստանյան հեռուստաընկերությունների եթերում։ Ֆիլմը կշրջի նաև Արցախի շրջաններում, դպրոցներում, բուհերում։